ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Լեւոն Դոխոլյանի, Հայկ Բաբուխանյանի եւ Խոսրով Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-437-04.02.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Սկզբունքորեն ընդունելով ներկայացված նախագծի շրջանակներում արծարծված խնդրի կարգավորման անհրաժեշտությունը՝ հարկ ենք համարում նշել, որ լրացուցիչ քննարկման (հստակեցման) կարիք ունեն կարգավորման առաջարկվող մեխանիզմները:

Մասնավորապես, առաջարկվող նախագիծն ամբողջությամբ չի կարգավորում հղիության 22-րդ շաբաթվանից հետո մահացած պտղի ծնվելու (մեռելածնության) դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման առանձնահատկությունները: Միաժամանակ, համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հաշվի առնելով  նշվածը՝ առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետը, իսկ հղիության 22-րդ շաբաթվանից հետո պերինատալ (շուրջծննդյան) շրջանում պտղի մահվան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման առանձնահատկությունները կարգավորել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապտության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկության ընդունման դեպքում: Միաժամանակ, Հայաստանի Հանրապտության կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնում միանվագ նպաստի նշանակման եւ վճարման առանձնահատկությունների հետ կապված հարցերը քննարկել եւ հստակեցնել նախագծի հեղինակների հետ:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի լրամշակված` Հայաստանի Հանրապետության կառավարության համար ընդունելի տարբերակը եւ կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
 
 

Հարգանքով`   
ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

                                                                                                                        

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
 ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
ի ընդունման դեպքում

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է նշանակել երեխայի ծննդյան միանվագ նպաստ, եթե երեխան ծնվել է մահացած:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման հետ կապված հարաբերություններին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ տանալու իրավունքը վերապահել նաեւ այն ծնողներին, որոնց երեխաները ծնվել են մահացած: Նշված փոփոխությունը ենթադրում է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ Ֆինանսական միջոցների անհրաժեշտություն (ֆինանսական գնահատականը բացակայում է), իսկ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացություն հնարավոր է տալ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 13 նիստի արձանագրության 2-րդ կետով հավանության արժանացած իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումների 337-րդ կետով սահմանված ձեւաչափով տեղեկանքի եւ անհրաժեշտ հաշվարկ-հիմնավորումների, իսկ կոնկրետ թվային գնահատականի անհնարինության դեպքում` նույն ցուցումների 341-րդ կետով սահմանված համապատասխան վերլուծության առկայության պարագայում:

Հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրության համաձայն վճարված նպաստների գումարները «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն համարվում են նվազեցվող եկամուտներ` գտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք: