ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-738-01.12.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7381 -01.12.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-738-01.12.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7381 -01.12.2023-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 5-րդ հոդվածով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 21-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմին» երկար արտահայտությանը տրվել է կիրառման կրճատ տարբերակ, այն է՝ «այսուհետ՝ լիազոր մարմին»:

Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 24.1-ին հոդվածի 2-րդ մասում կիրառվում է «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմին» ձեւակերպումը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»:

Նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Առաջարկում ենք Օրենքում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմին» երկար արտահայտության կիրառության կրճատ տարբերակ նախատեսելիս ապահովել առաջին իսկ կիրառումից հետո կրճատ տարբերակի նախատեսումը, ինչպես նաեւ հետագա հոդվածներում միայն սահմանված կրճատ տարբերակի կիրառությունը: Ուստի անհարժեշտ ենք համարում վերանայել Նախագծի 1-ին հոդվածով կատարվող փոփոխության «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմին» հասկացությունն՝ առաջին կիրառումից հետո կրճատ տարբերակի նախատեսման տեսանկյունից: Նույն իրավադրույթի հիմքով առաջարկում ենք Օրենքի 24.1-ին հոդվածում «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմին» ձեւակերպումը համապատասխանեցնել Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 21-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմին» երկար արտահայտության համար սահմանված «լիազոր մարմին» հասկացությանը: Սույն առաջարկը կարեւորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջի ապահովման՝ Օրենքում եզրույթների միատեսակ կիրառության տեսանկյունից:

Բացի այդ, Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 21-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում կիրառվում է «տարածքային կառավարման մարմին», իսկ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետում՝ «տարածքային լիազոր մարմին» եզրույթները:

Հիմք ընդունելով Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 21-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմին» հասկացության համար սահմանված «լիազոր մարմին» հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթն՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտել միեւնույն բառերով՝ որոշակի հերթականությամբ:

2. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 28.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն. «1. Նոր կառուցված բազմաբնակարան շենքը շահագործման հանձնելուց հետո՝ մինչեւ շինության սեփականատերերի կողմից կառավարման մարմնի ընտրությունը, կառուցապատողը սույն օրենքով նախատեսված կարգով սեփականատերերի անունից ընտրում է սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմնի ձեւերից մեկը:

2. Նոր կառուցված եւ շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի կողմից շենքի կառավարման մարմին ընտրելուն հաջորդող հինգ օրվա ընթացքում կառուցապատողը հանձնման - ընդունման ակտով շենքի կառավարման մարմնին է փոխանցում շենքի նախագծային փաստաթղթերը՝ շինարարական նորմերով սահմանված նախագծային փաստաթղթերի կազմին համապատասխան, իսկ հանձնման - ընդունման ակտի օրինակը՝ ակտն ստորագրվելուց հետո երկու օրվա ընթացքում, ներկայացնում է համայնքի ղեկավարին:»:

Վերոնշյալ իրավադրույթների համադրման արդյունքում հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 28.1-ին հոդվածի 2-րդ մասում նախատեսում է նոր կառուցված եւ շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի կողմից շենքի կառավարման մարմին ընտրելուն հաջորդող հինգ օրվա ընթացքում կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին նախագծային փաստաթղթերը փոխանցելու վերաբերյալ իրավակարգավորում: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ կառավարման մարմնին նախագծային փաստաթղթերը փոխանցելու պարտականությունը վերապահված է կառուցապատողին: Միեւնույն ժամանակ նույն հոդվածի 1-ին մասում նախատեսվում է, որ մինչեւ շինության սեփականատերերի կողմից կառավարման մարմնի ընտրությունը կառուցապատողը սեփականատերերի անունից ընտրում է կառավարման մարմնին, որից ենթադրվում է, որ արդեն իսկ գոյություն ունեցող շենքի կառավարման մարմինը պետք է ունենա շենքի նախագծային փաստաթղթերը: Հետեւաբար հասկանալի չէ՝ գործող շենքի կառավարման մարմնի առկայության դեպքում շենքի նախագծային փաստաթղթերը նոր ընտրված կառավարման մարմնին կառուցապատողի կողմից հանձնելու պարտականության սահմանումը: Իսկ եթե սեփականատերերի անունից կառուցապատողի կողմից ընտրված կառավարման մարմնին կառուցապատողը շենքի նախագծային փաստաթղթերը փոխանցելու պարտականություն չունի, ապա կարծում ենք՝ լրացուցիչ հիմնավորման անհարժեշտություն է առաջանում, մասնավորապես՝ ինչու մի դեպքում սեփականտերերի ընտրած կառավարման մարմինը շենքի նախագծային փաստաթղթերը ստանալու հնարավորություն ունի, իսկ կառուցապատողի կողմից ընտրված կառավարման մարմինը ՝ոչ: 

3. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր՝ 152.3-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի կողմից՝ բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում օրենքի պահանջները խախտելու համար, մասնավորապես՝ նոր կառուցված կամ հաշագործման հանձնված բազմաբնակարան շենքի նախագծային փաստաթղթերը կառուցապատողի կողմից՝ օրենքով սահմանված կազմով կամ ժամկետում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին չփոխանցելու համար:

Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 28.1-ին հոդվածի 2-րդ մասում սահմանված է. «Նոր կառուցված եւ շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի կողմից շենքի կառավարման մարմին ընտրելուն հաջորդող հինգ օրվա ընթացքում կառուցապատողը հանձնման - ընդունման ակտով շենքի կառավարման մարմնին է փոխանցում շենքի նախագծային փաստաթղթերը՝ շինարարական նորմերով սահմանված նախագծային փաստաթղթերի կազմին համապատասխան, իսկ հանձնման - ընդունման ակտի օրինակը՝ ակտն ստորագրվելուց հետո երկու օրվա ընթացքում, ներկայացնում է համայնքի ղեկավարին:»

Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 28.1-ին հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավադրույթը կառուցապատողի համար նախատեսում է երկու պարտականություն, մասնավորապես՝ շենքի կառավարման մարմնին հանձնման - ընդունման ակտով փոխանցել շենքի նախագծային փաստաթղթերը եւ հանձնման - ընդունման ակտը ներկայացնել համայնքի ղեկավարին: Մինչեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կառուցապատողների նկատմամբ վարչական պատասխանատվություն է նախատեսված միայն շենքի կառավարման մարմնին հանձնման - ընդունման ակտով շենքի նախագծային փաստաթղթերը չփոխանցելու համար: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր՝ 152.3-րդ հոդվածն՝ ապահովելով կառուցապատողի կողմից հանձնման-ընդուման ակտը համայնքի ղեկավարին ներկայացնելու պարտականության չկատարման կամ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ կատարելու համար հետեւանքի առկայությունը:

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր՝ 152.3-րդ հոդվածը վերնագրված է «Նոր կառուցվող կամ կառուցված բազմանակարան շենքի կառուցապատողի կողմից՝ բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում, օրենքի պահանջները խախտելը»: Միեւնույն ժամանակ նշված վարչական պատասխանատվության հիմքում դրված դրույթը վերաբերում է նոր կառուցված կամ շահագործման հանձնված բազմաբնակարան շենքերի կառուցապատողներին եւ Օրենքով սահմանված միայն մեկ պահանջին՝ կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին շենքի նախագծային փաստաթղթերը սեփականատերերի կողմից շենքի կառավարման մարմին ընտրելուն հաջորդող 5 օրվա ընթացքում փոխանցելուն: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված է հետեւյալ պահանջը. «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր՝ 152.3-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը:

6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «2-րդ մասում» բառերն առաջարկում ենք փոխարինել «2-րդ պարբերությունում» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հոդվածի մաս է համարվում համարակալված պարբերությունը: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթից, որի համաձայն. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:»

7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-ին հոդվածի 2-րդ պարբերությունում լրացվող «152.3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով» բառերն առաջարկում ենք փոխարինել «152.3-րդ հոդվածով» ձեւակերպմամբ: Հիմք ընդունելով այն հանագմանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր՝ 152.3-րդ հոդվածը բաղկացած է երկու մասերից եւ հոդվածի մասերի առանձին նշման անհրաժեշտությունը բացակայում է: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

22.12.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

21.12.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում՝

- սահմանել եւ տարանջատել պետական կառավարման լիազոր մարմնի, մարզպետների եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները,

- սահմանել բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի փոխանցման պահանջ,

- սահմանել բազմաբնակարան շենքի կառուցման մեկնարկից մինչեւ կառավարման մարմնի ձեւավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (հատկապես՝ Շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված ինժեներական ենթակառուցվածքների, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական եւ այլ սարքավորումների տեղադրման տարածքների) տնօրինման առանձնահատկությունները եւ սահմանափակումները,

- նախատեսել վարչական պատասխանատվություն՝ նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի մասով սահմանված պարտականությունների չկատարման համար:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

07.12.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) եւ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Օրենքի վերանայման միջոցով բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում պետական կառավարման մարմնի, մարզպետների, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների, նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի պարտականությունների սահմանմամբ, ինչպես նաեւ նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի մասով սահմանված պարտականությունների չկատարման համար պատասխանատվության նախատեսմամբ:

Նախագծերի փաթեթով բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում առաջարկվում է՝

- սահմանել եւ տարանջատել պետական կառավարման լիազոր մարմնի, մարզպետների եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները,

- սահմանել բազմաբնակարան շենքի կառուցման մեկնարկից մինչեւ կառավարման մարմնի ձեւավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (հատկապես՝ Շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված ինժեներական ենթակառուցվածքների, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական եւ այլ սարքավորումների տեղադրման տարածքների) տնօրինման առանձնահատկությունները եւ սահմանափակումները,

- նախատեսել նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի մասով սահմանված պարտականությունների չկատարման համար պատասխանատվություն եւ այլն:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

21.12.2023թ.