ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-401-10.10.2022-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-401-10.10.2022-ՏԵ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

25.10.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «թ.» ձեւակերպումը փոխարինել «թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ:»:

2. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է՝ տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:

Միաժամանակ՝ հարկ ենք համարում նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված եզրակացության մեջ միջազգային պայմանագրով տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը բացակայում է:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին, ինչպես նաեւ Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

21.10.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք՝ առաջանալու է օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Օրինակ՝

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ սահմանված է հետեւյալը՝ «Մեկ անդամ պետության աուդիտորական կազմակերպությունները (բացառությամբ սույն համաձայնագրի 32-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետում նշված աուդիտորական կազմակերպությունների) եւ անհատ աուդիտորները իրավունք ունեն աուդիտորական գործունեություն իրականացնելու մյուս անդամ պետություններում։»:

«Աուդիտորական գործունեության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված կարգավորումից բխում է, որ օտարերկրյա քաղաքացին կարող է մասնակցել որակավորման քննությանը: Սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բացակայում են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետության աուդիտորական կազմակերպությունների եւ անհատ աուդիտորների կողմից աուդիտորական գործունեություն իրականացնելու վերաբերյալ կարգավորումներ: Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ սահմանված իրավադրույթը, կարծում ենք՝ Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարել «Աուդիտորական գործունեության մասին» օրենքում: 

Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր:»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ:»:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

21.10.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի ընդունումը բխում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներից, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 26-ին հաստատված՝ աուդիտորական ծառայությունների մատուցման բնագավառում միասնական շուկայի ձեւավորման ազատականացման ծրագրից:

Համաձայնագրով նախատեսվում է միասնական պայմաններ եւ պահանջներ սահմանել ԵԱՏՄ անդամ պետություններում աուդիտորական ծառայություններ մատուցելու նկատմամբ, ինչի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետություններում կներդրվի աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների եւ աուդիտորների ռեեստր: Սահմանված են նաեւ դրույթներ աուդիտի որակի արտաքին հսկողության վերաբերյալ:

Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, այդ թվում՝ եկամուտների նվազեցմանը կամ ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ առկա չեն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

12.10.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2022թ. ապրիլի 19-ին Մոսկվայում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի նպատակն է՝ աուդիտորական գործունեության կազմակերպման միասնական մոտեցումների ձեւավորումը եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական ծառայությունների միասնական շուկայի ստեղծումը: Համաձայնագիրը միտված է ապահովել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար ԵԱՏՄ շուկայի հասանելիություն:

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարեւորագույն ուղղություններից է հանդիսանում աուդիտորական գործունեության ոլորտում համագործակցությունը:

Համաձայնագրի ընդունումը բխում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներից, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 26-ին հաստատված՝ աուդիտորական ծառայությունների մատուցման բնագավառում միասնական շուկայի ձեւավորման ազատականացման ծրագրից:

Համաձայնագիրը նպաստում է ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում աուդիտորական ծառայությունների մատուցման ազատ շուկայի ձեւավորմանը, հետեւաբար նաեւ՝ Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար ԵԱՏՄ շուկան հասանելի դարձնելուն:

Համաձայնագրով նախատեսված է նաեւ միասնական պայմաններ եւ պահանջներ սահմանել ԵԱՏՄ անդամ պետություններում աուդիտորական ծառայություններ մատուցելու նկատմամբ, ինչի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետություններում կներդրվի աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների եւ աուդիտորների ռեեստր: Սահմանված են նաեւ դրույթներ աուդիտի որակի արտաքին հսկողության վերաբերյալ:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

20.10.2022թ.