ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Կ-426-10.11.2022-ՏՀ-011/0)  եւ «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Կ-4261 -10.11.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-426-10.11.2022-ՏՀ-011/0)  եւ «Տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4261 -10.11.2022-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության:   
  
  
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                           ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

23.11.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթն (այսուհետ՝ Փաթեթ) ուղղված է հանրապետության տարածքում ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումների գործող կարգավորումների վերանայմանը եւ նոր կարգավորումների սահմանմանը: Այդ նպատակով առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման նոր ընթացակարգ, որը հնարավորություն կտա ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաեւ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան գնման ընթացակարգով: Փաթեթով նախատեսվում է վերանայել երթուղային ցանցերի համաձայնեցման եւ միասնական երթուղիների չվացուցակների ու ուղեգծերի փոփոխությունների կատարման գործընթացը, ինչպես նաեւ խոշորացված համայնքների տրանսպորտային սպասարկման գործընթացը համայնքի ղեկավարի դիմումի համաձայն լիազոր մարմնի կողմից միասնական երթուղային ցանցի շրջանակներում կազմակերպելու հնարավորությունը: Առաջարկվում է կանոնակարգել նաեւ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպությունների կողմից ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումների սպասարկման գործընթացը:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

18.11.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ «Տրանսպորտի մասին»  օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարել:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաեւ ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումների գործող կարգավորումների վերանայման եւ նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝  խնդիրը կայանում է նրանում, որ ներկայիս կարգավորումներով երթուղիների սպասարկման իրավունքը կազմակերպություններին տրամադրվում է միայն մրցույթով: Համայնքների խոշորացման պայմաններում գործող կարգավորումները խիստ սահմանափակ են ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումների գործընթացը կազմակերպելու համար, քանի որ համայնքների կողմից կազմակերպվող մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով եւ համայնքները փաստացի մնում են առանց տրասնպորտային սպասարկման:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- վերանայել «օպերատոր» հասկացությունը, սահմանելով, որ օպերատոր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումների իրականացման ծառայություններ մատուցող  ցանկացած կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն,

- գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման նոր ընթացակարգ, որը հնարավորություն կտա ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաեւ «Գնումների մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան գնման ընթացակարգով,

- վերանայել երթուղային ցանցերի համաձայնեցման եւ միասնական երթուղիների չվացուցակների ու ուղեգծերի փոփոխությունների կատարման գործընթացը եւ այլն:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է, որ կբարձրանա կանոնավոր ուղեւորափոխադրումների որակն ու արդյունավետությունը, կդյուրացվի ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը, համայնքին կմատուցվի պահանջված քանակի ավտոբուսներով սպասարկման ծառայություն:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                                  Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

23.11.2022թ.