ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան




Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-633-09.10.2014-ՊԻ-010/0 եւ Պ-6331 -09.10.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ:

I. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածի անհրաժեշտությունն առկա չէ, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 357-րդ հոդվածն արդեն իսկ սահմանում է, որ դատարանները դատավճիռները կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության:

2. 4-րդ հոդվածում անհրաժեշտ է՝

1) «կանչված այլ անձանց» բառերից առաջ լրացնել «վճռաբեկ դատարանի նիստին բացատրություններ տալու համար» բառերը, քանի որ խոսքը բացատրությունների համար կանչված անձանց մասին է.

2) հստակեցնել, թե ինչով է պայմանավորված նիստում վճռաբեկ դատարանի որոշման միայն եզրափակիչ մասի հրապարակումը, քանի որ թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության, թե՛ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերում նախատեսված է, որ նիստում հրապարակվում է վճռաբեկ դատարանի որոշումը: Ուստի միասնական մոտեցում ապահովելու նպատակով գտնում ենք, որ անհրաժեշտ է «եզրափակիչ մասը» բառերը փոխարինել «որոշումը» բառով:

3. Օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Այսպես`

1) 1-ին հոդվածում անհրաժեշտ է «01» թիվը փոխարինել «1» թվով.

2) 3-րդ հոդվածից անհրաժեշտ է հանել «հետեւյալ» բառը` համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջների:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներին.

3) 5-րդ հոդվածում անհրաժեշտ է «4141 » եւ «4142 » թվերը փոխարինել «414.1» եւ «414.3» թվերով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի պահանջները:

II. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծին կից ներկայացված հիմնավորումում շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-20-րդ հոդվածների պահանջներին: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով չի սահմանափակվում անձի իրավունքը դիմելու վճռաբեկ դատարան, այլ միայն ամրագրվում է անձի սահմանադրական իրավունքն իրականացնելու արդյունավետ եղանակը:

Նախագծի հիմնավորումում անդրադարձ է կատարվել նաեւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվեցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածին: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու ինստիտուտի` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված պահանջների համապատասխանության հարցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննարկման առարկա է դարձել հիմնականում Լեհաստանի Հանրապետության դեմ բերված բողոքներով: Վերջինիս ներպետական օրենսդրությամբ սահմանվում է վճռաբեկ դատարանի կողմից բողոքի մերժման հնարավորությունը, եթե այն ներկայացված չէ փաստաբանի կամ իրավախորհրդատուի միջոցով:

Այսպես, դատարանը Staroszczyk v. Poland գործով կայացրած վճռում ամրագրել է, որ վճռաբեկ դատարանում դիմողի շահերը որակավորում ունեցող փաստաբանի կողմից ներկայացնելու պահանջը չի կարող ինքնին համարվել 6-րդ հոդվածին հակասող (Տես, Staroszczyk v. Poland, 2007թ. մարտի 22-ի վճիռ, թիվ 59519/00, պարբերություն 128 ): Մասնավորապես, այդ գործում համաձայն լեհական օրենսդրության` դատավարության կողմը երկրորդ ատյանի դատարանի վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելիս պետք է օգտվի փաստաբանի կամ իրավախորհրդատուի ծառայություններից: Եթե բողոքը բերվում է առանց իրավաբանական ներկայացուցչության, ապա այդ հանգամանքը կարող է դատարանի կողմից բողոքը մերժելու հիմք հանդիսանալ: Դատարանն այդ գործում նշել է, որ այս դրույթն ինքնին (per se) չի կարող դիտարկել որպես կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները հակասող (վերոնշյալ Staroszczyk v. Poland, պարբերություն 130; Sialkowska v. Poland, թիվ 8932/05, պարբերություն 108; Bakowska v. Poland, թիվ 33539/02, պարբերություն 45): Ավելին, դատարանն այդ գործում համաձայնել է Լեհաստանի բարձրագույն դատարանի այն վերլուծության հետ, որի համաձայն այդպիսի ընթացակարգ սահմանելն արդարացված է ավելի գրագետ եւ հաջողության հեռանկար ունեցող բողոքներ ներկայացնելու անհրաժեշտությամբ (Staroszczyk v. Poland, 2007թ. մարտի 22-ի վճիռ, թիվ 59519/00, պարբերություն 134):

Չհամաձայնվելով նախագծի հիմնավորումների հետ, այդուհանդերձ, ընդունելի ենք համարում ներկայացված առաջարկությունը, քանի որ՝

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշման համաձայն փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու ինստիտուտը, որպես այլընտրանքային տարբերակ, իրավաչափ կարող է համարվել միայն այն դեպքում, երբ օրենսդրությունը փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորությունը երաշխավորի յուրաքանչյուրի համար` անկախ տվյալ անձի ֆինանսական հնարավորություններից: Սակայն հիշյալ ինստիտուտի կիրառումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար կառաջացնի լրացուցիչ ֆինանսական բեռ:

Այս առումով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից համապատասխան ուսումնասիրություններ են կատարվել, որոնց համաձայն պալատին հատկացված հանրային պաշտպանների միջոցով օբյեկտիվորեն հնարավոր չէ ապահովել բոլոր անապահով անձանց վճռաբեկ բողոք կազմելու իրավաբանական օգնությամբ, քանի որ այդ հոսքը հիմնականում արհեստածին է եւ ուղղված է բացառապես փաստաբանի կողմից վճռաբեկ բողոքը ստորագրելուն, այլ ոչ թե իրավաբանական օգնություն տրամադրելուն:

Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայումս առկա է օրենսգրքում կատարված փոփոխությունների դրական արդյունքը, քանի որ հստակ սահմանվել են վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջները:

Այսպիսով, չհամաձայնելով նախագծի հիմնավորումների հետ, այդուհանդերձ, հաշվի առնելով ներկայացված առաջարկության սոցիալական ուղղվածությունը, ընդունելի ենք համարում ներկայացված նախագծերի ընդունումը: Դեռ ավելին, միասնական մոտեցում ամրագրելու նպատակով առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Օրենքների նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:


ՀԱՐԳԱՆՔՈՎ`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հստակեցվում են վճռաբեկ բողոքը ստորագրելու իրավասու անձիք, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է ամրագրել քրեական եւ վարչական գործերով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից իրենց անունից անձամբ վճռաբեկ բողոք բերելու հնարավորությունը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:


Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի (այսուհետ` նախագծեր) լրամշակված տարբերակի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծերի փաթեթով առաջարկվում է`

1. սահմանել, որ քրեական եւ վարչական դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել նաեւ ինքնուրույն՝ առանց փաստաբանի մասնակցության,

2. սահմանել վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն: