ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


 

Հարգելի պարոն Սահակյան
 


 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-944-09.02.2016-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` գրավին վերաբերող կարգավորումներում: Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ` փոփոխելով օրենքով թույլատրելի գրավի առարկա հանդիսացող գույքի շրջանակը, որոնք չեն կարող լինել գրավի առարկա: Այսպես, առաջարկվում է՝

1) բացառությունների մեջ նախատեսել սեփականատիրոջ անչափահաս երեխայի (երեխաների) սեփականության կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանը. 

2) բացառություններից հանել պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերը, որոնց թողարկման պայմաններով նախատեսված են, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն: 

1. Նախագծային դրույթներին նախ եւ առաջ հարկ ենք համարում անդրադառնալ սեփականության իրավունքի տեսանկյունից: Այս համատեքստում, նախագծով առաջարկվող կարգավորմամբ ստացվում է, որ բնակարանի սեփականատերը սահմանափակված է ամբողջ ծավալով իրացնելու սեփականության իր իրավունքն այն դեպքում, երբ, օրինակ, բնակարանը ծանրաբեռնված է սեփականատիրոջ անչափահաս երեխայի օգտագործման իրավունքով կամ այն սեփականության իրավունքով պատկանում է անչափահասին:

Նախագծով առաջարկվող կարգավորումից, ինչպես նաեւ կից ներկայացված հիմնավորումից պարզ է դառնում, որ նախագծի նպատակն է կանխարգելել այն դեպքերը, երբ գրավատու հանդիսացող ծնողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում անչափահաս երեխաները զրկվեն գրավի առարկա բնակելի տարածությունից` մնալով անօթեւան: Կիսելով խնդրո առարկա հարցի շուրջ առկա մտահոգությունը` այդուհանդերձ կարծում ենք, որ նման կոշտ կարգավորումը հակասության մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սեփականատիրոջը պատկանող սեփականության իրավունքի բովանդակությունը կազմող երեք իրավազորությունների հետ: 

Այսպես, սեփականության իրավունքը ճանաչվում եւ պաշտպանվում է ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանդրությամբ եւ այլ նորմատիվ իրավական ակտերով, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերով: 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձեւերը, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածը հռչակում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերված սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք: Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել  միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Թերեւս սեփականության իրավունքի` որպես հիմնարար իրավունքի, պաշտպանության երաշխավորման անհրաժեշտությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կոնկրետացվել են այն բոլոր հնարավոր դեպքերը, որոնց պարագայում միայն թույլատրելի են սեփականության իրավունքի սահմանափակումները:

Նախագծով առաջարկվող կարգավորումը, դիտարկելով պրակտիկ կյանքում հանդիպող դեպքերի լույսի ներքո, հարկ է նշել, որ հնարավոր են իրավիճակներ, երբ, օրինակ, բնակարանի գրավադրումն անհրաժեշտ լինի անչափահասի կյանքի, առողջության պաշտպանության տեսանկյունից (օրինակ` արտերկրում երեխայի բուժումն ապահովելու համար): Մինչդեռ նախագծով բացառվում է ցանկացած պարագայում անչափահասին սեփականության իրավունքով պատկանող բնակարանի կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանի գրավադրումը:

Հարկ է նկատի ունենալ նաեւ, որ Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերի կողմից բնակարանի գրավադրմամբ տրվող վարկերի հիմնական մասը տրամադրվում է հենց այդ բնակարանի ձեռքբերման կամ այդ բնակարանի պայմանների բարելավման համար: Ընդ որում, շատ դեպքերում բնակարանի ձեռքբերումն իրականացվում է երիտասարդ ընտանիքների կողմից իրենց եւ իրենց անչափահաս երեխաներին բնակարանով ապահովելու նպատակով: Եթե արգելվի անչափահաս երեխայի օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանի գրավադրումը, ապա հնարավոր չի լինի բնակարանի ձեռքբերումն հիպոթեքային վարկավորման միջոցով, ինչը կոտնահարի անչափահասի շահերը: Հաշվի առնելով նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթը` կարեւոր է դրանք քննարկել նաեւ միջազգային փորձի լույսի ներքո: Այսպես, ուսումնասիրման առարկա դարձած տարբեր երկրների քաղաքացիական օրենսգրքերում գրավի առարկայի սահմանափակումների հետ կապված առկա են հետեւյալ մոտեցումները: Օրինակ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքը գրավադրելու իրավունքը պատկանում է դրա սեփականատիրոջը։ Գույքի նկատմամբ այլ իրային իրավունքներ ունեցող անձը կարող է գրավադրել այն միայն օրենքով նախատեսված դեպքերում։ Եթե գույքը գրավադրվել է անձի կողմից, ով սեփականատեր չի հանդիսանում եւ այլ կերպ իրավասու չէ տնօրինելու գույքը, իսկ գրավառուն չգիտեր եւ չէր կարող իմանալ դրա մասին, ապա գույքի սեփականատերը կրում է գրավատուի բոլոր իրավունքներն ու պարտականությունները։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե գրավի առարկա է այն գույքը, որի օտարման համար պահանջվում է այլ անձի կամ իրավասու մարմնի թույլտվությունը կամ համաձայնությունը, ապա այդպիսի թույլտվությունը կամ համաձայնությունն անհրաժեշտ է նաեւ գույքը գրավադրելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավն առաջանում է օրենքի ուժով։ ՌԴ քաղաքացիական օրենսգրքի 336-րդ հոդվածը, սահմանելով գրավի առարկան, չի նախատեսում որեւէ սահմանափակում նախագծով առաջարկվող կարգավորմանը համապատասխան, այլ միայն նշում է, որ սեփականության առանձին ձեւերի գրավադրումը կարող է սահմանափակվել օրենքով:

Մոլդովայի քաղաքացիական օրենսգրքի 457-րդ հոդվածը, նախատեսելով կանոնակարգումներ գրավի առարկայի վերաբերյալ, սահմանում է, որ գրավի առարկա, ի թիվս այլ գույքի, չի կարող հանդիսանալ նաեւ այն գույքը, որի նկատմամբ օրենքով բռնագանձում տարածել չի թույլատրվում։

Ղազախստանի քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն՝  առանձին տեսակի գույքի գրավը, մասնավորապես, քաղաքացիների սեփականությունը, որի նկատմամբ չի թույլատրվում բռնագանձում տարածել, օրենսդրական ակտերով կարող է սահմանափակվել կամ արգելվել։ 

Հոլանդիայի քաղաքացիական օրենսգրքի 3:260 հոդվածը, սահմանելով անշարժ գույքի գրավը, որեւէ կոնկրետ սահմանափակում չի նախատեսում: 

Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձի ուսումնասիրությունը, տարբեր երկրներում առկա են տարբեր մոտեցումներ, այնուամենայնիվ մեր կողմից ուսումնասիրված որոշ երկրներում, թեեւ առկա են ընդհանուր կարգավորումներ կոնկրետ տեսակի գույքի գրավի սահմանափակումների հետ կապված, այնուամենայնիվ, նախագծով առաջարկվող կարգավորումը բացակայում է, բացի այդ, երկրների մեծ մասում բացակայում է նաեւ նախագծին կից հիմնավորման մեջ նշված այն կարգավորումը, ըստ որի` տարբեր երկրներում առկա է արգելք բանկերի կողմից բնակարանի բռնագրավման եւ իրացման վերաբերյալ: Այս առումով, մեր կողմից ուսումնասիրման առարկա դարձած երկրների համապատասխան օրենսդրություններում առկա է հետեւյալ պատկերը: Այսպես, անդրադարձ կատարելով միջազգային փորձին՝ պետք է փաստենք, որ մեր կողմից ուսումնասիրված երկրների նույնանման հարաբերություններ սահմանող իրավակարգավորումները հանգում են նրան, որ նախատեսում են սահմանափակումներ միակ բնակարանի հետ կապված: Միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու «իրավական քաղաքականությամբ» են առաջնորդվել, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը, Ուզբեկստանի Հանրապետությունը: Այսպես, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի համաձայն՝ «Կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին սեփականության իրավունքով պատկանող հետեւյալ գույքի վրա՝ բնակելի տարածքի (դրա մասի), եթե համատեղ բնակվող քաղաքացի-պարտապանի եւ նրա ընտանիքի անդամների համար այն հանդիսանում է մշտական բնակության համար միակ վայր, բացառությամբ, եթե այն հանդիսանում է հիփոթեքի առարկա եւ դրա վրա, որպես պատասխանատվություն, հիփոթեքի մասին օրենսդրությամբ կարելի է բռնագանձում տարածել...»:

«Դատական ակտերի եւ այլ մարմինների ակտերի կատարման մասին» Ուզբեկստանի Հանրապետության 2001 թվականի օգոստոսի 29-ի օրենքի 52-րդ հոդվածն ամրագրում է.  «Կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել միակ բնակելի տարածքի (բնակարանի), որը պարտապան ֆիզիկական անձին պատկանում է սեփականության իրավունքով կամ հանդիսանում է նրա բաժինն ընդհանուր սեփականության մեջ, եթե պարտապանը եւ (կամ) նրա ընտանիքը մշտապես բնակվում են այնտեղ, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարողական թերթում նախատեսվում է բռնագանձում տարածել տվյալ բնակելի տարածքի (բնակարանի) վրա կամ նշված գույքը հանդիսանում է գրավի առարկա: Բնակելի այլ տարածքների (բնակարանների) բռնագանձում կարող է տարածվել՝ անկախ նրանից, թե այնտեղ մշտապես բնակվում են պարտապանը եւ (կամ) նրա ընտանիքը, թե այլ անձինք»: 

Ամրագրված կարգավորումից ակնհայտ է, որ այն ուղղված է քաղաքացի-պարտապանի պատկանող միակ բնակարանի կամ դրա բաժնի (ընդհանուր կամ համատեղ սեփականություն) վրա բռնագանձում չտարածելուն՝ ապահովելով նրա եւ նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների նվազագույն բնակապահովումը: Այնուամենայնիվ, նման սահամնափակումը հաճախ հանդիպող երեւույթ չէ միջազգային պրակտիկայում: 

Ուշադրության է արժանի նաեւ այն, որ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածով սահմանադրորեն ամրագրում ստացած բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, ըստ էության, մեկնաբանվել է որպես «անչափահաս քաղաքացու բնակարան ունենալու սահմանադրական իրավունք»: Այս առումով, նախ եւ առաջ անհրաժեշտ ենք համարում բացահայտել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածով ամրագրված բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, ինչպես նաեւ դրա իրացման շրջանակները: Այսպես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիշյալ հոդվածը, հռչակելով բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, սահմանում է, որ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքում սահմանված դեպքերում եւ կարգով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածում ամրագրված իրավունքը պաշտպանված է նաեւ ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածի 1-ին մասով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության այս նորմից բխող դատավարական երաշխիքներն ամրագրված են քրեադատավարական օրենսդրությամբ: Կոնկրետացնելով բնակարանի անձեռնմխելիության իրավունքը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամրագրում է հատուկ դեպք` խուզարկությունը: Այսպիսով, կարող ենք փաստել, որ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը դատավարական ինստիտուտ է եւ անթույլատրելի է այս իրավունքը մեկնաբանել որպես «անչափահաս քաղաքացու բնակարան ունենալու սահմանադրական իրավունք»: Կարծում ենք անհրաժեշտ է քննարկման առարկա հարաբերությունները կարգավորող առկա օրենսդրական դրույթները դիտարկել համակարգային կապի մեջ: Այսպես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ գույքի գրավատու կարող է լինել միայն սեփականատերը: Ինչ վերաբերում է անչափահասի սեփականության իրավունքին, ապա հարկ է նշել, որ վերջինիս պաշտպանության համար իրավական մեխանիզմներ նախատեսված են ինչպես Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներով: 

Անդրադառնալով անչափահասի սեփականության իրավունքով ծանրաբեռնված բնակարանի տնօրինմանը, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն`  սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տնօրինելու երեխայի իրավունքը սահմանվում է քաղաքացիական օրենսդրությամբ: Ծնողների կողմից երեխայի գույքը կառավարելու լիազորություններն իրականացնելիս նրանց վրա տարածվում են խնամակալի գույքի տնօրինման վերաբերյալ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված նորմերը: Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ։ Համատեղ ապրող երեխաներն ու ծնողները կարող են մեկը մյուսի գույքը տիրապետել եւ օգտագործել փոխադարձ համաձայնությամբ։ Ընտանեկան օրենսգրքի վերոշարադրյալ նորմի իրացումն ապահովող կանոնակարգումներն արտացոլված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, որի 39-րդ հոդվածով նախատեսվում են իրավական անհրաժեշտ մեխանիզմներ` ուղղված խնամարկյալի գույքի պատշաճ տնօրինումն ապահովելուն: Այսպես, հիշյալ հոդվածի  2-րդ մասի համաձայն` առանց խնամակալության եւ հոգաբարձության մարմնի թույլտվության` խնամակալն իրավունք չունի կնքել, իսկ հոգաբարձուն` համաձայնություն տալ կնքելու խնամարկյալի գույքի օտարման` ներառյալ փոխանակության կամ նվիրատվության, վարձակալության, այդ գույքն անհատույց օգտագործման հանձնելու կամ գրավ դնելու գործարքներ, որոնք հանգեցնում են խնամարկյալին պատկանող իրավունքներից հրաժարվելուն, բաժանել նրա գույքը կամ դրանից բաժիններ առանձնացնել, ինչպես նաեւ խնամարկյալի գույքի նվազեցմանը հանգեցնող ցանկացած այլ գործարք: Ինչպես բխում է օրենսդրական առկա կարգավորումներից, անչափահասին սեփականության իրավունքով պատկանող գույքի պաշտպանության լծակներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված  են: Մինչդեռ, նախագծով առաջարկվող կարգավորմամբ բացառվում է ցանկացած պարագայում անչափահասին սեփականության իրավունքով պատկանող բնակարանի կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանի գրավադրումը:  Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ չնայած ընտանեկան եւ քաղաքացիական օրենսգրքերում նախատեսված իրավակարգավորումներին,  երեխայի սեփականության իրավունքը գործնականում բավականաչափ պաշտպանված չէ։ Այս կապակցությամբ, կարծում ենք, որ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում՝ սահմանելով գործուն մեխանիզմներ՝ երեխայի լավագույն շահերի պաշտպանությունն ապահովելու  համար: 

Ելնելով վերոշարադրյալից` գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Միեւնույն ժամանակ, կարեւոր է նշել, որ ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 6-ի ՆԿ-96-Ա կարգադրության, իրականացվում են քաղաքացիական օրենսդրության կատարելագործմանն ուղղված համալիր աշխատանքներ: Ի թիվս քաղաքացիաիրավական այլ ինստիտուտների` նախատեսվում է վերանայել նաեւ գրավի ինստիտուտը եւ համապատասխան իրավակարգավորումները:

Միաժամանակ, իրավական որոշակիություն ապահովելու եւ երեխայի սեփականության իրավունքի պաշտպանության վերաբերյալ առկա մտահոգությունը սպառելու տեսանկյունից, առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում` հստակեցնելով վերջինիս 47-րդ հոդվածով ամրագրված իրավակարգավորումները՝սահմանելով, որ երեխայի գույքի կառավարումը իրականացվում է միայն ի շահ երեխայի` բացառապես խնամակալության եւ հոգաբարձության մարմինների թույլտվությամբ` առաջնահերթ ուշադրություն դարձնելով երեխայի լավագույն շահերին: Այս համատեքստում, պատրաստ ենք համագործակցել` քննարկման առարկա խնդրին լավագույն օրենսդրական լուծումներ տալու նպատակով` երեխայի լավագույն շահերը դիտարկելով որպես հիմնական հոգածության առարկա:

2. Ինչ վերաբերում է նախագծի այն կարգավորմանը, որով առաջարկվում է հանել պետական (գանձապետական) անվանական արժեթղթերի մասով գործող քաղաքացիական օրենսգրքով սահմանված սահմանափակումը, ապա հարկ ենք համարում այս կարգավորումը համակարգային կապի մեջ դիտարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` պետական (գանձապետական) անվանական արժեթղթերին վերաբերող այլ կարգավորումների հետ: Մասնավորապես, պետական (գանձապետական) անվանական արժեթղթերը փոխանցելու սահմանափակումների վերաբերյալ կարգավորումներ առկա են Հայաս-տանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 149-րդ հոդվածում (իրավունքներն արժեթղթով փոխանցելը), 225.1-ին հոդվածում (ապահովված իրավունքի հասկացությունը եւ առարկան): Միեւնույն ժամանակ, նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բացակայում է որեւէ նշում քննարկման առարկա նախագծային դրույթի վերաբերյալ, ինչը հնարավորություն չի տալիս գնահատելու առաջարկվող փոփոխության հիմնավորվածությունը: 

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: Միեւնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է եզրակացության մեջ ներկայացված առաջարկների շրջանակներում համագործակցել օրենքի նախագծի հեղինակի հետ՝ քննարկման առարկա խնդրին լավագույն օրենսդրական լուծումներ տալու նպատակով:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 
 

Հարգանքով` 
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում


«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիական  օրենսգրքում  փոփոխություն  կատարելու  մասին»   Հայաստանի   Հանրապետության  օրենքի նախագծի  բնապահպանության   բնագավառում  կարգավորման



1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում: 

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: 
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է բացառել` որպես գրավի առարկա սեփականատիրոջ անչափահաս երեխայի/ների/ սեփականության կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանը:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են անշարժ գույքի շուկայում բանկերի կամ ֆինանսական այլ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների  շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: 

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է որպես գրավի առարկա բացառել սեփականատիրոջ անչափահաս երեխայի/ների/ սեփականության կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանը:

Հաշվի առնելով այն, որ նշված հանգամանքը մի կողմից կսահմանափակի բանկերի, գրավատների գործունեությունը, իսկ մյուս կողմից կխոչընդոտի անհատ ձեռնարկատերերին իրենց գործարար ակտիվության զարգացման համար վարկ վերցնելու գործընթացին`  Նախագծի ընդունման արդյունքում, դրա կիրարկման դեպքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կնախատեսվի որոշակի բացասական ազդեցություն: 
 


Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման 



«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է խմբագրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին կետը եւ սահմանել, որ գրավի առարկա չի կարող լինել նաեւ սեփականատիրոջ անչափահաս երեխայի (երեխաների) սեփականության կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանը:

ՀՀ օրենքի վերոնշված նախագիծն ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: