ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 
 

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (Պ-887-28.10.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Ըստ օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող իրավակարգավորման պայմաններում պատգամավորը մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանը կարող է դիմել մեկական գրավոր եւ բանավոր հարցերով, ինչն ստեղծում է լրացուցիչ անհարմարություններ հասարակությանը հուզող տարբեր հարցերի բարձրացման եւ դրանց պատասխաններն ստանալու հարցում: Ուստի, օրենքի նախագծով առաջարկվում է չսահմանափակել պատգամավորների իրավունքները եւ հնարավորություն ընձեռել նրանց յուրաքանչյուր քառօրյա նիստերի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանը դիմելու մեկական գրավոր եւ բանավոր հարցերով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործունեության կարգի սահմանմանը, ձեռնպահ է մնում դիրքորոշում ներկայացնելու հարցում:

Այնուամենայնիվ կարծում ենք, որ անհրաժեշտ է քննարկել օրենքի նախագիծը՝ հաշվի առնելով գործող իրավակարգավորումները եւ խորհրդարանական գործունեության ձեւավորած պրակտիկան: Մասնավորապես, հարկ է նկատի ունենալ այն, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի՝

1) 5-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի համաձայն  պատգամավորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով հարցումներով եւ առաջարկություններով դիմելու պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցելու իր բարձրացրած հարցերի քննարկմանը.

2) 105-րդ հոդվածի՝

ա. 2-րդ կետի իրավակարգավորումը պատգամավորի իրավունքների սահմանափակում չի կարող համարվել, քանի որ, նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն, նշված հոդվածով սահմանված կարգը չի սահմանափակում պատգամավորի իրավունքը՝ ուղղակի գրավոր դիմելու Հայաստանի Հանրապետության կառավարություն եւ օրենքով սահմանված կարգով ստանալու պատասխան,

բ. համաձայն 4-րդ կետով սահմանված դրույթի՝ հարցն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում  Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան անդամը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստում պատասխանում է հարցին՝ դրա մասին վաղօրոք տեղյակ պահելով պատգամավորին եւ աշխատակազմին: Հարկ է նշել, որ գործող իրավակարգավորումը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ պատգամավորի կողմից ներկայացված հարցի վերաբերյալ լիարժեք պատասխան ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներն ունենան բավարար ժամանակ, քանի որ շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում շահագրգիռ մարմինների հետ իրականացնելու քննարկումներ կամ կատարելու որոշակի ուսումնասիրություններ, վերլուծություններ, որոնք ժամանակատար են.

3) 7-րդ կետի համաձայն, եթե գրավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվում, ապա պատգամավորները Հայաստանի Հանրապետության կառավարությանը կարող են ուղղել բանավոր հարցեր, որոնցից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Հայաստանի Հանրապետության կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին: Օրենքի նախագծի ընդունման դեպքում կարող է բանավոր հարցերի ժամանակը կրճատվել.

4) 71-րդ կետով սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում առաջինը տրվում են ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավորների բանավոր հարցերը, որից հետո բանավոր հարցերով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները: Այս պարագայում հաճախ ստեղծվում է իրավիճակ, երբ ժամանակի սղության պատճառով ոչ ընդդիմադիր պատգամավորները չեն հասցնում իրենց հարցերն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին:

3. Խմբակցություններում կամ պատգամավորական խմբերում ընդգրկված պատգամավորները 1051-րդ հոդվածով սահմանված կարգով կարող են իրենց հուզող հարցերը խմբակցության կամ պատգամավորական խմբի միջոցով, որպես հարցապնդում, ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`  
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության  բնագավառում  կարգավորման

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում,  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) պատգամավորները կարող են Կառավարությանը հարց ուղղել յուրաքանչյուր քառօրյա նիստերի ընթացքում:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է պատգամավորներին յուրաքանչյուր քառօրյա նիստի ընթացքում Կառավարությանը հարցով դիմելու հնարավորություն ընձեռել եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

Եզրակացություն
«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: