ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-299-13.06.2022-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2991 -13.06.2022-ՖՎ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2992 -13.06.2022-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը  (փաստաթղթային կոդ` Կ-299-13.06.2022-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2991 -13.06.2022-ՖՎ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-2992 -13.06.2022-ՖՎ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

06.07.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ «1. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանին (այսուհետ՝ գանձարան) վերապահված խնդիրների լուծումն ու գործառույթների իրականացումն ապահովում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:»: 

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական մարմնի կառուցվածքում ընդգրկվում են պետական մարմնի ղեկավարի, պետական մարմնի ղեկավարի տեղակալի (կոլեգիալ մարմինների դեպքում՝ կոլեգիալ մարմնի անդամների), գլխավոր քարտուղարի պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ գրասենյակը, օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական մարմնի ղեկավարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, ռեֆերենտի, պետական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաեւ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները:»: Հաշվի առնելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով նախատեսված, պետական մարմնի կառուցվածքին վերաբերելի կարգավորումները՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի 17-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում հստակեցնել գանձարանի կարգավիճակը՝ նորմի որոշակիությունն ու կանխատեսելիությունն ապահովելու նպատակով, մասնապորապես՝ նշելով՝ ինչ կարգավիճակ ունեցող մարմին է գանձարանը, որին վերապահված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման ապահովումն իրականացնելու է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:

2. «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «Եզրափակիչ եւ անցումային դրույթներ» վերտառությունն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2991 -13.06.2022-ՖՎ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2992 -13.06.2022-ՖՎ-011/0) 2-րդ հոդվածների վերնագրերին:

3. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2991 -13.06.2022-ՖՎ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2992 -13.06.2022-ՖՎ-011/0) համապատասխանաբար 1-ին հոդվածներում սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքերի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին՝ պահպանելով պայմանների նշման հաջորդականությունը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: (…)»:

4. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2991 -13.06.2022-ՖՎ-011/0) 1-ին հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել 1998 թվականի հուլիսի 1-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասում:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «4. Ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչեւ դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:»:

Նշենք, որ 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 482-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված է հետեւյալը՝ «2. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը` հետագա բոլոր փոփոխություններով եւ լրացումներով, բացառությամբ սույն օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:»:

Ներկայացված հանգամանքի հաշվառմամբ՝ առաջարկում ենք վերանայել 1998 թվականի հուլիսի 1-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

04.07.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

04.07.2022թ.

            




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կարգավիճակը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

21.06.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում»: 

Նախագծերի փաթեթով հեղինակն առաջարկում է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կարգավիճակը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին:

Մասնավորապես, առաջարկվում է «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանին (այսուհետ՝ գանձարան) վերապահված խնդիրների լուծումն ու գործառույթների իրականացումն ապահովում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:»:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի» 134-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 236-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության գանձապետարան» բառերը փոխարինել «պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնին» բառերով:

Գործող իրավակարգավորմամբ («Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մաս)՝ «Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանը պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող գործակալություն (այսուհետ՝ գանձարան) է:»:

Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի՝ պետական մարմնի կառուցվածքում, ի թիվս այլ միավորների, կարող են ընդգրկվել միայն կառուցվածքային ստորաբաժանումները, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաեւ գրասենյակները: Փաստացի, ստացվում է, որ պետական կառավարման համակարգի մարմինների կառուցվածքում այնպիսի կառուցվածքային միավոր, ինչպիսին գործակալությունն է՝ նախատեսված չէ:

Հեղինակը, հաշվի առնելով պետական կառավարման համակարգի մարմիններում կառուցվածքային միավորների միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությունը, առաջարկում է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կարգավիճակը համապատասխանեցնել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին, այն է՝ «Պետական մարմնի կառուցվածքում ընդգրկվում են պետական մարմնի ղեկավարի, պետական մարմնի ղեկավարի տեղակալի (կոլեգիալ մարմինների դեպքում՝ կոլեգիալ մարմնի անդամների), գլխավոր քարտուղարի պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ գրասենյակը, օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական մարմնի ղեկավարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, ռեֆերենտի, պետական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաեւ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները»:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ ակնկալվում է, որ լրացուցիչ նախադրյալներ կստեղծվեն թանկարժեք մետաղների ոլորտում գործառույթների արդյունավետ իրականացման համար:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

27.06.2022թ.