ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-403-11.10.2022-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-403-11.10.2022-ՏԵ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

28.10.2022թ. 






Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի՝ օրենքների պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք 1-ին հոդվածում «թ.» ձեւակերպումը փոխարինել «թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»:

2. Հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը Նախագծին կից ներկայացված չէ: 

Միաժամանակ նշենք, որ Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից տրված եզրակացության մեջ բացակայում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ անհրաժեշտ է Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ` Ա. Ամիրջանյան (հեռ.՝ 011-513-248),

Վ. Հարությունյան (հեռ.՝ 011-513-248)

24.10.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք՝ առաջանալու է օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը նախատեսում է նոր համակարգի, այն է ազգային օպերատորի ներդրում: Օրինակ՝ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումն ապահովվում է ազգային օպերատորների կողմից՝ տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ:»: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության մեջ բացակայում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումն իրականացնող մարմնի, վերջինիս գործառույթների վերաբերյալ կարգավորումները:

Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ` Ա. Ամիրջանյան (հեռ.՝ 011-513-248),

Վ. Հարությունյան (հեռ.՝ 011-513-248)

24.10.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծով առաջարկվում է վավերացնել «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր): 

Համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի  19-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Համաձայնագրով նախատեսվում է նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության միասնական համակարգի ներդրում:

Համաձայնագրի նպատակն է  անդամ պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս ներքին շուկայում ապրանքների շրջանառության օրինականության ապահովումը:

ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված եզրակացության համաձայն, Համաձայնագրում առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, որոնց չափը հնարավոր չէ գնահատել համապատասխան տեղեկությունների եւ տվյալների բացակայության պատճառով: Միաժամանակ Համաձայնագրում առկա չեն պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից   լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

27.10.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2022թ. ապրիլի 19-ին Մոսկվայում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքով փոխադրումներ իրականացնելիս ժամանակակից տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումների կիրառության ընդլայնման միջոցով Միության ներքին շուկայում ապրանքների շրջանառության օրինականության ապահովման նպատակով:

Համաձայնագրով սահմանվում են Միության երկու եւ ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության ապահովման հիմքերը եւ կարգավորվում են նավիգացիոն կապարակնիքների կիրառման մեխանիզմները: Մասնավորապես, սահմանվում են հետագծելիության օբյեկտները, վերջիններիս փոխադրման համար նախատեսված տրանսպորտային տեսակները, փոխադրումների հսկողության, ինչպես նաեւ համապատասխան մարմնի կողմից այդպիսի հսկողության արդյունքի օգտագործման պայմանները, ազգային օպերատորների միջեւ տեղեկատվության փոխանակման կարգը եւ այլն:

Նախագծով կարգավորվում են նաեւ այն դեպքերը, երբ փոխադրումների հետագծման գործառույթները վերապահված են անդամ պետությունների պետական մարմիններին (կազմակերպություններին): Նախատեսվում է նաեւ ազգային օպերատորների միջեւ առանձին համաձայնագրի կնքում, որը կկարգավորի նրանց միջեւ իրավահարաբերությունները:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

24.10.2022թ.