ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-790-18.05.2015-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ`

1) առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացված եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից Գյումրի քաղաքի վարչական սահմաններում 50 տոկոսի չափով, իսկ Շիրակի մարզի այլ համայնքների վարչական սահմաններում` ամբողջությամբ.

2) Գյումրի քաղաքում եւ Շիրակի մարզի այլ համայնքների վարչական սահմաններում առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեություն իրականացնող եւ շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից.

3) Շիրակի մարզի համայնքների վարչական սահմաններում տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ենթաակցիզային ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`

ա. իրացումից ստացված եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից ամբողջությամբ, իսկ Գյումրի քաղաքում` 50 տոկոսի չափով,

բ. օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից ամբողջությամբ, իսկ Գյումրի քաղաքում՝ 50 տոկոսի չափով,

գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից ամբողջությամբ, իսկ Գյումրի քաղաքում 50 տոկոսի չափով.

4) Շիրակի մարզում իրականացվող՝ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունն ամբողջությամբ ազատվում է արտոնագրային վճարից, իսկ այդ գործունեությունն իրականացնող անհատ ձեռնարկատերերը՝ ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից, իսկ Գյումրի քաղաքում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի եկամտային հարկը հաշվարկվում է 50 տոկոսի չափով.

5) կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են Գյումրի քաղաքում եւ Շիրակի մարզի այլ համայնքների վարչական սահմաններում իրականացվող գործունեության մասով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից՝ բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների եւ դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի:

Առաջարկվում է սահմանել նաեւ, որ`

1) Գյումրի քաղաքում 40 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 100 մլն դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 18 ամիս ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից.

2) Գյումրի քաղաքում 80 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 200 մլն դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 2 տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից.

3) Գյումրի քաղաքում 100 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 400 մլն դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 3 տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից.

 4) Գյումրի քաղաքում 150 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 1 մլրդ դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 4 տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից:

Միաժամանակ առաջարկվում է Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը հինգ տարի ժամկետով սահմանել ազատ տնտեսական գոտի:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նշված առաջարկությունների ներկայացումը պայմանավորված է աղետի գոտում՝ մասնավորապես Գյումրի քաղաքում, ներդրումների ծավալի աճն խթանելու անհրաժեշտությամբ:

Այդ կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ողջունելի է համարում ներդրումային միջավայրի բարելավմանը եւ համայնքներում գործարար ակտիվության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները: Այդ մասին է վկայում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումները պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված եւ հասցեական, որպեսզի դրանց արդյունքում ակնկալվող արդյունքները գերազանցեն պետության կողմից կրած կորուստները:

Միաժամանակ գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրի գրավչության պակասը բացառապես հարկային գործոնով պայմանավորելը հիմնավոր չէ, քանի որ Հայաստանի Հանրապետության հարկային համակարգը ?հարկի դրույքաչափերը, հարկային հաշվառման եւ հարկային վարչարարության իրականացման ընթացակարգերը եւ այլն? ներդրումների իրականացմանը նպաստելու առումով չի զիջում տարածաշրջանի այլ երկրների հարկային համակարգերին: Այդ մասին է վկայում այն, որ օրենքի նախագծով առաջարկվող արտոնությունների բացակայության պայմաններում անգամ բազմաթիվ են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հաջողությամբ իրականացված եւ իրականացվող ներդրումային ծրագրերը:

Ներդրումների ծավալի աճին ուղղված միջոցառումները պետք է ունենան համակարգային բնույթ եւ ուղղված լինեն առկա բոլոր խոչընդոտների վերացմանը: Այլապես ներդրումների ծավալի աճին նպաստելու համար այս կամ այն տարածաշրջանի համար բացառապես հարկային արտոնությունների նախատեսումը հանգեցնելու է միայն պետական բյուջեի եկամուտների կորուստների՝ առանց այդ տարածաշրջաններում նոր ներդրումների իրականացման: Այս առումով սահմանամերձ գյուղական համայնքների համար սահմանված արտոնությունները հիմնավորված էին, քանի որ նման արտոնությունների սահմանումը հիմնավորվում էր նախեւառաջ այն հանգամանքով, որ նշված համայնքների բնակիչները գտնվում են կյանքին ու գույքին սպառնացող մշտական վտանգի ներքո, եւ արտոնությունների տրամադրումը նպաստում է նաեւ երկրի անվտանգությանը:

2. Ներդրումների ներգրավման խնդիրն այսօր արդիական է ամբողջ հանրապետության մակարդակով: Այս առումով անհասկանալի է նման խտրական մոտեցումների ամրագրման տրամաբանությունը, քանի որ հիմնավորված չի կարող համարվել ներդրումների խթանման ուղղությամբ պետության կողմից միայն տեղային միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, անհասկանալի է, թե ինչու է արտոնությունները նախատեսվում միայն Շիրակի մարզի կամ Գյումրի քաղաքի համար, երբ ներդրումների ներգրավման խնդիրներ ունեն նաեւ, օրինակ՝ Լոռու մարզը կամ Վայոց ձորի մարզը: Առավել եւս, երբ Լոռու մարզը նույնպես համարվում է երկրաշարժից տուժած բնակավայրեր ունեցող մարզ:

Հետեւաբար, գտնում ենք, որ ներդրումային միջավայրի խթանման նպատակով պետության կողմից իրականացվող միջոցառումները պետք է համալիր եւ համակարգված բնույթ ունենան: Այս առումով ներկայացված օրենքի նախագծով առաջարկվող՝ հարկման բազայի կրճատմանն ուղղված աննախադեպ ընդգրկման ծավալներ ունեցող հարկային արտոնությունների սահմանման առաջարկություններն ընդունելի չեն, քանի որ դրանք միակողմանի բնույթ են կրում եւ ուղղված են միայն հարկային արտոնությունների սահմանմանը:

Հարկ է նկատել, որ օրենքի նախագիծը մի մասով ամբողջությամբ վերարտադրում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնությունները, իսկ մյուս մասով նախատեսում է լրացուցիչ՝ առավել ընդլայնված հարկային արտոնություններ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեության համար: Ասվածը նշանակում է, որ օրենքի նախագծով առաջարկվող արտոնությունները մրցակցության մեջ են մտնելու սահմանամերձ գյուղերի համար սահմանված արտոնությունների հետ եւ անխուսափելիորեն ձախողելու են այդ օրենքի առջեւ դրված հիմնական խնդիրները, քանի որ ակնհայտ է, որ օրենքի նախագծով առաջարկվող արտոնությունների սահմանման դեպքում ներդրում կատարելու ցանկություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները ներդրումներ կկատերեն Շիրակի մարզի համայնքներում: Արդյունքում չեն իրականացվի «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առջեւ դրված այնպիսի նպատակները, ինչպիսիք են՝ սահմանամերձ գյուղական համայնքների տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացումը, այդ համայնքներում բնակվող քաղաքացիների համար աշխատատեղերի ստեղծումը, եկամուտների ապահովումը եւ այլն:

3. Հարկ ենք համարում ընդգծել, որ նախագծի ընդունումը լուրջ խնդիրներ է ստեղծելու նաեւ տարածքային համաչափ զարգացվածության ապահովման տեսանկյունից, քանի որ նախագծով ներկայացված արտոնությունների սահմանման արդյունքում Շիրակի մարզին հարակից մարզերում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, արտոնություններից օգտվելու նպատակով, իրենց գործունեությունը կտեղափոխեն Շիրակի մարզ, ինչի արդյունքում կստացվի այնպես, որ մեկ մարզում նոր աշխատատեղերի ստեղծումը կամ նոր ներդրումների ներգրավումը իրականացվում է այլ մարզերում արդեն իսկ ստեղծված աշխատատեղերի կամ այլ մարզերում իրականացվելիք ներդրումների հաշվին:

4. Հարկ է նկատի ունենալ, որ, առհասարակ, ցանկացած հարկային արտոնության սահմանման առաջարկություն պետք է դիտարկել պետական բյուջեի եկամուտների վրա դրա ազդեցության գնահատման տեսանկյունից, քանի որ այդ գնահատականները հնարավորություն կտան լիարժեքորեն գնահատել, թե արտոնությունների սահմանման արդյունքում պետությունն ինչ ձեռքբերումներ կամ կորուստներ է ունենալու: Այս առումով ներկայացված օրենքի նախագիծը պետական բյուջեի եկամուտների հնարավոր կորուստների տեսանկյունից բավարար հիմնավորված չէ:

5. Ինչ վերաբերում է ներդրումների աճը խթանելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված դրույթներին, ապա հարկ ենք համարում ընդգծել, որ գործող հարկային օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված են մի շարք արտոնություններ ներդրումների աճը խթանելու համար: Մասնավորապես՝

1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ներդրումային նշանակություն ունեցող ապրանքների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար Հայաստանի Հանրապետության սահմանին հաշվարկվող ԱԱՀ-ի գումարները հետաձգվում են մինչեւ 3 տարի ժամկետով: Հարկ է նկատել նաեւ, որ 2014 թվականի տարեվերջին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ վերացվել է նշված արտոնությունից օգտվելու համար սահմանված՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների արժեքային շեմը, ինչի արդյունքում ներդրումային ծրագիր իրականացնող տնտեսվարող սուբյեկտները կարող են առանց սահմանափակման օգտվել նշյալ արտոնությունից,

2) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտի գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով:

Միաժամանակ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերին եկամտային հարկի վճարումից ազատելը խախտում է նրանց պետական կենսաթոշակային ապահովությունից օգտվելու իրավունքը՝ հաշվի առնելով այն, որ եկամտային հարկ վճարելու հանգամանքով է պայմանավորված անհատ ձեռնարկատերերի աշխատանքային ստաժի հաշվարկումը:

Անհասկանալի է նաեւ, թե «Շիրակ» օդանավակայանի տարածքն ազատ տնտեսական գոտի սահմանելու առաջարկությունն ինչպես կարող է նպաստել «Շիրակ» օդանավակայանով չվերթների քանակի աճին:

Ելնելով շարադրվածից՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների  նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ   ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումն առողջապահության բնագավառի վրա կունենա դրական  ազդեցություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվում է Շիրակի մարզի համայնքներում իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտոնագրային վճարով հարկման ենթակա գործունեությունը ազատել արտոնագրային վճարից, իսկ Գյումրի քաղաքում 50 տոկոսի չափ նվազեցնել նշված գործունեության համար գանձվող արտոնագրային վճարի չափը, ապա հայտնում եմ, որ նշված կարգավորումը դրական ազդեցություն կունենա առողջապահության բնագավառի վրա՝ քանի որ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հավելվածով որպես արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակ նախատեսված են նաեւ ստոմատոլոգիական եւ ատամնատեխնիկական բժշկական օգնության եւ սպասարկման տեսակները: Ուստի բժշկական օգնության եւ սպասարկման նշված տեսակները արտոնագրային վճարից ազատելը կամ 50 տոկոսի չափով նվազեցնելը կհանգեցնի Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում ստոմատոլոգիական եւ ատամնատեխնիկական բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատչելիության եւ հասանելիության, նշված ծառայությունները մատուցողների գործունեության զարգացման եւ ընդլայնման: 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագծեր)  նախատեսվում աղետի գոտի համարվող Շիրակի մարզի բոլոր համայնքներում եւ Գյումրի քաղաքում, առեւտրատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար սահմանել որոշակի հարկային արտոնություններ, ինչպես նաեւ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը 5 տարի ժամկետով սահմանել ազատ տնտեսական գոտի:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են առեւտրատնտեսական գործունեության շրջանակներում գործող մի շարք շուկաների հետ:

