ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

    
  
 
Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Լեւոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի եւ Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-897-16.11.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ընդունել «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` դրա ընդունման անհրաժեշտությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում կներդրվի այլընտրանքային պատիժ կրելու պրոբացիայի ինստիտուտ եւ ծառայություն, որով լուծում կտրվի մի շարք խնդիրների:

Համամիտ լինելով նախագծի հեղինակների նպատակադրմանը` միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N ՆԿ-96-Ա կարգադրության 2-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկի քրեական արդարադատության եւ քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման պահանջի, որոնց առաջնայնություններից են քրեակատարողական համակարգի բարեփոխումները՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից մշակվել է «Պրոբացիայի եւ պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով պետք է դրվի շրջանառության մեջ: Պրոբացիայի ծառայության ստեղծումը նախատեսված է նաեւ 2014 թվականի մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով եւ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի նիստի N 19-9 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգը:

Աշխատանքային խմբի կողմից «Պրոբացիայի եւ պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը նախապատրաստելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը, սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության հիմնական խնդիրները, հասկացությունները եւ ամրագրվել են պրոբացիայի սկզբունքները: Նշված օրենքի նախագծում՝

1) նախատեսվում է պրոբացիայի ծառայության տեղը պետական մարմինների համակարգում, կառուցվածքը, թվարկվում են պրոբացիայի ծառայության լիազորությունները եւ տարածքային բաժինների գործառույթները՝ կապված այլընտրանքային խափանման միջոցների կիրառման եւ ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման հետ, ինչպես նաեւ այլ գործառույթներ: Ամրագրված են պրոբացիայի ծառայության շահառուի իրավական կարգավիճակը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ պրոբացիայի ծառայության պետի լիազորությունները՝ կապված պրոբացիայի ծառայության կազմակերպման եւ գործունեության հետ.

2) թվարկված են պրոբացիայի ծառայության պաշտոնները եւ դասային կոչումները, պրոբացիայի ծառայությունում ծառայության անցնելու, պրոբացիայի ծառայության պաշտոնից ազատման եւ այլ պաշտոնի փոխադրման, պրոբացիայի ծառայողի ատեստավորման եւ վերապատրաստման ընթացակարգերը, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայողների իրավունքները, պարտականությունները, պաշտոնեական երաշխիքները, սահմանափակումները, խրախուսումը, կարգապահական տույժերը եւ այլն.

3) ամրագրվում է պրոբացիայի ծառայողին պաշտոնից ազատելու եւ ծառայությունը դադարեցնելու ընթացակարգերը, պրոբացիայի ծառայությունում ծառայության կամ պաշտոնում վերականգնումը.

4) նախատեսված է պատասխանատվությունը պրոբացիայի ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար, պրոբացիայի ծառայողների գործողությունների բողոքարկումը եւ պրոբացիայի ծառայության համագործակցությունն այլ մարմինների հետ.

5) սահմանվել են հստակ չափանիշներ, որոնց առկայությունը հնարավորություն է տալիս առավել մանրամասն կարգավորել տվյալ բնագավառի իրավահարաբերությունները: 
 
Օրենքի նախագծի ընդունման հիմքում դրված են Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններին ուղղված՝ Նախարարների կոմիտեի CM/Rec(2010)1 «Պրոբացիայի մասին Եվրոպայի խորհրդի կանոնների վերաբերյալ», CM/Rec(2014)4 «Էլեկտրոնային մոնիթորինգի վերաբերյալ», «Այլընտրանքային պատիժների եւ միջոցների մասին եվրոպական կանոնների վերաբերյալ» N R (92) 16, «Այլընտրանքային պատիժների եւ միջոցների մասին եվրոպական կանոնների իրականացումը բարելավելու վերաբերյալ» Rec(2000)22, «Պայմանական ազատման (պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման) վերաբերյալ» Rec(2003)22, «Եվրոպական բանտային կանոնների վերաբերյալ» Rec(2006)2 հանձնարարականները, Միավորված ազգերի կազմակերպության «Ազատությունից զրկելու հետ չկապված պատժամիջոցների վերաբերյալ նվազագույն կանոնները»:

Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծում բացակայում են պրոբացիոն ծառայությանը վերաբերող դրույթները: Մասնավորապես, պրոբացիայի ծառայության լիազորությունները եւ տարածքային բաժինների գործառույթները, ինչպես նաեւ այլ գործառույթներ, պրոբացիայի ծառայության շահառուի իրավական կարգավիճակը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ պրոբացիայի ծառայության պետի լիազորությունները, կապված պրոբացիայի ծառայության կազմակերպման եւ գործունեության հետ, պրոբացիայի ծառայության պաշտոնները եւ դասային կոչումները, պրոբացիայի ծառայությունում ծառայության անցնելու, պրոբացիայի ծառայության պաշտոնից ազատման եւ այլ պաշտոնի փոխադրման, պրոբացիայի ծառայողի ատեստավորման եւ վերապատրաստման ընթացակարգերը, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայողների իրավունքները, պարտականությունները, պաշտոնեական երաշխիքները, սահմանափակումները, խրախուսումը, կարգապահական տույժերը եւ այլն, ինչը չի ապահովում նախագծով նախատեսվող լուծումների եւ կարգավորումների համակարգային ամբողջականությունը:

            Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտության:

Ելնելով նշվածից եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունում մշակվող «Պրոբացիայի եւ պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի դրույթները կարգավորում են առավել լայն եւ ընդգրկուն շրջանակի իրավահարաբերություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը եւ օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում է ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից եւ դրա դրույթներին անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացվելիք նախագծի քննարկումների շրջանակներում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

                                                                      

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

        «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Պրոբացիայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

Եզրակացություն
«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին  չի առնչվում, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ նախատեսվում է ներդնել այլընտրանքային պատիժ կրելու պրոբացիայի ինստիտուտ, ինչով առաջարկվում է կարգավորել որոշ խնդիրներ, մասնավորապես` մեղադրյալների ուղղիչ եւ կրկնակի քրեական իրավախախտումների վերաբերյալ զգուշացնող միջոցառումներ եւ ազատազրկման հետ չկապված որոշակի պատժամիջոցներ:

 Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է  Հայաստանի Հանրապետությունում ներդնել այլընտրանքային պատիժ կրելու մեխանիզմներ, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծերի բյուջետային բնագավառում  կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ներդնել այլընտրանքային պատիժ կրելու պրոբացիայի ինստիտուտ եւ ստեղծել պրոբացիոն ծառայություն:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծածսերի ավելացման, սակայն ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով: