ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-388-04.10.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Կ-388-04.10.2022-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

20.10.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (…)»:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «Օրենքի» բառի փոխարեն առաջարկում ենք շարադրել օրենքի լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում չի պահպանվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը եւ չի սահմանվել, թե որ օրենքի լրիվ անվանման փոխարեն է Նախագծում կիրառվում «Օրենք» կրճատ տարբերակը:

3.Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է. «Սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի 2-րդ մասով»: Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրվում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի ոչ թե 8-րդ հոդվածը, այլ 8-րդ հոդվածի 2-րդ մասը: Վերոգրյալը հիմք ընդունելով, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը հաշվի առնելով՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «նոր խմբագրությամբ շարադրվող» բառերը շարադրել «8-րդ հոդվածի» բառերից հետո:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

17.10.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

17.10.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է խմբագրական բնույթի փոփոխություն կատարել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում, որի արդյունքում իրավական հիմք կապահովվի տարբերակված գույնի գետնանշումների իրականացման համար` հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացված համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակման նպատակով, ինչն էլ թույլ կտա համայնքային վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափերը սահմանել ըստ գոտիականության:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

12.10.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ավտոկայանատեղերի կազմակերպման ոլորտի բարելավման ուղղությամբ իրականացվող փոփոխություններով:

Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ Օրենքի ներկայիս կարգավորումների համաձայն՝ համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, որպես տարբերակիչ միջոց եւ պարտադիր տարր, առանձնացվում են կարմիր գույնի գետնանշումներով, որոնցում թեեւ առկա են առանձին հատվածներ նախատեսված միայն հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար, սակայն գործնականում գույնի միատոնության պատճառով չեն տարբերակվում այլ վարորդների կողմից, ինչն էական խոչընդոտ է հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման խնդրի լուծման համար: Միաժամանակ, ներկայումս կիրառվում է ընդհանուր մոտեցում վճարման դրույքաչափերի վերաբերյալ, եւ համայնքային վճարովի ավտոկայանատեղերն առանձնացված չեն ըստ գոտիականության: Ըստ գոտիականության առանձնացված չեն նաեւ ծառայողական ավտոկայանատեղերի համար կիրառվող դրույքաչափերը:

Նախագծի ընդունման արդյունքում կդյուրինացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի եւ ձեւի վերաբերյալ փոփոխությունների իրականացման գործընթացը, կբարձրացվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջացող խնդիրների արագ արձագանքման հնարավորությունը, ինչի արդյունքում հնարավորինս հեշտացված տարբերակով կսահմանվեն առանձնացված հատվածներ համայնքային վճարովի ավտոկայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաեւ հնարավոր կլինի իրականացնել տարբերակված դրույքաչափերի սահմանումն ըստ գոտիականության՝ ընդհանուր ավտոկայանատեղիների եւ ծառայողական ավտոկայանտեղիների կազմակերպման առնչությամբ: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/51 36 18  /ներք./ 1618