ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (Պ-899-16.11.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում օրենքների նախագծերի վերաբերյալ ոչ դրական եզրակացությամբ որոշումներն ընդունվում են, եթե որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/2-ը: Օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հիմնական գործառույթը օրենքների նախագծերի վերաբերյալ եզրակացություն տալն է, եւ այդ եզրակացությունից է կախված, թե քննարկվող օրենքը Ազգային ժողովի հերթական նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկվելու է, թե ոչ եւ, որպես կանոն, մշտական հանձնաժողովների կողմից ոչ դրական եզրակացություն ստացած օրենքների նախագծերը հիմնականում չեն քննարկվում լիագումար նիստերում, այսինքն` օրակարգից դուրս են գալիս: Փաստորեն, Ազգային ժողովի պատգամավորները ոչ դրական եզրակացության արժանացած օրենքների նախագծերին չեն ծանոթանում, չեն քննարկում եւ զրկվում են կարծիք ու դիրքորոշում հայտնելու իրավունքից:

Հարկ է նկատի ունենալ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հերթական նստաշրջանի օրակարգի, ինչպես նաեւ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծերը կազմված են երեք մասից՝

ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն.

բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել.

գ) պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:

Նշված հոդվածի բովանդակությունից հետեւում է, որ անկախ նրանից, թե մշտական հանձնաժողովը դրական կամ բացասական եզրակացություն է ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ, այն պարտադիր ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում: Օրակարգի «բ» մասի հարցերը օրակարգում ընդգրկելու հարցը որոշվում է դրանց առանձին-առանձին քվեարկությամբ: Գործնականում պատգամավորները կարող են մշտապես տեղյակ լինել շրջանառության մեջ գտնվող նախագծերի եւ գլխադասային հանձնաժողովներում դրանց քննարկման մասին եւ, ելնելով նախագծի բովանդակությունից ու էությունից, «կողմ» կամ «դեմ» քվեարկել դրա՝ օրակարգում ընդգրկելու հարցին:

Ներկայացված օրենքի նախագծից պարզ չէ, թե ինչ է լինում, երբ հանձնաժողովում քվեարկության դրված նախագիծը չի ստանում «դրական եզրակացություն» եւ չի ստանում նաեւ «ոչ դրական եզրակացություն»:

Բացի դրանից, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում է նաեւ այլ երաշխիքներ գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն չստացած նախագծերի՝ Ազգային ժողովում քննարկման համար: Մասնավորապես, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 104.2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է հեղինակի համաձայնությամբ ընդդիմադիր խմբակցության որոշմամբ համարվել արտահերթ, եթե այդ նախագիծը շրջանառության մեջ է, եւ դրա վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ դրա ստացման ժամկետը սպառվել է: Oրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ համարելու մասին ընդդիմադիր խմբակցության որոշումն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում ոչ ուշ, քան առաջիկա չորսօրյա նիստերին նախորդող ուրբաթ օրվա ժամը 17.00-ն: Ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ համարված հարցերն ընդգրկվում են հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի օրակարգում եւ քննարկվում են այդ նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում:

Հարկ ենք համարում նշել, որ օրենքի նախագծով ներկայացված առաջարկությունը չի թղթակցում օրենքի 29-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի, ինչպես նաեւ 36-րդ հոդվածի դրույթների հետ:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագծով առաջարկվող լրացման անհրաժեշտությունը բացակայում է եւ դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության  Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`

                                                                                     ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  վերաբերյալ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»   Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության  բնագավառում  կարգավորման

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում,  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) մշտական հանձնաժողովներում օրենքների նախագծերի վերաբերյալ ոչ դրական եզրակացությամբ որոշումներն նախատեսվում է ընդունել, եթե որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն զ-ը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ, համաձայն որի մշտական հանձնաժողովներում օրենքների նախագծերի վերաբերյալ ոչ դրական եզրակացությամբ որոշումներն կարող են ընդունվել միայն այն դեպքում, եթե որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն զ-ը, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: