ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                            պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-959-03.03.2016-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ եւ թողնել միայն ազատազրկման ձեւով պատիժը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ տուգանքը չափազանց մեղմ պատժատեսակ է նման արարքի կատարման համար եւ չի կարող ապահովել պատժի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված նպատակները:

Հաշվի առնելով նախագծում բարձրացված հարցերի առանձնահատկությունները՝ կարծում ենք առաջարկվող կարգավորումներին անհրաժեշտ է անդրադառնալ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիան նախատեսում է խստությամբ, բնույթով եւ հանցագործի նկատմամբ ներգործության առանձնահատկություններով պայմանավորված տարաբնույթ պատժատեսակներ՝ տուգանք եւ ազատազրկում որոշակի ժամկետով: Պատժի տեսակների բազմազանությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածում ամրագրված արդարության եւ պատասխանատվության անհատականացման սկզբունքի վրա եւ յուրաքանչյուր քրեական գործով հնարավորություն է ընձեռում դատարանին հաշվի առնել հանցագործության եւ հանցագործի վտանգավորության աստիճանը, դրանով իսկ նշանակել արդարացի պատիժ, որն առավելագույնս կնպաստի ինչպես սոցիալական արդարության վերականգնմանը, այնպես էլ դատապարտյալի ուղղմանը եւ նոր հանցագործությունների կանխմանը: Այդ առումով գտնում ենք, որ նախագծի ընդունմամբ կսահմանափակվի պատիժ նշանակելիս դատական հայեցողության շրջանակը՝ դատարանը պարտադրված կլինի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ կիրառել բացառապես ազատազրկում որոշակի ժամկետով պատժատեսակը նաեւ այն դեպքերում, երբ որոշի, որ տվյալ դատապարտյալին առավել նպատակահարմար է պատժիչ դաստիարակչական ներգործության ենթարկել առանց վերջինիս հասարակությունից մեկուսացնելու (խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ գործով առկա են մեղմացնող մի շարք հանգամանքներ, օրինակ՝ պատիժ նշանակելու պահին հանցավորի խնամքի տակ գտնվում է մինչեւ 14 տարեկան երեխա, հանցանք կատարելու կամ պատիժ նշանակելու պահին հանցավորի հղիությունը եւ այլն): Ելնելով նշվածից՝ գտնում ենք, որ առաջարկվող օրենսդրական կարգավորումը հակասում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածում ամրագրված արդարության եւ պատասխանատվության անհատականացման սկզբունքին, ինչպես նաեւ 61-րդ հոդվածում սահմանված պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներին, մասնավորապես, նշված հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները:

Հարկ է նշել նաեւ, որ նախագծի ընդունումը չի բխում 2015 թվականի հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքի հայեցակարգում ամրագրված մոտեցումներից, որոնք ուղղված են պատժի համակարգում առկա թերությունների վերացմանը: Այսպես, հայեցակարգի համաձայն, այսօրվա պայմաններում ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններին հաճախ փաստորեն հետեւում են նույն սանկցիաները, ինչ որ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին։ Հանցավորությունը, սակայն, դրանից չի նվազում։ Ավելին, անպատժելիության մթնոլորտն ավելի է խորանում։ Այդ իմաստով ազատազրկման հետ չկապված պատիժների կիրառումը, երբ դա, իհարկե, հիմնավորված է, պետք է դառնա իրավակիրառական տարածված պրակտիկա, որի հիմնական նպատակը քրեական պատասխանատվության անխուսափելիության, այլ ոչ թե չափազանց խստության ապահովումն է։

Ներկայիս պայմաններում առավել կարեւորվում է որոշակի կատեգորիայի հանցագործությունների համար ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատժատեսակների կիրառման անհրաժեշտությունը։ Հասարակությունից տեւականորեն մեկուսացնելու այլընտրանքները հանդիսանում են հասարակությունը քրեականացումից, դատապարտյալներին՝ հանցավոր ենթամշակույթին սերտաճելուց խուսափելու գործուն միջոցներ։ Հենց այլընտրանքային պատիժները պետք է դառնան քրեական սանկցիաների նոր համակարգի առավել պահանջված բաղադրատարրեր, ինչը կնպաստի նաեւ քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության նվազեցմանը:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը եւս վկայում է այն մասին, որ տվյալ հանցանքի համար նախատեսված սանկցիան որպես պատժատեսակ պետք է նախատեսի նաեւ տուգանք: Այսպես՝

1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության քրեական օրենսգրքի 107ա եւ 107բ հոդվածները որպես պատժատեսակ ազատազրկման հետ մեկտեղ նախատեսում են նաեւ տուգանք.

2) Շվեյցարիայի Համադաշնության քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածը նույնպես ազատազրկում պատժատեսակի հետ մեկտեղ նախատեսում է տուգանք.

3) նույն մոտեցումը բնորոշ է նաեւ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքին, որի 19-րդ գլխում ընդգրկված հոդվածներով պատասխանատվություն է սահմանվում մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունների համար: Նշված գլխի բոլոր հոդվածներում տուգանքը եւս նախատեսված է ազատազրկում որոշակի ժամկետով պատժատեսակի հետ մեկտեղ:

Ամփոփելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ՝

1) նախագծի ընդունմամբ կխաթարվեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք նորմ-երաշխիքներ, ինչպիսիք են՝

ա. 10-րդ հոդվածում ամրագրված արդարության եւ պատասխանատվության անհատականացման սկզբունքը,

բ. 61-րդ հոդվածում սահմանված պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները.

2) առաջարկվող օրենսդրական կարգավորումը չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքի հայեցակարգում ամրագրված մոտեցումներից եւ միջազգային փորձից:

Անդրադառնալով նախագծին քաղաքական տեսանկյունից՝ պետք է նշել, որ, նախընտրական գործընթացներով պայմանավորված, առաջարկվող կարգավորումն առաջացնում է մի շարք քաղաքական հարցադրումներ, որոնք անհրաժեշտ է լայն քննարկման առարկա  դարձնել: Հետեւաբար, չնայած նախագծով առաջարկվող իրավական խնդրահարույց կարգավորումներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության  ամրապնդման եւ նախագծով բարձրացվող հարցերի քննարկման կարեւորությունը, հավանություն է տալիս օրենքի նախագծին:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

Եզրակացություն
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի  բնապահպանության  բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է հանել կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար որպես պատժատեսակ սահմանված տուգանքը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է հանել մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար որպես պատժատեսակ սահմանված տուգանքը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքում պատիժ կիրառել միայն 2-3 տարի ժամկետով ազատազրկումը` բացառելով պատիժը նաեւ նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափ տուգանքով փոխարինելը:

Ելնելով վերը նշվածից` հայտնում ենք, որ Նախագծի ընդունման դեպքում կգրանցվի կալանավորների թվաքանակի աճ, որը ՀՀ պետական բյուջեի վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն, սակայն ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ գնահատել:

 Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, սակայն ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել՝ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով: