ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-245-27.04.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-245-27.04.2022-ԱՍ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

19.05.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն (…)», եւ «Հայաստանի Հանրապետության» բառերը շարադրել Օրենսգրքի ընդունման ամսաթվից հետո:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 3.1-ին հոդվածի 2-րդ մասով մասնավորեցնել հաշմանդամության հիմքով խտրականության արգելքը՝ լրացնելով նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ՝ «Աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում խտրականություն է համարվում նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումներ չտրամադրելը»: Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 3.1-ին հոդվածն արդեն իսկ նախատեսում է խտրականության արգելքի սահմանումը, այն է՝ «Խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ եւ (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման եւ (կամ) փոփոխման եւ (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսեւորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման եւ (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով, եւ այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են ու անհրաժեշտ»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ խտրականություն է համարվում հաշմանդամության կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ եւ (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման եւ (կամ) փոփոխման եւ (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսեւորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման եւ (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը: Այսինքն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ չտրամադրելը, վերջիններիս համար ուղղակի կամ անուղղակի սահմանափակում է, որի արդյունքը մյուս աշխատողների հետ հավասար հիմունքերով աշխատանքի իրավունքի իրականացման հնարավորություն չունենալն է: Հետեւաբար Օրենսգրքի՝ խտրականության արգելքին վերաբերող 3.1-ին հոդվածի բովանդակությունից արդեն իսկ բխում է, որ գործատուն պարտավոր է այլ աշխատողների հետ հավասար պայմաններում հաշմանդամություն ունեցող անձի համար ապահովել աշխատանքային պայմաններ, այդ թվում խելամիտ հարմարեցումներ հաշմանդամություն ունեցող աշխատողի անարգել տեղաշարժման, աշխատանքի համար անհրաժեշտ պարագաների, միջավայրի մատչելիության ապահովման եւ այլնի ուղղությամբ՝ խտրականությունից եւ տարբերակված մոտեցումից խուսափելու նպատակով: 

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասն ունենում է հետեւյալ տեսքը. «Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրած աշխատողի աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են մինչեւ աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամության ճանաչելը»: «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում «հաշմանդամություն ճանաչել» եզրույթ առկա չէ, նշված օրենքում կիրառվում է «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչել» եզրույթը: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետում փոփոխություն կատարել նշյալ դիտարկումը հաշվի առնելով:

4. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ. «Հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղի հարմարեցման ապահովումը (աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ տրամադրելը) երաշխավորվում է օրենքներով»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք նշված նախադասությունը լրացնել Օրենսգրքի 259-րդ հոդվածում: Միաժամանակ առաջարկում ենք Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասում հստակեցնել, որ աշխատավայրի առնչությամբ կիրառված «հարմար» եւ «կահավորված» բառերն իրենց մեջ ներառում են նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումները: 

5. Նախագծի 8-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 259-րդ հոդվածից առաջարկում ենք հանել մասի համարակալումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածում «259» ձեւակերպումը փոխարինել «259-րդ» ձեւակերպմամբ:

6. Նախագծի 9-րդ հոդվածում առաջարկում ենք «հրապարակման» բառից առաջ լրացնել «պաշտոնական» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, այն է. «Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից (…)»:

7. Նախագծով կատարվող փոփոխությունների եւ լրացումների բնույթը, ինչպես նաեւ Նախագծին կից ներկայացված հիմնավորումը հաշվի առնելով՝ կարծում ենք համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ անհրաժեշտ է կատարել նաեւ Օրենսգրքի այլ հոդվածներում: Մասնավորապես՝ Օրենսգրքի 244-րդ հոդվածում անհրաժեշտ է սահմանել, որ աշխատանքի նորմալ պայմանների մեջ անհրաժեշտ է նաեւ ներառել հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումները, Օրենսգրքի 250-րդ հոդվածի 5-րդ մասում անհրաժեշտ է սահմանել, որ աշխատողների տեղահանման պլանները պետք է կազմվեն հաշմանդամություն ունեցող անձանց գործոնը հաշվի առնելով, Օրենսգրքի 251-րդ հոդվածում պետք է սահմանել, որ սանիտարական եւ անձնական հիգիենայի սենյակները կահավորելիս պետք է կատարվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարողներ` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

18.05.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարողներ` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

18.05.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է`

- աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումներ չտրամադրելը սահմանել որպես խտրականություն,

- ՀՀ աշխատանքային օրենսգիրքը hամապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի եւ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին,

- ՀՀ աշխատանքային օրենսգրքով եւս սահմանել մատչելի աշխատատեղ եւ խելամիտ հարմարեցումներ ապահովելու իրավական հիմքեր:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կվերանան հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացմանն առնչվող հակասությունները ՀՀ աշխատանքային օրենսգրքի եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի միջեւ, կստեղծվեն նոր իրավական երաշխիքներ հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղի հարմարեցման եւ հավասար հնարավորությունների ստեղծման համար:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

06.05.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականի հունիսի 4-ին ուժի մեջ է մտել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը, որը սահմանում է խելամիտ հարմարեցումների տրամադրումը:

Համաձայն վերոնշյալ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի հետ երկխոսության միջոցով»:

Ըստ էության առաջացել է հակասություն հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացմանն առնչվող ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի միջեւ:

Վերոնշյալ նակատառումներից ելնելով էլ՝ մշակվել է Նախագիծը, համաձայն որի նախատեսվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում կատարել փոփոխոթյուններ եւ լրացումներ, մասնավորապես.

1.   աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումներ չտրամադրելը սահմանել որպես խտրականություն՝ դրանով իսկ ստեղծելով նոր իրավական երաշխիքներ հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման նպատակով, 

2.   ՀՀ աշխատանքային օրենսգիրքը համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի եւ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի /այսուհետ՝ Կոնվենցիա/ դրույթներին:

Նախագծի կապակցությամբ, մասնավորապես, հաշվի առնելով նաեւ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետի ա/ ենթակետը, համաձայն որի՝

«Մասնակից պետությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում նաեւ մշակելու, տարածելու եւ վերահսկելու համար հանրությանը հասանելի կամ տրամադրվող հարմարությունների եւ ծառայությունների մատչելիությունն ապահովող նվազագույն չափորոշիչների եւ ուղեցույցների իրականացումը», հայտնում ենք հետեւյալ նկատառումը.

 ցանկալի կլիներ հնարավորինս հստակեցնել «խելամիտ հարմարեցում» բառակապակցությունը՝ սահմանելով համապատասխան իրավական չափորոշիչներ, ինչն էլ թույլ կտար խուսափել վիճելի իրավահարաբերություններից կամ դրանց առկայության պարագայում՝ ճիշտ որոշում կայացնել:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում 

Նախագծի ընդունումը սոցիալական տեսանկյունից կունենա երաշխավորված դրական ազդեցություն հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղի հարմարեցման եւ հավասար հնարավորությունների ստեղծման համար:

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                    ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

17.05.2022թ.