ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-316-27.06.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արթուր Դավթյանի, Ալխաս Ղազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Պ-316-27.06.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:  
  
  
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

19.07.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի հոդվածներով կատարվում է մեկից ավելի փոփոխություն:

2. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաջորդականությունը, որի համաձայն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

3. Նախագծի 3-րդ հոդվածի «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» վերտառությունն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ ներկայացված դիտարկումների հիման վրա՝ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

19.07.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

19.07.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում, ինչի արդյունքում եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտ կհամարվի անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տան, շինությունների կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)՝ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են օտարվել անհատական բնակելի տունը, շինությունները կամ այլ տարածքները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

01.07.2022թ.




Սոցիալական փարձաքննության արդյունքները

Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք):

Նախագծով հեղինակներն առաջարկում են Օրենսգրքի՝ 

-  145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «, անհատական բնակելի տան» բառերը:

-  147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետից հանել «, ինչպես նաեւ անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տան, շինությունների կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)՝ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները, եթե անհատական բնակելի տունը, շինությունները կամ այլ տարածքներն օտարվել են դրանց ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում» բառերը:

Գործող իրավակարգավորմամբ (Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մաս) սահմանվում են հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտները: Միեւնույն ժամանակ, նույն  հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը սահմանում է՝ 

- «բ. նվազեցվող եկամուտներ չեն համարվում Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)` անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները, ինչպես նաեւ անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տան, շինությունների կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)՝ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները, եթե անհատական բնակելի տունը, շինությունները կամ այլ տարածքներն օտարվել են դրանց ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում,»:

Նախագծով առաջարկվող փոփոխության նպատակը անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց չհիմնավորված լրացուցիչ ծախսերից ազատելն է:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Հեղինակների կողմից ներկայացվող օրենսդրական նախաձեռնության ընդունումն, անշուշտ, սոցիալական առումով դրական ազդեցություն կունենա ֆիզիկական անձանց համար՝ ազատելով նրանց չհիմնավորված լրացուցիչ ծախսեր կատարելու բեռից:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

30.06.2022թ.