ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման Ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-457-05.12.2022-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանարապետության եւ Զարգացման Ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-457-05.12.2022-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

08.12.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների  պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Միջազգային պայմանագրին Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է՝    միջազգային պայմանգրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը, Նախագծին կից ներկայացված չէ:

2. Միաժամանակ նշենք, որ Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից տրված եզրակացության մեջ բացակայում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ անհրաժեշտ է Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Վ. Հարությունյան (հեռ.՝ 011-513-248)

08.12.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Վ. Հարությունյան (հեռ.՝ 011-513-248)

08.12.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը»՝ 100 մլն եվրո արժողությամբ, որը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, որի ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

1. հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաեւ պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,

2. պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,

3. պետական գնումների համակարգի արդիականացումը,

4. կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,

5. կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,

6. ֆինանսական եւ կապիտալի շուկաների զարգացումը,

7. կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ: Վարկի գումարը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով, ընդ որում՝ մասհանումը պետք է լինի առնվազն 50 մլն եվրո կամ եթե հասանելի միջոցները 50 մլն եվրո գումարից պակաս են, ապա՝ հասանելի գումարը, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետն է՝ 17.11.2023թ., ընդ որում՝ առաջին մասհանման վերջնաժամկետը՝ 22.04.2023թ., յուրաքանչյուր մասհանման համար Վարկառուն կարող է ընտրել ֆիքսված կամ լողացող տոկոսադրույք:

Ֆիքսված կողմնորոշիչ տոկոսադրույքը Համաձայնագրում սահմանված է 3.87%: Յուրաքանչյուր մասհանման ֆիքսված տոկոսադրույքը կհաշվարկվի 3.87%՝ ավելացրած/պակասեցրած ինդեքսային դրույքաչափի (տաս տարի ժամկետայնությամբ ֆրանսիական գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույք) տատանումը, որը հաշվարկվում է որպես Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ (Համաձայնագրում ֆիքսված է 2.76%) եւ Վարկատուի կողմից մասհանման հայտի ստացման ամսաթվի դրությամբ ինդեքսային դրույքաչափերի տարբերություն: Ֆիքսված տոկոսադրույքը չի կարող պակաս լինել 0.25%-ից:

Լողացող տոկոսադրույքը կկազմի՝ 6-ամսյա EURIBOR (կամ դրա անհնարինության դեպքում համապատասխան կողմնորոշիչ տոկոսադրույք) ավելացրած 0.95% մարժա:

Միաժամանակ, յուրաքանչյուր մասհանման հայտում Վարկառուն կարող է նշել իր համար ընդունելի առավելագույն տոկոսադրույքի չափը, եւ եթե տոկոսադրույքի սահմանման ամսաթվին հաշվարկված տոկոսադրույքը գերազանցում է հայտում նշված առավելագույն տոկսադրույքը, ապա հայտը համարվում է չեղյալ,

Վարկառուն կարող է ցանկացած պահի լողացող տոկոսադրույքը վերափոխել ֆիքսվածի՝ առանց որեւէ լրացուցիչ վճարի: Նախատեսվում է նաեւ՝

- պարտավորության վճար՝ տարեկան 0.5%, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ՝ սկսած վարկի ստորագրման ամսաթվից 6 ամիս հետո, 

- միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.5%-ի չափով, որը պետք է վճարվի նախքան մասհանումը, վարկի ստորագրման ամսաթվից 4 ամսվա ընթացքում,

- չեղարկման վճար՝ վարկի չեղարկված գումարի 2.5%,

- տույժ ժամկետանց վճարումների գծով՝ տվյալ ժամանակահատվածի համար կիրառելի տոկոսադրույքին գումարած 3.5% սպրեդ՝ հաշվարկվում է վճարման ենթակա օրվանից մինչեւ փաստացի վճարման ամսաթիվը,

- Վարկատուի կողմից կրած մի շարք ծախսերի փոխհատուցում կամ ուղղակի վճարում, այդ թվում՝ սույն Համաձայնագրի կամ վերջինիս առնչվող ցանկացած այլ փաստաթղթի բանակցությունների, նախապատրաստման եւ ստորագրման (ներառյալ՝ ցանկացած իրավաբանական կարծիք) եւ ստորագրման ամսաթվից հետո ցանկացած այլ Ֆինանսական փաստաթղթի առնչությամբ:

Վարկի մարման ժամկետ՝ 20 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի, մայր գումարը ենթակա է մարման 30 հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ սկսած 2028թ. մայիսի 15-ից մինչեւ 2042թ. նոյեմբերի 15-ը, իսկ վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին եւ նոյեմբերի 15-ին:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

07.12.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ բյուջետային աջակցությամբ ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման նպատակով:

Համաձայնագրի պայմաններին համապատասխան՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրում է հարյուր միլիոն եվրո (100 000 000 եվրո) առավելագույն ընդհանուր գումարի չափով վարկային միջոցներ, որը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով, ընդ որում մասհանման գումարը պետք է լինի առնվազն 50 մլն եվրո կամ Վարկային սահմանաչափին հավասար գումար, եթե այդպիսի գումարը հիսուն միլիոն եվրոյից (50 000 000 եվրո) պակաս է:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը եւ մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելու հարցում՝ կայուն եւ ներառական զարգացում ու բնակչության համար կյանքի առավել բարձր որակ ապահովելու համար:

Ծրագրի շրջանակը ներառում է՝ պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը, ֆինանսական եւ կապիտալի շուկաների զարգացումը, հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաեւ պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը, եւ այլն:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

07.12.2022թ.