ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-264-17.05.2022-ՄԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2641 -17.05.2022-ՄԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  (փաստաթղթային կոդ` Կ-264-17.05.2022-ՄԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2641 -17.05.2022-ՄԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

08.06.2022թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի վերը մեջբերված դրույթի հաշվառմամբ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «Փաստաբանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանման հիշատակումից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

2.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին հոդվածն առաջարկում ենք երկու կողմից ներառել չակերտներում:

3.  Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսված է՝ Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում «իրավազոր է» բառերը փոխարինել «իրավասու է (քվորում ունի)» բառերով:

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծում (օրինակ՝ Նախագծի 5-րդ ոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի 11-րդ մաս) այն դեպքերում, երբ կարգավորումը ենթադրում է քվորումի առկայությունը՝ «իրավազոր» եզրույթի փոխարեն կիրառել «իրավասու է (քվորում ունի)» հասկացությունը: 

4.  Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության եւ այդ մասի 1-ին կետի միջեւ առաջարկում ենք ապահովել մտքի կապակցվածությունը:

5.  Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում նշված է՝ «Փաստաբանների պալատի խորհուրդը (…) սահմանում է փաստաբանի անդամավճարի եւ հավակնորդի մուտքի ու այլ վճարների, ինչպես նաեւ փաստաբանների վերապատրաստման համար անհրաժեշտ վճարների չափերը, ինչպես նաեւ դրանք վճարելու կարգը.(…)»: Նախագծի 14-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Փաստաբանների պալատի գույքը ձեւավորվում է փաստաբանների անդամավճարներից, փաստաբանների հավակնորդների մուտքի վճարներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցներից: Փաստաբանների պալատի անդամավճարները մուծվում են փաստաբանների պալատի սահմանած չափով եւ կարգով` փաստաբանների պալատի ընդհանուր պահանջների եւ փաստաբանական գործունեության իրականացման հետ կապված այլ ծախսերի համար:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստաբանների պալատի խորհուրդն է սահմանում անդամավճարների չափերը, ինչպես նաեւ դրանք վճարելու կարգը՝ առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 15-րդ հոդվածի 1-ին մասում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել նույն եզրույթը:

6.  Նախագծի 11-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 13-րդ հոդվածի 11-րդ մասի 17-րդ կետի համաձայն՝ «իրականացնում է օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաեւ փաստաբանների պալատի մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:»: Առաջարկում ենք մեջբերված նորմում հստակեցնել՝ փաստաբանների պալատի նախագահին վերապահված լիազորությունների շրջանակը, մասնավորապես՝ ինչ են իրենցից ենթադրում փաստաբանների պալատի մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորությունները՝ կարգավորման որոշակիությունն ու կանխատեսելիությունն ապահովելու նպատակներով:

7.  Նախագծի 11-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 13-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում վերջինիս պարտականությունները փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով կատարում է նրա տեղակալներից մեկը՝ մինչեւ փաստաբանների պալատի նախագահի նոր ընտրությունը: : Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նոր ընտրությունների անցկացման ժամկետները եւ կարգը սահմանվում են փաստաբանների պալատի կանոնադրությամբ:»: Առաջարկում ենք փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նոր ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ կարգավորումը նախատեսել օրենքի մակարդակում:

8.  Նախագծի 12-րդ հոդվածում առաջարկում ենք շտկել «131-րդ» վրիպակը՝ փոխարինելով «131-րդ » գրելաձեւով:

9.  Նախագծի 16-րդ հոդվածով նախատեսված է Օրենքի 2-րդ գլխում լրացնել 16.1-ին հոդված, որի վերտառությունը հետեւյալն է՝ «Փաստաբանների պալատում ծանուցման կարգը»: Լրացվող հոդվածում այլընտրանքային տարբերակով կիրառվում են «ծանուցված լինելը» կամ «համապատասխան փաստաթուղթը ստացած լինելը» եզրույթները: 

Առաջարկում ենք այն դեպքում, եթե «համապատասխան փաստաթուղթը ստացած լինելը» ներառված է «ծանուցված լինելու» բովանդակության մեջ՝ միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել նույն եզրույթը, հակառակ դեպքում՝ լրացվող նորմի վերնագիրը համապատասխանեցնել վերջինիս բովանդակությանը:

10. Նախագծի 22-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին փաստաբանը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղյակ պահել փաստաբանների պալատի խորհրդին»: Առաջարկում ենք մեջբերված նորմում հստակեցնել՝ որ պահից սկսված է հոսելու տանսօրյա ժամկետը:

11. Նախագծի 22-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 36-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը: Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու մասին որոշումը կայացնելուց հետո եռօրյա ժամկետում փաստաբանների պալատի խորհուրդը իր կողմից սահմանված կարգով ծանուցում է արտոնագրի գործողությունը կասեցված փաստաբանին:»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 2-րդ գլխում լրացվող 16.1-ին հոդվածում կարգավորված է փաստաբանների պալատի հետ փոխհարաբերություններում փաստաբանի ծանուցման կարգը՝ առաջարկում ենք վերանայել   Նախագծի 22-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 36-րդ հոդվածի 5-րդ մասում գործածված «իր կողմից սահմանված» կարգով ձեւակերպումը: 

12. Նախագծի 22-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 36-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված հիմքերը վերանալուց հետո փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ` այն փաստաբանի դիմումի հիման վրա, որի արտոնագրի գործողությունը կասեցվել էր: Սույն մասով նախատեսված դիմումը փաստաբանը պարտավոր է փաստաբանների պալատ ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:»:

Նախագծի 22-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Փաստաբանի արտոնագրի գործողությունը կարող է կասեցվել դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակվելու դեպքում:»: Առաջարկում ենք Նախագծի 22-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 36-րդ հոդվածի 8-րդ մասում կարգավորում սահմանել նաեւ Նախագծի 22-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքի վերանալուց հետո փաստաբանի կողմից դիմում ներկայացնելու ժամկետի առնչությամբ:

13. Նախագծի 23-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված է՝ «փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու հիմքերը վերանալուց հետո սույն օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում փաստաբանը դիմում չի ներկայացրել արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին, բացառությամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից հարգելի ճանաչված դեպքերի:»:

Կարգավորումից բխում է, որ փաստաբանի արտոնագրի գործողությունը չի դադարեցվում այն դեպքում, երբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված ժամկետում դիմում չներկայացնելը ճանաչվել է հարգելի:

Մինչդեռ՝ Նախագծի 23-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 38-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքում, դիմումը չներկայացնելու պատճառները հարգելի են համարվում փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ՝ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը վերացնելու միջոցով՝ փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:»: Նախագծի մեջբերված նորմերի համատեքստում նկատենք, որ մի դեպքում նշվում է, որ փաստաբանի արտոնագրի գործողությունը չի դադարեցվում այն դեպքում, երբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված ժամկետում դիմում չներկայացնելը ճանաչվել է հարգելի, մյուս դեպքում՝ սահմանվում է, որ հարգելի է համարվում փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը վերացնելու միջոցով: Հաշվի առնելով վերը ներկայացվածը՝ առաջարկում ենք ապահովել Նախագծի քննարկվող հոդվածների միջեւ հակասության բացակայությունը:

14. Նախագծի 24-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ գլխի 39-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ փաստաբանը կարգապահական պատասխանատվության ենթակա է նաեւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքների պահանջների խախտման համար: Մինչդեռ Նախագծի 24-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ գլխի 39.1-ին հոդվածում փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը թվարկելիս նշում կատարված չէ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի մասին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի շարքում նշում կատարել նաեւ այդ օրենքի մասին: Միաժամանակ՝ Նախագծի 24-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ գլխի 39-րդ հոդվածի 1-ին մասում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքների կրճատ անվանումների հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

Բացի այդ՝ Նախագծի 24-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ գլխի 39-րդ հոդվածի 1-ին մասում նշում է կատարվում նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվության վերաբերյալ, մինչդեռ Նախագծի 24-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ գլխի վերնագիրը հետեւյալն է՝ «ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք վերանայել կարգավորումը:

15. Նախագծի 24-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ գլխի 39.5-րդ հոդվածի 7-րդ մասում առաջարկում ենք շտկել «խորհրդի» վրիպակը:

16. Նախագծի 26-րդ հոդվածով Օրենքի 41-րդ հոդվածում լրացվող 7-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակին դիմելիս անձը ներկայացնում է գրավոր հայտարարագիր նույն մասով սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ՝ նախազգուշացվելով դրա առնչությամբ քրեական պատասխանատվության մասին: Սույն մասով նախատեսված հայտարարագրի ձեւը, դրանում լրացման ենթակա տվյալները եւ կարգը հաստատում է փաստաբանների պալատի խորհուրդը:»: 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող «Հանրային պաշտպանի գրասենյակին կեղծ հայտարարագիր ներկայացնելը» վերտառությամբ 505.1-ին հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում  հայտարարագրում կեղծ տվյալ ներառելու կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելու համար: 

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  հայտարարագրում կեղծ տվյալ ներառելու կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելու համար նախատեսվում է սահմանել քրեական պատասխանատվություն՝ կարծում ենք, որ հայտարարագրում լրացման ենթակա տվյալների շրջանակը պետք է բավարար հստակությամբ ձեւակերպված լինի օրենքի մակարդակում, այլ ոչ՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտում:

17. Նախագծի 35-րդ հոդվածով սահմանված է Օրենքի 45.5-րդ հոդվածի 1-ին մասում՝ «փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի առաջարկությամբ» բառերը փոխարինել «առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից, չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ» բառերով.»: Հաշվի առնելով, որ գործող Օրենքի 45.5-րդ հոդվածի 1-ին մասում նշված է՝ «փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահի առաջարկությամբ» ձեւակերպումը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 35-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով Օրենքի 45.5-րդ հոդվածի 1-ին մասում փոխարինվող «փաստաբանական ակադեմիա» բառերը:

18. Նախագծի 40-րդ հոդվածով նախատեսվում է, որ «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

(...)

3. Սույն օրենքով սահմանված փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը եւ որակավորման հանձնաժողովը ձեւավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում` սույն օրենքին համապատասխան:

(...)

5. Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի գործող անդամների եւ կարգապահական վարույթի գործը փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստող անձանց լիազորությունները դադարում են համապատասխանաբար սույն հոդվածին համապատասխան փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նոր կազմի ձեւավորման պահից եւ կարգապահական հանձնաժողովի ձեւավորման պահից:

6. Սույն օրենքով սահմանված` փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի եւ որակավորման հանձնաժողովի գործառույթներից ու լիազորություններից բխող դրույթները համապատասխանաբար կիրառվում են սույն հոդվածին համապատասխան փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի եւ որակավորման հանձնաժողովի ձեւավորման պահից:

7. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված ժամկետներում փաստաբանների պալատի ընդհանուր ժողով չհրավիրվելու կամ չկայանալու դեպքում՝ այդ ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը հրավիրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

8. Մինչեւ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի ձեւավորումը հարուցված կարգապահական վարույթները իրականացվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգով:(...)»:

Նախագծի 40-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

1) Օրենքի 39.5-րդ հոդվածով նախատեսվում է, որ «1. Կարգապահական վարույթի գործը փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստում են այդ նպատակով փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից վարկանիշային կարգով չորս տարի ժամկետով փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված փաստաբանները (այսուհետ` գործը նախապատրաստող անձ), որոնց թվաքանակը սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ:

(...)

3. Գործը նախապատրաստող անձը պարտավոր է հավաքել ապացույցներ` կարգապահական վարույթի օրինականությունը ապահովելու եւ արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու համար:

4. Գործը նախապատրաստող անձի կողմից ապացույցների հավաքման գործընթացը պետք է ավարտվի, եւ կարգապահական գործը փաստաբանների պալատի խորհրդին ուղարկվի ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործը ստանալուց հետո` երկու ամսվա ընթացքում:»:

Օրենքի 39.6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Փաստաբանների պալատի խորհուրդը կարգապահական գործն ըստ էության քննող եւ վերջնական որոշում կայացնող մարմինն է:

2. Փաստաբանների պալատի խորհուրդ մուտք եղած կարգապահական գործը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով վարույթ է ընդունում պալատի խորհրդի անդամը, որի մասին նա ընդունում է որոշում: Կարգապահական գործը վարույթ ընդունած խորհրդի անդամը այդ գործը փաստաբանների պալատի խորհրդում քննելիս հանդես է գալիս որպես նիստը նախագահող (սույն գլխում այսուհետ` նիստը նախագահող):

(...)

