ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստան-Թուրքիա հարաբարերությունների հայեցակարգային դրույթների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-234-12.04.2022-ԱՀ-013/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-234-12.04.2022-ԱՀ-013/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

26.04.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.    Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերով:

2.    Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր եզրույթներ, մասնավորապես՝ «Հայաստան», «Հայաստանի Հանրապետություն», «Ցեղասպանություն», «Հայոց ցեղասպանություն» եզրույթները: Ոստի առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները՝ որոշակի հերթականությամբ»:

3.    Նախագծի տեքստում առաջարկում ենք «12.01.2010թ» ձեւակերպումը փոխարինել «2010 թվականի հունվարի 12-ի» ձեւակերպմամբ, ինչպես նաեւ հստակ նշել Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման համարը: Սույն առաջարկները բխում են  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի, 18-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներից:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

25.04.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

25.04.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի հայտարարություն, ըստ որի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը, ինչպես նաեւ՝ հետագայում հարաբերությունները կառուցել հիմնվելով ներկայացված յոթ հիմնարար սկզբունքների վրա: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

18.04.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագիծը ներկայացվել է հաշվի առնելով Թուրքիայի հայատյաց, ժխտողական քաղաքականությունը, ինչպես նաեւ թուրք-ադրբեջանական հակահայ ռազմավարական նպատակները եւ ծրագրերը:

Նախագծով առաջարկվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը: Նախագծի համաձայն՝ հետագա հարաբերությունները պետք է կառուցվեն հաշվի առնելով հետեւյալ հիմնարար սկզբունքները.
 

  •        Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը՝ նախատեսվող պարտավորությունների ստանձման եւ դրանց կատարման ուղղությամբ պետք է ներդաշնակ լինեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 12.01.2010 որոշման մեջ ներկայացված  իրավական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:
  •        Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը:
  •        Առաջնորդվել Հայաստանի եւ սփյուռքի միասնական կամքով՝ Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու, ինչպես նաեւ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում:
  •        Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների հարցը ենթակա է լուծման համաձայն միջազգային իրավունքի հիմնարար եւ համընդհանուր նորմերի:
  •        Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը որեւէ կերպ չի կարող խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը եւ այն երաշխավորելու Հայաստանի հանձնառության կատարմանը:
  •        Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայմանվորվել եւ ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը, ինչպես նաեւ թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական եւ պանթուրանական ծրագրերի իրագործմանը:
  •        Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա պետք է նպաստի Թուրքիայում հայոց լեզվի, հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը:


Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

       Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ
 
 

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

22.04.2022թ.