ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-425-08.11.2022-ՖՎ-011/0), ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4251 -08.11.2022-ՖՎ-011/0), ««Բարեգործության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4252 -08.11.2022-ՖՎ-011/0), ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4253 -08.11.2022-ՖՎ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4254 -08.11.2022-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-425-08.11.2022-ՖՎ-011/0), ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-4251 -08.11.2022-ՖՎ-011/0), ««Բարեգործության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-4252 -08.11.2022-ՖՎ-011/0), ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-4253 -08.11.2022-ՖՎ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-4254 -08.11.2022-ՖՎ-011/0)   (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ  
  
  30.11.2022թ.








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նորմատիվ իրավական ակտի մասերին, դրանց համարակալմանը եւ վերնագրերին վերաբերող 14-րդ հոդվածի համաձայն՝ 

«(…) 4. Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում: Գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում: Անհրաժեշտության դեպքում բաժինները կարող են բաժանվել ենթաբաժինների՝ միավորելով առանձին գլուխներ:

(…)

10. Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: (…)»:

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենսքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների վերաբերյալ կարգավորումներ նախատեսող բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորված չեն համարակալված եւ վերնագրված գլուխներում: Մասնավորապես` Նախագծի` օրենքի կարգավորման առարկային, հիմնադրամի մասին օրեսնդրությանը, օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններին, հիմնադրամի իրավական կարգավիճակին վերաբերող 1-4-րդ հոդվածները, կարծում ենք, նպատակահարմար է միավորել «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» վերտառությամբ 1-ին գլխում, հիմնադրամի անձեռնմխելի կապիտալին վերաբերող համասեռ հոդվածները, այն է` անձեռնմխելի կապիտալի ձեւավորմանը եւ համալրմանը, դրա կառավարմանը, կառավարումից ստացվող եկամտի տնօրինմանը, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին վերաբերող հոդվածները եւս նպատակահարմար է առանձին գլխում միավորելը: 

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք խմբագրել Նախագծի կառուցվածքը` դրա համասեռ հոդվածները միավորելով համարակալված եւ վերնագրված գլուխներում:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածների վերնագրերից հանել «Սույն» բառերը:

2. Նախագծի`օրենքի կարգավորման առարկային վերաբերող 1-ին հոդվածի համաձայն` «Սույն օրենքը սահմանում է անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների (այսուհետ` Հիմնադրամ) իրավական վիճակի առանձնահատկությունները, ինչպես նաեւ կարգավորվում է անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, կառավարման եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները»:

«Հիմնադրամների մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն` «1. Սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, սահմանում է հիմնադրամների իրավական կարգավիճակը, կարգավորում է դրանց ստեղծման, գործունեության իրականացման, վերակազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված եւ ստեղծվող հիմնադրամների վրա:

3. Հիմնադրամների առանձին տեսակների առանձնահատկություններն ու իրավական կարգավիճակը սահմանվում են այլ օրենքներով:(…)»:

Նախագծերի փաթեթի՝ ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հիմնադրամների մասին» օրենքի 1-ին հոդվածում լրացվում է նոր՝ 8-րդ մաս, որի համաձայն՝ «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների գործունեության սահմանափակումների, կանոնադրության, կառավարման մարմինների իրավասությունների, գույքի ձեւավորման եւ կառավարման, ֆինանսական գործունեության աուդիտի, հաշվետվությունների ներկայացման եւ լուծարման առանձնահատկությունները սահմանվում են «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի վրա, եթե «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով այլ բան սահմանված չէ:»:

Նախագծի` հիմնադրամի մասին օրենսդրությանը վերաբերող 2-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվում է, որ «Հիմնադրամների մասին» օրենքի դրույթները տարածվում են հիմնադրամի վրա, եթե սույն օրենքով առանձին իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկություններ սահմանված չեն: Նախագծի՝ հիմնադրամի իրավական կարգավիճակին վերաբերող 4-րդ հոդվծի 2-րդ մասում նախատեսվում է, որ հիմնադրամի իրավական վիճակի եւ այլ առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Վերլուծելով մեջբերված նորմերը` կարող ենք եզրակացնել, որ «Հիմնադրամների մասին» օրենքը սահմանում է հիմնադրամների իրավական կարգավիճակը, կարգավորում է դրանց ստեղծման, գործունեության իրականացման, վերակազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները: Նախագծի 1-ին հոդվածի համաձայն` «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքը սահմանում է անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների իրավական վիճակի առանձնահատկությունները, ինչպես նաեւ կարգավորվում է անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, կառավարման եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները: Այսինքն` Նախագծի`օրենքի կարգավրման առարկային վերաբերող 1-ին հոդվածով նշում չի կատարվում անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների ստեղծման, գործունեության իրականացման, վերակազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունների առանձնահատկությունների մասին, սակայն Նախագծում ներառված են քննարկվող իրավահարաբերությունների վերաբերյալ կարգավորումներ, օրինակ` հիմնադրամի լուծարմանը վերաբերող 18-րդ հոդվածը: Միաժամանակ՝ ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման արդյունքում «Հիմնադրամների մասին» օրենքի 1-ին հոդվածում նախատեսվող կարգավորումը ներառում է իրավահարաբերությունների այլ շրջանակ, որոնք կարգավորման են ենթակա «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները` առաջարկում ենք հստակեցնել Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումները` համապատասխանեցնելով Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված օրենքի կարգավորման առարկան դրանում ներառված կարգավորումներին, ինչպես նաեւ առաջարկում ենք ապահովել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված օրենքի կարգավորման առարկայի եւ ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հիմնադրամների մասին» օրենքի 1-ին հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասի կարգավորման համապատասխանությունը:

Եզրակացության սույն կետում առկա առաջարկները հիմնավորվում են նաեւ հետեւյալով.

2.1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավել եւս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 2015 թվականի հունիսի 9-ի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ ՍԴՈ-1176 որոշումը):

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` «1. Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից:

2. Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:(…)»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը:

Այսպիսով` Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում հիմնադրամ հանդիսացող իրավաբանական անձանց մի մասին վերաբերելի կարգավորումները նախատեսվում են նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում, որոնցում առկա կարգավորումները հնարավորություն չեն տալիս բավարար չափով որոշակի եւ հստակ կանխորոշել այդ իրավաբանական անձանց վերաբերելի իրավահարաբերությունները կարգավորող նորմերի շրջանակը:

2.2. Վերոգրյալից բացի՝ հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածի համաձայն` օրենքով կարգավորվում է անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, կառավարման եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները: Սակայն «Հիմնադրամների մասին» օրենքի 6.1-ին գլուխը վերաբերում է հիմնադրամի անձեռնմխելի կապիտալին, որում ներառված հոդվածները վերաբերում են անձեռնմխելի կապիտալի ձեւավորմանը եւ համալրմանը, անձեռնմխելի կապիտալի կառավարմանը եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամտի տնօրինմանը: Հարկ է նկատել, որ Նախագծում առկա միեւնույն հարցերի կարգավորմանը վերաբերող նույն վերտառությամբ հոդվածները որոշ դեպքերում անհիմն կրկնում են «Հիմնադրամների մասին» օրենքի վերը թվարկված հոդվածների կարգավորումները, որոշ դեպքերում պարունակում են դրանցից տարբերվող կարգավորումներ (նշված կարգավորումների բովանդակային քննարկմանը կանդրադառնանք սույն եզրակացության հաջորդ կետերում): Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, կառավարման եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները, ըստ Նախագծի 1-ին հոդվածի ձեւակերպման եւ օրենսդրական տեխնիկայի կանոնների տրամաբանության, պետք է բացառապես կարգավորվեն «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով, սակայն, Նախագծերի փաթեթի մեջ ներառված ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով չի նախատեսվում կարգավորում, որով ուժը կորցրած կճանաչվեն «Հիմնադրամների մասին» օրենքի 6.1-ին գլխի քննարկվող կարգավորումները:

Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ նույն վերտառությամբ հոդվածներ Նախագծում եւ «Հիմնադրամների մասին» օրենքում առկա են նաեւ անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին եւ «անձեռնմխելի կապիտալի առկայության դեպքում» հիմնադրամի գործունեության սահմանափակումներին վերաբերող իրավահարաբերությունների վերաբերյալ: Ինչպես նաեւ Նախագծի մի շարք կարգավորումների դեպքում «Հիմնադրամների մասին» օրենքում հիմնադրամներին վերաբերելի միեւնույն հարաբերությունների կարգավորումը նախատեսող հոդվածներում առանձին մասերով նախատեսվում են «անձեռնմխելի կապիտալի առկայության դեպքում» հիմնադրամի համար գործող լրացուցիչ եւ առաձնահատուկ կարգավորումները, որոնք եւս Նախագծերի փաթեթեի մեջ ներառված ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ուժը կորցրած չեն ճանաչվում (նշված կարգավորումների բովանդակային քննարկմանը կանդրադառնանք սույն եզրակացության հաջորդ կետերում):

Այսպիսով` հիմք ընդունելով մեջբերված իրավական նորմերը եւ հաշվի առնելով կատարված դիտարկումները, կարծում ենք, որ Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում նախատեսվող կարգավորումներն իրենց հասցեատերերին հնարավորություն չեն տալիս հստակորեն կանխատեսելու իրավահարաբերություններին վերաբերելի կարգավորումների որոշակի շրջանակը, դրան համապատասխան դրսեւորելու կանխատեսելի վարքագիծ, առաջացնում են իրավական շփոթություն, ինչպես նաեւ չեն համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի մի շարք դրույթների պահանջներին:

3. Նախագծի 1-ին, 11-րդ եւ 13-րդ հոդվածները կազմված են մեկ համարակալված մասից: Առաջարկում ենք այդ մասերի համարակալումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների»:

4. Նախագծի՝ օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններին վերաբերող 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում սահմանվում են հետեւյալ հասկացությունները. «1) անձեռնմխելի կապիտալ՝ Հիմնադրամի ակտիվների համախումբ, որը ձեւավորվում եւ համալրվում է սույն Օրենքով սահմանված կարգով եւ նպատակներով նվիրատուների տրամադրած՝ սույն օրենքով թույլատրելի գույքից եւ չի կարող ծախսվել կամ օտարվել այլ կերպ, քան սույն օրենքով նախատեսված ներդրումներ իրականացնելով, հանգեցնելով դրա նվազմանը.

2) թույլատրելի գույք՝ դրամական (այդ թվում՝ արտարժութային) միջոցներ, սույն օրենքում նշված չափանիշներին համապատասխանող արժեթղթեր եւ ածանցյալ ֆինանսական գործիքներ, անշարժ գույք կամ այլ գույք, որը ենթադրում է մշտական եւ պարբերական եկամուտ իր էությունից ելնելով»:

Հարկ է նկատել, որ «Հիմնադրամների մասին» օրենքի 39.1-ին հոդվածը նախատեսում է անձեռնմխելի կապիտալի սահմանումը` հիմնադրամի անձեռնմխելի կապիտալ է համարվում հիմնադրամի ակտիվների համախումբը, որը ձեւավորվում կամ համալրվում է հիմնադրամի ստեղծման պահին հիմնադրի ներդրումից, կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակից, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների կողմից այդ նպատակով տրամադրված միջոցներից, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտներից եւ չի կարող ծախսվել կամ որեւէ կերպ օտարվել` հանգեցնելով դրա անվանական արժեքի նվազմանը: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ Նախագծի 9-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները. 

«5.Անձեռնմխելի կապիտալի ձեւավորման աղբյուր կարող է լինել նաեւ Հիմնադրամի ստեղծման պահին հիմնադրի ներդրումը:

6.Անձեռնմխելի կապիտալը կարող է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ համալրվել նաեւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող այն եկամուտների հաշվին, որոնք չեն ծախսվել տվյալ ֆինանսական տարվա ընթացքում:»: Հիմք ընդունելով նշված կարգավորումներն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի՝ օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններին վերաբերող 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կարգավորումը հակասություններից եւ անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ «սույն օրենքում նշված չափանիշներին համապատասխանող» ձեւակերպումը, կարծում ենք, ունի հստակեցման եւ որոշակիացման կարիք:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ անձեռնմխելի կապիտալը Հիմնադրամի ակտիվների համախումբ է, որը ձեւավորվում եւ համալրվում է «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով սահմանված կարգով եւ նպատակներով նվիրատուների տրամադրած՝ օրենքով թույլատրելի գույքից: Մինչդեռ Նախագծի որեւէ դրույթով չի նախատեսվում նպատակների շրջանակ, որոնք հիմք ընդունելով, նվիրատուները գույքը տրամադրում են Հիմնադրամին:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի նույն կետի համաձայն՝ անձեռնմխելի կապիտալը Հիմնադրամի ակտիվների համախումբ է, որը չի կարող ծախսվել կամ օտարվել այլ կերպ, քան «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով նախատեսված ներդրումներ իրականացնելով, հանգեցնելով դրա նվազմանը: 

Նախագծի՝ անձեռնմխելի կապիտալի կառավարմանը վերաբերող 10-րդ հոդվածի համաձայն` «1.Անձեռնմխելի կապիտալը կառավարվում է բացառապես սույն հոդվածով նախատեսված կարգով:

(…)

5.Անձեռնմխելի կապիտալը չի կարող ծախսվել կամ որեւէ կերպ օտարվել՝ հանգեցնելով դրա նվազմանը:

6.Անձեռնմխելի կապիտալի դրամական միջոցները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ներդրվել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 40-րդ հոդվածով նշված այն ակտիվներում, որոնք Հիմնադրամի կանոնադրությամբ համարվում են անձեռմխելի կապիտալի համալրման ենթակա ակտիվ:(…)»: Մինչդեռ «Հիմնադրամների մասին» օրենքի 39.4-րդ հոդվածով սահմանվում է անձեռնմխելի կապիտալի կառավարման այլ կարգավորում, որի համաձայն` «1. Անձեռնմխելի կապիտալը կարող է կառավարվել բացառապես պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու, դրանց տոկոսավճարներից եւ մարումից եկամուտներ ստանալու եւ ստացված եկամուտները սույն օրենքով սահմանված կարգով ծրագրին համապատասխան օգտագործելու միջոցով:

2. Անձեռնմխելի կապիտալը չի կարող ծախսվել կամ որեւէ կերպ օտարվել՝ հանգեցնելով դրա անվանական արժեքի նվազմանը:

3. Անձեռնմխելի կապիտալի դրամական, այդ թվում՝ պետական պարտատոմսերի ցանկացած մարումից (հետգնումից) ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրվում են՝

1) Հայաստանի Հանրապետության պետական կարճաժամկետ պարտատոմսերում՝ դիլերի կամ գանձապետական պահառուի միջոցով.

2) Հայաստանի Հանրապետության պետական միջին ժամկետայնության եւ երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերում, ինչպես նաեւ պետական այլ պարտատոմսերում՝ դիլերի միջոցով:

4. Հիմնադրամի հաշվին եւ հանձնարարությամբ ներդրումներ կատարելու դեպքում դիլերի կողմից ձեռք են բերվում պետական այնպիսի պարտատոմսեր, որոնք ձեռք բերման պահի դրությամբ ապահովում են առավել բարձր եկամտաբերություն:

5. Հիմնադրամի կողմից արտարժութային միջոցների հաշվին պետական պարտատոմսեր ձեռք բերելու դեպքում ներդրվող արտարժույթը հիմնադրամի կողմից նախապես փոխանակվում է հայկական դրամի՝ փոխանակման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ տվյալ արտարժույթի միջին փոխարժեքից ոչ ցածր փոխարժեքով:(…)»:

Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունների արդյունքում «Հիմնադրամների մասին» օրենքի 39.4-րդ հոդվածը ուժը կորցրած չի ճանաչվում, Նախագծի՝ անձեռնմխելի կապիտալի կառավարմանը վերաբերող 10-րդ հոդվածի համաձայն` անձեռնմխելի կապիտալը կառավարվում է բացառապես այդ հոդվածով նախատեսված կարգով: 

Բացի այդ, կարծում ենք, առանձին դիտարկման հարց է Հիմնադրամի կանոնադրությամբ անձեռմխելի կապիտալի համալրման ենթակա ակտիվի հարցի կարգավորման նպատակահարմարությունը: Կարծում ենք, թույլատրելի ակտիվների ցանկին, ռիսկայնության չափանիշներին եւ ներդրումներ կատարելու գործընթացին վերաբերող կարգավորումները անհրաժեշտ է նախատեսել օրենսդրական մակարդակում:

Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: Հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: Օրենքները որոշակիացնում են սահմանադրական իրավունքների իրականացման կարգը, սահմանում են լրացուցիչ երաշխիքներ դրանց համար: Ընդ որում, որպես կանոն, բացառապես օրենքներով են սահմանվում մարդու իրավունքներն իրականացնելու, պաշտպանելու պայմանները եւ կարգը, իրավունքների սահմանափակումները: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ամրագրում է հանրային իշխանության պարտականությունը, որը առաջին հերթին վերաբերում է օրենսդիր մարմնին. հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները պետք է սահմանեն դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: 

Որպեսզի նորմատիվ կարգավորումը լինի արդյունավետ եւ ծառայի սահմանադրական հիմնական իրավունքների ամրագրմամբ հետապնդվող նպատակներին, այն պետք է ներառի մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների՝ 

1) իրականացման սահմաններն ու եղանակները որոշելը, 

2) սահմանափակման կանոնները, 

3) իրացման տարբերակված ռեժիմները, 

4) պաշտպանության եւ պահպանության ընթացակարգերը, 

5) խախտման համար պատասխանատվության եւ հարկադրանքի այլ միջոցները, 

6) խախտումների վերականգնման եւ պատճառված վնասի հատուցման ձեւերի ու չափերի սահմանումը, 

7) հնարավոր խախտումների կանխման եւ նախականխման միջոցների թվարկումը:

5. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին` սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը, եւ 21-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին` արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ,:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կրճատ անվանման հիշատակմանը:

6. Նախագծի՝ Հիմնադրամի կարգավիճակին վերաբերող 4-րդ հոդվածի համաձայն`«1.Հիմնադրամը հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվում է մշակույթի, կրթության, սպորտի, գիտության, առողջապահության, սոցիալական եւ այլ ոչ առեւտրային բնագավառներում գործունեություն իրականացնելու համար:

2. Հիմնադրամի իրավական վիճակի եւ այլ առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

3.Հիմնադրամը չի կարող ստեղծվել որոշակի ժամկետով:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք Նախագծի Հիմնադրամի կարգավիճակին վերաբերող 4-րդ հոդվածի 2-րդ մասը հանել հոդվածի կարգավորումից:

Միաժամանակ, Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում, կարծում ենք, նպատակահարմար է հղում կատարել «Հիմնադրամների մասին» օրենքի հիմնադրամի իրավական կարգավիճակին վերաբերող 3-րդ հոդվածին:

7. Նախագծի 6-րդ հոդվածով սահմանվում են Հիմնադրամի կանոնադրությանը վերաբերող կարգավորումները. «1.Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանվում է նրա՝

1) անվանումը, որը պետք է ներառի «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» արտահայտությունը.

2) գտնվելու վայրը.

3) նպատակները.

4) անձեռնմխելի կապիտալի սկզբնական միջոցների, այդ թվում՝ յուրաքանչյուր նվիրատուի տրամադրած դրամական միջոցների, ինչպես նաեւ Հիմնադրամի հիմնադրի (այսուհետ՝ հիմնադիր) տրամադրած կամ նրա կողմից ամրացրած սկզբնական այլ գույքի չափը՝ գնահատված անկախ գնահատողի կողմից եւ տեսակները.

5) գույքի տեսակները, որոնք Հիմնադրամը պատրաստ է ընդունել որպես անձեռնմխելի կապիտալ.

6) գույքի կառավարման քաղաքականությունը, այդ թվում՝ դրամական միջոցների ներդրումային քաղաքականությունը, նշելով թույլատրելի ակտիվների ցանկը եւ ռիսկայնության չափանիշները, որոնցում Հիմնադրամը կարող է ներդնել անձեռնմխելի կապիտալը.

7) շահառուները.

8) կառավարման մարմինների կազմավորման կարգը եւ իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.

9) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների՝ իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցման չափն ու վճարման կարգը.

10) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ դառնալու հնարավորություն նախատեսելու դեպքում՝ պատվավոր անդամ դառնալու համար նվիրատուի կողմից տրամադրվելիք դրամական միջոցների նվազագույն չափը.

11) վերստուգիչի լիազորությունները.

12) լուծարման կարգը.

13) գործունեությանն առնչվող այլ դրույթներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

2. Կանոնադրությունում փոփոխությունները չեն կարող վերաբերել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ եւ 10-րդ կետերին:

3. Կանոնադրությունում կատարված փոփոխությունները 5-օրյա ժամկետում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/)»:

Հարկ է նկատել, որ «Հիմնադրամների մասին» օրենքի՝ հիմնադրամի կանոնադրությանը վերաբերող 15-րդ հոդվածում նախատեսվում են կարգավորումներ, որոնց համաձայն՝ հիմնադրամի կանոնադրությամբ սահմանվում են հիմնադրամի անվանումը, հիմնադրամի գտնվելու վայրը, հիմնադրամի նպատակները, հիմնադրամի շահառուների խմբերը, հիմնադրամի մարմինների կազմավորման կարգը, հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը, հիմնադրամի մարմինների իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը, ներառյալ՝ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ, հիմնադրամի լուծարման կարգը, ինչպես նաեւ հիմնադրամի գույքի տնօրինման եւ կառավարման կարգը եւ տեղեկություններ հիմնադիրների (հիմնադրի) մասին՝

- ֆիզիկական անձանց համար՝ քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրի կամ հաշվառման հասցեն,

- իրավաբանական անձանց համար՝ պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն,

- համայնքի համար՝ համայնքի լրիվ անվանումը,

- պետության համար՝ պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը:

«Հիմնադրամների մասին» օրենքի՝ հիմնադրամի կանոնադրությանը վերաբերող 15-րդ հոդվածի 2.1-ին կետի համաձայն`անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կանոնադրությունը պարունակում է նաեւ անձեռնմխելի կապիտալի սկզբնական միջոցների, այդ թվում՝ յուրաքանչյուր նվիրատուի տրամադրած դրամական միջոցների, ինչպես նաեւ հիմնադրամի հիմնադրի (այսուհետ՝ հիմնադիր) տրամադրած կամ նրա ամրացրած սկզբնական այլ գույքի չափը եւ տեսակները եւ վերստուգիչի լիազորությունները: «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածը նախատեսում է նաեւ կարգավորումներ, որոնք վերաբերում են հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելուն:

Մեջբերված իրավական նորմերի միաժամանակյա գործողության դեպքում, կարծում ենք, առկա է նորմերի անհիմն կրկնություն, միաժամանակ որոշակի չէ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կանոնադրությամբ սահմանվող դրույթների եւ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելուն վերաբերող կանոնների շրջանակը: Օրինակ` Նախագծի՝ հիմնադրամի գույքին վերաբերող 8-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Անձեռնմխելի կապիտալի ձեւավորումը, համալրումը եւ կառավարումն իրականացվում է սույն օրենքի 9-րդ եւ 10-րդ հոդվածներով, ինչպես նաեւ Հիմնադրամի կանոնադրությամբ եւ անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրով սահմանված կարգով, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված միջոցները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»:

8. «Հիմնադրամների մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` «1. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով: Հիմնադրամի մարմիններն են՝

1) հոգաբարձուների խորհուրդը.

