ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-785-27.02.2024-ՄԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Իրինա Գասպարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-785-27.02.2024-ՄԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել երկրորդ «Հոդված 1.» ձեւակերպումը՝ անհարկի կրկնությունից խուսափելու նպատակով:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 4-րդ մասը, որով սահմանվում է, որ ծննդյան ակտային գրանցման մեջ «Երեխայի ազգությունը գրառվում է`

1) ծնողի (ծնողների) ազգությանը համապատասխան, եթե երեխայի ծնողները ունեն միեւնույն ազգությունը.

2) դիմումում նշված ծնողներից մեկի ազգությամբ, եթե երեխայի ծնողները ունեն տարբեր ազգություն»: 

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքում լրացնել նոր՝ 28.1-ին հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 28.1. Երեխայի ազգության որոշումը

1. Երեխայի ազգությունը որոշվում է ծնողի (ծնողների) ազգությանը համապատասխան, եթե երեխայի ծնողները ունեն միեւնույն ազգությունը:

2. Երբ ծնողները տարբեր ազգություն ունեն, երեխան իր ազգությունը ընտրում է անձը հաստատող փաստաթուղթ կամ անձնագիր ստանալիս՝ հոր կամ մոր ազգություններին համապատասխան:»:

Վերոնշյալի հետ կապված առկա են մի շարք դիտողություններ.

2.1. Նախ՝ նշենք, որ Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, թե ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի ազգության վերաբերյալ ինչ գրառում է կատարվում, մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 28.1-ի հոդվածով սահմանված կարգավորումը ծննդյան ակտային գրանցման հետ որեւէ կապ չունի, հետեւաբար հասկանալի չէ, թե ինչու է այն ներառված «ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» վերտառությամբ 5-րդ գլխում: 

Այսպես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է. «(…) Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը (…)», իսկ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում (…)»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի վերը մեջբերված երկու դրույթներից բխում է, որ գլուխներում չեն կարող ներառվել կարգավորումներ, որոնք իրենց բովանդակությամբ չեն համապատասխանում այդ գլխի վերնագրին: 

Բացի այդ՝ կարծում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 28.1-ի հոդվածով սահմանված կարգավորումը դուրս է ոչ միայն Օրենքի 5-րդ գլխի կարգավորման շրջանակից, այլ նաեւ Օրենքի կարգավորման առարկայից: Այսպես՝ Օրենքի 1-ին հոդվածով սահմանված է. «Սույն օրենքով կարգավորվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարելու, քաղաքացիական կացության ակտային գրանցումներում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, քաղաքացիական կացության ակտային գրանցումները վերականգնելու եւ անվավեր ճանաչելու, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների մասին վկայականները, վկայականների կրկնօրինակները եւ տեղեկանքները տրամադրելու, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները պահպանելու կարգն ու ժամկետները եւ դրանց հետ կապված այլ հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի եւ սպասարկման կենտրոնների իրավասությունները»: Ակնհայտ է, որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ չկապված հարաբերությունները, ինչպիսին է երեխայի ազգության որոշումը, դուրս են օրենքի կարգավորման առարկայից:

2.2. Քննարկվող նորմով սահմանված կարգավորումն ունի հստակեցման կարիք, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում ազգության որոշումը, ինչպես է արտացոլվում եւ որտեղ է գրանցվում: Ինչպես արդեն վերը նշվեց՝ Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով հստակ սահմանված է, որ անձի ազգությունը նշվում է անձի ծննդյան ակտային գրանցման մեջ, մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 28.1-ին հոդվածից հասկանալի չէ, թե վերոնշյալ հոդվածի 1-ին մասում նշված դեպքում երեխայի ազգությունը որոշելուն ինչ է հաջորդում, որտեղ է գրանցվում երեխայի ազգությունը եւ ինչ ժամանակահատվածում: Հետեւաբար առաջարկում ենք այս դիտողության հիման վրա հստակեցնել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 28.1-ին հոդվածի 1-ին մասը:

2.3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 28.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Երբ ծնողները տարբեր ազգություն ունեն, երեխան իր ազգությունը ընտրում է անձը հաստատող փաստաթուղթ կամ անձնագիր ստանալիս՝ հոր կամ մոր ազգություններին համապատասխան»: Այսպես՝ վերոնշյալի համաձայն՝ տարբեր ազգությամբ ծնողներ ունենալու դեպքում երեխայի ազգությունը չի որոշվում ծննդյան պահին, այն որոշվում է երեխայի կողմից՝ անձը հաստատող փաստաթուղթ ստանալիս: Նախ՝ հարկ է անդրադառնալ Կառավարության 1999 թվականի  դեկտեմբերի 22 «Անձը հաստատող փաստաթղթի մասին» 767 որոշմանը, որի 1-ին կետի 1-ին ենթակետին, որի համաձայն՝ անձը հաստատող փաստաթուղթ է համարվում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, վերադարձի վկայականը` միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը կամ ժամանակավոր վկայականը, մինչեւ 16 տարեկան երեխաների համար` անձնագիրը, ծննդյան վկայականը»: Այսպես՝ վերը մեջբերվածից բխում է, որ մինչեւ 16 տարեկանների համար «անձը հաստատող փաստաթուղթ» հասկացությունն իր մեջ ներառում է անձնագիրը եւ ծննդյան վկայականը: Հարկ է նկատել, որ Նախագծով սահմանված չէ, թե կոնկրետ որ տեսակի անձը հաստատող փաստաթուղթ ստանալիս պետք է որոշվի երեխայի ազգությունը, ինչը խնդրահարույց է մի շարք պատճառներով:

