ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Պ-236-14.04.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Հռիփսիմե Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-236-14.04.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

05.05.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Նախագծի 4-րդ հոդվածով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում լրացվող 4-րդ մասի համաձայն՝ 

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը ունի տեղակալ, որը քաղաքացիական ծառայող է եւ ի պաշտոնե համակարգում է նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը:»:

Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակվելու համար համապատասխան պահանջների, օրինակ՝ պահանջվող ստաժի, չափորոշիչների առնչությամբ տեղեկատվության բացակայությունը հնարավորություն չի տալիս որոշակիացնելու՝ այդ պաշտոնը քաղաքացիական ծառայության որ խմբի պաշտոն է: Քննարկվող հարցի հստակեցման դեպքում միայն պարզ կլինի՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված քաղաքացիական ծառայության պաշտոնների սանդղակի որ պաշտոնին է համապատասխանում տեղակալի պաշտոնը, համապատասխանաբար ինչ գործակցով պետք է կատարվի տվյալ պաշտոնատար անձի վարձատրությունը, ենթակա է արդյոք տվյալ պաշտոնատար անձը հայտարարագրման:

2.  Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 18-րդ հոդվածում լրացվող 8-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է, իսկ այդ կառուցվածքային ստորաբաժանումներում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձինք՝ քաղաքացիական ծառայողներ են:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:

Հաշվի առնելով աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության բնույթի բացահայտման հանգամանքը՝ առաջարկում ենք Օրենքի մակարդակում որոշակիացնել այդ հասկացությունը:

3.  Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված է՝ «Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում եւ արտաքին գործերի նախարարությունում» բառերը փոխարինել «արտաքին գործերի նախարարության համակարգում» բառերով.»:

Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններն են`

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ենթակա մարմինը.

3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ենթակա` օտարերկրյա պետություններում գործող առանձնացված ստորաբաժանումները (այսուհետ՝ օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմիններ)`

ա. Հայաստանի Հանրապետության դեսպանությունները,

բ. միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները,

գ. Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիվանագիտական ծառայության մարմինները կազմում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգը:»: Կարգավորումից բխում է, որ արտաքին գործերի նախարարության համակարգը կազմում են Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները: Նախագծի վերը մեջբերված փոփոխության արդյունքում ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում ընդգրկված ցանկացած մարմնում առնվազն 10 տարվա ստաժի առկայությունը բավարար է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար նշանակվելու համար: Մինչդեռ՝ գործող կարգավորումներով պարտադիր պայման է օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատանքային ստաժի առկայությունը՝ պայմանավորված այն ոլորտների առանձնահատկությամբ, որի համակարգումն իրականացնում է  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը: Նկատենք, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ պատճառաբանված չէ՝ ինչով է պայմանավորված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում ընդգրկված ցանկացած մարմնում աշխատանքային ստաժի առկայությունը տվյալ պաշտոնի նշանակման համար բավարար պայման դիտարկելու հանգամանքը: Ուստի՝ առաջարկում ենք լրացուցիչ հիմնավորել քննարկվող փոփոխության անհրաժեշտությունը:

4. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված է՝ «Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «կրկնօրինակը» բառը փոխարինել «պատճենը» բառով:»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ պատճառաբանված չէ տվյալ եզրույթի փոփոխության անհրաժեշտությունը, առաջարկում ենք լրացուցիչ հիմնավորել այն:

5. Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 50-րդ հոդվածի 1-ին մասում նշված է, որ դիվանագիտական անձնագիրը տրամադրվում է համաքաղաքացիական անձնագրի հիման վրա, սակայն այդ եզրույթը կիրառված է միայն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում, իսկ Օրենքի մակարդակում բացահայտված չէ: Հաշվի առնելով Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 50-րդ հոդվածի 1-ին մասի որոշակիությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք Օրենքի մակարդակում սահմանել «համաքաղաքացիական անձնագիր» եզրույթը:

6.  Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսված է Օրենքի 50-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 3-րդ մասում թվարկված են դիվանագիտական անձնագրի տրամադրման մերժման հիմքերը՝ 

« (…) 3) դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում կամ անձը հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար, բացառությամբ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ անձին դիվանագիտական անձնագրի տրամադրման դեպքի:»:

Նշենք, որ 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) բացահայտված են «քրեական գործ» եւ «քրեական վարույթ» եզրույթները, բացի այդ՝ սահմանված է «քրեական վարույթ իրականացնող մարմինները» հասկացությունը: Հետեւապես՝ առաջարկում ենք շտկել «քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի» ձեւակերպումը՝ դրանից հանելով «գործով» բառը՝ ապահովելով համապատասխանությունը Օրենսգրքով կիրառված եզրույթներին: Միաժամանակ՝ կարծում ենք, որ տվյալ դրույթի կիրարկումը Նախագծի անցումային դրույթով անհրաժեշտ է կապել Օրենսգրքի գործողության մեջ մտնելու հետ: 

Հարկ է նկատել, որ Օրենսգրքով քրեական վարույթն իրականացնող մարմնի իրավասությունների շրջանակից դուրս է դիվանագիտական անձնագիր տրամադրելուն համաձայնություն տալն այն դեպքում, երբ հարուցված է քրեական հետապնդում կամ անձը հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար: Ուստի տվյալ կարգավորումը խնդրահարույց է ոչ միայն տվյալ մարմինների լիազորությունների շրջանակից դուրս իրավասություն սահմանելու տեսանկյունից, այլ նաեւ՝ տվյալ իրավասության հայեցողական լինելու առումով. այն կարող է հանգեցնել խտրական մոտեցման դրսեւորման ռիսկի: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերախմբագրել տվյալ հատվածը: 

7. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Մեջբերված նորմերից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո կարող է սահմանվել կրճատ տարբերակ, իսկ այնուհետեւ պետք է կիրառվի տվյալ եզրույթը:

Նշվածի հաշվառմամբ՝ առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի 48-րդ հոդվածում կատարված լրացմամբ սահմանված «դիվանագիտական անձնագիր» եզրույթին համապատասխանեցնելու առնչությամբ Նախագծով փոփոխություն նախատեսել նաեւ Օրենքի մնացյալ հոդվածներում՝ ապահովելով առաջին իսկ կիրառումից հետո սահմանված կրճատ տարբերակի գործածությունը:

Դիտարկման տրամաբանությունը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածում նախատեսվող փոփոխություններին: Առաջարկում ենք նախեւառաջ սահմանել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար» հասկացության կրճատ տարբերակն առաջին իսկ կիրառումից հետո, այնուհետեւ հետագա հոդվածներում կատարել փոփոխություններ՝ համապատասխանեցնելով հասկացությունները տվյալ կրճատ տարբերակին:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, Օրենսգրքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

05.05.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

05.05.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն նախարարության աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներում ներդնել քաղաքացիական ծառայության համակարգը: Ըստ այդմ՝ նախարարության գլխավոր քարտուղարը (որը դիվանագիտական պաշտոն է) կունենա տեղակալ, որը կհամարվի քաղաքացիական ծառայող եւ կհամակարգի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը, ինչն էական նշանակություն կունենա նախարարության բնականոն գործունեության ապահովման համար: Բացի այդ, առաջարկվում է նաեւ դիվանագիտական աստիճանների սանդղակում իրականցնել փոփոխություն, ըստ որի՝ կփոփոխվեն երկրորդ եւ առաջին քարտուղարների դասային աստիճանները, կսահմանվի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դիվանագիտական անձնագրերի տրամադրումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա, ինչպես նաեւ կսահմանվեն դիվանագիտական ծառայության այլ առանձնահատկություններ:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

22.04.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

 1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին գործերի նախարարությունում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման, դիվանագիտական աստիճանների փոփոխության, դիվանագիտական անձնագրի տրամադրման եւ մերժման հետ կապված հարաբերությունների հստակեցմամբ:

Ներկայացված Նախագծով առաջարկվում է՝

  •      արտաքին գործերի նախարարությունում (այսուհետ՝ նախարարություն) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն նախարարության աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներում ներդնել քաղաքացիական ծառայության համակարգ,
  •      ավելացնել Գլխավոր քարտուղարի տեղակալի հաստիք, որը կհամարվի քաղաքացիական ծառայող եւ կհամակարգի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը,
  •      փոփոխել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դիվանագիտական անձնագրեր տրամադրելու վերաբերյալ դրույթները, ինչպես նաեւ սահմանել դիվանագիտական անձնագրերի տրամադրումը մերժելու դեպքերը:

           2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

26.04.2022թ.