2) կառավարիչը (տնօրենը, գործադիր տնօրենը կամ գլխավոր տնօրենը, ռեկտորը):

1.1. Անձեռնմխելի կապիտալ ունեցող հիմնադրամն ունի վերստուգիչ:

2. Հիմնադրամի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաեւ այլ մարմիններ (այդ թվում՝ կոլեգիալ գործադիր մարմիններ)»:

«Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն`  հիմնադրամի կառավարման բարձրագույն եւ հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է: «Հիմնադրամների մասին» օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարիչը:

Նախագծի՝ Հիմնադրամի կառավարման մարմններին վերաբերող 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է. «1.Հիմնադրամի կառավարման մարմիններն են`

1) Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.

2) Հիմնադրամի տնօրենը»:

Միաժամանակ` Նախագծի՝ Հիմնադրամի կառավարման մարմններին վերաբերող 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշում է կատարվում, որ Հիմնադրամն ունի վերստուգիչ: Սակայն Նախագծի 7-րդ հոդվածի հաջորդող մասերում ներառված են միայն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տնօրենի իրավասություններին վերաբերող կարգավորումներ, եւ բացակայում են Հիմնադրամի վերստուգիչին վերաբերող կարգավորումները: Նախագծի 6-րդ հոդվածի համաձայն՝ վերստուգիչի լիազորությունները սահմանվում են հիմնադրամի կանոնադրությամբ:

Կարծում ենք, Նախագծի` մեջբերված կարգավորումներն ունեն խմբագրման կարիք, մասնավորապես` անհրաժեշտ է «Հիմնադրամի կառավարման մարմինները» վերտառությամբ հոդվածում հիմնադրամի վերստուգիչի մասին նշումը վերանայել` հիմք ընդունելով դրանում նրան վերապահված կառավարմանը առնչվող իրավասություններին վերաբերող դրույթների բացակայությունը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը` հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Կարծում ենք, նպատակահարմար է նաեւ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի վերստուգիչի իրավասությունները սահմանել օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ դրանք սահմանելու փոխարեն:

Քննարկվող կարգավորումների շրջանակում անհրաժեշտ ենք համարում անդարադառնալ նաեւ հետեւյալ հարցերին.

8.1. Նախագծի՝ Հիմնադրամի կառավարման մարմններին վերաբերող 7-րդ հոդվածի  3-րդ մասում նախատեսվում են անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությունները, սակայն հարկ է նկատել, որ «Հիմնադրամների մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն` անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությունն է նաեւ հիմնադրամի դրամական միջոցների տեղաբաշխման ձեւերի, ուղղությունների եւ սահմանաչափերի հաստատումը, դիլերի ընտրությունը, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը եւ դրա լրացումների կամ փոփոխությունների հաստատումը: Առաջարկում ենք խմբագրել նշված կարգավորումները` հստակեցնելով եւ որոշակիացնելով դրանք, ինչպես նաեւ միասնականացնելով կարգավորումներում` միեւնույն միտքն արտահայտելիս տերմինների կիրառումը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում «օրենքին» կատարվող հղումը հստակեցնել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածը. «(...) 4. Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:

 (...)

6. Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը:(...)»: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում եւ 8-րդ հոդվածի 4-րդ մասում«օրենքին» կատարվող հղումներին:

8.2. Նախագծի Հիմնադրամի կառավարման մարմններին վերաբերող 7-րդ հոդվածի  4-րդ մասում նախատեսվում են անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի տնօրենի իրավասությունները, սակայն, հարկ է նկատել, որ «Հիմնադրամների մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3.1-ին մասի համաձայն`  անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կառավարիչը իրավասու է նաեւ իրականացնելու անձեռնմխելի կապիտալի կառավարումը, պարտատոմսերի ձեռք բերման եւ սպասարկման նպատակով դիլերների եւ (կամ) գանձապետական պահառուի հետ կնքելու ծառայությունների մատուցման պայմանագրեր եւ վերահսկելու դրանց կատարումը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնելու անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը եւ դրա լրացումները կամ փոփոխությունները, ինչպես նաեւ իրականացնելու օրենքով եւ կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ: Առաջարկում ենք խմբագրել նշված կարգավորումները` հստակեցնելով եւ որոշակիացնելով դրանք, ինչպես նաեւ միասնականացնելով կարգավորումներում` միեւնույն միտքն արտահայտելիս տերմինների կիրառումը:

9. Նախագծի՝ անձեռնմխելի կապիտալի ձեւավորմանը եւ համալրմանը վերաբերող 9-րդ հոդվածի համաձայն՝ «1.Անձեռնմխելի կապիտալը համարվում է ձեւավորված դրա համար առանձնացված` Հիմնադրամի բանկային հաշվին ՀՀ քաղաքացիական օրենդրության համապատասխան կազմված նվիրատվության պայմանագրի եւ (կամ) կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակի հիման վրա դրամական միջոցների, Հիմնադրամի արժեթղթերի հավշին արժեթղթերի փոխանցման եւ (կամ) Հիմնադրամին անշարժ գույքի կամ իր էությունից ելնելով մշտական եւ պարբերական եկամուտ ենթադրող գույքի փոխանցման պահից:

(...)

7. Եթե ստացված գույքը կամ դրա մի մասը սույն օրենքի իմաստով չի հանդիսանում թույլատրելի գույք կամ, եթե գույքը ստացվել է սույն հոդվածի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ մասով չնախատեսված աղբյուրից, ապա Հիմնադրամը պարտավոր է գույքը ստանալուց հետո՝ 10 բանկային օրվա ընթացքում գույքն ամբողջությամբ կամ գույքի այն մասը, որը չի բավարարում սույն օրենքի պահանջները, վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ այն փոխանցել պետական բյուջե: Հիմնադրամը տվյալ գույքը համարվում է չստացած»:

«Հիմնադրամների մասին» օրենքի՝ նույն վերտառությամբ 39.2-րդ հոդվածի համաձայն`  «1. Անձեռնմխելի կապիտալի կազմում կարող են ընդգրկվել դրամական միջոցներ եւ (կամ) պետական պարտատոմսեր:

2. Անձեռնմխելի կապիտալը համարվում է ձեւավորված հիմնադրամի բանկային հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից (իսկ եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա նաեւ գանձապետական հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից):

(...)

5. Եթե ստացված գույքը կամ դրա մի մասը չի բավարարում սույն օրենքի 39.1-ին հոդվածի եւ սույն հոդվածի 1-ին մասի պահանջները, ապա հիմնադրամը պարտավոր է գույքն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, գույքն ամբողջությամբ կամ գույքի այն մասը, որը չի բավարարում սույն օրենքի պահանջները, վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում այն փոխանցել պետական բյուջե»:

Հարկ է նկատել, որ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջեւ պետք է բացառել ներքին հակասությունները եւ անհիմն կրկնությունները:

10. Նախագծի 10-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերության առաջին «ՀՀ» հապավումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով` հիմք ընդունելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը` արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

11. Նախագծի 10-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերության «ՀՀ կենտրոնական բանկ» հապավումը եւ բառերն առաջարկում ենք փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը`արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ, արգելվում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումների կրճատումները, բացառությամբ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսվածների:

12. Նախագծի 15-րդ հոդվածի համաձայն` «2. Անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը եւ ստուգված տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են հիմնադրին, ինչպես նաեւ ըստ պահանջի՝ նվիրատուներին (կտակի դեպքում՝ նաեւ կտակարարի ժառանգներին եւ կտակակատարներին, իսկ վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդին)»:

Նախագծի 16-րդ հոդվածի համաձայն`«1.Յուրաքանչյուր տարի, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, Հիմնադրամը Հայաuտանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) պարտավոր է հրապարակել`

1) տարեկան հաշվետվություն իր գործունեության մաuին, որը պետք է պարունակի տեղեկություններ Հիմնադրամին հատկացված դրամական միջոցների, ֆինանuական տարում oգտագործված միջոցների ընդհանուր չափի մասին, անձեռնմխելի կապիտալի ծրագրի իրականացման մասին տեղեկություններ, այդ թվում՝ ֆինանuական տարում Հիմնադրամից ստացված եւ ծախսված դրամական միջոցների ընդհանուր չափը, շահառուներին կատարված վճարումների չափը, մատուցված ծառայությունները եւ (կամ) նրանց փոխանցված գույքի ծավալը.

2) հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված իր ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաեւ, օրենքով սահմանված դեպքում ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը:

2.Տարեկան հաշվետվությունն անհարժեշտության դեպքում ուղարկվում է նվիրատուներին (կտակի դեպքում՝ նաեւ կտակարարի ժառանգներին եւ կտակակատարներին, վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդին):

3.Տարեկան հաշվետվության ձեւը, հրապարակման եւ ներկայացման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

4.Նվիրատուները (կտակի դեպքում՝ նաեւ կտակարարի ժառանգները եւ կտակակատարները, իսկ վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդը) իրավունք ունեն Հիմնադրամից պահանջելու տեղեկություններ՝ Հիմնադրամի կանոնադրության, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրի, անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, անձեռնմխելի կապիտալի ներդրման ուղղությունների, տեսակի, ժամկետայնության, եկամտաբերության, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եւ բաշխված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաեւ Հիմնադրամի ֆինանսական գործունեության աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը: Հիմնադրամի մարմինները պարտավոր են պահանջված տեղեկություններն անվճար տրամադրել դիմողին` պահանջի ստացման օրվանից 7-օրյա ժամկետում»:

«Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածի համաձայն`  յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ հիմնադրամը՝ հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից եւ ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաեւ հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը:Հաշվետվության ձեւը, հրապարակման կարգը սահմանում է Պետական եկամուտների կոմիտեն:

«Հիմնադրամների մասին» օրենքի նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն`անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի նվիրատուները (կտակի դեպքում՝ նաեւ կտակարարի ժառանգները եւ կտակակատարները, իսկ վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդը) իրավունք ունեն հիմնադրամից պահանջելու տեղեկություններ՝ հիմնադրամի կանոնադրության, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրի, անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, անձեռնմխելի կապիտալի ներդրման ուղղությունների, տեսակի, ժամկետայնության, եկամտաբերության, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եւ բաշխված դրամական միջոցների, ինչպես նաեւ աուդիտորի եզրակացության վերաբերյալ: Հիմնադրամի մարմինները պարտավոր են պահանջված տեղեկություններն անվճար տրամադրել դիմողին` պահանջի ստացման օրվանից 7-օրյա ժամկետում:

Մեջբերված կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համաում կատարել հետեւյալ դիտարկումները.

12.1. Նախագծի 15-րդ հոդվածը կազմված է մեկ մասից, որը համարակալված է «2» համարով: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ Նախագծի 15-րդ հոդվածը վերնագրված է «Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների աուդիտը», սակայն, Նախագծի 15-րդ հոդվածը պարունակում է կարգավորում միայն անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը  եւ ստուգված տարեկան ֆինանսական հաշվետվությունները հիմնադրին, ինչպես նաեւ ըստ պահանջի՝ նվիրատուներին ներկայացնելու մասին:

12.2. Նախագծի 16-րդ հոդվածը եւ «Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածը ներառում են նորմերի անհիմն կրկնություններ: Հիմք ընդունելով նշվածը` առաջարկում ենք հստակեցնել քննարկվող իրավական նորմերում ներառված կարգավորումները` որոշակիացնելով անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների գործունեության հրապարակայնությանը վերաբերող կիրառելի կարգավորումների շրջանակը:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունների արդյունքում հիմնադրամ հանդիսացող իրավաբանական անձանց  մի մասի` անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների համար նախատեսվում է իր գործունեության մասին յուրաքանչյուր տարի հաշվետվություն հրապարակելու պարտականության կատարման առավել խիստ պայման, որի նպատակահարմարությանը եւ անհրաժեշտությանը Նախագծերի փաթեթին կից ներկայացվող հիմնավորմամբ անդրադարձ չի կատարվում: Մասնավորապես` հիմնադրամները պարտավոր են յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ից ոչ ուշ հրապարակել հաշվետվություն իրենց գործունեության մասին, սակայն Նախագծի 16-րդ հոդվածով անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների համար պարտականության կատարման վերջնաժամկետ է նախատեսվում հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 25-ը:

13. Նախագծի՝ հիմնադրամի գործունեության վերահսողությանը վերաբերող 17-րդ հոդվածի համաձայն՝ «1.Սույն օրենքի, ինչպես նաեւ «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին եւ ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

2. Եթե Հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտն օգտագործել է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին անհամապատասխան, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն իրավունք ունի պահանջելու տրամադրված միջոցները 10-օրյա ժամկետում վերադարձնելու նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում`փոխանցել պետական բյուջե:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից Հիմնադրամին գրավոր նախազգուշացնելուց եւ իր կողմից նշված ողջամիտ ժամկետում Հիմնադրամի կողմից խախտումները չվերացնելուց հետո:

4. Հիմնադրամը սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հիմնադրամի տնօրենի նկատմամբ կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.18-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցներ»:

«Հիմնադրամների մասին» օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` հիմնադրամի կողմից «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին եւ ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

Հիմնադրամի կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք կարող են վերացվել հիմնադրամի ձեռնարկած միջոցառումներով, վերահսկողություն իրականացնող կամ պետական լիազորված մարմինը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով խախտումների վերացման կարգն ու ժամկետները: Սահմանված ժամկետում «Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունը չհրապարակելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Պետական եկամուտների կոմիտեն կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` մեկամսյա ժամկետում, հաշվետվության հրապարակման պահանջը պատշաճ չկատարելու դեպքում Պետական եկամուտների կոմիտեն դիմում է դատարան` հիմնադրամը լուծարելու պահանջով:

«Հիմնադրամների մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն` «4. Եթե հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտն օգտագործել է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին անհամապատասխան, ապա Պետական եկամուտների կոմիտեն իրավունք ունի պահանջելու անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտին համարժեք գումար վճարել նվիրատուին կամ նշված գումարը վճարել պետական բյուջե:

Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտը վճարվում է պետական բյուջե, եթե նվիրատուին այդ գումարը չի վճարվում, կամ անձեռնմխելի կապիտալը չի համալրվում։

5. Պետական եկամուտների կոմիտեն կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավունքից խախտումը հայտնաբերելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հիմնադրամին գրավոր նախազգուշացնելուց եւ իր կողմից նշված ողջամիտ ժամկետում հիմնադրամի կողմից խախտումները չվերացնելուց հետո»:

Մեջբերված կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

13.1. Նախագծի 17-րդ հոդվածի՝ «ինչպես նաեւ «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը» ձեւակերպումն առաջարկում ենք խմբագրել` հստակեցնելով այն, մասնավորապես` դրա փոխարեն նախատեսել «ինչպես նաեւ Հիմնադրամի կողմից` «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը» ձեւակերպումը, ինչը հնարավորություն կտա որոշակիացնելու այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է միայն անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների գործունեության նկատմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վերահսկողությանը:

13.2. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի եւ «Հիմնադրամների մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի միջեւ առկա է հակասություն` մասնավորապես` «Հիմնադրամների մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն` եթե հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտն օգտագործել է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին անհամապատասխան, ապա Պետական եկամուտների կոմիտեն է նրան պատասխանատվության ենթարկող մարմինը: Բացի այդ, Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի եւ «Հիմնադրամների մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի միջեւ առկա են ընթացակարգային տարբերություններ, որոնք արտահայտվում են ժամկետներում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք խմբագրել քննարկվող իրավական նորմերում ներառված կարգավորումները:

13.3. Նախագծի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`Հիմնադրամը «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենսքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հիմնադրամի տնօրենի նկատմամբ կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.18-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի՝ հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելուն կամ թերի հրապարակելուն վերաբերող 169.18-րդ հոդվածի համաձայն`«1. Հիմնադրամների կողմից հաշվետվությունը թերի հրապարակելը կամ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը՝

առաջացնում է նախազգուշացում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»:

Այսպիսով` «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենսքի նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հիմնադրամի կողմից այդ մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գրավոր չծանուցելու դեպքում Հիմնադրամի պաշտոնատար անձանց նկատմամբ չեն կարող կիրառվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.18-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները, քանի որ օրենսգրքի 169.18-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է նախատեսում միայն հիմնադրամների կողմից հաշվետվությունը թերի հրապարակելու կամ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելու համար:

Բացի այդ, հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.18-րդ հոդվածը կիրառում է «հիմնադրամների պաշտոնատար անձ» ձեւակերպումը, ինչը, կարծում ենք, հիմնավորվում է նրանով, որ հիմնադրամի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը կարող է սահմանված ժամկետներում չհրապարակվել նաեւ այն դեպքում, երբ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը սահմանված ժամկետում չի հաստատել հիմնադրամի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը:

14. Նախագծի 18-րդ հոդվածով նախատեսվում են Հիմնադրամի լուծարմանը վերաբերող իրավակարգավորումները: Սակայն, հարկ է նկատել, որ «Հիմնադրամների մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3.1-ին մասի համաձայն` «3.1. Օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաեւ այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, հիմնադրամի գույքը փոխանցվում է նվիրատուներին՝ նրանց կողմից հիմնադրամին տրամադրված միջոցների չափին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան նվիրաբերած գումարը, իսկ դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:»:

Նախագծի 18-րդ հոդվածը եւ «Հիմնադրամների մասին» օրենքի 34-րդ հոդվածը ներառում են նորմերի անհիմն կրկնություններ: Առաջարկում ենք խմբագրել վկայակոչված իրավական նորմերում ներառված կարգավորումները:

15. Նախագծի 19-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.

«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված այն կազմակերպությունները, որոնց անվանման մեջ պարունակվում  են «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» բառերը, մեկ տարվա ընթացքում պարտավոր են սահմանված կարգով փոխել իրենց անվանումը` դրանից հանելով «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» բառերը: Այդ պահանջը չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարդատության նախարարության դիմումով տվյալ կազմակերպության անվանումը ենթակա է փոփոխման դատական կարգով»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք Նախագծերի փաթեթում ներառված նախագծերի համար նախատեսել ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ: Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծերի փաթեթում ներառված նախագծերի համար նախատեսված են ուժի մեջ մտնելու տարբեր ժամկետներ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն`«(...)4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը(...)»:

Հիմք ընդունելով մեջբերված իրավական կարգավորումները` կարող ենք եզրակացնել, որ Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվող անցումային դրույթը չի կարող նախատեսվել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» քննարկվող խմբագրությամբ օրենսքի նախագծի օրենքի ուժի մեջ մտնելուն եւ անցումային դրույթներին վերաբերող 19-րդ հոդվածում, քանի որ «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենսքի նախագծում բացակայում են հիմնադրամների անվանման մեջ «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» բառերը կիրառելու հստակ կարգավորումները: Քննարկվող կարգավորումը կարող է նախատեսվել նաեւ ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում որպես անցումային դրույթ, եթե այդ նախագծով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում «Հիմնադրամների մասին» օրենքում կնախատեսվեն հիմնադրամների անվանման մեջ «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» բառերը կիրառելու հստակ կարգավորումները` այդ թվում՝ «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» բառերը կիրառելու արգելքի իրավակարգավորումը:

Նախագծի՝ Հիմնադրամի գործունեության հրաարակայնությանը վերաբերող 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` տարեկան հաշվետվության ձեւը, հրապարակման եւ ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Հիմք ընդունելով նշվածը` առաջարկում ենք Նախագծի՝ օրենքի ուժի մեջ մտնելուն եւ անցումային դրույթներին վերաբերող 19-րդ հոդվածում նախատեսել նաեւ օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի` օրենքի ուժի մեջ մտնելուն եւ անցումային դրույթին վերաբերող 19-րդ հոդվածը վերնագրել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:

16. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով»: Նախագծի 11-րդ հոդվածին հաջորդում է 13-րդ հոդվածը: Հիմք ընդունելով նշվածն` առաջարկում ենք Նախագծի հոդվածների համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին: Հարկ է նկատել նաեւ՝ համարակալման ուղղումը կառաջացնի մի շարք հոդվածներում օրենքի այլ հոդվածներին կատարված հղումների խմբագրման կարիք:

Նախագծի մի շարք հոդվածներում կիրառվում է «եւ (կամ)» ձեւակերպումը: Հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծում կիրառված «եւ (կամ)» ձեւակերպումները: 

17. ««Բարեգործության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Բարեգործության մասին» օրենքի «Օրենքի կարգավորման առարկան» վերտառությամբ 1-ին հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ. 

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1.Սույն օրենքը կարգավորում է բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները, սահմանում է բարեգործության կարգավորման իրավական հիմքերը, նպատակները, իրականացման սկզբունքները, պետության կողմից բարեգործությանն աջակցելու ձեւերը, բարեգործական կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի վրա, եթե «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենսքով այլ բան սահմանված չէ:»:

«Բարեգործության մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն`օրենքը կարգավորում է բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները, սահմանում է բարեգործության կարգավորման իրավական հիմքերը, նպատակները, իրականացման սկզբունքները, պետության կողմից բարեգործությանն աջակցելու ձեւերը, բարեգործական կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները:

«Բարեգործության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն`բարեգործությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից «Բարեգործության մասին» օրենքի 2-րդ հոդվածի նպատակների իրականացման համար ֆիզիկական անձանց, առողջապահական եւ ոչ առեւտրային կազմակերպություններին կամավոր, անշահախնդիր, օրենքով չարգելված (անհատույց կամ արտոնյալ պայմաններով) նյութական եւ հոգեւոր օգնության (այսուհետ՝ բարեգործական աջակցության) տրամադրումն է:

«Բարեգործության մասին» օրենքի 11-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումները. «1. Բարեգործական կազմակերպությունները ոչ առեւտրային այն կազմակերպություններն են, որոնք իրականացնում են սույն օրենքով սահմանված բարեգործական աջակցություն:

2. Բարեգործական կազմակերպության անվանումը պետք է ներառի «բարեգործական» բառը:

3. Բարեգործական կազմակերպություններն ստեղծվում են հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ ձեւերով(...)»:

Հիմք ընդունելով մեջբերված իրավական նորմերը` կարող ենք եզրակացնել, որ «Բարեգործության մասին» օրենքի «Օրենքի կարգավորման առարկան» վերտառությամբ 1-ին հոդվածում 2-րդ մասի տեսքով`«օրենքի դրույթները տարածվում են անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի վրա, եթե «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենսքով այլ բան սահմանված չէ», կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է: «Բարեգործության մասին» օրենքի դրույթները այդ օրենքի կարգավորման առարկայի մեջ մտնող իրավահարաբերությունների ողջ շրջանակի վրա տարածվում են առանց այդ մասին օրենքում կոնկրետ նշումներ կատարելու:

18. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` նաեւ Օրենսգիրք) կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք չներառել չակերտներում: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: 

Միաժամանակ՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Բացի այդ՝ հարկ է նկատել, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում պահպանված չէ հոդվածների համարակալման հաջորդականությունը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով»::

19. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվում է նոր՝ 56-րդ կետ: Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում առկա է 56-րդ կետ: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր կետը համարակալելիս պահպանել հոդվածի մասի կետերի համարակալման հաջորդականությունը:

20. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 126-րդ հոդվածում լրացվում է նոր` 8-րդ մաս. «8. Շահութահարկի վճարումից ազատվում են «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով սահմանված`

1) անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ (կամ) համալրման նպատակով անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին փոխանցված (տրամադրված) դրամական (այդ թվում` արտարժութային) միջոցների եւ պետական պարտատոմսերի արժեքի չափով.

2) անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտի չափով»:

Առաջարկում ենք խմբագրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 126-րդ հոդվածում լրացվող նոր` 8-րդ մասը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով լրացվող կարգավորմամբ հստակ նշված չէ, թե որ սուբյեկտը եւ  որ եկամուտների  մասով է ազատվում շահութահարկի վճարումից: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 126-րդ հոդվածում լրացվող նոր` 8-րդ մասը խմբագրելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝               եկամուտ չհամարվող տարրերին վերաբերող 108-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները:

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը, փորձաքննության ենթարկելու ժամանակի սղության եւ ռեսուրսների բացակայության գործոնները՝ նշենք, որ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները խնդրահարույց են որոշակիության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին, «Հիմնադրամների մասին», «Բարեգործության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

29.11.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:  
  
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

29.11.2022








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենսդրական հիմքեր սահմանել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների (այսուհետ՝ Հիմնադրամ կամ միջազգայնորեն ընդունված տերմինաբանությամբ` Էնդաումենթների («Endowment Fund»-երի) գործունեության համար, որոնք շատ մեծ դեր ունեն կրթության, գիտության, նորարարության, առողջապահության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, սոցիալական օգնության (աջակցության), բնապահպանության, ինչպես նաեւ այլ հանրօգուտ բնագավառների ոչ առեւտրային կազմակերպությունների համար անհրաժեշտ ներդրումների, բարեգործությունների, նվիրատվությունների, նվիրաբերությունների եւ անհատույց այլ միջոցների ներգրավման հարցում:

Էնդաումնեթների եւ նմանատիպ այլ ֆոնդերի (հիմնադրամների) միջեւ էական տարբերությունը կայանում է նրանում, որ Էնդաումենթում ներգրավված ակտիվները, որպես կանոն, արգելվում է օտարել (սպառել), իսկ այդ ակտիվների շրջանառությունից (կառավարումից) ստացված եկամուտները թույլատրվում է օգտագործել հիմնականում Էնդաումենթը ստեղծած ոչ առեւտրային կազմակերպության հանրօգուտ նպատակներով:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողությունները, առաջարկությունները եւ նկատառումները:

I. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ

1. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի սկզբում անհրաժեշտ է ավելացնել «զբաղվել» բառը:

2. Նախագծի 9-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը (ըստ որի. «Անձեռնմխելի կապիտալը համարվում է ձեւավորված դրա համար առանձնացված` Հիմնադրամի բանկային հաշվին ՀՀ քաղաքացիական օրենդրության համապատասխան կազմված նվիրատվության պայմանագրի եւ (կամ) կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակի հիման վրա դրամական միջոցների, Հիմնադրամի արժեթղթերի հավշին արժեթղթերի փոխանցման եւ (կամ) Հիմնադրամին անշարժ գույքի կամ իր էությունից ելնելով մշտական եւ պարբերական եկամուտ ենթադրող գույքի փոխանցման պահից:») եւ 6-րդ մասը (ըստ որի. «Անձեռնմխելի կապիտալը կարող է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ համալրվել նաեւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող այն եկամուտների հաշվին, որոնք չեն ծախսվել տվյալ ֆինանսական տարվա ընթացքում:»), Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի գույքի ձեւավորման աղբյուրների (առարկաների) մասով, անհրաժեշտ է թղթակցել «Հիմնադրամների մասին» օրենքի 39.2.-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, ըստ որի. «Անձեռնմխելի կապիտալը համարվում է ձեւավորված հիմնադրամի բանկային հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից (իսկ եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա նաեւ գանձապետական հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից):»:

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում ավելացնել նոր՝ 2-րդ հոդված եւ դրանով լրացում նախատեսել «Հիմնադրամների մասին» օրենքի 39.2.-րդ հոդվածի 2-րդ մասում՝ որպես Հիմնադրամի գույքի ձեւավորման աղբյուր նշելով նաեւ Հիմնադրամին նվիրաբերված, ինչպես նաեւ հիմնադրի կողմից ամրացված գույքը եւ տվյալ ֆինանսական տարվա ընթացքում չծախսված՝ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտները: 

բ) 7-րդ մասով սահմանվում է, որ. «Եթե ստացված գույքը կամ դրա մի մասը սույն օրենքի իմաստով չի հանդիսանում թույլատրելի գույք կամ, եթե գույքը ստացվել է սույն հոդվածի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ մասով չնախատեսված աղբյուրից, ապա Հիմնադրամը պարտավոր է գույքը ստանալուց հետո՝ 10 բանկային օրվա ընթացքում գույքն ամբողջությամբ կամ գույքի այն մասը, որը չի բավարարում սույն օրենքի պահանջները, վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ այն փոխանցել պետական բյուջե: Հիմնադրամը տվյալ գույքը համարվում է չստացված:» Բացի խմբագրականից, տվյալ մասի վերջին նախադասությունը նաեւ տարընթերցման հնարավորություն է տալիս (քանի որ «տվյալ գույքը» բառակապակցության տակ կարող է հասկացվել ոչ միայն վերադարձված, այլեւ ստացված ամբողջ գույքը), ուստի առաջարկում ենք այս նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն օրենքի պահանջներին չբավարարող եւ նվիրատուներին վերադարձված գույքը Հիմնադրամի կողմից համարվում է չստացված:»:

3. Նախագծի 10-րդ հոդվածն անհրաժեշտ է թղթակցել «Հիմնադրամների մասին» օրենքի 39.4.-րդ հոդվածի հետ, քանի որ ըստ այդ հոդվածի 1-ին մասի. «Անձեռնմխելի կապիտալը կարող է կառավարվել բացառապես պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու, դրանց տոկոսավճարներից եւ մարումից եկամուտներ ստանալու եւ ստացված եկամուտները սույն օրենքով սահմանված կարգով ծրագրին համապատասխան օգտագործելու միջոցով:»: Այս ձեւակերպումը նշանակում է, որ Նախագծով, ի տարբերություն այլ դրույթների, անձեռնմխելի կապիտալի կառավարման մասով առանձնահատկություններ չեն կարող սահմանվել, իսկ եթե Նախագծի հեղինակների կարծիքով, այդուհանդերձ, կան օրենքով սահմանման ենթակա առանձնահատկություններ, ապա անհրաժեշտ է «Հիմնադրամների մասին» օրենքի 39.4.-րդ հոդվածի 1-ին մասից հանել «բացառապես» բառը եւ հղում ավելացնել սույն Նախագծին (նշվածի հաշվառմամբ «Հիմնադրամների մասին» օրենքի 39.4.-րդ հոդվածի 1-ին մասը կարող է ունենալ հետեւյալ տեսքը. «1. Անձեռնմխելի կապիտալը կարող է կառավարվել պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու, դրանց տոկոսավճարներից եւ մարումից եկամուտներ ստանալու եւ ստացված եկամուտները սույն օրենքով սահմանված կարգով ծրագրին համապատասխան օգտագործելու, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ ձեւերով:»):

4. Միմյանց հետ թղթակցման կարիք ունեն նաեւ Նախագծի 11-րդ հոդվածը (ըստ որի. «Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտն անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին համապատասխան տրամադրվում է շահառուներին, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ անձեռնմխելի կապիտալից ստացվող եկամտի այն մասի, որը ծրագրով նախատեսվել է օգտագործվել Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում չծախսված եկամուտը խորհրդի որոշմամբ ուղղվում է անձեռնմխելի կապիտալի համալրմանը:») եւ «Հիմնադրամների մասին» օրենքի 39.5.-րդ հոդվածը (ըստ որի. «Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտը, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին համապատասխան, տրամադրվում է շահառուներին:»): 

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում ավելացնել նոր՝ 3-րդ հոդված, որով էլ «Հիմնադրամների մասին» օրենքի 39.5.-րդ հոդվածի 1-ին մասի վերջում առաջարկում ենք ավելացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:» նախադասությունը:

5. Առաջարկում ենք ապահովել նաեւ Նախագծի 14-րդ հոդվածի եւ «Հիմնադրամների մասին» օրենքի 39.3.-րդ հոդվածի միջեւ, որոնք վերաբերում են  անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին (թեեւ դրանց միջեւ սկզբունքային տարբերություններ չկան, սակայն նշված հոդվածներն անհրաժեշտ է վերախմբագրել այնպես, որ «Հիմնադրամների մասին» օրենքի 39.3.-րդ հոդվածով սահմանվեն անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրի հիմնական կարգավորումները, իսկ Նախագծի 14-րդ հոդվածով՝ այդ ծրագրի առանձնահատկությունները): 

6. Նախագծի 15-րդ հոդվածից դուրս է մնացել դրա 1-ին մասը, որով, ըստ 2-րդ մասի տրամաբանության, պետք է սահմանվի Հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվության պարտադիր աուդիտի ենթարկելու պահանջը: Այս կապակցությամբ առաջարկում ենք 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1-ին մասով.

«1. Հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունը ենթակա է պարտադիր աուդիտի, որն իրականացվում է հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կողմից՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող հունիսի 1-ը:»:

Նշված ժամկետն առաջարկվում է ելնելով ՀՀ Հարկային օրենսգրքի 134-րդ հոդվածի կարգավորումների տրամաբանությունից, ըստ որի՝ հարկատուների հիմնական մասի համար շահութահարկի գծով հաշվարկների ներկայացման ժամկետը սահմանված է մինչեւ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ: Այս կապակցությամբ առաջարկում ենք վերանայել նաեւ Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ տարեկան եւ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ժամկետները, մասնավորապես՝ առաջարկում ենք այդ մասի «մարտի 25-ից ոչ ուշ» բառերը փոխարինել «հունիսի 15-ից ոչ ուշ» բառերով: 

7. Հաշվի առնեելով այն հանգամանքը, որ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների շահառուները, ըստ էության, պետք է ստանան անվճար ծառայություններ, կամ նրանց փոխարեն եւ ի շահ նրանց այդ Հիմնադրամներից պետք է կատարվեն վճարումներ, օրինակ՝ ուսման վարձի գծով (Հարկային օրենսգրքով սահմանված եկամտահարկի վերադարձի հաշվին), ստացված բժշկական ծառայությունների դիմաց վճարման գծով եւ այլն, ապա առաջարկում ենք նմանատիպ արտոնություններ նախատեսող օրենքներում սահմանել դրույթ, ըստ որի՝ համապատասխան անձինք չեն կարող օգտվել օրենքով սահմանված արտոնություններից, եթե այդ մասով հանդիսանում են Հիմնադրամի շահառուներ: Խնդիրը կայանում է նրանում, որ օրենքով սահմանված արտոնությունների տրամադրումը կատարվում է պետության կամ համայնքների հաշվին, ինչը ներկայումս առկա հարկային ծախսերի շատ մեծ մակարդակի պարագայում ցանկալի չէ (օրինակ՝ 2023 թվականի պետական բյուջեի տվյալներով առաջիկա տարում այդ ցուցանիշը կանխատեսվում է հարկային եկամուտների 26.54 տոկոսի չափով), առավել եւս, եթե Հիմնադրամները կարող են նմանատիպ որոշ ծախսերի ֆինանսավորումը վերցնել իրենց վրա: 

II. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք նշված «56» թիվը փոխարինել «58» թվով, քանի որ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասն արդեն իսկ ունի 57 կետ:

2. Նախագծով առաջարկվում է որպես ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատված գործարքի (գործառնության) տեսակ ամրագրել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով սահմանված` «անձեռնմխելի կապիտալի կառավարումից եկամտի ստացումը», որը, սակայն, ինքնին ոչ գործարք է իրենից ներկայացնում, ոչ էլ գործառնություն: Անձեռնմխելի կապիտալի կառավարումից եկամտի ստացումը, ըստ էության, անձեռնմխելի կապիտալի կառավարման (որպես գործառույթի) եզրափակիչ ակտն է, որն այսպես, թե այնպես ԱԱՀ-ով հարկման ենթակա չէ: Ուստի, այս կապակցությամբ առաջարկում ենք որպես ԱԱՀ-ից ազատված գործարքներ սահմանել Հիմնադրամի առանձին այն գործարքները կամ Հիմնադրամին այլ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները (գործարքները), որոնք Նախագծերի փաթեթի հեղինակները հարմար կգտնեն: Այս կապակցությամբ Նախագիծն ամբողջությամբ վերաշարադրման կարիք ունի: 

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

29.11.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է շրջանառության մեջ դնել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքի նախագիծը եւ փոփոխություններ ու լրացումներ կատարել «Հիմնադրամների մասին», «Բարեգործության մասին», «Արժեթղթերի մասին» օրենքներում եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում»:

Մասնավորապես, «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ստեղծել հիմնադրամի կարգավիճակով ոչ առեւտրային կազմակերպություն՝ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ (այսուհետ՝ ԱՀԿ): Նման առաջարկության գաղափարն, ըստ Նախագծի հեղինակների, կայանում է հետեւյալում՝ 

1. Հիմնադրամը՝ քաղաքացիների եւ (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված եւ անդամություն չունեցող կազմակերպություն է, որը սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական եւ այլ հանրօգուտ  նպատակներ է հետապնդում, ինչպիսին հանդիսանում է Էնդաումենթը:

2. Հիմնադրամի շահառուներ կարող են լինել հիմնադիրը եւ ֆիզիկական ու իրավաբանական անձինք:

3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի միջոցով հնարավորություն է ստեղծվում վերահսկել հիմնադրամի գործունեությունը:

Ըստ էության, ներկայացվող Նախագծով նախատեսվում է սահմանել ԱՀԿ իրավական վիճակի առանձնահատկությունները, անձեռնմխելի կապիտալի կառավարման եւ դրանից ստացվող եկամտի տնօրինման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ ԱՀԿ-ի գործունեության կարգավորման համար անհրաժեշտ այլ դրույթներ: Նախագիծը մշակվել է Էնդաումենթների գործունեության միջազգային փորձի հիման վրա՝ հաշվի առնելով նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձնահատկությունները: 

Անձեռնմխելի կապիտալի ձեւավորմանը, համալրմանն ու կառավարմանը վերաբերող դրույթներից հատկանշական են՝ նվիրատվությունը, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտը, ՀՀ պետական պարտատոմսերը:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է, որ անհրաժեշտ օրենսդրական հիմքեր կստեղծվեն ԱՀԿ-երի գործունեության համար, իսկ վերջիններս կօժանդակեն ԱՀԿ հիմնադիրների գործունեության ընդլայնմանը եւ ֆինանսական կայունության ապահովմանը, ստացված եկամուտները կարող են օգտագործվել այնպիսի բնագավառներում, որտեղ պետության միջոցները խիստ սահմանափակ են:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:



Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունմամբ, կարծում ենք, դրական նախադրյալներ կստեղծվեն սոցիալական ոլորտի ճյուղերի զարգացման առումով, մասնավորապես՝ Էնդաումենթները միանշանակ զգալի դեր կունենան կրթության, գիտության, նորարարության, առողջապահության, մշակույթի, սպորտի, սոցիալական աջակցության, բնապահպանական եւ այլ բնագավառների ֆինանսական կայունության ապահովման գործում:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

11.11.2022թ.