ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-223-01.04.2022-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-2231 -01.04.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-223-01.04.2022-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-2231 -01.04.2022-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

26.04.2022թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-223-01.04.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ միայն` Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին՝ սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:

Մասնավորապես առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության» բառերը նշել «քրեական» բառից առաջ:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-2231-01.04.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ) 1-ին հոդվածում հիշատակված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի լրիվ անվանմանը:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 3971-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ.

«1. Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված սույն գլխի մյուս հոդվածներով նախատեսված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելու միջոցով Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պաշտոնատար անձի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:»

Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 3971-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

1) Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 3971-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելիս անհրաժեշտ է դրանում ներառել նաեւ հոդվածի վերնագիրը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի, հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Միաժամանակ առաջարկում ենք նոր խմբագրությամբ շարադրվող հոդվածի տեքստը ներառել չակերտներում:

Նույն առաջարկները վերաբերելի են նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 136-րդ հոդվածին:

2) Օրենսգրքի 3971-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը.

«Համակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված սույն գլխի մյուս հոդվածներով նախատեսված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:»

«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին եւ ուժի մեջ է մտել 1951 թվականի հունվարի 12-ին։ Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 23-ից: Դրա 1-ին հոդվածի համաձայն՝ «Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ այն հանգամանքից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի, հանցագործություն է, որը նրանք հանձնառում են կանխարգելել եւ պատժել»: Ըստ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ պատժելի են հետեւյալ արարքները՝

(ա) ցեղասպանությունը,

(բ) ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը,

(գ) ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը,

(դ) ցեղասպանություն կատարելու փորձը,

(ե) հանցակցությունը ցեղասպանության կատարման մեջ։

«Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1965 թվականի դեկտեմբերի 21-ին, ուժի մեջ է մտել 1969 թվականի հունվարի 4-ին։ Հայաստանի Հանրապետության համար գործողության մեջ է դրվել 1993 թվականի հուլիսի 23-ից: Դրա 1-ին հոդվածով նախատեսվում է, որ «1. Սույն Կոնվենցիայում «ռասայական խտրականություն» եզրույթը նշանակում է ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկ ծագման հիմքով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որը հետապնդում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի ցանկացած այլ բնագավառում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հավասար պայմաններում ճանաչելու, օգտագործելու կամ իրականացնելու հնարավորությունը վերացնելու կամ խոչընդոտելու նպատակ կամ հանգեցնում է նման հետեւանքների։»:

«Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի 4-րդ հոդվածով նախատեսվում է, որ մասնակից պետությունները դատապարտում են ցանկացած քարոզչություն եւ բոլոր այն կազմակերպություններին, որոնք հիմնված են մի ռասայի կամ մաշկի որոշակի գույն կամ էթնիկական ծագում ունեցող անձանց խմբի գերազանցության գաղափարների կամ տեսությունների վրա կամ որոնք փորձում են արդարացնել կամ խրախուսել ռասայական ատելությունն ու խտրականությունը, ինչ ձեւով էլ որ դրանք դրսեւորվելիս լինեն, նրանք պարտավորվում են ձեռնարկել անհապաղ ու դրական միջոցներ՝ ուղղված նման խտրականության ցանկացած հրահրում կամ իրականացում վերացնելուն եւ, այդ նպատակով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված սկզբունքների ու կոնվենցիայի 5-րդ հոդվածում շարադրված իրավունքներին համապատասխան, այլ միջոցների թվում՝

(ա) օրենքով պատժելի հանցանք են համարում ռասայական գերազանցության կամ ռասայական ատելության վրա հիմնված գաղափարների տարածումը, ռասայական խտրականության հրահրումը, ինչպես նաեւ ցանկացած ռասայի կամ մաշկի այլ գույն կամ էթնիկական այլ ծագում ունեցող անձանց խմբի դեմ ուղղված բռնության գործողությունները կամ դրանց հրահրումը, ինչպես նաեւ ռասիստական գործունեությանն օգնություն տրամադրելը, ներառյալ՝ նման գործունեության ֆինանսավորումը,

(բ) հակաօրինական են հայտարարում եւ արգելում են այն կազմակերպությունները, ինչպես նաեւ կազմակերպված ու ցանկացած այլ քարոզչական գործունեություն, որոնք խրախուսում ու հրահրում են ռասայական խտրականություն, եւ մասնակցությունը նման կազմակերպություններին կամ գործունեությանը համարում են օրենքով պատժելի հանցագործություն:

Կիբեռհանցագործությունների մասին կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը, որը վերաբերում է համակարգչային համակարգերի միջոցով կատարվող ռասիստական եւ այլատյաց բնույթի արարքների քրեականացմանը, ուժի մեջ է մտել 2006 թվականի մարտի 1-ին: Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007 թվականի փետրվարի 1-ից: Արձանագրության՝ «Ցեղասպանությունը եւ մարդկության դեմ հանցագործությունը հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը» վերնագրված 6-րդ հոդվածով սահմանվում է.