Նախագծի ընդունման պարագայում կստեղծվեն հարկային բարենպաստ եւ արտոնյալ պայմաններ Շիրակի մարզի համայնքների եւ Գյումրի քաղաքի տնտեսվարող սուբյեկտների համար, սակայն միեւնույն ժամանակ անհավասար մրցակցային պայմաններ կձեւավորվեն Շիրակի մարզի համայնքներում եւ այլ ՀՀ մարզերում առեւտրատնտեսական գործունեություն իրականացնող անձանց միջեւ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ընդհանուր առմամբ առավելապես բացասական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է Շիրակի մարզի համայնքներում մանրածախ առեւտրի, արտադրական, ինչպես նաեւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեությունն ամբողջությամբ, իսկ Գյումրի քաղաքում` 50 տոկոսով ազատել հարկերից:

Միաժամանակ, նախատեսվում է կոնկրետ չափանիշերի բավարարելու դեպքում որոշակի ժամկետով Գյումրի քաղաքում իրականացվող ներդրումներն ազատել շահութահարկից եւ եկամտահարկից, ինչպես նաեւ «Շիրակ» օդանավակայանը 5 տարի ժամկետով սահմանել ազատ տնտեսական գոտի:

 Նախագծով ներկայացված հարկային բեռի թեթեւացման գաղափարն, ընդհանուր առմամբ, գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարող է ունենալ դրական ազդեցություն, եթե ուղեկցվի համակարգային լուծումներով եւ տնտեսական զարգացման համարժեք գործիքակազմի ներդրմամբ: Մասնավորապես, նպատակահարմար է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքը վերանայել ոչ միայն Շիրակի մարզի, այլ նաեւ տնտեսական զարգացման առումով Երեւանին էապես զիջող մյուս բոլոր մարզերի համար:

Հարկման նպատակով որեւէ տարածաշրջանի առանձնացումն, ինքնըստինքյան, կարող է խնդիրներ առաջացնել հավասար մրցակցային պայմաններ ապահովելու տեսանկյունից. Շիրակի մարզի վարչական սահմաններից դուրս ցանկացած այլ համայնքում գործող տնտեսավարող հայտնվելու է անհավասար մրցակցային պայմաններում` գործելով տնտեսական նույն կամ համանման միջավայրում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ`

1) առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացված եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից Գյումրի քաղաքի վարչական սահմաններում` 50 տոկոսի չափով, իսկ Շիրակի մարզի այլ համայնքների վարչական սահմաններում` ամբողջությամբ,

2) Գյումրի քաղաքում եւ Շիրակի մարզի այլ համայնքների վարչական սահմաններում առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեություն իրականացնող եւ շրջանառության հարկ վճարող համարվող` անհատ ձեռնարկատերերը ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից,

3) Շիրակի մարզի համայնքների վարչական սահմաններում տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ենթաակցիզային ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`

ա. իրացումից ստացված եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից ամբողջությամբ, իսկ Գյումրի քաղաքում` 50 տոկոսի չափով,

բ. օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից ամբողջությամբ, իսկ Գյումրի քաղաքում՝ 50 տոկոսի չափով,

գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից ամբողջությամբ, իսկ Գյումրի քաղաքում 50 տոկոսի չափով,

4) Շիրակի մարզում իրականացվող՝ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեությունը ամբողջությամբ ազատվում է արտոնագրային վճարից, իսկ այդ գործունեությունն իրականացնող անհատ ձեռնարկատերերը՝ ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից, իսկ Գյումրի քաղաքում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի եկամտային հարկը հաշվարկվում է 50 տոկոսի չափով,

5) կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են Գյումրի քաղաքում եւ Շիրակի մարզի այլ համայնքների վարչական սահմաններում իրականացվող գործունեության մասով ՀՀ օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից եւ դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի:

Առաջարկվում է սահմանել նաեւ, որ`

1) Գյումրի քաղաքում 40 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 100 մլն. դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 18 ամիս ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից,

2) Գյումրի քաղաքում 80 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 400 մլն. դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 2 տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից,

3) Գյումրի քաղաքում 100 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 400 մլն. դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 3 տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից,

4) Գյումրի քաղաքում 150 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 1 մլրդ. դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 4 տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից:

Միաժամանակ, առաջարկվում է Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը հինգ տարի ժամկետով սահմանել ազատ տնտեսական գոտի:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

Միաժամանակ նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: