ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-282-03.06.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Պ-282-03.06.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

24.06.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով առաջարկվում է սահմանել, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, պատգամավորը, խմբակցությունը եւ Կառավարությունը՝ վերացնելով մյուս պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու պահանջը: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ պատգամավորի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի միայն փոփոխված դրույթների մասով առաջարկ ներկայացնելու սահմանափակումն ինքնանպատակ չէ, եւ, մեր կարծիքով, որոշակի կարգավորիչ գործառույթ է իրականացնում, մասնավորապես՝ ուղղված է կանխելու առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ այնպիսի նոր առաջարկությունների ներկայացումը, որոնք կարող են հանգեցնել  առաջին ընթերցմամբ արդեն իսկ քննարկված եւ ընդունված նախագծում համակարգային փոփոխությունների։ Բացի այդ, հարկ է նկատել, որ պատգամավորը պետք է շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկների առկայության դեպքում դրանք ներկայացնի նախքան առաջին ընթերցումը («Ազգայի ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մաս)։ Ընդ որում, նշված իրավունքի լիարժեք իրացմանն ուղղված աշխատանքները նախօրոք իրականացնելու պայմաններում առաջին ընթերցմամբ ընդունված եւ հետագայում չփոփոխված դրույթների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու անհրաժեշտություն, կարծում ենք, այլեւս չի առաջանա:

2. Միաժամանակ նշենք, որ «Ազգայի ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2.2-րդ եւ 3-րդ մասերով հղում է կատարվում «Ազգայի ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասին, մասնավորապես տվյալ մասով սահմանված ժամկետին, որը նախատեսվում է ուժը կորցրած ճանաչելու Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով: Հետեւաբար, Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոփոխության արդյունքում «Ազգայի ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2.2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հղումներն անհրաժեշտ է հստակեցնել:

3.         Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված փոփոխության հստակությունն ու միանշանակ ընկալումն ապահովելու նպատակով առաջարկում ենք «Ազգայի ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրված 1-ին մասում նշված «վերաբերյալ՝» բառից եւ կետադրական նշանից հետո լրացնել «առաջին ընթերցմամբ» բառերը կամ ձեւակերպել այնպես, որպեսզի հստակ լինի առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնելու պահանջը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումները բացակայում են:

Միաժամանակ ներկայացված դիտարկումների հիման վրա առաջարկում ենք ապահովել Նախագծով նախատեսված կարգավորումների եւ «Ազգայի ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված հղումների հստակությունը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

22.06.2022թ.
 



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նաեւ «Ազգայի ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2.2-րդ եւ 3-րդ մասերում, որոնցով հղում է կատարվում Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով ուժը կորցրած ճանաչվող «Ազգայի ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետին:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

22.06.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսել, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ՝ ընդունվելուց հետո երկշաբաթյա ժամկետում գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը, Կառավարությունը եւ պատգամավորները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

09.06.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում /այսուհետ՝ Օրենք/:

Ըստ Նախագծի հեղինակի՝ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն՝ նախագծի հեղինակ չհամարվող պատգամավորը շրջանառվող նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ կարող է անել միայն առաջին ընթերցման համար, իսկ դրանից հետո իր առաջարկը կարող է վերաբերվել ոչ թե նախագծին ընդհանրապես, այլ միայն փոփոխված դրույթներին: Նման իրավակարգավորումը սահմանափակում է պատգամավորի իրավաստեղծ գործունեությունը՝ կաշկանդելով նախագծի քննարկման կոնկրետ փուլում տեսակետ հայտնելու, առաջարկ ներկայացնելու իրավունքի իրացումը, ինչի հետեւանքով պատգամավորն ստիպված է լինում իր առաջարկը ձեւակերպել խմբակցության կամ այդ փուլում իրավասու այլ սուբյեկտի անունից, եթե վերջիններս առաջարկի հետ կապված առարկություններ չունեն: Հակառակ պարագայում, առաջարկը որեւէ կերպ չի կարող ներկայացվել եւ քննարկվել: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


 Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿՐԹԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հեռ. /011/ 513618 ներք. 1618

22.06.2022թ.