ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-262-11.05.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-262-11.05.2022-ՊԱ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

26.05.2022թ. 




Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածում «2018թ.» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «2018 թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը՝ տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ:»:

Միաժամանակ՝ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված եզրակացության մեջ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը բացակայում է:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

25.05.2022թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

25.05.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018 թվականի հունիսի 6-ին ստորագրված «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը` կից վերապահումով (այսուհետ՝ Համաձայնագիր): 

«Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի հունիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության Կզըլ քաղաքում:

Համաձայնագրի նպատակն է` դրա մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության ամրապնդումը եւ ԶՈՒ-երի միջեւ փոխգործակցության կապերի կազմակերպումը, որն իրականացվում է, այդ թվում, ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական նշանակության կապի արբանյակային ինտեգրված համակարգի ստեղծման միջոցով` դրա ազգային սեգմենտների ծավալմամբ` նկատի ունենալով համաձայնեցված տեխնիկական պահանջները:

ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված եզրակացության համաձայն, Համաձայնագրում առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման (մասնավորապես` Համաձայնագրի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ հոդվածները): 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից   լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

24.05.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել  2018թ. հունիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության Կզըլ քաղաքում ստորագրված  «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը  (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ կից վերապահումով՝  «Հայաստանի Հանրապետությունը միանում է սույն համաձայնագրին՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձին որոշում կկայացնի «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան սույն համաձայնագրին», որի նպատակն է՝ դրա մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության ամրապնդումը եւ ԶՈՒ-երի միջեւ փոխգործակցության կապերի կազմակերպումը, որն իրականացվում է այդ թվում ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական նշանակության կապի արբանյակային ինտեգրված համակարգի ստեղծման միջոցով՝ դրա ազգային սեգմենտների ծավալմամբ՝ նկատի ունենալով համաձայնեցված տեխնիկական պահանջները:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2020թ. հունվարի 1-ին, որի ուժի մեջ մտնելու օրվանից դրա Կողմերի համար իր գործողությունն է դադարեցնում 1993թ. մարտի 12-ի «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը:

Համաձայնագիրը մշակվել է՝ ելնելով դրա մասնակից պետությունների զինված ուժերի, այլ զորքերի եւ զինվորական կազմավորումների կողմից ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման անհրաժեշտությունից եւ ռազմական նշանակության կապի ժամանակակից տեսակների օգտագործման ոլորտում համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունից` 1993թ. մարտի 12-ի Համաձայնագրի առանձին դրույթների հստակեցման հիման վրա: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

23.05.2022թ.