6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը պալատի խորհուրդը քննում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործը ստանալուց հետո` վեց ամսվա ընթացքում:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 24-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենքի՝ փաստաբանի պատասխանատվությանը վերաբերող 6-րդ գլուխը: Նախագծի՝ եզրափակիչ եւ անցումային դրույթներին վերաբերող 40-րդ հոդվածով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի եւ որակավորման հանձնաժողովի գործառույթներից ու լիազորություններից բխող դրույթները համապատասխանաբար կիրառվում են փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի եւ որակավորման հանձնաժողովի ձեւավորման պահից: Միաժամանակ հարկ է նկատել, որ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը եւ որակավորման հանձնաժողովը պետք է ձեւավորվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում: Վերջիններիս ձեւավորման պահից կարգապահական վարույթի գործը փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստող անձանց լիազորությունները դադարում են, սակայն, հարկ է նկատել, որ քննարկվող կարգավորմանը զուգահեռ Նախագծի անցումային դրույթներով նախատեսվում է, որ մինչեւ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի ձեւավորումը հարուցված կարգապահական վարույթները իրականացվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգով: Այսպիսով՝ Նախագծի 40-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ մինչեւ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի ձեւավորումը հարուցված կարգապահական վարույթները պետք է քննվեն, այդ թվում՝ Օրենքի 39.5-րդ եւ 39.6-րդ հոդվածներով նախատեսված կարգով, սակայն, փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի ձեւավորման պահից կարգապահական վարույթի գործը փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստող անձանց լիազորությունները համարվում են դադարած, ինչպես նաեւ ուժը կորցրած են ճանաչվում այն կարգավորումները, որոնց հիման վրա կարգապահական վարույթի գործը փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստող անձինք եւ փաստաբանների պալատի խորհուրդը կարող են իրականացնել որոշակի շրջանակի կարգապահական վարույթները: 

Հիմք ընդունելով վերոնշյալ դիտարկումներն՝ առաջարկում ենք վերանայել եզրակացության սույն կետում քննարկվող կարգավորումները:

2) Նախագծի 40-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվում է, որ նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված ժամկետներում փաստաբանների պալատի ընդհանուր ժողով չհրավիրվելու կամ չկայանալու դեպքում՝ այդ ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը հրավիրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հարկ է նկատել, որ Օրենքի՝ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին վերաբերող 9-րդ հոդվածի 5-րդ մասը Նախագծի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում նախատեսվում է, որ «5. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը (գումարմամբ կամ հեռակա կարգով) հրավիրվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ` ոչ ուշ, քան երկու տարին մեկ անգամ: Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող փաստաբանների պալատի անդամների ընդհանուր թվի մեկ հինգերորդի կամ փաստաբանների պալատի նախագահի պահանջով փաստաբանների պալատի խորհուրդը պարտավոր է հրավիրել ընդհանուր ժողով՝ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում: Փաստաբանների պալատի մարմինների ընտրությունների նպատակով ընդհանուր ժողովը հրավիրվում է համապատասխան մարմնի գործող կազմի լիազորությունների ավարտից առնվազն երեսուն օր առաջ:»:

Նախագծի 40-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները.

«2. Փաստաբանների պալատի եւ դրա մարմինների, փաստաբանների պալատի նախագահի, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի եւ փաստաբանական ակադեմիայի իրավական ակտերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համապատասխանեցվում են սույն օրենքին:

3. Սույն օրենքով սահմանված փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը եւ որակավորման հանձնաժողովը ձեւավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում` սույն օրենքին համապատասխան:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 40-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հրավիրման ժամկետների եւ նպատակների վերաբերյալ հստակ կարգավորումները բացակայում են, ինչպես նաեւ Օրենքի 9-րդ հոդվածում հստակ նախատեսվում է այն սուբյեկտների շրջանակը, ովքեր կարող են հրավիրել փաստաբանների պալատի ընդհանուր ժողով կամ նախաձեռնել դրա հրավիրումը, բացի այդ Նախագծի 6-րդ հոդվածով՝ Օրենքի՝ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին վերաբերող 9-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված 5-րդ մասով նախատեսվում է, որ փաստաբանների պալատի մարմինների ընտրությունների նպատակով ընդհանուր ժողովի հրավիրումը հանդիսանում է պարտականություն:

Սահմանադրության 64-րդ հոդվածով նախատեսվում է, որ իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: 

Հիմք ընդունելով նշված կարգավորումներն՝ առաջարկում ենք Նախագծի 40-րդ հոդվածի 7-րդ մասում հստակ նախատեսել դրույթներ, որոնք Օրենքով նախատեսված սուբյեկտների համար կնախատեսեն անցումային դրույթ հանդիսացող կարգավորումներ՝ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հրավիրման գործընթացում՝ այդ թվում որոշակի ժամկետներում փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի չհրավիրման  կամ չկայանալու դեպքերում՝ բացառելով այլ սուբյեկտների հիմնավորված անհրաժեշտություն չկրող ներգրավվածությունը գործընթացում:

19.  Նախագծի 40-րդ հոդվածի «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ վերտառությունն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, միմյանց, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ


Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

08.06.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին 

Նախագծերի փաթեթի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջ գալու փոփոխություն կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում, քանի որ գործածված է «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամ» եզրույթը՝ իր հոլովաձեւերով:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ


Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

08.06.2022թ.
 
