ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ   

«Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-351-03.08.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-351-03.08.2022-ԳԿ-011/0)  (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

24.08.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում նշված «հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերը փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

2. Նախագծի 3-րդ հոդվածում կիրառված «ՀՀ» հապավումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 21-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի պահանջները. մասնավորապես «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Նույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ: Արգելվում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումների կրճատումները, բացառությամբ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսվածների:

Բացի այդ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) տարբեր կետերում կիրառված են «Կառավարություն», «ՀՀ կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» ձեւակերպումները:

Հիմք ընդունելով վերը նշված դրույթները՝ առաջարկում ենք Նախագծում եւ Հավելվածում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն տերմինները:

3. Նախագծի 3-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալ կարգավորումը՝ «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը, որը կարող է վերանայվել յուրաքանչյուր տարի:»:   Նշված դրույթի բովանդակությամբ նախատեսվում է կարգավորում առ այն, որ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Կառավարությունը պետք է հաստատի Նախագծից բխող  ենթաօրենսդրական ակտը՝ գործողությունների ծրագիրը, որը կարող է վերանայվել յուրաքանչյուր տարի:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ « Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Նույն օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով սահմանվում է, որ դրանում նշված առանձին հարաբերություններ կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով, ապա ընդունվող օրենսդրական ակտում կոնկրետ նշվում է դրանում չկարգավորված հարաբերությունները կարգավորելու լիազորություն ունեցող իրավաստեղծ մարմնի անվանումը»:

Նշված դրույթների բովանդակությունից բխում է որ, այն դեպքում, երբ օրենսդրական ակտի առանձին նորմեր կարող են կիրառման մեջ դրվել միայն համապատասխան ենթաօրենսդրական ակտի ընդունմամբ, այդ օրենսդրական ակտի անցումային դրույթներում պետք է հստակ նշվի միայն երկու վավերապայման՝ համապատասխան ենթաօրենսդրական ակտի ընդունման ժամկետը եւ օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ օրենսդրական ակտի ամբողջական կիրառումը ենթաօրենսդրական ակտի ընդունումից կախվածությունը բացառելու նպատակով՝ առաջարկում ենք պահպանել օրենսդրական ակտի անցումային դրույթի բովանդակության համար նախատեսված պահանջները՝ չնշելով նաեւ համապատասխան ենթաօրենսդրական ակտը յուրաքանչյուր տարի վերանայելու իրավունքը: 

Բացի այդ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում նշել օրենքի նախագծի վերնագիրը, այն է՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենք»:

4. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նորմատիվ իրավական ակտով հաստատվող ծրագիրն ամրագրվում է նորմատիվ իրավական ակտի անբաժանելի մաս կազմող հավելվածի տեսքով, հետեւաբար առաջարկում ենք Հավելվածի բովանդակությունը եւս համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին. օրինակ 1՝ Հավելվածի տարբեր կետերում հղում է կատարված մի շարք օրենքների, որոնց վերնագրերից հետո նշված «ՀՀ» հապավումն առաջարկում ենք հանել: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից. օրինակ 2՝ Առաջարկում ենք Հավելվածի գլուխների համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներին, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

22.08.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

22.08.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է հաստատել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որով սահմանվում են ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքներն ու ծրագրային ուղղությունները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

10.08.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է հաստատել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը՝ համաձայն հավելվածի»:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով, որի համաձայն՝ Ազգային ժողովը հաստատում է կրթության զարգացման պետական ծրագիրը՝ (այսուհետ՝ Ծրագիր) Կառավարության ներկայացմամբ:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծի ընդունումը կապված է  ռազմավարական փաստաթղթերի հետ, մասնավորապես՝ Հայաստանի մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավորության (1-ին մեգանպատակ՝ «Կիրթ եւ կարողունակ քաղաքացի, ժողովուրդ»), Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ  հաստատված Կառավարության ծրագրի եւ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի:

Ներկայացված Նախագծով Ծրագրի նպատակն է ձեւավորել ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ եւ միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ, որը յուրաքանչյուրին  կյանքի բոլոր փուլերում հնարավորություն կտա ստանալ իր կարիքներին եւ ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն եւ այլն:

Ծրագրի նպատակի իրականացման համար մինչեւ 2030 թվականը սահմանվում են հետեւյալ ռազմավարական ուղղությունները՝ 

  •  համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում, մասնավորապես՝

-հասանելի եւ մատչելի ուսումնական հաստատությունների (նախադպրոցական, հանրակրթական եւ ՄԿՈՒ) ու կրթական ծրագրերի համընդհանուր ծածկույթի ապահովում,

- ուսումնական ենթակառուցվածքների ապահովում,

-կարողությունների եւ վերջնարդյունքների վրա հիմնված կրթական գործընթացի կազմակերպում եւ այլն,

  • կրթության արդյունավետության բարձրացում, մասնավորապես՝ 

- կրթության կառավարման համակարգի բարեփոխումներ, կրթության կառավարման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նպատակով տվյալների վրա հիմնված կառավարման համակարգի ամրապնդում, 

