ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
                                                             պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
 

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-898-16.11.2015-ՊԱ-010/0) վերաբերյալ:

Համաձայն օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման` օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող իրավակարգավորման պայմաններում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների շուրջ 90 տոկոսին տեխնիկական զննության կտրոններ տրվում են առանց տրանսպորտային միջոցների իրական զննության, այսինքն՝ վարորդները վճարում են ոչ թե ծառայության, այլ՝ թղթի համար: Այդ նկատառումով, ինչպես նաեւ հաշվի առնելով Վրաստանի փորձը, օրենքի նախագծով առաջարկվում է անձնական օգտագործման մարդատար տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության պահանջը հանել:

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով սահմանվում են տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման երաշխիքները, որոնց համաձայն ճանապարհային երթեւեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը եւ կահավորումը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, uտանդարտների, կանոնների եւ տեխնիկական շահագործման հրահանգների պահանջներին` երթեւեկության անվտանգությանը եւ շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող մասով: Նշված հոդվածի բովանդակությունից հետեւում է, որ տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին վիճակում շահագործելը համարվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման կարեւոր երաշխիքներից մեկը, հետեւաբար՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության պահանջը հանելը կարող է հանգեցնել ճանապարհային երթեւեկության վթարների թվի աճի: Ուստի, անհրաժեշտ է ոչ թե հանել պարտադիր տեխնիկական զննության պահանջը, այլ մշակել մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացումը՝ սահմանելով դրա նկատմամբ իրական հսկողություն:

Բացի դրանից, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի այլ հոդվածներ եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1234-րդ հոդվածը պարունակում են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության հետ կապված դրույթներ, ինչը, օրենքի նախագծի ընդունման դեպքում, նշված օրենքների այլ հոդվածներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջացնի՝ օրենսդրական դաշտի ամբողջական կարգավորման նպատակով:

Կարեւորելով տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության պահանջի հետ կապված հարաբերությունների համալիր կարգավորման անհրաժեշտությունը՝ պետք է ուսումնասիրվի միջազգային փորձը՝ միայն Վրաստանի փորձը բավարար չէ:

Օրենքի նախագիծը հակասում է «Ճանապարհային երթեւեկության մասին» 1968 թվականի Վիեննայի կոնվենցիայի (որի անդամն է նաեւ Հայաստանի Հանրապետությունը) 3-րդ գլխի 39-րդ հոդվածի եւ ԵՏՄ-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» TPTC018/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ներկայացված ուսումնասիրությունների արդյունքում տրվել են մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարվել է՝ ճանապարհային երթեւեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու եւ հեռանկարային ծրագրեր առաջարկելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ ներգրավելով շահագրգիռ պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

 Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
 

        «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունումն հանրային առողջության վրա կունենա բացասական ազդեցություն, նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության պահանջը հանելու արդյունքում կավելանան անսարք կամ տեխնիկական խնդիրներ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործմամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարները եւ, որպես հետեւանք,  կաճեն բնակչության շրջանում ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի, ներառյալ` դրանով պայմանավորված հաշմանդամության եւ մահացության դեպքերը:
 


Եզրակացություն

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  վերաբերյալ

««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 


    ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության  բնագավառում  կարգավորման

1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների  վրա բացասական հետեւանքներ կարող են առաջանալ, հաշվի առնելով, որ տեխզննության բացակայության դեպքում ավտոմեքենաների արտանետումների համակարգերի չվերահսկումը կնպաստի մթնոլորտային օդ վտանգավոր նյութերի արտանետումների ծավալների ավելացմանը:

2. Օրենքի` ներկայացված  խմբագրությամբ ընդունման դեպքում, շրջակա միջավայրի   վրա  բացասական հետեւանքներ  կառաջանան:

3. Օրենքը  բնապահպանության ոլորտին առնչվում է, ներկայացված տարբերակով ընդունման դեպքում այն կհակասի  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին,   եթե  հաշվի չառնվեն ՀՀ բնապահպանության նարարարության կողմից ներկայացված առարկությունները:

Օրենքի կիրարկման արդյունքում  բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտություն կա:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է հանել անձնական օգտագործման մարդատար տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության պահանջը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է վերացնել անձնական օգտագործման մարդատար տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության պահանջը:

Նախագծի ընդունման դեպքում, կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել անձնական օգտագործման մարդատար տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության պահանջը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 28-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննությունը ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից անցկացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար պետական տուրքի գումարը կազմում է վեց հազար դրամ: «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված եւ շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (մեխանիզմներից) նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է նույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի «դ», «ե» եւ «զ» կետերով սահմանված դրույքաչափերին համապատասխան եւ վճարվում է տարեկան մեկ անգամ՝ մինչեւ դրանց տարեկան տեխնիկական զննությունը:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական ազդեցություն, քանի որ.

կնվազեն ՀՀ պետական բյուջե վճարվող՝ տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննությունը անցկացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար նախատեսված պետական տուրքի գումարները,

կնվազեն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված եւ շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (մեխանիզմներից) նյութերի արտանետման դիմաց գանձվող բնապահպանական վճարների գումարները, քանի որ տեխնիկական զննության պահանջի վերացման պարագայում չի լինի համարժեք արդյունավետությամբ գործող մեխանիզմ, որով կվերահսկվի բնապահպանական վճարների կատարումը:

Միաժամանակ օրենքների նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կունենա ոչ էական դրական ազդեցություն, իսկ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա` չեզոք ազդեցություն: