ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-274-25.05.2022-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-274-25.05.2022-ԱռՀ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:  
  
  
  
  
  
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

15.06.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»:

2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը հանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Օրենք» կրճատ տարբերակն ընդհանրապես չի կիրառվում Նախագծում:

3. Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է. «(…) 33-րդ հոդվածի 2-րդ մասում՝

2-րդ մասը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր նախադասությունով (…)»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ առաջարկում ենք վերը մեջբերված ձեւակերպումը շարադրեկ հետեւյալ կերպ՝ «33-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ»:

4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն, այն է՝ «Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը իրականացնելու ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի աշխատատեղը, ստաժը, ինչպես նաեւ վարձատրությունը»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ, ըստ նշված դրույթի, բուժաշխատողը պահապանում է իր աշխատատեղը, ստաժը եւ վարձատրությունը շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ նաեւ՝ ՇՄԶ) գործընթացի իրականացման ողջ ընթացքում, կարծում ենք՝ անհարժեշտ է հասկանալ շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի առավելագույն տեւողությունը: Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի անընդհատությունն ապահովվում է յուրաքանչյուր հնգամյա շրջափուլով՝ այդ տարիների ընթացքում իրականացված մասնագիտական գործունեության, ինչպես նաեւ ձեռք բերված գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների գնահատման հիման վրա:»: Այսպես՝ վերոնշյալից բխում է, որ ՇՄԶ գործընթացի իրականացման ժամանակահատվածը Օրենքով հստակ սահմանված չէ, հետեւաբար հասկանալի չէ նույնիսկ ՇՄԶ գործընթացի հնարավոր առավելագույն ժամկետը: Այս տեսանկյունից անհրաժեշտ է անդրադառնալ նաեւ Օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորող նորմի հիման վրա ընդունված Առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի N 20-Ն հրամանի 2-րդ հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 10-րդ կետով սահմանվող ՇՄԶ շրջանակներում կրեդիտավորման ենթակա գործունեության տեսակներին: Այսպես՝ Հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետն, օրինակ, սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված թեկնածուական ատենախոսության ղեկավարման համար շնորհվում է 60 ինքնակրթության կրեդիտ, նույն կետի 6-րդ ենթակետը սահմանում է, որ մենագրության հրատարակման համար շնորհվում է 120 ինքնակրթության կրեդիտ: ՇՄԶ գործընթացի առավելագույն ժամանակահատված սահմանված չլինելու պատճառով հստակ չէ՝ արդյոք թեկնածուական ատենախոսության ղեկավարման կամ մենագրության հրատարակմանն ուղղված եւ դրան նախորդող գործունեության ողջ ընթացքում եւս պահպանվում են բուժաշխատողի աշխատատեղը, ստաժը եւ վարձատրությունը, թե ոչ: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ կարծում ենք անհրաժեշտ է հստակ սահմանել ՇՄԶ գործընթացի իրականացման այն առավելագույն ժամկետը, որի ընթացքում պահպանվում է բուժաշխատողի աշխատատեղը, ստաժը եւ վարձատրությունը:

Վերոգրյալի կապակցությամբ նշենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ «Աշխատաժամանակը ներառում է (…) աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում որակավորման բարձրացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը (…)»: Դրանից բխում է, որ որակավորման բարձրացման համար անհրաժեշտ ժամանակահատվածում արդեն իսկ պահպանվում են անձի աշխատատեղը, ստաժը եւ վարձատրությունը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 

15.06.2022թ. 




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 

15.06.2022թ. 
 





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով  առաջարկվում է հստակեցնել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում բուժաշխատողների մասնագիտական զարգացման եւ կատարելագործման ընթացքում նոր տեսական գիտելիքներ եւ գործնական հմտություններ ձեռք բերելու, շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները կազմակերպելու համար անհրաժեշտ ժամանակահատվածում այդ օրերի համար աշխատավարձի վճարման, աշխատանքային ստաժի հաշվարկման եւ աշխատանքային իրավունքի այլ նորմերը: Մասնավորապես, առաջարկվում է այդ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում ուղղակիորեն ամրագրել, որ. «Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը իրականացնելու ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի աշխատատեղը, ստաժը, ինչպես նաեւ վարձատրությունը:»:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:  
  
  

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

02.06.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել լրացում, ըստ որի շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը իրականացնելու ժամանակահատվածում կպահպանվի բուժաշխատողի աշխատատեղը, ստաժը, ինչպես նաեւ վարձատրությունը: 

Նախագծի ընդունումը պայմանավորված է առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց մասնագիտական նոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելու, շարունակական մասնագիտական զարգացման, գնահատման եւ հավաստագրման գործընթացները կազմակերպելու ընթացքում բուժաշխատող-գործատու իրավահարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ: 

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ բուժաշխատողների մասնագիտական զարգացման եւ կատարելագործման ընթացքում նոր տեսական գիտելիքներ եւ գործնական հմտություններ ձեռք բերելու, շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները (ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն ստանալու գործընթացները) կազմակերպելու համար անհրաժեշտ ժամանակահատվածում հստակ չէ, թե ի?նչ իրավական հիմքով են ամրագրվում աշխատանքային պարտականությունների կատարումից ազատման եւ այդ օրերի համար աշխատավարձի վճարման, աշխատանքային ստաժի հաշվարկման եւ աշխատանքային իրավունքի այլ նորմեր:

2. Նախագծով առաջարկվող լրացման հետ կապված նշենք, որ հաշվի առնելով բուժաշխատողների աշխատանքի առանձնահատկությունները եւ պատասխանատվությունը մարդկանց կյանքի ու առողջության գործում, անհրաժեշտ է շարունակական կրթությունը՝  ողջ մասնագիտական գործունեության ընթացքում մասնագիտական հմտություններ, ունակություններ եւ գիտելիքներ ձեռք բերելու համար: Կարծում ենք մասնագիտական նոր գիտելիքների եւ հմտությունների ձեռքբերման, մասնագիտական նոր մեթոդների եւ տեխնոլոգիաների յուրացման արդյունքում կբարելավվի բնակչության առողջապահական սպասարկման որակը: Ավելին, Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ բուժաշխատողները պարտավոր են կատարելագործել իրենց մասնագիտական գիտելիքները եւ հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին: 

Նախագծի ընդունման դեպքում շարունակական մասնագիտական զարգացման գործընթացների (ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն ստանալու գործընթացների) ժամանակահատվածում կպահպանվի բուժաշխատողի աշխատատեղը, ստաժը եւ վարձատրությունը, ինչը, սոցիալական հիմնահարցերի տեսակյունից միանշանակ կունենա դրական նշանակություն: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ  չկան:

Եզրահանգում

Նախագիծը, մեր կարծիքով, կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝         Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

13.06.2022թ.