«1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրությամբ` դիտավորյալ եւ առանց թույլտվության կատարված հետեւյալ արարքները քրեականացնելու համար.

համակարգչային համակարգի միջոցով հանրության մեջ այնպիսի նյութեր տարածելը կամ որեւէ այլ ձեւով դրանք մատչելի դարձնելը, որոնք հերքում, մեղմացնում, հավանություն են տալիս կամ արդարացնում են այն արարքները, որոնք համարվում են ցեղասպանություն կամ մարդկության դեմ կատարված հանցագործություն, ինչպես սահմանված է միջազգային իրավունքով եւ ճանաչված են որպես այդպիսիք 1945 թ. ապրիլի 8-ի Լոնդոնի Համաձայնագրով ստեղծված` Միջազգային ռազմական դատարանի վերջնական եւ հաստատված որոշումներով կամ որեւէ այլ միջազգային դատարանի որոշմամբ, որը ստեղծվել է համապատասխան միջազգային փաստաթղթով, եւ որի իրավասությունը ճանաչել է այդ Կողմը:

2. Կողմը կարող է.

ա) պահանջել, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված հերքումը կամ մեղմացումը կատարվել է որեւէ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝ հիմնվելով ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ծագման կամ ազգային կամ էթնիկական ծագման, ինչպես նաեւ կրոնի վրա, եթե որպես շարժառիթ օգտագործվել է հիշյալ գործոններից որեւէ մեկի համար, կամ այլ կերպ, կամ

բ) իրավունք վերապահել ամբողջովին կամ մասամբ չկիրառելու սույն հոդվածի 1-ին կետը:»:

Հարկ է նկատել, որ Օրենսգրքում 3971-րդ հոդվածը լրացվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-256-Ն օրենքով եւ ուժի մեջ մտել 2007 թվականի հունվարի 20-ից: 

Հիմք ընդունելով եզրակացության սույն ենթակետում մեջբերված իրավական դրույթները՝ կարող ենք եզրակացնել, որ միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների շրջանակում Հայաստանի Հանրապեությունը, քրեականացնելով ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, նախատեսել է նաեւ, որ արարքը պետք է կատարվի որեւէ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝ հիմնվելով ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ծագման կամ ազգային կամ էթնիկական ծագման, ինչպես նաեւ կրոնի վրա: 

Հիմք ընդունելով նշվածը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապեությունը քրեական նոր օրենսգրքում եւս նախատեսված է նույն նպատակի վերաբերյալ նշումը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին մասով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 3971-րդ հոդվածի 2-րդ մասում եւս նշում կատարել քննարկվող նպատակի առկայության վերաբերյալ:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող   136-րդ հոդվածի 2-րդ մասին:

3. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել չակերտները:

Միաժամանակ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ՝ Օրենգիրք)» բառերը եւ կետադրական նշանները՝ հաշվի առնելով այն, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի տեքստում  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում:

4. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ.

«1. Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝

պատժվում է տուգանքով՝ երեսնապատիկից քառասնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը՝

պատժվում է տուգանքով՝ քառանսապատիկից հիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:»:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

1) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 136-րդ հոդվածի 1-ին մասում նշում է կատարվում ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակի վերաբերյալ, որի մասին նշում չի կատարվում նույն հոդվածի 2-րդ մասում: 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 136-րդ հոդվածի 1-ին մասում ենթադրյալ միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են այլ հասկացություններ, քան 2-րդ մասում (հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը եւ հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը): Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝  նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ՝ առաջարկում ենք վերանայել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 136-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվող հասկացությունները:

2) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 136-րդ հոդվածի 1-ին մասում նշում է կատարվում արարքը հրապարակայնորեն կատարելու մասին, սակայն հրապարակային կատարելու վերաբերյալ նշումը բացակայում է 136-րդ հոդվածի 2-րդ մասում: Միաժամանակ հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը վերնագրված է «Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը»: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք վերանայել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 136-րդ հոդվածի 2-րդ մասը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

25.04.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

25.04.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է  փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքերում, մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել, որ. 
 

  • տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված օրենսգրքով նախատեսված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, եթե դա կատարվել է ռասսայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա` անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով,
  • տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելու միջոցով Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով,
  • վերոնշյալ արարքները, որոնք կատարվել են պաշտոնատար անձի կողմից,  պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:


Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                              

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                                       
 

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

11.04.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ տեղեկատվական կամ հաղորդակցական  տեխնոլոգիաներն օգտագործելով կամ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելու միջոցով Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով: Առաջարկվում է նաեւ վերոնշյալ արարքները, որոնք կատարվել են պաշտոնատար անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Փաթեթը սոցիալ, կրթական առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում 

Փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

18.04.2022թ.