ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-433-18.11.2022-ՊԱ-011/0), «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4331 -18.11.2022-ՊԱ-011/0) եւ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4332 -18.11.2022-ՊԱ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-433-18.11.2022-ՊԱ-011/0), «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-4331 -18.11.2022-ՊԱ-011/0) եւ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4332 -18.11.2022-ՊԱ-011/0) օրենքի նախագիծը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ)  մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական եւ ֆինանսատնտեսագիտական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                      ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

01.12.2022թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում նշված «եւ համապատասխան հոլովաձեւերով» բառերը հանել, քանի որ Նախագծի 1-ին հոդվածով փոփոխվող բառերի հոլովաձեւերը նույնությամբ սահմանված են «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 9-րդ հոդվածի համապատասխան մասերում եւ փոփոխության չեն ենթարկվում:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «բառերը» եւ «բառերով» բառերը համապատասխանաբար փոխարինել «բառերը եւ թվերը» եւ «բառերով եւ թվերով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի ձեւակերպումներին:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությունները եւ լրացումները կատարել առանձին կետերով՝ պահպանելով կետերի համարակալման հաջորդականությունը. մասնավորապես՝ «Հոդված 1. (...) օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 2-րդ եւ 3-րդ մասերում նշված (...) փոխարինել (...),

2) 2-րդ մասում նշված (...) փոխարինել (...),

3) լրացնել նոր 3.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ»:

3. «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով  նախատեսվում է «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում «տվյալների էլեկտրոնային պահոց» հասկացությունը սահմանվում է հետեւյալ կերպ՝ «քաղաքացու էլեկտրոնային նույնականացման տվյալներ պարունակող տեխնիկական մաս, որի բնութագիրը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ».

1) նախ նշենք, որ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի կարգավորումներից հասկանալի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «էլեկտրոնային նույնականացման տվյալը»:  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ», մինչդեռ որեւէ օրենսդրական ակտով սահմանված չէ «էլեկտրոնային նույնականացման տվյալ» հասկացությունը, այդ տվյալների հնարավոր շրջանակը եւ բովանդակությունը:

2) Բացի այդ, նշված հասկացության ոչ որոշակի լինելու պարագայում, հասկանալի չէ նաեւ թե Կառավարության կողմից ինչ ենթաօրենսդրական ակտ պետք է ընդունվի: Սահմանադրության`օրինականության սկզբունքին վերաբերող 6-րդ հոդվածի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախատեսել «էլեկտրոնային նույնականացման տվյալներ» հասկացության սահմանումը՝ ինչի արդյունքում որոշակի կլինի նաեւ Կառավարությանը ենթաօրենսդրական ակտ ընդունելը լիազորող դրույթը:

3) Առաջարկում ենք «ՀՀ կառավարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով՝ հիմք ընդունելով «Նույնականացման քարտերի մասին» օրենքում կիրառված ձեւակերպումները, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում նշված «ՀՀ կառավարության» բառերին:

4. «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է «Նույնականացման քարտերի մասին» օրենքի անցումային դրույթներին վերաբերող 8-րդ հոդվածի 7-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ՝ «Սույն մասի դրույթները տարածվում են տվյալների էլեկտրոնային պահոց ունեցող նույնականացման քարտերի վրա»: 

«Նույնականացման քարտերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված էլեկտրոնային փոստը մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը կարող է ակտիվացվել նույնականացման քարտը կրողի ցանկությամբ՝ ծածկանունն ու գաղտնաբառը հավաքելով, էլեկտրոնային փոստ առաջին անգամ մուտք գործելու պահից: (...)»: Նշված անցումային դրույթի նախատեսումը հնարավորություն է տալիս 1. մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը նույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված էլեկտրոնային փոստն ակտիվացնել նույնականացման քարտը կրողի ցանկությամբ, 2, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից սկսած՝ չակտիվացված էլեկտրոնային փոստերն ակտիվացնել ինքնաբերաբար, 3. 2015 թվականի հունվարի 15-ից հետո նույնականացման քարտերի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստերն ակտիվացվում են նույնականացման քարտի տրման պահից:

Նախ նշենք, որ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում որեւէ էլեկտրոնային փոստի մասին նշում չի կատարվում, ինչի արդյունքում «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը, որտեղ լրացում է նախատեսվում կատարել, կորցնում է իր որոշակիությունը, միաժամանակ պարունակելուվ սխալ հղում:

Բացի այդ լրացումը կատարելով «Նույնականացման քարտերի մասին» օրենքի անցումային դրույթներում, որը կարգավորումներ է նախատեսում մինչեւ 2015 թվականը եւ դրանից հետո տրված էլեկտրոնային փոստերին, կոչված են ապահովելու այդ ժամանակահատվածում անցումը նախկին կարգավորումներից՝ գործող կրավակարգավորումներին. մասնավորապես անցումային դրույթներն ունեն ժամանակավոր կարգավորիչ բնույթ եւ իրացումից հետո կորցնում են իրենց կարգավորիչ նշանակությունը: Այսինքն՝ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթները այլեւս դուրս են եկել անցումային կարգավորումների տիրույթից, հետեւաբար հասկանալի չէ տվյալ անցումային դրույթների կիրառելիության տարածումը էլեկտրոնային պահոց ունեցող նույնականացման քարտերի վրա, եթե նույն օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով արդեն իսկ նույնականացման քարտը կրողի ցանկությամբ կամ ինքնաբերաբեր պետք է ակտիվանային անձանց տրված էլեկտրոնային փոստերը:

5. «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում, որպես տվյալ օրենքի նախագծի անցումային դրույթ. սահմանված է՝ «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ՀՀ կառավարության որոշման ընդունումը (...)»: Նշենք որ  «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածը չունի 1-ին մաս, 2-րդ կետ, բացի այդ հղում կատարված օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Կառավարության որոշման մասին դրույթ նախատեսված չէ:  Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ առաջարկում ենք հղումները կատարել հստակ եւ ուղակի:

6. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման արդյունքում «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «ա» ենթակետը ձեւակերպվելու է այնպես, որ ֆիզիկական անձանց դեպքում պաշտոնական էլեկտրոնային փոստ է համարվում անձին նույնականացման քարտի կամ հանրային ծառայության համարանիշի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված էլեկտրոնային փոստը,: Նշված դրույթով, ըստ էության, կարգավորվում է այն հանգամանքը, որ հանրային ծառայությունների համարանիշի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստը հանդիսանում է պաշտոնական էլեկտրոնային փոստ:

Նշենք, որ հանրային ծառայությունների համարանիշի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստ տրամադրելու վերաբերյալ պարտականություն որեւէ իրավական ակտով նախատեսված չէ. մասնավորապես «Հանրային ծառայությունների համարանիշի» մասին օրենքով կարգավորվում են հանրային ծառայությունների համարանիշի հատկացման հետ կապված հարաբերությունները, որով նշված համարանիշի հետ միասին էլեկտրոնային փոստ տրամադրելու պարտականության վերաբերյալ որեւէ կարգավորում նախատեսված չէ: Իրավական շփոթից խուսափելու եւ կարգավորումների հստակությունն ապահովելու նպատակով առաջարկում են հասցեատերերի համար սահմանել հանրային ծառայությունների համարանիշի հետ միասին էլեկտրոնային փոստ տրամադրելու պարտականություն:

7. Առաջարկում ենք «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող «հանրային ծառայության համարանիշի» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշի» բառերով՝ հիմք ընդունելով «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում, «Նույնականացման քարտերի մասին» օրենքում կիրառված ձեւակերպումները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջները: 

8. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանված լրացման արդյունքում նախատեսվում է անձին հանրային ծառայությունների համարանիշի հետ մեկտեղ Կառավարության սահմանած կարգով տրամադրել էլեկտրոնային փոստ՝ առաջարկում ենք «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի անցումային դրույթներում նախատեսել անձին հանրային ծառայությունների համարանիշի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստի հասցե տրամադրելը կարգավորող ենթաօրենսդրական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ «5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Նույն դիտարկումը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք  «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետը եւս սահմանել:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 

Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագծերի փաթեթը հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու հետեւանքով ժամանակի սղության գործոնը՝ նշենք, որ բացակայել է այն համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

01.12.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթում ներառված «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման արդյունքում, կարծում ենք, «Հանրային ծառայությունների համարանիշի» մասին օրենքում լրացում կատարելու անհրաժեշտություն կարող է առաջանալ (հիմնավորումը ներկայացված է եզրակացության 6-րդ կետում):

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 (հեռ.` 011-513-248)

01.12.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է մեկ տարի ժամկետով երկարաձգել 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման (փոխանակման) գործընթացը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի ներկայիս գործող խմբագրության համաձայն` 2023 թվականի հունվարի 1-ից դադարեցվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի տրամադրումը (փոխանակումը), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Առաջարկվում է նաեւ սահմանել, որ ֆիզիկական անձին պաշտոնական էլեկտրոնային փոստ տրամադրվում է ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից եւ 16 տարին լրացած անձանց համար, որը տրամադրվում եւ օգտագործվում է անվճար՝ պաշտոնական հաղորդագրություններ ստանալու նպատակով: 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

24.11.2022թ.