ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-441-25.11.2022-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4411 -25.11.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ


Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-441-25.11.2022-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4411 -25.11.2022-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                      ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

08.12.2022թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածը եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածը կազմված են մեկ համարակալված պարբերությունից: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների՝ առաջարկում ենք վերոնշյալ հոդվածներում հանել պարբերությունների համարակալումը:

2. Առաջարկում ենք «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի տեքստը երկու կողմից ներառել չակերտներում:

3. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասում կատարվում է մեկից ավելի փոփոխություն:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

Միաժամանակ՝ նշենք, որ Նախագծերի փաթեթն անհետաձգելի համարվելու հետեւանքով բացակայել է վերջինիս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը՝ ժամանակի սղության եւ ռեսուրսների բացակայության գործոններով պայմանավորված: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

08.12.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

08.12.2022թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՏՏ ոլորտում ընդգրկված կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը հետաձգել եւս մեկ տարով՝ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ իրավական համապատասխան հիմքեր ստեղծել, որպեսզի համապատասխան նախարարությունը՝ հաշվի առնելով ոլորտի զարգացման գերակայությունները եւ տվյալ պահին ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, մշակի եւ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնի աջակցության նոր ծրագրեր: Նշված քայլերը միտված են ՏՏ ոլորտում նոր տնտեսվարող սուբյեկտների եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը, որն էլ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության եւ մրցունակության բարձրացման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, տեղեկատվական հասարակության եւ դրա տարբեր բաղադրիչների ձեւավորման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի եւ ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

30.11.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացում կատարել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչպես նաեւ փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում:

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը եւս մեկ տարով հետաձգելու պահանջով: 

Հայաստանը ներկայումս ունի մի շարք մրցակցային առավելություններ, եւ դրական արդյունքներ գրանցելու գործում իր դերն է ունեցել նաեւ Օրենքի շրջանակներում ՏՏ ոլորտի գործունեություն իրականացնող սուբյեկտներին պետության կողմից հարկային արտոնությունների տրամադրումը, դրամաշնորհային ծրագրերի իրականացումը:

Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացումը կարեւորագույն խթան է հանդիսացել եւ հանդիսանում աշխարհի զարգացած երկրների եւ ՀՀ տնտեսության արտադրողականության բարձրացման, նորարարական եւ գիտակրթական համակարգերի զարգացման համար:

2015 թվականից մինչեւ սույն թվականի նոյեմբերի 8-ը հարկային արտոնություն է ստացել 2304 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն:

2022 թվականն աննախադեպ է դիմումների եւ տրամադրված հավաստագրերի քանակով: Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնություն ստանալու հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր), ապա միայն 08.11.2022թ. դրությամբ, հավաստագրված կազմակերպությունների թիվը 1230 է, որից 1105-ի հիմնադիրներն այլ երկրների քաղաքացիներ են»:

Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 1-ից հետո տրամադրվող հավաստագրերը գործում են մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: 

Այսպիսով, Նախագծերի փաթեթով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը հետաձգել (շարունակել) եւս մեկ տարով՝ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Միաժամանակ, Նախագծերի փաթեթով համապատասխան հիմք է ստեղծվել, որպեսզի ԲՏԱ նախարարությունը՝ հանդես գալով որպես ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին, հաշվի առնելով ՏՏ ոլորտի զարգացման գերակայությունները, մշակի եւ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնի ՏՏ ոլորտում ընդգրկված կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության այլ ձեւերի տրամադրման կարգեր: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունումը սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն, քանի որ ՏՏ ոլորտին հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը (տրամադրումը շարունակելը), ինչպես նաեւ նոր ծրագրերի ներդրումը խթան կհանդիսանան ոլորտում նոր տնտեսվարող սուբյեկտների եւ նոր աշխատատեղերի ստեղծման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի գիտելիքահենք տնտեսության զարգացմանը: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

/011/ 513 235  /ներք. 16-18/

08.12.2022թ.