ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
                   պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
 

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Լեւոն Դոխոլյանի եւ Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-855-18.09.2015-ՊԱ-010/0) վերաբերյալ:

 Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային երթեւեկության նվազ վտանգավորություն ունեցող խախտումների համար սահմանված տուգանքների չափի նվազեցման հանգամանքով՝ նկատի ունենալով ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը:

 Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մարտի 27-ի N 303-Ա որոշմամբ ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ներկայացված նախագծով փոփոխվող հոդվածները 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-78-Ն օրենքով ընդունվել են նոր խմբագրությամբ: Հարկ է նշել, որ աշխատանքային խմբի կողմից հիշյալ փոփոխությունները նախապատրաստելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը, հաշվի են առնվել նաեւ վիճակագրական տվյալները, սահմանվել են հստակ չափանիշներ, որոնց առկայությունը հնարավորություն է տվել առավել մանրամասն կարգավորել տվյալ բնագավառի իրավահարաբերությունները, մինչդեռ ներկայացված նախագծի հիմնավորման մեջ բացակայում են վիճակագրական տվյալները, համապատասխան վերլուծությունները եւ այլն: Այդ առումով նախագծում պատշաճ հիմնավորված չէ տուգանքների չափերի նվազեցման անհրաժեշտությունը:

Նախագծի հեղինակների կողմից հաշվի է առնվել միայն տուգանքների գումարային չափի ու նվազագույն աշխատավարձի միջեւ կապը: Վարչական տուգանքների գործող չափերը, սակայն, սահմանված են վարչական պատասխանատվության կանխարգելիչ, դաստիարակչական, պատժիչ գործառույթները երաշխավորելու նպատակով: Ավելին, ըստ ճանապարհատրանսպորտային վիճակագրության արդյունքների, վարչական իրավախախտումների կառուցվածքում քննարկվող հոդվածները հիմնական տեղ են զբաղեցնում: Նշվածը թույլ է տալիս փաստել, որ այդ խախտումները չունեն հանրորեն վտանգավորության ցածր աստիճան:

Այդուհանդերձ, կիսելով նախագծի հեղինակների մտահոգությունը, միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ, որ ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրության 2-րդ կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկի 3.6.2.-րդ կետի պահանջի՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ներկայումս մշակում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որում ամրագրվում են նոր մոտեցումներ եւ սկզբունքներ: Այդ առումով նախագծի հեղինակների  բարձրացրած հարցերին համալիր լուծում տալու նպատակով անհրաժեշտ է դրանք քննարկել աշխատանքային խմբի կողմից մշակվող նախագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում:

Բացի դրանից, 2015 թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ստեղծված հանձնաժողովի աշխատանքների օրակարգում է ճանապարհային երթեւեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաեւ տուգանքների կրկնակի վճարման (գանձման) դեպքերը բացառելու համակարգի ներդնումը:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը եւ օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում է ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

 Հարգանքով`
Հովիկ Աբրահամյան

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

Եզրակացություն
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2.Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է նվազեցնել ճանապարհատրանսպորտային երթեւեկության մի շարք խախտումների համար սահմանված տուգանքների չափերը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է նվազեցնել տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության համար սահմանված որոշ տուգանքների չափը եւ, Նախագծի ընդունման արդյունքում, դրա կիրարկման դեպքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կնախատեսվի ոչ էական դրական ազդեցություն:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծով առաջարկվում է նվազեցնել ճանապարհային երթեւեկության նվազ վտանգավորություն ունեցող խախտումների համար սահմանված տուգանքների չափերը:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կլինի չեզոք, իսկ եկամուտների վրա` բացասական, քանի որ փոփոխության արդյունքում կնվազեն նախագծով ներկայացված իրավախախտումների մասով ՀՀ պետական բյուջե գանձվող տուգանքների չափը:

Միաժամանակ, ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել՝ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով: