ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 
Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-943-05.02.2016-ՏՏ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծի համաձայն`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ իրականացնելու է սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն.

2) արտահիվանդանոցային պայմաններում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բժշկական ծառայությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ՝

1. «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են պետպատվերի շրջանակներում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N  318-Ն որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակչության բոլոր խմբերին անվճար տրամադրվում է պետության կողմից երաշխավորված արտահիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում (բացառությամբ ստոմատոլոգիական ծառայությունների)՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված ծառայությունների ծավալների շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության բնակչության համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ամբողջ ծավալը (ներառյալ առողջության առաջնային պահպանման ծառայությունները, ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային եւ նեղ մասնագետների կողմից իրականացվող բժշկական օգնությունը, ըստ բժշկական ցուցումների՝ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները) իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 47-Ն հրամանի N 2 հավելվածով հաստատված առողջության առաջնային պահպանման բժիշկների կողմից կանխարգելիչ այցի կազմակերպման չափորոշչի 1-ին կետի համաձայն` մեծահասակների շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժիշկները պլանավորում եւ իրականացնում են իրենց մոտ գրանցված մեծահասակ բնակչության տարեկան մեկ անգամ կանխարգելիչ քննություն` բժշկական կազմակերպություն տվյալ բնակչի կատարած առաջին այցի, ինչպես նաեւ հիվանդությունների կապակցությամբ կատարած տնային կանչերի ժամանակ:

Նշված կանխարգելիչ քննության ընթացքում իրականացվում է առողջապահական հարցերով կրթում եւ սկրինինգներ՝ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով:

2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների սկրինինգային ծրագիրը, որի շրջանակում 35-68 տարեկան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները (անկախ բժշկական ցուցումներից) հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու սպասարկող առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատություններում` զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման եւ ախտորոշման, իսկ 30-60 տարեկան բոլոր կանայք` արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման եւ քաղցկեղի կանխարգելման նպատակով:

2. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 5.1-ին հոդվածը հակասում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին, որի համաձայն՝ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որն իրականացնում են օրենքով սահմանված կարգով լիցենզավորված անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք եւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքային հիմնարկները: Ուստի Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարող իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն:

3. Պարզ չէ, թե ինչ հիմքով է որոշվել քաղաքացիների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության պարբերականությունը եւ հասկանալի չէ թե այն որ տարիքային խմբերի շրջանում է իրականացվելու:

4. Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական հատկացումների անհրաժեշտություն է առաջացնում, ինչը «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական բյուջեի հաշվին կատարվող ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակները հաստատելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 700-Ն եւ 2015 թվականի հուլիսի 8-ի N 755-Ն որոշումներով չեն սահմանվում նախագծում նշված պարբերականությամբ սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն իրականացնելու ֆինանսավորման հնարավորություններ:

Ելնելով շարադրվածից, Հայաuտանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:   
 

 ՀԱՐԳԱՆՔՈՎ`

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
 
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը առողջապահության բնագավառի վրա հնարավոր չէ տրամադրել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ բացակայում են կանխարգելիչ հետազոտությունների տեսակների, ինչպես նաեւ դրանք բնակչության որոշակի տարիքային խմբերում իրականացնելու վերաբերյալ ելակետային տվյալները:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության  գնահատման  իրականացման  կարգը  հաստատելու  մասին»  թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: 


Եզրակացություն

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:  


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է վեց ամիսը մեկ անգամ սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում իրականացնել ՀՀ քաղաքացիների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման պարագայում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը վեց ամիսը մեկ անգամ կիրականացնի սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ՀՀ քաղաքացիների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ  առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր դրույթով, համաձայն որի  սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում բնակվող ՀՀ քաղաքացիների համար ՀՀ կառավարությունը վեց ամիսը մեկ անգամ պետք է իրականացնի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Կատարված վերլուծությամբ պարզվել է, որ Նախագծի ընդունման դեպքում`

1. սահմանամերձ համայքներում եւ դրանց հարակից տարածքներում բնակվող ՀՀ քաղաքացիների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության նպատակով հատկացվելիք գումարների մասով այլ հավասար պայմաններում կառաջանա ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումներ կատարելու անհրաժեշտություն խիստ մոտավոր հաշվարկներով շուրջ 0.7 մլրդ դրամի չափով,

2. նշված գումարների հատկացման դեպքում կարող են ձեւավորվել լրացուցիչ հարկվող եկամուտներ, ուստի Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է ունենալ դրական ազդեցություն:

Հարկ է նշել նաեւ, որ բոլոր դեպքերում Նախագծի ընդունմամբ պայմանավորված ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ կատարվելիք  ծախսերը էականորեն կգերազանցեն ՀՀ պետական բյուջե լրացուցիչ ստացվելիք եկամուտները:

Միաժամանակ, Նախագծի ընդունումը համայնքների բյուջեների ծախսերի եւ եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն: