ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-580-28.08.2014-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է`

1) տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների համար որպես ակցիզային հարկով հարկման բազա սահմանել միայն ենթաակցիզային ապրանքի արժեքը.

2) նվազեցնել տեղական արտադրության խաղողի հումքից արտադրվող ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ բարձրացնելով տեղական արտադրության էթիլային սպիրտի համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ նշված առաջարկությունների ընդունման արդյունքում կնվազեն խաղողի հումքից ստացված տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների գները, ինչն էլ կնպաստի խաղողի արտադրության ծավալների աճին:

Այդ կապակցությամբ, հայտնում ենք, որ`

1. Գինիների համար ակցիզային հարկի դրույքաչափերը 2002 թվականից չեն փոփոխվել, մինչդեռ գինիների շուկայական գներն անցած տասը տարվա ընթացքում էականորեն բարձրացել են: Գտնում ենք նաեւ, որ ակցիզային հարկի դրույքաչափերի նվազեցումը չի կարող էականորեն փոխել ենթաակցիզային ապրանքների գները, եւ հետեւաբար չի ավելացնի խաղողի հումքից տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների իրացման եւ խաղողի արտադրության ծավալները, քանի որ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաղողի հումքից արտադրված ալկոհոլային խմիչքների ?օրինակ՝ գինիների? հիմնական մասի շուկայական գնի մեջ ակցիզային հարկի մասնաբաժինը չափազանց փոքր է: Մասնավորապես, գինիների համար ներկայումս ակցիզային հարկի դրույքաչափը սահմանված է 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ, ինչը նշանակում է, որ ակցիզային հարկն ապրանքի շուկայական գնի մեջ կազմում է առավելագույնը 5 տոկոս: Այսինքն, նախագծով առաջարկվող ակցիզային հարկի դրույքաչափերի իջեցման արդյունքում գինիների շուկայական գները, մեկ շիշ գինու հաշվարկով, կնվազեն առավելագույնը 15 դրամով, ինչն էական խթան չի կարող հանդիսանալ գինու սպառումը խթանելու համար:

2. Տեղական արտադրության ոգելից խմիչքների համար որպես ակցիզային հարկով հարկման բազա միայն ենթաակցիզային ապրանքի արժեքը սահմանելն անհնարին կդարձնի ակցիզային հարկով հարկվող օբյեկտների նկատմամբ հարկային մարմնի կողմից իրականացվող հարկային վարչարարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթաակցիզային ապրանքի բացթողման գնի մեջ ներառվում են ապրանքի գինը ձեւավորող բազմաթիվ տարրեր, օրինակ՝ ապրանքային նշան, շշի արժեք, ձեռք բերված լիցենզիաների համար կատարված ծախսեր, ամորտիզացիոն մասհանումներ եւ այլ նյութական ու ոչ նյութական ծախսեր: Արտադրանքի գնի վրա ազդող նշված գործոնների տարանջատումը գործնականում անհնար է, ինչը նշանակում է, որ անհնար կլինի նաեւ ենթաակցիզային ապրանքի արժեքի, հետեւաբար նաեւ դրա համար հաշվարկվող ակցիզային հարկի գումարի ճիշտ հաշվարկումը: Սա է նաեւ այն հիմնական պատճառներից մեկը, որ միայն ենթաակցիզային ապրանքների արժեքի հիման վրա ակցիզային հարկի հաշվարկման մոտեցումները կիրառվում են այն երկրներում, որտեղ ենթաակցիզային ապրանքները հարկվում են բացառապես հաստատագրված դրույքաչափերով` կախված ապրանքի ֆիզիկական ծավալներից: Հայաստանի Հանրապետությունում միայն ֆիզիկական ծավալից կախված ակցիզային հարկի հաստատագրված դրույքաչափերի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բարձրարժեք ենթաակցիզային ապրանքների գծով հարկային բեռն էականորեն կնվազի տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների համեմատությամբ, ինչը կարող է վնասել համանման ապրանքների տեղական արտադրությանը:

3. Նախագծով առաջարկվում է ակցիզային հարկը կիրառել տեղական արտադրության ապրանքի միայն բուն խմիչքի նկատմամբ, մինչդեռ, ներմուծված ապրանքի դեպքում փոփոխություն չի կատարվում, ինչը գինիների եւ խմորման ենթարկված այլ ըմպելիքների դեպքում կհանգեցնի տեղական արտադրության ապրանքի համեմատությամբ ավելի բարձր ակցիզային հարկի գանձման: Վերջինս կհանդիսանա ներմուծված ապրանքի նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսեւորում եւ կարող է դիտվել որպես տեղական արտադրության ապրանքի հովանավորչության միջոց: Հետեւաբար, նախագիծը հակասում է ԱՀԿ-ի Մաքսերի եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի (ՄԱԳՀ) 3-րդ հոդվածով (Ազգային մոտեցում ներքին հարկման ու կանոնակարգումների մասով) Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորություններին:

Միաժամանակ, նշված ոլորտում ԵՄ, ԱՊՀ եւ մի շարք այլ երկրներում ակցիզային հարկի մասով գործող օրենսդրությանը համաձայն` ոգելից խմիչքների հանդեպ ակցիզային հարկի հարկման բազա է հանդիսանում խմիչքի ֆիզիկական ծավալը (100 տոկոս սպիրտի հաշվարկով) եւ այն կապված չի արտադրանքի իրացման գնից: Օրինակ` ԵՄ-ի մի շարք զարգացած երկրներում գինին ակցիզային հարկով չի հարկվում (Գերմանիա, Ավստրիա, Բուլղարիա, Կիպրոս), Ֆրանսիայում գինու հանդեպ ակցիզային հարկի դրույքաչափը կազմում է 3.6 եվրո/hլ, Մեծ Բրիտանիայում` 280.63 եվրո/hլ, Ֆինլանդիայում` 312 եվրո/hլ, Իռլանդիայում` 262.24 եվրո/hլ: Գինու հանդեպ ակցիզային հարկ չկիրառող կամ ցածր հարկ կիրառող երկրները հիմնականում այն երկրներն են, որոնք ունեն խաղողագործության զարգացման ուղղություն, իսկ բարձր ակցիզային հարկի դրույքաչափ կիրառող երկրները` գինի ներմուծող են:

Ելնելով շարադրվածից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արժույթի միջազգային հիմնադրամի Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի առաջին ստուգման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության մտադրությունների նախագծում ամրագրված է նաեւ ոգելից խմիչքների համար 2015 թվականից ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հարցը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի հեղինակին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից եւ համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ համատեղ, նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքներում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` Նախագծով ակցիզային հարկ է սահմանվում ալկոհոլային խմիչքի բուն խմիչքի հանդեպ, ինչպես նաեւ Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել մի շարք ակցիզային հարկի դրույքաչափերում:

Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են ալկոհոլային խմիչքների շուկայի հետ: Նախագծի ընդունմամբ նշված շուկայում տարբերակցված մոտեցում կառաջանա ներքին արտադրողների եւ ներմուծող ընկերությունների միջեւ, ինչը հակասում է ԱՀԿ Մաքսերի եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի (ՄԱԳՀ) Հոդված 3-ով (Ազգային մոտեցում ներքին հարկման ու կանոնակարգումների մասով) Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին` առաջացնելով մատակարարների միմյանց հետ մրցելու հնարավորության սահմանափակում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա բացասական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների նկատմամբ կիրառվող ակցիզային հարկի հարկման բազայի եւ դրույքաչափերի հստակեցմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում։


Եզրակացություն

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է իջեցնել ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00 390, 2206 00 590, 2206 00 890 ծածկագրերով գինու արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափը, ինչպես նաեւ բարձրացնել ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրով էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափը: Միաժամանակ առաջարկվում է ակցիզային հարկը հաշվարկել ոչ թե բացթողման գնի, այլ միայն տվյալ արտադրանքի արժեքի նկատմամբ:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ

1. ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00 390, 2206 00 590, 2206 00 890 ծածկագրերով գինու արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափի իջեցումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կթողնի բացասական ազդեցություն: Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաղողի հումքից արտադրված գինու արտադրանքի հիմնական մասի շուկայական գնի մեջ ակցիզային հարկի մասնաբաժինը չափազանց փոքր է, հետեւաբար ակցիզային հարկի դրույքաչափերի նվազեցման նախագծով ներկայացված առաջարկությունը չի կարող էականորեն փոփոխել ենթաակցիզային ապրանքների գները եւ ավելացնել խաղողի հումքից տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների իրացման ծավալները: Հաշվի առնելով, որ դրույքաչափերի իջեցման արդյունքում սպառման ծավալներն էականորեն չեն փոխվի, կարելի է եզրակացնել, որ դրույքաչափի 20 տոկոս իջեցումը կհանգեցնի նշված արտադրատեսակների գծով ակցիզային հարկի մուտքերի 20 տոկոս նվազմանը:

2. ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրով էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափերի ավելացումը մեր կարծիքով ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կթողնի չեզոք ազդեցություն: Հաշվի առնելով վերջին երեք տարիների ընթացքում նշված արտադրատեսակի սպառման ծավալների կրճատման միտումը, մեր գնահատականներով դրույքաչափի առաջարկվող բարձրացումը կհանգեցնի սպառման ծավալների կրճատման առավել բարձր տեմպի, ինչն ակցիզային հարկի մուտքերի վրա կթողնի բացասական ազդեցություն: Այդ բացասական ազդեցությունը մեր կարծիքով կփոխհատուցվի դրույքաչափի բարձրացման հետեւանքով լրացուցիչ հաշվարկվող ակցիային հարկի մուտքերի հաշվին, որի արդյունքում դրույքաչափի առաջարկվող բարձրացումից ակցիզային հարկի եկամուտների լրացուցիչ աճ դժվար է կանխատեսել:

3. Ակցիզային հարկը միայն տվյալ արտադրանքի (համապատասխանաբար գինու եւ էթիլային սպիրտի արտադրտեսակի) արժեքի նկատմամբ հաշվարկելը կհանգեցնի հարկման բազայի նվազմանը, որը բացասական ազդեցություն կթողնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա, սակայն նշված ազդեցության հստակ չափը հնարավոր չէ գնահատել՝ արտադրանքի ինքնարժեքի ձեւավորման տարրերի հստակ տարանջատման եւ տեղեկատվության բացակայության պատճառով:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա ընդհանուր առմամբ կթողնի բացասական ազդեցություն:

Միաժամանակ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: