ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ




Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Թեւան Պողոսյանի, Էլինար Վարդանյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արմեն Ռուստամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Էդմոն Մարուքյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-456-04.03.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Համաձայն նախագծին կից ներկայացված հիմնավորման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում նախատեսվող լրացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածումը: Ուստի, կարեւորում են այն լրատվական միջոցների պատասխանատվության սահմանումը, որոնք տարածում են կեղծ օգտատերերի հրապարակումները եւ մեկնաբանությունները:

Այդ առումով հարկ ենք համարում նշել, որ գործող օրենսդրությունը հստակ կանոնակարգում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածման դեպքում պատասխանատվության հետ կապված հարաբերությունները: Այսպես՝ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն լրատվական գործունեություն իրականացնողի կողմից այդ գործունեության իրականացումն օրենքի պահանջների խախտմամբ առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով հստակ սահմանված են վիրավորանքի կամ զրպարտության համար առաջացող իրավական հետեւանքները, այն է՝ հրապարակային ներողություն խնդրել, սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել եւ այլն: Միաժամանակ, օրենսգրքի նշված հոդվածի 6-րդ մասում սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնց դեպքում անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից: Նշված հիմքերում ներառված է նաեւ տեղեկատվության աղբյուրին (հեղինակին) հղում կատարելը, որը, սակայն, չի սահմանափակվում միայն զուտ տեղեկատվության աղբյուրին հղում կատարելու փաստով, այլ նաեւ անհրաժեշտ է, որ տեղեկատվությունը լինի այդ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունը: Այսինքն, միայն տեղեկատվության աղբյուրին հղում կատարելը բավարար չէ անձին պատասխանատվությունից ազատելու համար: Մինչդեռ, նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 9.1-ին մասի համաձայն տեղեկատվության հեղինակին նույնականացնող տվյալներ ներկայացնելը բավարար է անձին պատասխանատվությունից ազատելու համար: Այդ առումով գտնում ենք, որ լրատվական գործունեություն իրականացնողի համար պետք է բացառվի պատասխանատվության բացառումը միայն նույնականացման կամ տեղեկատվության աղբյուրին բացահայտելու հիմքով, քանի որ լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատու պետք է լինի վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածման համար՝ ելնելով անձանց արժանապատվության եւ բարի համբավի պաշտպանության նկատառումներից: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 43-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, խոսքի ազատության իրավունքի իրականացումը կարող են նաեւ սահմանափակվել այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն, սույն օրենսգրքի իմաստով, վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 2012 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի եւ բովանդակային առումով վերջինիս փոխկապված եւ պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական դրույթների մեկնաբանմանը։ Մասնավորապես, նշվել է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն, սույն օրենսգրքի իմաստով վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է։

Սույն օրենսգրքի իմաստով հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով։

Նշված դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրավորանքը (պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը) կարող է դրսեւորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների միջոցով (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլացիաներ, սիմվոլներ)։ Օրենսդիրն իրավացիորեն չի սահմանափակել միջոցների շարքը, որոնք կարող են կիրառվել վիրավորանքն արտահայտելիս` հնարավորություն տալով իրավակիրառողին, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով, որոշելու` արդյոք տվյալ միջոցի օգտագործմամբ կատարված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք։ Հետեւաբար՝ վիրավորանքը կարող է արտահայտվել ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ, որը ներառված չէ նշված թվարկման մեջ։

Հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսեւորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաեւ հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով կամ որեւէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով։

Ելնելով նշվածից՝ գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածն արդեն իսկ կանոնակարգում է նաեւ սոցիալական ցանցերի միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը տարածելու համար պատասխանատվության ենթարկելու եւ պատասխանատվությունից ազատելու հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ, նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 9.1-ին մասի համաձայն` լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության հեղինակին նույնականացնող տվյալներ: Այսինքն՝ ստացվում է, որ լրատվական գործունեություն իրականացնողն իրավունք ունի տարածելու վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկությունը, եթե նշում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկության աղբյուրը: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկության տարածումը կարող է վնաս պատճառել անձին՝ ոտնձգելով մարդու բարի համբավի կամ արժանապատվության դեմ, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:

Բացի դրանից` անհրաժեշտ է նկատի ունենալ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն արգելվում է այնպիսի տեղեկատվության տարածումը, որը խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը:

Մինչդեռ, նախագծով առաջարկվող կարգավորումների համաձայն, լրատվական գործունեություն իրականացնողին ոչ միայն տրվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկությունը տարածելու (վերարտադրելու) իրավունքը՝ ոտնահարելով անձի բարի համբավն ու արժանապատվությունը, այլեւ լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը տարածելու պատասխանատվությունից: Այդ առումով հարկ ենք համարում նշել, որ լրատվական գործունեություն իրականացնողը, եթե հրապարակում է նշված տեղեկատվությունը, ապա նա կրում է համապարտ պատասխանատվություն, քանի որ տվյալ դեպքում խոսքը գնում է միջնորդավորված վնաս պատճառելու մասին: Այդ առումով լրատվական գործունեություն իրականացնողին պատասխանատվությունից ազատելն ընդունելի չէ եւ չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք նախագծից հանել 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաեւ 2-րդ մասով առաջարկվող 9.1-ին լրացումը:

2. Նախագծում առկա են խմբագրման կարիք ունեցող դրույթներ: Այսպես՝ նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենսգրքի 1087.1-ին հոդվածի՝

1) առաջարկվող 9.2-րդ մասում`

ա. «մեկնաբանություն» եզրույթն առաջարկում ենք փոփոխել (օրինակ՝ երրորդ անձանց կողմից կատարված հրապարակում կամ համարժեք այլ եզրույթ), քանի որ «մեկնաբանություն» եզրույթը կարող է նաեւ ընկալվել որպես լրագրողական ժանր, ինչի արդյունքում կարող է առաջ բերել մի շարք խնդիրներ,

բ. պարզ չէ, թե մեկնաբանությունը հեռացնելու պահանջը, ինչ կարգով է (գրավոր դիմումով, բանավոր թե՞ տվյալ դեպքում բավարար է կայքում միայն տեղեկատվությունը հեռացնելու վերաբերյալ ինչ-որ գրառում թողնելը) ներկայացվելու լրատվական գործունեություն իրականացնող անձին եւ թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ, երբ «մեկնաբանությունները» հեռացնելու պահանջը ներկայացնելուց հետո ջնջվում են կայքից, սակայն որոշ ժամանակ հետո կրկին տեղադրվում այնտեղ:

Միաժամանակ գտնում ենք, որ նշված կետում խոսքը պետք է գնա ոչ թե զրպարտություն կամ վիրավորանք պարունակող մեկնաբանության, այլ զրպարտություն կամ վիրավորանք պարունակող՝ երրորդ անձանց հայտարարությունների վերաբերյալ: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի N ՍԴՈ-997 որոշման եւ Եվրոպական դատարանի առաջադրած այն պահանջը, որի համաձայն հստակ տարբերակում պետք է կատարել փաստական տվյալների եւ գնահատողական դատողությունների միջեւ: Ընդ որում, «Չի կարող նյութական փոխհատուցում սահմանվել գնահատողական կարծիքների համար»: Հետեւաբար՝ նախագծի հիշյալ կետում նշված «մեկնաբանությունը» բառն անհրաժեշտ է փոխարինել «հայտարարությունը» բառով.

2) 9.6-րդ մասում անհրաժեշտ է հղում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերին՝ խուսափելով անհարկի կրկնություններից:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարեւորելով եւ ողջունելով խնդրի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը, ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանը:

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները հաստատելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է սահմանել պատասխանատվություն այն լրատվական միջոցների հանդեպ, որոնք տարածում են վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվություն եւ այդ տեղեկատվության հեղինակը հայտնի չէ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:



ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի թե ընդունումը, եւ թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցություն չի թողնում, Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի փոփոխմանը չի հանգեցնում: