ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-362-23.08.2022-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-3621 -23.08.2022-ՏՀ-011/0), «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-3622 -23.08.2022-ՏՀ-011/0) եւ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-3623 -23.08.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-362-23.08.2022-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-3621 -23.08.2022-ՏՀ-011/0), «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-3622 -23.08.2022-ՏՀ-011/0) եւ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Կ-3623 -23.08.2022-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

15.09.2022թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է «Քաղաքաշինության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կիրառվող մի շարք եզրույթներ հանել կամ փոխարինել նոր եզրույթներով. այսպես՝

1.1. Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է. «Քաղաքաշինական գործունեության օբյեկտներն ըստ ռիսկայնության դասակարգվում են հինգ աստիճանների (կատեգորիայի)», դրանք են I, II, III, IV եւ V ռիսկայնության աստիճանները, մինչդեռ Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 21-րդ կետում «բարձր եւ բարձրագույն ռիսկայնության աստիճան» ձեւակերպման մեջ որեւէ փոփոխություն չի կատարվում:

1.2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 4-րդ հոդվածում կատարվող փոփոխության արդյունքում քաղաքաշինության գործունեության սուբյեկտների շարքից հանվում է «քաղաքաշինական փաստաթղթեր մշակող» սուբյեկտը: Մինչդեռ Օրենքի 6-րդ եւ 17-րդ հոդվածներում կիրառվող «քաղաքաշինական փաստաթղթեր մշակող» եզրույթների հետ կապված ոչ մի փոփոխություն չի կատարվում: 

2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 4-րդ հոդվածում կատարվող փոփոխության արդյունքում որպես՝ քաղաքաշինության գործունեության սուբյեկտներ նշված են «(կառուցապատողներ, քաղաքաշինական փաստաթղթեր կազմողներ, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնողներ, շինարարություն իրականացնողներ, շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնողներ, քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ մատուցողներ, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողներ եւ այլն)»:  Նշենք, որ Օրենքի 4-րդ հոդվածի վերջին պարբերությունը սահմանում է. «Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով»: Նախագծով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները սահմանելու դեպքում հասկանալի չէ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 4-րդ հոդվածում կատարվող փոփոխության մեջ կիրառվող «եւ այլն» բառերի անհրաժեշտությունը: Հասկանալի չէ՝ քաղաքաշինական գործունեության ինչ սուբյեկտներ կան բացի Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 4-րդ հոդվածում կատարվող փոփոխության մեջ թվարկվածներից եւ որ օրենքով են սահմանված այդ սուբյեկտների իրավասությունները:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 6-րդ հոդվածի «թ» կետը շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ. «ապահովել շինարարության որակի տեխնիկական հսկողություն՝ բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված աշխատանքների»: Այսպես՝ նշենք, որ Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 21-րդ հոդվածի 4-րդ մասով սպառիչ սահմանվում են քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակներն իրենց ենթատեսակներով, այդ թվում նաեւ՝ շինարարության որակի տեխնիկական հսկողության տեսակները: Հետեւաբար հասկանալի չէ՝ քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն պահանջող գործունեության ինչ տեսակներ կարող են լինել, որոնք սահմանված չեն Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 21-րդ հոդվածի 4-րդ մասով:

4. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 7.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում են քաղաքաշինական փաստաթղթեր կազմող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքները: Նշված կետի «դ» ենթակետով սահմանվում է. «իրականացնել շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն՝ օրենքով սահմանված համապատասխան շինարարության որակի տեխնիկական հսկողության լիցենզիա ունենալու եւ քաղաքաշինական փաստաթղթերի կազման աշխատանքների կապալի պայմանագրով նման պարտավորություն ստանձնելու դեպքում»: Այսպես՝ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 7.1-ին հոդվածի առանձին մասերով հստակ տարանջատվում են քաղաքաշինական տարբեր գործունեություն իրականացնող սուբյեկտները: Մասնավորապես՝ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 7.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանվում են քաղաքաշինական փաստաթղթեր կազմող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավասությունները, իսկ նույն հոդվածի 4-րդ մասով՝ շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավասությունները: Բացի այդ՝ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում են քաղաքաշինության բնագավառի նոր լիցենզիաներ, ընդ որում՝ քաղաքաշինական փաստաթղթեր կազմելու եւ շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնելու համար նախատեսվում են առանձին լիցենզիաներ: Վերոգրյալից բխում է, որ շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձն արդեն իսկ ունի շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնելու իրավունք, եւ հասկանալի չէ՝ ինչ նպատակ է հետապնդում քաղաքաշինական փաստաթղթեր կազմող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքների շրջանակում շինարարության որակի տեխնիկական հսկողության քաղաքաշինության գործունեության սուբյեկտին վերապահված գործունեություն իրականացնելու իրավունքի սահմանումը:

5. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 7.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանվում է. 

«ա. Քաղաքաշինական փաստաթղթերի եւ մեթոդաբանության վերաբերյալ մասնագիտական եզրակացության տրամադրելը.

բ. քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն նախապատրաստելու համար (…) պահանջել (…) օրենքով սահմանված փաստաթղթեր.

(…)»: Նշենք, որ Օրենքում եւ Նախագծում մասնագիտական եզրակացության վերաբերյալ այլ կարգավորումների բացակայության պարագայում հստակ չէ՝ արդյոք այն նույնական է փորձագիտական եզրակացությանը: Եթե այո՝ ապա «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը ապահովելու համար անհրաժեշտ է կիրառել նույնական եզրույթներ, եթե այդ եզրույթները տարբեր միտք են արտահայտում, ապա անհրաժեշտ է սահմանել այդ եզրույթների հասկացությունները՝ դրանք միմյանցից հստակ տարանջատելու համար:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը ապահովելու տեսանկյունից հարկ է անդրադառնալ նաեւ Նախագծում կիրառվող եւ նույն միտքն արտահայտող «օրենսդրություն» եւ «Հայաստանի Հանրապետության օրենսդրություն» եզրույնթերին, «ռեգիստր» եւ «ռեեստր» եզրույթներին: Առաջարկում ենք Նախագծի ողջ տեքստում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունները:

6. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 7.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանվում են շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող քաղաքաշինության սուբյեկտների իրավունքները: Մասնավորապես՝ այդ կետի «դ» ենթակետով սահմանվում է. «շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտը շինարարական աշխատանքների բոլոր փուլերում անհրաժեշտ տեխնիկական հետազոտություններ կամ փորձարկումներ կատարելու միջոցով ստուգում է շինարարական աշխատանքների համապատասխանությունը ճարտարապետաշինարարական նախագծերին եւ նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին»: Հարկ է նկատել՝ որ այս ձեւակերպման մեջ «ստուգում է» բառերի կիրառությունը ձեւակերպմանը հաղորդում է իմպերատիվ երանգ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 7.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանվում է շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող քաղաքաշինության սուբյեկտների իրավունք, այլ ոչ թե պարտականություն՝ առաջարկում ենք այդ ենթակետում «ստուգում է» բառերը փոխարինել «կարող է ստուգել» բառերով կամ համապատասխան կարգավորումը նախատեսել որպես շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտի պարտականություն: 

Բացի այդ՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 7.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետից հանել «շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտը» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 7.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով արդեն իսկ նշված է, որ այդ կետի ենթակետերով սահմանվում են շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքները:

7. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 7.1-ին հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի «դ» ենթակետում առկա «ՀՀ» հապավման փոխարեն առաջարկում ենք կիրառել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում առկա բոլոր հապավումներին:

8. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Հարկ է նկատել, որ Նախագծով կիրառվող մի շարք բառերի կրճատ տարբերակների հիշատակումը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից. այսպես՝

8.1. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող «զ1» ենթակետով սահմանվում է. «հաստատում է հավաստագրման, վերաորակավորման եւ թեստավորման կարգը, հավաստագրերի ձեւերը, լիցենզավորված անձանց եւ հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձեւավորման, տվյալների փոփոխության, լրացման, գրանցամատյանի (այսուհետ՝ գրանցամատյան) վարման կարգը»: Այս դեպքում հասկանալի չէ՝ «գրանցամատյան» բառը կոնկրետ որ արտահայտության կրճատ տարբերակն է:

8.2. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող «զ3» ենթակետում «շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ ՇՄԶ)» ձեւակերպման մեջ «այսուհետ» բառից հետո լրացնել «նաեւ» բառը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի տեքստում «ՇՄԶ» կրճատ տարբերակի հետ միաժամանակ Նախագծի այլ հոդվածներում կիրառվում է նաեւ «շարունակական մասնագիտական զարգացում» եզրույթը:

8.3. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխի 11.1-ին հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձիք են (այսուհետ Հավաստագրված մասնագետ), որոնք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության ՇՄԶ համապատասխան հավաստագիր եւ գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող մասնագետների ռեեստրում»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ֆիզիկական անձը քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետ է համարվում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող մասնագետների ռեեստրում գրանցվելուց հետո միայն՝ առաջարկում ենք «(այսուհետ Հավաստագրված մասնագետ)» բառերը շարադրել «ռեեստրում» բառից հետո:

8.4. Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 8.1-ին գլխի 26.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «Քաղաքաշինության բնագավառում էթիկայի կանոնները (այսուհետ՝ Էթիկայի կանոններ)»: Մինչդեռ Նախագծում նշված կրճատ տարբերակի հետ միաժամանակ կիրառվում են նաեւ «էթիկայի կանոն», «վարքագծի կանոններ» եւ «էթիկայի կանոններ» տարբերակները: Առաջարկում ենք արտահայտության կրճատ տարբերակ սահմանելուց հետո կիրառել միայն այդ տարբերակը:

Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 8.1-ին գլխի 26.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «Էթիկայի հանձնաժողով» կրճատ տարբերակին եւ դրա հետ միաժամանակ կիրառվող «էթիկայի հանձնաժողով» բառերին:

8.5. Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 8.1-ին գլխի 26.4-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «քաղաքաշինության բնագավառում լիցենզավորող մարմնը» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ լիցենզավորող մարմին)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի ողջ տեքստում կիրառվում է «լիցենզավորող մարմին» կրճատ տարբերակը՝  ինչը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասին: 

9. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխի 11.1-ին հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Մասնագետներն իրենց աշխատանքային փորձի, կատարված աշխատանքների ծավալի եւ բարդության դասակարգվում են I, II եւ III կարգի»: Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխի 11.1-ին հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերը սահմանում են կարգավորումներ միայն III կարգի մասնագետի հավաստագիր ստանալու վերաբերյալ, մինչդեռ Նախագծով չեն սահմանվում՝ ինչ կարգով են տրվելու I եւ II կարգի մասնագետների հավաստագրերը: Այսպես՝ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխի 11.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, թե ըստ իրենց կարգերի մասնագետները ռիսկայնության որ աստիճանների քաղաքաշինական գործունեության օբյեկտներում կարող են քաղաքաշինական գործունեություն իրականացնել: Հարկ է նկատել, որ միայն I կարգի մասնագետներն իրավունք ունեն քաղաքաշինական գործունեություն իրականացնել ռիսկայնության բոլոր աստիճանների քաղաքաշինական գործունեության օբյեկտներում: I եւ II կարգի մասնագետներին հավաստագրեր տրամադրելու վերաբերյալ կարգավորումների բացակայության պարագայում III, IV եւ V ռիսկայնության աստիճանների քաղաքաշինական գործունեության օբյեկտներում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու հնարավորություն Օրենքով փաստացի չի նախատեսվում:

10. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխի 11.5-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որպես պատասխանատու մասնագետի իրավունքներ սահմանվում են.

«5) օրենքով սահմանված կարգով պաշտպանել իր գործարար համբավը, պատիվը եւ արժանապատվությունը.

6) օրենքով սահմանված կարգով ստեղծել միավորումներ կամ անդամակցել դրանց.»:

Հարկ է նկատել, որ հասկանալի չէ՝ վերոնշյալ կետերի սահմանման անհրաժեշտությունը, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված են յուրաքանչյուր անձի՝ վերոնշյալ կետերով սահմանված իրավունքները:

11. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխի 11.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը օրենսդրության պահանջների խախտման պատճառով ՇՄԶ հավաստագրի գործողությունը կարող է կասեցնել միայն քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից միջնորդություն ներկայացնելու եւ համապատասխան մասնագիտական հանձնաժողովի եզրակացության համաձայն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: Այսպես՝ «մասնագիտական հանձնաժողով» մարմինը Նախագծով Օրենքում լրացվող նոր մարմին է, որի վերաբերյալ, սակայն, հստակ կարգավորումներ սահմանված չեն: Այս առումով անհրաժեշտություն է առաջանում մասնագիտական հանձնաժողովի վերաբերյալ կարգավորումները համադրել  Նախագծով Օրենքում լրացվող եւս մեկ նոր մարմնի՝ էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ Նախագծով սահմանվող կարգավորումների հետ: Ինչի արդյունքում ակնհայտ է, որ մասնագիտական հանձնաժողովի վերաբերյալ անհրաժեշտ մի շարք կարգավորումներ սահմանված չեն: Մասնավորապես՝ առկա չեն մասնագիտական հանձնաժողովի ստեղծման համար անհրաժեշտ նվազագույն կարգավորումները:

12. Նախագծի ողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերն իրենց հոլովաձեւերով առաջարկում ենք փոխարինել «Կառավարություն» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքում կիրառվում է հենց «Կառավարություն» բառը:

13. Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 8.1-ին գլխի 26.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «Պատասխանատու մասնագետի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, պատասխանատու մասնագետների նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, շահերի բախման վերաբերյալ հարցերի ուսումնասիրության համար նշանակված քննությունն անցկացնում է պատասխանատու մասնագետների էթիկայի հանձնաժողովը (այսուհետ՝ Էթիկայի հանձնաժողով)»: Մինչդեռ նշենք՝ Նախագծով պատասխանատու մասնագետի անհամատեղելիության որեւէ պահանջ սահմանված չէ:

14. Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 8.1-ին գլխի 26.4-րդ հոդվածի 13-րդ մասի 1-ին կետով սահմանվում է. 

«Էթիկայի հանձնաժողովը գործի քննությունից հետո ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող առերեւույթ արարքներ հայտնաբերելու դեպքում կամ մասնագիտական էթիկայի կանոնների խախտման բացակայության հիմքով՝

ա. մերժել դիմումը.

բ. դադարեցնել գործի քննությունը սեփական նախաձեռնությամբ գործի քննությունն սկսելու դեպքերում.»: Հարկ է նկատել, որ հասկանալի չեն վերոնշյալ կետի ենթակետերով սահմանված էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների հետագա կարգավորումները. օրինակ՝ էթիկայի հանձնաժողովի կողմից իրավասու մարմնին դիմելուց հետո անձի արարքի մեջ քրեական կամ վարչական պատասխանատվության հատկանիշներ չհայտնաբերվելու դեպքում ինչ այլ ընթացակարգեր կարող են նախատեսվել: Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում ենք էթիկայի հանձնաժողովի կողմից գործի քննության ընթացքում անձի արարքի մեջ քրեական կամ վարչական պատասխանատվության հատկանիշներ հայտաբերելու դեպքում կասեցնել գործի քննությունը եւ դիմել իրավասու մարմնին:

15. Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 8.1-ին գլխի 26.4-րդ հոդվածի 13-րդ մասի 2-րդ կետով սահմանվում են՝ ինչ պատասխանատվության միջոցներ են կիրառվում քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքում: Նշված կետի «ա» ենթակետով, մասնավորապես, սահմանվում է. «Լիցենզավորող մարմին ներկայացնել առաջարկություն առաջին անգամ խախտում կատարած պատասխանատու մասնագետին նկատողություն տալու վերաբերյալ»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերոնշյալ կետի մյուս ենթակետերով սահմանվում են մեկ տարվա ընթացքում երկրորդ կամ երրորդ անգամ էթիկայի կանոնի խախտման դեպքերը՝ առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 8.1-ին գլխի 26.4-րդ հոդվածի 13-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետում «առաջին» բառից առաջ լրացնել «մեկ տարվա ընթացքում» բառերը՝ հակառակ դեպքում մեկ տարվա ընթացքում մեկ անգամ էթիկայի կանոն խախտելու դեպքերի համար պատասխանատվություն չի սահմանվում:

16. Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 8.1-ին գլխի 26.4-րդ հոդվածի 13-րդ մասի 2-րդ կետով նախատեսվում է, որ էթիկայի հանձնաժողովը քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատման դեպքում առաջարկություն է ներկայացնում լիցենզավորող մարմնին խախտում կատարած անձին նկատողություն կամ խիստ նկատողություն տալու կամ հավաստագիրը մեկ ամիս ժամկետով կասեցնելու համար: Նախ՝ նշենք, որ Նախագծով սահմանվող կարգավորումներից հստակ չէ էթիկայի հանձնաժողովի կողմից լիցենզավորող մարմին առաջարկություններ ներկայացնելու ընթացակարգը: Մասնավորապես՝ սահմանված չէ՝ արդյոք լիցենզավորող մարմին առաջարկություն ներկայացնելը էթիկայի հանձնաժողովի իրավունք է, թե պարտականություն, սահմանված չեն, թե էթիկայի կանոններ խախտելու համար պատասխանատվության կոնկրետ ինչ տեսակներ են նախատեսվում, սահմանված չէ որեւէ ժամկետ առաջարկությունը ներկայացնելու համար եւ այլն: Բացի այդ՝ հարկ է նշել, որ «Լիցենզավորման մասին» օրենքի, մասնավորապես 9-րդ հոդվածի վերլուծությունից եւ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքի բովանդակությունից չի բխում, որ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորող մարմիններն իրավունք ունեն կիրառել այնպիսի պատասխանատվության միջոցներ, ինչպիսիք են նկատողություն կամ խիստ նկատողություն տալը:

17. Նախագծի 14-րդ հոդվածով, որպես Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ, սահմանվում է պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիսը: Հարկ է նկատել, որ Նախագծով նախատեսվում են համալիր փոփոխություններ, ինչպես օրինակ՝ քաղաքաշինության բնագավառում մասնագետների նոր դասակարգումը, դրանով պայմանավորված՝ նրանց կողմից իրականացվող գործունեության տարանջատումը, քաղաքաշինության գործունեության սուբյեկտների նոր շրջանակի սահմանում, քաղաքաշինության բնագավառի մասնագետների համար շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդնումը, քաղաքաշինության բնագավառի մասնագետների համար էթիկայի կանոնների եւ էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ կարգավորումների սահմանում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ (…) եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին (…)»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք սահմանել Նախագծի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ՝ հնարավորություն ընձեռելով հասցեատերերին համապատասխանեցնել իրենց վարքագիծը սահմանված պահանջներին:

18. Նախագծի 15-րդ հոդվածով սահմանվում են Նախագծի անցումային դրույթները, որոնց կապակցությամբ նշենք հետեւյալը.

18.1. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող «զ1» ենթակետով սահմանվում է, որ Կառավարությունը «հաստատում է հավաստագրման, վերաորակավորման եւ թեստավորման կարգը, հավաստագրերի ձեւերը (…)»: Մինչդեռ Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է, որ Կառավարությունը Նախագծի պաշտոնական հրապարակման օրվանից՝ վեց ամսվա ընթացքում հաստատում է՝ «հավաստագրման եւ թեստավորման իրականացման կարգը, հավաստագրերի ձեւերը»: Առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հավաստագրման» բառից հետո լրացնել «, վերավորակավորման» բառը:

18.2. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող «զ2» ենթակետով սահմանվում է, որ Կառավարությունը «հաստատում է շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների եւ խորհրդատվական ծառայությունների, ըստ ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) քաղաքաշինական օբյեկտների դասակարգման (…)»: Մինչդեռ Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է, որ Կառավարությունը Նախագծի պաշտոնական հրապարակման օրվանից՝ վեց ամսվա ընթացքում հաստատում է՝ «շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների,  ըստ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտների դասակարգման»: Առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «աշխատանքների» բառից հետո լրացնել «եւ խորհրդատվական ծառայությունների» բառերը:

18.3. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող «զ4» ենթակետով սահմանվում է, որ Կառավարությունը. «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրյա մասնագետների եւ կազմակերպությունների կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման կարգը»: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետությունում» բառերից առաջ լրացնել «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ» բառերը:

18.4. Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված է. «սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված (…)»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագիծը չունի 21-րդ հոդված՝ առաջարկում ենք հստակեցնել վերոնշյալ հղումը:

Վերոգրյալը վերաբերելի է նաեւ Նախագծի 15-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում առկա «(…) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված (…)» բառերին:

18.5. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր՝ 31-րդ կետով սահմանվում է, որ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը. «հաստատում է ՇՄԶ ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը եւ մասնակցությանը ներկայացվող պահանջները, յուրաքանչյուր մասնագիտության գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների տեսակները, քանակը եւ դրանց շնորհման չափորոշիչները»: Առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «կրեդիտների» բառից հետո լրացնել «տեսակները,» բառը:

18.6. Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանվում է, որ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը Նախագծի պաշտոնական հրապարակման օրվանից՝ վեց ամսվա ընթացքում հաստատում է. «մասնագիտական հանձնաժողովների անհատական կազմը եւ աշխատակարգը»: Նույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանվում է, որ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը Նախագծի պաշտոնական հրապարակման օրվանից՝ քսանչորս ամսվա ընթացքում հաստատում է. «հաստատում է մասնագիտական, Էթիկայի եւ որակի գնահատման hանձնաժողովների անհատական կազմը, աշխատակարգը (…)»: Վերոգրյալից բխում է, որ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմի կողմից մասնագիտական հանձնաժողովների անհատական կազմը եւ աշխատակարգը հաստատելու համար սահմանվում են երկու տարբեր ժամկետներ՝ Նախագծի պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամսվա եւ 24 ամսվա ընթացքում: Առաջարկում ենք հստակեցնել վերոնշյալ ժամկետը՝ ապահովելով Նախագծով սահմանվող դրույթների՝ իրար չհակասելու պայմանը:

19. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը», ինչպես նաեւ այն հանգամանքը, որ նշված նախագծով կատարվում են մեկից ավելի փոփոխություններ:

Վերոգրյալ դիտարկումը հաշվի առնելով առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում  «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերով, իսկ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով:

20. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի շարադրանքի արդյունքում «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ, 26-րդ եւ 26.1-ին հոդվածներում առկա «Լիցնեզիա» եւ «Լիցենզիայի» բառերից հետո համապատասխան լրացումներ չեն կատարվում:

Նույնը վերաբերելի է նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 32-րդ հոդվածում կատարվող լրացմանը:

21. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել «Լիցենզավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում, ինչի արդյունքում լիցենզիա կարող է տրվել միայն «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակի համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:  Նշված լրացմամբ ստացվում է «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից բացի այլ օրենքներով եւս կարող են նախատեսվել լիցենզավորման ենթական գործունեության տեսակներ: Այսինքն՝ օրենքներով այլ բան նախատեսված լինելու դեպքում, միայն «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված գործունեության յուրաքանչյուր տեսակի համար լիցենզիա տրամադրելու իմպերատիվ պահանջը չի գործի: Մինչդեռ նշենք, որ նման կարգավորումը չի համապատասխանում «Լիցենզավորման մասին» օրենքի ամբողջ տրամաբանությանը. այսպես՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները (...): 

Սույն օրենքը չի տարածվում արտաքին առեւտրային նպատակով ապրանքների արտահանման եւ (կամ) ներմուծման լիցենզիաների, (...), ինչպես նաեւ քաղաքացիաիրավական հարաբերությունների ընթացքում կնքվող լիցենզային պայմանագրերի վրա»:

«Լիցենզավորման մասին» օրենքի՝ լիցենզավորման սկզբունքներին վերաբերող 4-րդ հոդվածի 2-րդ կետով, նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության բնագավառում միասնական քաղաքականության ապահովումը եւ մեկ միասնական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկի սահմանումը.՝ որպես լիցենզավորման սկզբունք:

«Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Լիցենզիաները տրվում են միայն սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար»: 

«Լիցենզավորման մասին» օրենքի՝ 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում»:

Այսպիսով՝ «Լիցենզավորման մասին» օրենքի վերը նշված դրույթներից եւ ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները պետք է հստակ սահմանված լինեն հենց «Լիցենզավորման մասին» օրենքով (բացառությունները նույն օրենքով հստակ սահմանված են)՝ նշված օրենքի 43-րդ հոդվածով սահմանված  լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակում՝ ինչը բխում է մեկ միասնական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկ սահմանելու  լիցենզավորման սկզբունքի հրամայականից: Մինչդեռ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի բովանդակությամբ խախտվում է նշված սկզբունքը, քանզի նման դրույթով նախատեսվում է օրենքներով այլ բան նախատեսված լինելու պարագայում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ նախատեսել նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքից դուրս:

22. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է  «Լիցենզավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածում լրացնել նոր 4-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝ «Էլեկտրոնային եղանակով տրամադրվող լիցենզիաները եւ ներդիրները տրվում են սույն հոդվածով սահմանված վավերապայմաններին (տեղեկատվությանը) համաապատասխան էլեկտրոնային համակարգում լիցենզիայի եւ լիցենզիայի ներդիրների գեներացման եւ արտապատկերման միջոցով:»:  Հարկ է նշել, որ լիցենզիայի տրամադրմանն է վերաբերում  «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածը, որում էլեկտրոնային եղանակով տրամադրվող լիցենզիաների տրամադրմանը, տրամադրման ընթացակարգին վերաբերող որեւէ կարագավորում նախատեսված չէ: Մասնավորապես «Լիցենզավորման մասին» օրենքով միայն կարգավորում է նախատեսված առ այն, որ լիցենզավորող մարմինը լիցենզիայի մասին որոշումը գրանցում է էլեկտրոնային գրանցամատյանում, որից հետո էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ կերպով տրամադրվում է լիցենզիայի սերիան եւ հերթական համարը՝ էլեկտրոնային գրանցամատյանում հրապարակելով լիցենզիա տրամադրելու մասին որոշումը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նշված նախագծով կարգավորումներ նախատեսել էլեկտրոնային եղանակով տրամադրվող լիցենզիաների վերաբերյալ կամ կիրառել օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված նույնական հասկացություններ:

23. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված լրացմամբ ստացվում է, որ լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյաններից այլ անձանց տեղեկությունների տրամադրման, ինչպես նաեւ այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, որակավորման քննությանը մասնակցելու համար պարտադիր գանձվում է պետական տուրք՝, եթե օրենքով սահմանված է պետական տուրք: Մինչդեռ նշենք, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի բովանդակությունից բխում է, որ հայտատուն լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել» եւ նշված իմպերատիվ պահանջն արդեն իսկ սահմանված է «Լիցենզավորման մասին» օրենքով եւ բխում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի բովանդակությունից, որի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր,»: Հետեւաբար «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով օրենքով պետական տուրք սահմանված լինելու դեպքում պետական տուրք վճարելու  մասին լրացումն իմաստազուրկ է:

24. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխության արդյունքում ստացվում է, որ «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերում լիցենզիան կարող է տրվել մրցույթով, էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային համակարգի կիրառմամբ՝ լիցենզավորման կարգերին համապատասխան: Հարկ է նկատել որ «Լիցենզավորման մասին» օրենքով եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով քաղաքաշինության բնագավառում տրվող եւ որեւէ լիցենզիայի տրման համար մրցույթ նախատեսված չէ: Մասնավորապես «Լիցենզավորման մասին» օրենքի քաղաքաշինության բնագավառում լիցենզավորմանը վերաբերող համապատասխան աղյուսակի յոթերորդ սյունակում «Մ» տառով նշում չկա, ինչի հիման վրա էլ լիցենզիան տրվում է համապատասխան մրցույթի արդյունքում: Հետեւաբար Նախագծերի փաթեթով նշված փոփոխության անհրաժեշտությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

25. Նախագծերի փաթեթի մի շարք հոդվածներում առկա են անավարտ նախադասություններ, դասական թվականների սխալ գրելաձեւեր, հասկացությունների շփոթի հանգեցնող ձեւակերպումներ, համարակալման հետ կապված եւ այլ վրիպակներ: Ուստի՝ առաջարկում ենք տվյալ տեսանկյունից վերանայել Նախագծերի փաթեթը՝ կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ մտքի կապակցվածությունն ապահովելու նպատակով:

Միաժամանակ նշենք նաեւ՝ Նախագծերի փաթեթի ծավալի եւ ժամանակի սղության գործոններով պայմանավորված՝ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումների հստակությունը, դրանց համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Լիցենզավորման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

14.09.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում օրենսդրությամբ կիրառված մի շարք եզրույթներ, հասկացություններ, կարգավորումներ համապատասխանեցնել Նախագծով կիրառված հասկացություններին, եզրույթներին եւ սահմանված կարգավորումներին. ինչպես օրինակ՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում քաղաքաշինական օբյեկտների ռիսկայնության աստիճանների վերաբերյալ կարգավորումները:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

14.09.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

     Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Լիցենզավորման մասին» օրենքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, «Քաղաքաշինության մասին» օրենքում, «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում: Նախագծերի փաթեթով առաջարկվում են մի շարք էական փոփոխություններ, մասնավորապես`

  • քաղաքաշինության բնագավառում գործունեության իրականացման համար տրվող լիցենզիաների ժամկետի սահմանում (5 տարի),
  • քաղաքաշինական գործունեության օբյեկտների  ըստ ռիսկայնության սահմանում,
  • քաղաքաշինության բնագավառում գործունեության սուբյեկտների սահմանում,
  • քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման, մասնագիտական գործունեության որակավորման պահանջներ նախատեսող գործունեության տեսակների, ենթատեսակների  եւ դասային աստիճանների սահմանում,
  • քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան քաղաքաշինության գործունեության սուբյեկտների իրավունքների եւ պարտականությունների սահմանում,
  • քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման մարմնի մի շարք լրացուցիչ գործառույթների սահմանում, այդ թվում`  լիցենզիաների տրամադրման, մասնագետների հավաստագրման, հավաստագրված մասնագետների հաշվառման, շարունակական մասնագիտական զարգացման պահանջների սահմանման, մասնագիտական էթիկայի եւ որակի գնահատման հանձնաժողովների ձեւավորման, լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման կարգերի եւ չափանիշների սահմանում եւ այլն,
  • քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկվող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի եւ պատասխանատու մասնագետի իրավունքների սահմանում,
  • քաղաքաշինության բնագավառում գործունեության իրականացման համար տրվող լիցենզիաների համար պետական տուրքերի վերանայում` ըստ գործունեության տեսակների, ենթատեսակների  եւ դասային աստիճանների
  • ինչպես նաեւ բազմաթիվ այլ` խմբագրական բնույթի լրացումներ եւ փոփոխություններ:

Համաձայն Նախագծերի փաթեթին կից եզրակացության` դրա ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Նախագծերի փաթեթը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                              

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                                       

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

09.09.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Քաղաքաշինության մասին» եւ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքներում:

Օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է. 

- քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման մարմնի կողմից լիցենզավորման գործընթացի արդյունավետ իրականացմամբ, 

- «Քաղաքաշինության մասին» օրենքում առկա օրենսդրական բացերի լրացմամբ, 

- մասնագետների որակավորման բարձրացման նպատակով քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրմամբ, 

- շարունակական մասնագիտական զարգացման գործառույթի ապահովմամբ՝ հասարակական կազմակերպությունների, բարձրագույն կրթության հաստատությունների միջոցով, որոնք կբավարարեն օրենսդրությամբ սահմանված պահանջները, 

- լիցենզավորված կազմակերպությունների ռեյտինգավորման ցանկի ստեղծմամբ, 

- լիցենզավորված տնտեսվարող սուբյեկտների եւ ՇՄԶ հավաստագրված մասնագետների ռեգիստրի ստեղծմամբ:

Նախագծերի փաթեթով հեղինակն առաջարկում է հստակ սահմանել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները եւ վերախմբագրել գործող կարգավորումները:

Գործող իրավակարգավորմամբ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝ 

ա) քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում, 

բ) քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, 

գ) շինարարության իրականացում, 

դ) շինարարության որակի տեխնիկական հսկողություն, 

ե) ինժեներական հետազննում, 

զ) շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն: 

Ըստ էության, շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունն ու ինժեներական հետազննումը իրականացվում է հաստատված կարգերի, մեթոդաբանությունների հիման վրա եւ իրականացվում է որպես մեկ գործունեության ենթատեսակ: Ըստ հեղինակի, նպատակահարմար է նշված ծառայությունների մատուցման համար տրամադրել քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայությունների մատուցման մեկ լիցենզիա՝ տարանջատելով գործունեության ենթատեսակների՝ ներդիրներով: 

Նույն լիցենզիայի ներդիրում լրացում է կատարվել եւ առաջարկվել է «շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն» բառերից հետո ավելացնել «եւ անձնագրավորում» բառերը: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել հետեւյալ լիցենզիայի տեսակները՝ 

- քաղաքաշինական փաստաթղթերի կազմում՝ բացառությամբ կոնստրուկտորական եւ ճարտարապետական մասերի, 

- քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, 

- շինարարության իրականացում, 

- շինարարության որակի տեխնիկական հսկողություն, 

- քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայությունների մատուցում: 

Օրենսդրական նախագծով լիցենզավորման ենթակա բոլոր գործունեության տեսակների համար նախատեսված է մասնագիտական որակավորման պահանջ: 

Լիցենզավորված սուբյեկտը լիցենզավորման ենթակա գործունեությունը կարող է իրականացնել միայն պատասխանատու անձի միջոցով, որի վերաբերյալ տեղեկատվությունը պարտադիր կարգով ամրագրվում է լիցենզիային կից ներդիրում: 

Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթի ներկայացմամբ հեղինակն ակնկալում է՝

- ստեղծել տնտեսվարող սուբյեկտների համար հավասար մրցակցային դաշտ, ինչպես նաեւ բարձրացնել մասնագիտական որակավորման պահանջներն ու պատասխանատվությունը, 

- կարգավորել շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության հետ կապված հարաբերությունները, 

- ապահովել ինչպես սկսնակ, այնպես էլ գործող տնտեսվարող սուբյեկտների ոլորտում ազատ գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը՝ սկսնակներին առաջարկելով սկսել գործառույթները ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտներից:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունմամբ հեղինակն ակնկալում է, որ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորվող սուբյեկտների համար կձեւավորվի հստակ, բարենպաստ եւ ամբողջական իրավական միջավայր՝ գործողությունների հստակ հերթականությամբ եւ առավել պարզեցված պայմաններով: Լիցենզավորման համակարգում կներդրվի քաղաքաշինության բնագավառում միասնական ռեգիստրի ստեղծման, կառուցվածքի վարման եւ մոնիթորինգի իրականացման համակարգ: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

31.08.2022թ.