 


Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է բավականին ծավալուն փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում՝ հիմնվելով միջազգային փորձի ուսումնասիրության եւ իրավակիրառ պրակտիկայում ի հատ եկած խնդիրների վերլուծության վրա: Մասնավորապես, առաջարկվում է.

- վերանայել Փաստաբանների պալատի (այսուհետ՝ Պալատ) նախագահի դերակատարությունը՝ Պալատի գործադիր կառավարման որոշ հարաբերություններում (նախապատվությունը տալով կոլեգիալ կառավարման մեթոդներին),

- վերանայել փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերը եւ ներքին կառավարման իրականացման կարգը,

- հնարավոր շահերի բախումից խուսափելու նպատակով բացառել մեկ մարմնի անդամի կամ պաշտոնատար անձի միաժամանակյա ներգրավումը տարբեր մարմիններում,

- վերանայել փաստաբանների պլատի նախագահի դերակատարությունը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմի ձեւավորման եւ փաստաբանական դպրոցի ղեկավարման գործում,

- վերանայել կարգապահական վարույթի եւ փաստաբանի որակավորման քննությունների անցկացման կարգերը,

- ընդլայնել անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակը եւ այլն, ինչպես նաեւ կատարել դրանցից բխող եւ կազմակերպաիրավական բնույթի այլ փոփոխություններ:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 


Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

27.05.2022թ.



Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Փաստաբանության մասին» օրենքում, ինչպես նաեւ լրացում կատարել 2021թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում /այսուհետ՝ Քրեական օրենսգիրք/: 

1.  «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել փաստաբանների պալատի դերակատարությունը փաստաբանների պալատի գործադիր կառավարման որոշ հարաբերություններում՝ առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը՝ որպես փաստաբանության գործունեության ինքնակառավարման սկզբունքի արտահայտում, հնարավոր շահերի բախումից խուսափելու նպատակով առաջարկվում է բացառել մեկ մարմնի անդամի կամ պաշտոնատար անձի միաժամանակյա ներգրավումը տարբեր մարմիններում /բացառությամբ փաստաբանների պալատի նախագահի՝ ի պաշտոնե խորհրդի նախագահ լինելու դեպքի/, վերանայել պալատի նախագահի դերակատարությունը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմի ձեւավորման առումով, ինչպես նաեւ փաստաբանական դպրոցի ղեկավարման գործունեությունում, վերանայել փաստաբանի որակավորման քննությունների անցկացման կարգը՝ որպես այլընտրանք նախատեսելով նաեւ առանց փաստաբանական դպրոց ընդունվելու որակավորման քննություններին մասնակցության հնարավորությունը որոշակի պահանջների պահպանման դեպքում, ընդլայնել անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակը, նախատեսել մեխանիզմներ, որպեսզի պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաեւ հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով, նախատեսել կամավոր անհատույց օգնության վերաբերյալ կարգավորումներ՝ սահմանելով կամավոր անհատույց օգնություն տրամադրող անձանց շրջանակը, կամավոր անհատույց օգնության տրամադրման եղանակները՝ երաշխավորելով կամավոր անհատույց օգնության խրախուսումը եւ այլն: 

2.  Քրեական օրենսգրքում նախատեսվում է ավելացնել նոր՝ 505.1. «Հանրային պաշտպանի գրասենյակին կեղծ հայտարարագիր ներկայացնելը» հոդվածը՝ համաձայն որի՝ «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված դեպքերում անվճար  իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակին դիմելիս ներկայացված գրավոր հայտարարագրում կեղծ տվյալ ներառելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է տուգանքով, կամ հանրային աշխատանքներով, կամ ազատության սահմանափակմամբ /առավելագույնը երկու տարի ?ամկետով/, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ /առավելագույնը երկու ամիս ժամկետով/ կամ ազատազրկմամբ /առավելագույնը երկու տարի ժամկետով/:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ՝

կընդլայնվի անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակը, կկատարելագործվեն իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային կառուցակարգերը, կբարձրանա հանրային պաշտպանների գործունեության արդյունավետությունը եւ այլն: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում 

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                            ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

հեռ. /011/513618 ներք. /1618/

03.06.2022թ.