ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-229-07.04.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-229-07.04.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

27.04.2022թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

2.  Նախագծի 1-ին հոդվածով «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր «թ» կետի համաձայն՝ «թ) տրամադրում է ԱՏԱ Կառնետ հավաստագրեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:

Վերոնշյալ կարգավորման հստակության ապահովման նպատակով առաջարկում ենք «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում սահմանել «ԱՏԱ Կառնետ հավաստագիր» հասկացությունը՝ հղում կատարելով 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիային: 

3.  Առաջարկում ենք Նախագծում նշված «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» վերտառությունը հանել, քանի որ քննարկվող չհամարակալված վերտառությունը նորմատիվ իրավական ակտի մաս չի համարվում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտի կառուցվածքի վերաբերյալ դրույթները: Մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը կարող է ունենալ նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակները եւ պատճառները, հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը եւ եզրափակիչ մաս: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է՝ «Օրենսդրական ակտերը կարող են ունենալ ընդհանուր եւ հատուկ մասեր: Տվյալ դեպքում օրենսդրական ակտի ընդհանուր մասը կազմող նորմերը նախորդում են հատուկ մասը կազմող նորմերին: Ընդհանուր եւ հատուկ մասերում ընդգրկվում են օրենսդրական ակտի բովանդակությամբ համասեռ գլուխները, բաժինները: Ընդհանուր եւ հատուկ մասերը չեն համարակալվում: Ընդհանուր եւ հատուկ մասերի վերնագրերն են համապատասխանաբար` «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ» եւ «ՀԱՏՈՒԿ ՄԱՍ»: Վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

26.04.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

26.04.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ապահովել 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի դրույթների իրագործմանն ուղղված աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը եւ համակարգումը, որի նպատակով նախատեսվում է «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված գործառույթները լրացնել նոր գործառույթով, ըստ որի ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատները կտրամադրեն ԱՏԱ Կառնետ հավաստագրեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս համապատասխան օրենքով առեւտրաարդյունաբերական պալատների համար ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման իրավասություն նախատեսված չէ, մինչդեռ, միջազգային պրակտիկայում այդ հավաստագրերի տրամադրման եւ դրանց հետ կապված տեխնիկական մասի կարգավորման գործառույթները վերապահված են առեւտրաարդյունաբերական պալատներին:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

13.04.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված Նախագծով առաջարկվում է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործառույթների շարքին ավելացնել նաեւ ԱՏԱ Կառնետ հավաստագրերի ընձեռնման լիազորությունները տրամադրել ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Նախագծի վերաբերյալ սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չկան, սակայն կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը: Մասնավորապես, կարծում ենք, անհրաժեշտ է բացել Նախագծում գործածվող «ԱՏԱ» հապավումը: 

Եզրահանգում 

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

15.04.2022թ.