ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-427-14.11.2022-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-427-14.11.2022-ՏԵ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

05.12.2022թ. 







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներում հղում է կատարված «Օրենքին»: Նախագծում հղումների հստակությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք՝ հիշատակել այն նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը, որում նախատեսվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում: Մյուս դեպքերում նորմատիվ իրավական այլ ակտի հղումներ կատարելիս կարող է նշվել իրավական ակտի կրճատ անվանումը:»: Հարկ ենք համարում մեջբերել նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»: 

2. Նախագծի 4-րդ հոդվածից հետո նշված «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ձեւակերպումն առաջարկում ենք հանել:

3. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 

Միաժամանակ՝ նշենք, որ Նախագիծն ենթարկվել է փորձաքննության իրավական տեխնիկայի տեսանկյունից, բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը՝ ժամանակի սղության եւ ռեսուրսների բացակայության գործոններով պայմանավորված, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

01.12.2022թ



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

01.12.2022թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է դեպի երրորդ երկրներ արտահանման սահմանափակման կարգավորումները համապատասխանեցնել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներով սահմանված, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջներին: Այս առումով, առաջարկվում է վերապահում սահմանել վերը նշված ապրանքների արտահանման մասով, այն է՝ սահմանել, որ նշված սահմանափակումները չեն վերաբերում ԵԱՏՄ երկրներ տեղափոխվող (նշված) ապրանքների վրա:

Նախագծով առաջարկվում է նաեւ շտկումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 15.3-րդ մասում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգիչները հաստատվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 14.09.2021թ. N80 որոշմամբ (հետագա լրացումներով եւ փոփոխություններով), ուստի անհրաժեշտություն է առաջացել նաեւ այս օրենքի 20-րդ հոդվածի 15.3-րդ մասում նշված դասակարգիչները համապատասխանեցնել ԵԱՏՄ գործող միասնական դասակարգիչներին:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

22.11.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): 

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը պայմանագրի դրույթներին, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է սահմանել վերապահում ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների արտահանման մասով (անտառանյութ, հանքաքար, սեւ մետաղից սալիկներ, աղացագնդեր, սեւ մետաղի թափոններ եւ ջարդոն, սեւ մետաղից պատրաստված խողովակներ եւ դրանց կցամասեր, սեւ մետաղական կոնստրուկցիաներ, ինչպես նաեւ գունավոր մետաղի թափոններ եւ ջարդոն), մասնավորապես, սահմանել, որ նշված սահմանափակումները չեն վերաբերում ԵԱՏՄ երկրներ տեղափոխվող ապրանքների վրա: Բացի այդ էլ,  «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 15.3-րդ մասում նշված դասակարգիչները առաջարկվում է համապատասխանեցնել ԵԱՏՄ գործող միասնական դասակարգիչներին (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգիչներ, որոնք հաստատվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 14.09.2021թ. N80 որոշմամբ):

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում 

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                             ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

02.12.2022թ.