- կառավարման եւ որոշումների կայացման ներառական, մասնակցային ինքնավար, թափանցիկ եւ հաշվետու համակարգի ներդնում, 

- ցանցային կրթական համակարգերի ներդնում եւ այլն,

  •   կրթական ծառայությունների եւ արտադրանքի միջազգայնացում եւ արտահանում, մասնավորապես՝ 

- ներպետական կրթական չափորոշիչների, համակարգի եւ ընթացակարգերի ամբողջական եւ լիարժեք համահունչություն՝ որակի չափման միջազգային շրջանակներին եւ գործընթացներին, 

- օտարերկրյա պետություններում հայերենի՝ որպես օտար լեզվի, գրավչության բարձրացում, 

- կրթության բոլոր մակարդակներում օտար լեզուների ուսուցման որակի բարելավում, 

- արտերկրում հայագիտության կենտրոնների ցանցի շարունակական ընդլայնում, 

- սփյուռքի համար ՀՀ հանրակրթության բովանդակությանը համահունչ կրթական ծառայությունների մատչելիության ապահովում, 

- երկու եւ ավելի բուհերի (այդ թվում՝ օտարերկրյա) կողմից կրթական ծրագրերի համատեղ մշակում եւ իրականացում՝ բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում որակավորումների շնորհմամբ, որը հավաստվում է մասնակից բուհերի կողմից տրված միասնական ավարտական փաստաթղթով (դիպլոմով) կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով (դիպլոմներով) եւ այլն:

Ըստ Նախագծի, մինչեւ 2030 թվականը՝

- բոլոր բնակավայրերում հասանելի կլինեն մատչելի նախադպրոցական ծառայություններ եւ յուրաքանչյուր ընտանիք ի վիճակի կլինի օգտվել այդ ծառայություններից, 

- բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված եւ արդիական սարքավորումներով հագեցած, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող եւ համընդհանուր մատչելի շենքեր,

- դպրոց ընդունվող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում, 

- նախնական, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական բոլոր հաստատությունները կունենան եվրոպական չափանիշներին համապատասխան որակի հավաստագրեր,

- առնվազն չորս բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ,

- 3-5 տարեկանների առնվազն 95%-ը ընդգրկված կլինի նախադպրոցական ծառայություններում, 
           -  ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից, 

- մանկավարժի, դասախոսի, դասավանդողի գործունեությունը կլինի պատշաճ վարձատրվող եւ հասարակական հեղինակություն վայելող մասնագիտություն, 

-  բոլոր խոշորացված համայնքներում կգործեն մսուրի ծառայություններ,

- մասնագիտական եւ բարձրագույն կրթական համակարգի յուրաքանչյուր շրջանավարտ կունենա միջազգայնորեն ճանաչելի մասնագիտական որակավորում, որը հնարավորություն կտա նրան կարճ ժամանակում ձեռքբերել արժանապատիվ աշխատանք կամ սկսել սեփական բիզնեսը,

- աշխարհասփյուռ հայությունը կունենա ընդլայնված հնարավորություններ հայեցի կրթություն ստանալու, այդ թվում՝ հեռավար ուսուցման միջոցներով,

- սփյուռքում գործող հայկական կրթօջախները լիարժեք ինտեգրված կլինեն Հայաստանի կրթական համակարգին

- յուրաքանչյուրի համար բազմազան հնարավորություններ կստեղծվեն (ֆորմալ եւ ոչ ֆորմալ) նոր գիտելիքներ ձեռք բերելու, որակավորումը բարձրացնելու, նոր որակավորում ստանալու համար եւ այլն:

2. Հաշվի առնելով այն, որ Նախագծով նախատեսվում է ռազմավարական այնպիսի մոտեցումների որդեգրում, որոնք կապահովեն բոլորի համար որակյալ կրթական ծառայությունների մատչելիություն եւ հասանելիություն Հայասատանի Հանրապետության ողջ տարածքում, 3-5 տարեկանների առնվազն 95 տոկոսի ներառվածություն նախադպրոցական ծառայություններում, մանկավարժի, դասախոսի, դասավանդողի պատշաճ վարձատրություն, կրթության արդյունավետության բարձրացում, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան՝ արհեստագործական, միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթությամբ մրցունակ կադրեր  (ուսումնարանը, քոլեջն ու բուհն ավարտելուց հետո, ըստ մասնագիտության, աշխատանքի կանցնի շրջանավարտների 90%-ը),  յուրաքանչյուրի համար բազմազան հնարավորություններ նոր գիտելիքներ ձեռք բերելու, որակավորումը բարձրացնելու, նոր որակավորում ստանալու համար եւ այլն, կարծում ենք, Նախագծի ընդունումը՝  բնակչության սոցիալ-կրթական վիճակի վրա ազդեցության տեսանկյունից, կունենա դրական նշանակություն:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ  չկան:


Եզրահանգում

Նախագծի ընդունումը, մեր կարծիքով, կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝         Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

23.08.2022թ.