ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-391-04.10.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանի, Հերիքնազ Տիգրանյանի եւ Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը(փաստաթղթային կոդ` Պ-391-04.10.2022-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

25.10.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հանրակրթության մասին» օրենքի   (այսուհետ՝ Օրենք) 17.1- ին  հոդվածի 2-րդ մասից հանել «վկայագրման նպատակով» բառերը, ինչի արդյունքում Օրենքի 17.1-ին հոդվածի 2-րդ մասը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները»: Հարկ է նկատել, որ ամբողջությամբ նույնաբովանդակ դրույթ է նախատեսված  նաեւ Օրենքի 17.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում, ըստ որի՝ «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները 5) իրականացնում են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում՝ հանելով երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նպատակը, Օրենքի 17.1-ին  հոդվածի 2-րդ մասը կրկնում է Օրենքի 17.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը, առաջարկում ենք Օրենքի 17.1-ին  հոդվածի 2-րդ մասն ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչել: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված անհիմն կրկնությունները բացառելու պահանջից:

1.1. Նախագծով նախատեսվում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրմանը վերաբերող կարգավորումներն ուժը կորցրած ճանաչել, այն հիմավորմամբ, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա տարածքային կառավարման պետական մարմնի կողմից երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը գործընթացի կրկնություն է: Հարկ է նկատել, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 9-րդ հոդվածով եւս նախատեսվում է երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրում՝ կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը դիտարկվում է որպես գործընթացի կրկնություն, կարծում ենք, նույնանման փոփոխություն կատարելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաեւ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 9-րդ հոդվածում:

2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ՝ «Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են առնվազմ մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ, իսկ թափուր մնացած ժամերի համար առնվազն երկու անգամ հայտարարվել է մրցույթ եւ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվել սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներին համապատասխան: Առավելագույնը մեկ ուսումնական տարի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա մինչեւ 100 սովորող ունեցող հանրակրթության ուսումնական հաստատության վարչական աշխատողը կարող է դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում:»:

2.1. Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, (...) երբ թափուր մնացած ժամերի համար առնվազն երկու անգամ հայտարարվել է մրցույթ եւ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվել օրենքի 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներին համապատասխան: Հարկ է նկատել, որ Օրենքը, այդ թվում ոլորտային օրենսդրությունը, կարգավորումներ եւ մրցույթի հայտարարման հնարավորություն է նախատեսում 1. տնօրենի թափուր տեղի համար եւ  2. ուսուցչի թափուր տեղի համար, հետեւաբար հասկանալի չէ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասում կիրառված թափուր մնացած ժամերի համար նախատեսված մրցույթն ինչ է իրենից ենթադրում: Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 25-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված 5-րդ մասում «թափուր մնացած ժամերի» բառերը փոխարինել «համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղի » բառերով:

2.2.  Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 25-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված 5-րդ մասի վերլուծությունից բխում է, որ վարչական աշխատողը համապատասխան ուսումնական հաստատությունում կարող է դասավանդել բացառիկ դեպքերում, այն է՝  1. երբ տվյալ առարկայի ուսուցիչներն ապահովված են առնվազմ մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ, 2. համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղի համար առնվազն երկու անգամ հայտարարվել է մրցույթ եւ տվյալ տեղը չի համալրվել սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներին համապատասխան: Հաջորդ կարգավորումը վերաբերում է այլ ուսումնական հաստատությունում տվյալ վարչական աշխատողի կողմից դասավանդելու բացառիկ դեպքին, մինչդեռ արգելքը  այլ ուսումնական հաստատությունում դասավանդելու համար սահմանված չէ:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ մինչեւ 100 սովորող ունեցող հանրակրթության ուսումնական հաստատության վարչական աշխատողի կողմից այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում դասավանդելու հնարավորությունը ձեւակերպված է որպես բացառություն վարչական աշխատողի համար, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 25-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված 5-րդ մասում սահմանել նաեւ վարչական աշխատողի կողմից միաժամանակ այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում դասավանդելն արգելող ընդհանուր կանոնը. մասնավորպես՝ Նախագծի վերը նշված հոդվածում «համապատասխան:» բառից հետո լրացնել արգելք վարչական աշխատողի համար՝ այլ հանրակրթական հաստատությունում դասավանդելու համար, որից հետո սահմանել այդ արգելքից բացառություն՝ մինչեւ 100 սովորող ունեցող հանրակրթական ուսումնական հաստատության վարչական աշխատողների համար:

2.3. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 25-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված 5-րդ մասում նշված «Առավելագույնը մեկ ուսումնական տարի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա» ձեւակերպումն առաջարկում ենք շարադրել «հաստատությունում» բառից հետո, որպեսզի հստակ լինի, որ  առավելագույնը մեկ ուսումնական տարի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիմքը վերաբերում է այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում դասավանդելուն, այլ ոչ թե մինչեւ 100 սովորող ունեցող հանրակրթական ուսումնական հաստատության վարչական աշխատողի աշխատանքային պայմանագրի առավելագույն ժամկետին:

2.4. Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 25-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված 5-րդ մասում նշել նաեւ այն առաջնահերթությունները կամ նախապայմանները, որոնց դեպքում նախապատվությունը տրվելու է այլ ուսումնական հաստատության վարչական աշխատողին (օրինակ՝ այլ ուսումնական հաստատության վարչական աշխատողին նախապատվությունը կտրվի տվյալ ուսումնական հաստատության վարչական աշխատողի հրաժարվելու դեպքում):

3. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին մասում փոփոխություն կատարել, ինչի արդյունքում  Օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին մասը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պահպանման ծախսերում պետական բյուջեի միջոցներից  տրամադրվում են համապատասխան միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար, ինչպես նաեւ տրամադրվում է նպատակային ֆինանսավորում կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով »։ Նշված ձեւակերպումից բխում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով  1. պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պահպանման ծախսերում պետական բյուջեի միջոցներից  տրամադրվում են համապատասխան միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար 2.տրամադրվում է նպատակային ֆինանսավորում կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով:

Հարկ է նկատել, որ Օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված կարգավորման հիմքում ընկած է մեկ ընդհանուր նպատակ, այն է՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելը: Հետեւաբար «ֆինանսավորում կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու ընդհանուր նպատակով նպատակային ֆինանսավորում տրամադրել կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով»  ձեւակերպումն իմաստ չի արտահայտում եւ իրավական շփոթ է առաջացնում:

Միաժամանակ նշենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում կիրառված եւ նախատեսված է միայն «խելամիտ հարմարեցում» հասկացության սահմանումը, մինչդեռ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 35-րդ հոդվածի փոփոխված 3.1-ին մասում կիրառված «ֆիզիկական միջավայրի հարմարեցում» հասկացությունը միանշանակ չի ընկալվում եւ հստակեցման կարիք ունի: Սույն առաջակը բխում է «Նորմատի իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի պահանջներից:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներն անհրաժեշտ են հստակեցնել եւ որոշակիացնել, ինչպես նաեւ  համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

21.10.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

21.10.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է մինչեւ 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողներին հնարավորություն տալ դասավանդելու նաեւ այլ հաստատություններում, խմբագրել Օրենքի՝ կառավարությանը լիազորող նորմերի 13-րդ կետը (կապված ուսուցիչների ատեստավորման եւ տարակարգերի շնորհման, այդ նպատակով տարածքային եւ հանրապետական հանձնաժողովների ստեղծման ու գործունեության կարգի հետ), հստակեցնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված նպատակային ֆինանսավորման մասին դրույթը, ինչպես նաեւ ուսումնական հաստատության տնօրենին եւ համակարգողին նշանակելու եւ պայմանագիր կնքելու լիազորությունները: 

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

24.10.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծի ընդունումը, ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում),  պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներ հստակեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես,Նախագծով առաջարկվում է՝

- ուսուցչի թափուր տեղի համալրման եւ վարձատրության բարելավման հիմնավորմամբ մինչեւ 100 աշակերտ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների վարչական աշխատողներին հնարավորություն տալ դասավանդելու նաեւ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններում, 

- հստակեցնել Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետը՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենին եւ համակարգողին նշանակելու եւ պայմանագիր կնքելու իրավասությունների առումով,

- հստակեցնել հանրակրթական ուսումնական հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների նպատակով տրամադրվող ֆինանսավորմանը վերաբերող դրույթը եւ այլն:

2. Նախագծի վերաբերյալ  կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները:

2.1. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է  Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. « 5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են առնվազն մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ, իսկ թափուր մնացած ժամերի համար առնվազն երկու անգամ հայտարարվել է մրցույթ եւ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվել  սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ  մասերի պահանջներին համապատասխան: Առավելագույնը մեկ ուսումնական տարի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա մինչեւ 100 սովորող ունեցող  հանրակրթական ուսումնական հաստատության վարչական աշխատողը կարող է դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատաությունում»:

Օրենքի ներկայիս կարգավորումներով վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվում առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքով:

Կարծում ենք, վերոգրյալի հետ կապված Նախագիծը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, քանի որ Հիմնավորման մեջ առաջարկվող փոփոխության վերաբերյալ որեւէ պարզաբանում տրված չէ: 

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Նախագծով հնարավորություն է տրվում մինչեւ 100 աշակերտ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների վարչական աշխատողներին դասավանդել նաեւ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններում, ապա սոցիալական վիճակի բարելավման  տեսանկյունից, մեր կարծիքով, կունենա դրական նշանակություն: 


Եզրահանգում

Հաշվի առնելով վերը նշված նկատառումը, կարծում ենք, Նախագիծը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝         Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

24.10.2022թ.