2.3.1. Այսպես՝ եթե ծննդյան վկայականը համարվում է մինչեւ 16 տարեկան երեխաների համար անձը հաստատող փաստաթուղթ, ապա Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 28.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումը խնդրահարույց է այն տեսանկյունից, որ երեխան իր ծննդյան պահին ունակ չէ ընտրելու իր ազգությունը: Առաջարկում ենք հստակեցնել, թե կոնկրետ որ անձը հաստատող փաստաթուղթ ստանալիս պետք է երեխան ընտրի իր ազգությունը:

2.3.2. Անձնագրի հետ կապված հարկ է նկատել, որ անձնագիրն արդեն իսկ մտնում է «անձը հաստատող փաստաթուղթ» հասկացության մեջ, հետեւաբար հասկանալի չէ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 28.1-ին հոդվածի 2-րդ մասում կիրառված «անձը հաստատատող փաստաթուղթ կամ անձնագիր» ձեւակերպումը: Առաջարկում ենք «կամ անձնագիր» բառերը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այն «անձը հաստատող փաստաթուղթ» հասկացության մեջ արդեն իսկ ներառված է:

2.3.3. Հարկ է անդրադառնալ նաեւ այն փաստին, որ ազգություն ընտրելու պահ սահմանվում է անձը հաստատատող փաստաթուղթ կամ անձնագիր ստանալու պահը: Հարկ է նկատել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ անձնագիր ստանալու համար երեխայի նվազագույն տարիքային սահմանափակում առկա չէ, հետեւաբար անձնագիր կարող է ստանալ նաեւ նորածին երեխան: Այս դեպքում նորից առաջ է գալիս անձնագիր ստանալու պահին երեխայի՝ ընտրություն կատարելու ունակության բացակայության խնդիրը: Առաջարկում ենք այս դիտարկման հիման վրա խմբագրել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 28.1-ին հոդվածի 2-րդ մասը:

2.3.4. Հատկանշական է նաեւ, որ քննարկվող նորմում «երեխան իր ազգությունը ընտրում է» ձեւակերպումն ունի իմպերատիվ բնույթ, հետեւաբար այս ձեւակերպման կիրառման դեպքում անձնագիր ստանալու պահին երեխայի կողմից ազգության ընտրությունը համարվում է վերջինիս պարտականություն: Միաժամանակ նշենք, որ քննարկվող նորմում երեխայի կողմից իր ազգության ընտրությունը անձնագիր ստանալու պահին կատարելու վերաբերյալ կարգավորումից բխում է, որ ազգության վերաբերյալ նշում պետք է կատարվի անձնագրում: Այս համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ անձնագրում անձի ազգությունը նշելը պարտադիր չէ, այն կատարվում է միայն այդ անձի կամ օրենքով սահմանված դեպքերում նրա օրինական ներկայացուցչի ցանկությամբ: Այսինքն՝ Նախագծով սահմանվող կարգավորման համաձայն՝ անձնագիր ստանալիս ազգությունը ընտրելը նրա պարտականությունն է, մինչդեռ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ ազգությունը անձնագրում նշելը կատարվում է միայն անձի ցանկությամբ: Առաջարկում ենք ապահովել Նախագծով եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

07.03.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

07.03.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է երեխայի ծննդյան ակտային գրանցումից եւ ծննդյան վկայականից հանել ազգությունը նշելու պահանջը: Բացի այդ, առաջարկվում է կատարել լրացում, համաձայն որի երեխայի ազգությունը կորոշվի ծնողի (ծնողների) ազգությանը համապատասխան, եթե երեխայի ծնողներն ունեն միեւնույն ազգությունը: Իսկ եթե ունեն տարբեր ազգություն, ապա երեխան իր ազգությունը կընտրի անձը հաստատող փաստաթուղթ կամ անձնագիր ստանալիս՝ հոր կամ մոր ազգություններին համապատասխան:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

04.03.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Պատգամավոր Իրինա Գասպարյանի կողմից ներկայացվել է  ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, Օրենքը լրացնել նոր՝ 28.1 հոդվածով, համաձայն որի՝ երեխայի ազգությունը որոշվում է ծնողի (ծնողների) ազգությանը համապատասխան, եթե երեխայի ծնողներն ունեն միեւնույն ազգությունը, իսկ եթե ունեն տարբեր ազգություն, ապա երեխան իր ազգությունը ընտրում է անձը հաստատող փաստաթուղթ կամ անձնագիր ստանալիս՝ հոր կամ մոր ազգություններին համապատասխան: Առաջարկվում է նաեւ երեխայի ծննդյան ակտային գրանցումից եւ ծննդյան վկայականից հանել ազգությունը նշելու պահանջը:

Նախագծի հետ կապված, հարկ ենք համարում նշել հետեւյալը.

ՀՀ կառավարության 22.12.1999թ. «Անձը հաստատող փաստաթղթի մասին» թիվ 767 որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթերն են՝ մինչեւ 16 տարեկան երեխաների համար՝ անձնագիրը, ծննդյան վկայականը: Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մինչեւ 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 16 տարին լրացած քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:

Այսպիսով, վերոնշյալից բխում է, որ երեխան մինչեւ 16 տարեկանը չի կարող ինքնուրույն որոշել իր ազգությունը: Իսկ ինչ վերաբերում է 16 տարին լրանալուց հետո անձնագիր ստանալիս իր ազգությունը որոշելու հնարավորությանը, այս դեպքում էլ Նախագծի ընդունմամբ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված ակնկալվող արդյունքը՝ կապված երեխայի ուսուցման լեզվի ընտրության իրավունքի իրացման հետ, դառնում է անիմաստ (ժամանակավրեպ):


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Նախագիծը վերանայման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

18.03.2024թ.