ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-998-06.05.2016-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ`

1) Գյումրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչության համար կազմակերպված մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացված եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից՝ 50 տոկոսի չափով, իսկ նշված գործունեությունն իրականացնող եւ շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից.

2) Գյումրի քաղաքի վարչական սահմաններում տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ենթաակցիզային ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`

ա. իրացումից ստացված եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից՝ 50 տոկոսի չափով,

բ. օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից՝ 50 տոկոսի չափով,

գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից՝ 50 տոկոսի չափով.

3) Գյումրի քաղաքի վարչական սահմաններում իրականացվող՝ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունն ազատվում է արտոնագրային վճարից՝ 50 տոկոսի չափով, իսկ այդ գործունեությունն իրականացնող անհատ ձեռնարկատերերը՝ ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից` 50 տոկոսի չափով.

4) կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են Գյումրի քաղաքում իրականացվող գործունեության մասով՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից՝ բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող՝ աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից եւ դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի:

Առաջարկվում է նաեւ սահմանել, որ`

1) Գյումրի քաղաքում 40 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 100 մլն դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 18 ամիս ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից.

2) Գյումրի քաղաքում 80 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 200 մլն դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 2 տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից.

3) Գյումրի քաղաքում 100 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 400 մլն դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 3 տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից.

4) Գյումրի քաղաքում 150 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը մեկ մլրդ դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 4 տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից.

5) Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը հինգ տարի ժամկետով ազատ տնտեսական գոտի է.

6) Գյումրի քաղաքում գրանցված եւ գործունեություն իրականացնող կազմակերպությունները Գյումրիում իրականացվող շինարարական մրցույթներում հաղթող են ճանաչվում նաեւ այն դեպքում, երբ մրցույթի մյուս մասնակիցների կողմից առաջարկվող գնից մինչեւ 5 տոկոս բարձր գին են առաջարկում:

Ընդ որում, օրենքի նախագծի հիմնավորման համաձայն, օրենքի նախագծի ընդունման արդյունքում աղետի գոտում, մասնավորապես, Գյումրի քաղաքում էականորեն կակտիվանան նպատակային ներդրումները։

Այդ կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ողջունելի է համարում ներդրումային միջավայրի աճի խթանմանն ու համայնքներում գործարար ակտիվության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները: Դրա մասին է վկայում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Միաժամանակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներդրումների ծավալի աճի խթանմանն ուղղված միջոցառումները պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված եւ հասցեական, որպեսզի դրա արդյունքում ակնկալվող արդյունքները գերազանցեն պետության կողմից կրած կորուստները:

Միաժամանակ՝ գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրի պակաս գրավիչ լինելը բացառապես հարկային գործոնով պայմանավորելը հիմնավոր չէ, քանի որ Հայաստանի Հանրապետության հարկային համակարգը ?հարկի դրույքաչափերը, հարկային հաշվառման եւ հարկային վարչարարության իրականացման ընթացակարգերը եւ այլն? ներդրումների իրականացմանը նպաստելու առումով չի զիջում տարածաշրջանի այլ երկրների հարկային համակարգերին: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ օրենքի նախագծով առաջարկվող արտոնությունների բացակայության պայմաններում բազմաթիվ են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հաջողությամբ իրականացված եւ իրականացվող ներդրումային ծրագրերը:

Ներդրումների ծավալի աճին ուղղված միջոցառումները պետք է ունենան համակարգային բնույթ եւ ուղղված լինեն առկա բոլոր խոչընդոտների վերացմանը: Հակառակ դեպքում՝ ներդրումների ծավալի աճին նպաստելու համար այս կամ այն տարածաշրջանի համար բացառապես հարկային արտոնությունների նախատեսումը հանգեցնելու է միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների կորուստների՝ առանց այդ տարածաշրջաններում նոր ներդրումների իրականացման: Այս առումով՝ սահմանամերձ համայնքների համար սահմանված արտոնությունները հիմնավորված էին, քանի որ նման արտոնությունների սահմանումը հիմնավորվում էր նախեւառաջ այն հանգամանքով, որ նշված համայնքների բնակիչները գտնվում են կյանքին եւ գույքին սպառնացող մշտական վտանգի ներքո, եւ արտոնությունների տրամադրումը նպաստում է նաեւ երկրի ազգային անվտանգությանը:

2. Ներդրումների ներգրավման խնդիրն այսօր արդիական է ամբողջ հանրապետության մակարդակով: Այս առումով անհասկանալի է նման խտրական մոտեցումների ամրագրման տրամաբանությունը, քանի որ հիմնավորված չի կարող համարվել ներդրումների խթանման համար պետության կողմից միայն տեղային միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, անհասկանալի է, թե ինչու են արտոնությունները նախատեսվում միայն Գյումրի քաղաքի համար, երբ ներդրումների ներգրավման խնդիրներ ունեն նաեւ, օրինակ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզը կամ Վայոց ձորի մարզը: Առավել եւս, երբ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզը նույնպես համարվում է երկրաշարժից տուժած բնակավայրեր ունեցող մարզ:

Հետեւաբար, գտնում ենք, որ ներդրումային միջավայրի խթանման նպատակով պետության կողմից իրականացվող միջոցառումները պետք է ունենան համալիր եւ համակարգված բնույթ: Այս առումով ներկայացված օրենքի նախագծով առաջարկվող՝ հարկման բազայի կրճատմանն ուղղված՝ աննախադեպ ընդգրկման ծավալներ ունեցող հարկային արտոնությունների սահմանման վերաբերյալ առաջարկություններն ընդունելի չեն, քանի որ դրանք միակողմանի բնույթ են կրում եւ ուղղված են միայն հարկային արտոնությունների սահմանմանը:

3. Հարկ է նկատել, որ օրենքի նախագիծը մի մասով ամբողջությամբ վերարտադրում է «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնությունները, իսկ մյուս մասով նախատեսում է լրացուցիչ՝ առավել ընդլայնված հարկային արտոնություններ՝ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեության համար: Վերջինս նշանակում է, որ օրենքի նախագծով առաջարկվող արտոնությունները մրցակցության մեջ են մտնելու սահմանամերձ համայնքների համար սահմանված արտոնությունների հետ եւ անխուսափելիորեն ձախողելու են այդ օրենքի առջեւ դրված հիմնական խնդիրները, քանի որ ակնհայտ է, որ օրենքի նախագծով առաջարկվող արտոնությունների սահմանման դեպքում ներդրում կատարելու ցանկություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները ներդրումներ կկատարեն Գյումրի քաղաքում: Արդյունքում չեն իրականացվի «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առջեւ դրված այնպիսի նպատակներ, ինչպիսիք են սահմանամերձ համայնքների տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացումը, այդ համայնքներում բնակվող քաղաքացիների համար աշխատատեղերի ստեղծումը, եկամուտների ապահովումը եւ այլն:

4. Հարկ ենք համարում ընդգծել, որ օրենքի նախագծի ընդունումը լուրջ խնդիրներ է ստեղծելու նաեւ տարածքների համաչափ զարգացման ապահովման տեսանկյունից, քանի որ օրենքի նախագծով ներկայացված արտոնությունների սահմանման արդյունքում Գյումրի քաղաքին հարակից բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներն արտոնություններից օգտվելու նպատակով իրենց գործունեությունը կտեղափոխեն Գյումրի քաղաք, ինչի արդյունքում կստացվի այնպես, որ մեկ քաղաքում նոր աշխատատեղերն ստեղծվում կամ նոր ներդրումները ներգրավվում են այլ բնակավայրերի՝ արդեն իսկ ստեղծված աշխատատեղերի կամ այլ մարզերում իրականացվելիք ներդրումների հաշվին:

5. Օրենքի նախագծով ներկայացված արտոնությունների սահմանման արդյունքում միեւնույն գործունեությամբ զբաղվող, սակայն տարբեր տարածաշրջաններում փաստացի գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների միջեւ կստեղծվեն հարկման անհավասար պայմաններ, ինչը չի բխում հարկման արդարության ու հավասարության սկզբունքից: Հարկ է նկատել, որ այդ ռիսկերն առկա են նաեւ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դեպքում: Այդուհանդերձ, հաշվի առնելով օրենքի առջեւ դրված նպատակների կարեւորությունը եւ այն, որ օրենքի շրջանակներում ընդգրկվելու են խիստ սահմանափակ թվով համայնքներ, նման ռիսկերը կառավարելի են: Մինչդեռ, ներկայացված օրենքի նախագծով առաջարկվող արտոնությունների մասով նշված ռիսկերը կառավարելի չեն եւ անտեսվել չեն կարող, քանի որ օրենքի նախագիծը, ըստ էության, կիրառելի է լինելու ամբողջ Գյումրի քաղաքում եւ, հետեւաբար, կարող է ընդգրկել հարկ վճարողների առավել մեծ խմբեր:

6. Հարկային արտոնությունների սահմանումը չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության ուղղություններից, քանի որ իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման բազաների ընդլայնմանը եւ հարկային արտոնությունների շրջանակի կրճատմանը:

7. Օրենքի նախագծով առաջարկվող արտոնությունները մեծ մասամբ անիրատեսական են եւ կիրառելի չեն: Մասնավորապես, անիրատեսական է օտարման գործարքներն ավելացված արժեքի հարկից 50 տոկոսի չափով ազատելու դրույթը, քանի որ նույն գործարքը չի կարող մի մասով համարվել հարկվող, մյուս մասով՝ ազատված: Միաժամանակ՝ նշված առաջարկությունը ենթադրում է նաեւ ավելացված արժեքի հարկ վճարողի կողմից հարկային հաշվառման լրջագույն բարդություններ՝ հաշվի առնելով ավելացված արժեքի հարկի հաշվարկման համար օրենքով սահմանված կարգավորումները (դրանց համատեքստում եւ օրենքի նախագծով առաջարկվող արտոնության կիրառման պարագայում հարկ վճարողի կողմից վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի հաշվարկումը դառնում է անհնար): Գյումրի քաղաքում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ներդրում իրականացնող կազմակերպությունների՝ շահութահարկից եւ եկամտային հարկից որոշակի ժամկետով ազատման դրույթներն անհասկանալի են: Անհասկանալի է, օրինակ, թե ինչպես է եկամտային հարկից ազատման արտոնությունը տարածվելու կազմակերպությունների վրա: Եթե խոսքը վերաբերելու է կազմակերպությունների՝ որպես հարկային գործակալ ֆիզիկական անձանց վճարած եկամուտներից հաշվարկված եկամտային հարկին, ապա արտոնության սահմանումն իր հերթին կխախտի վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստի, ինչպես նաեւ պետական կենսաթոշակային համակարգից կենսաթոշակների ստացման իրավունքը, քանի որ այդ իրավունքները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եկամտային հարկ վճարած լինելու հանգամանքով: Անհասկանալի են նաեւ շահութահարկից ազատման արտոնության մասին դրույթները: Մասնավորապես, անհասկանալի է՝ արդյո՞ք, նշված արտոնությունը վերաբերում է միայն Գյումրի քաղաքում ստեղծված կազմակերպությունների կատարած ներդրումներին, թե՞ նաեւ՝ դրանից դուրս ստեղծված բոլոր կազմակերպություններին (ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ), որոնք ներդրում կկատարեն Գյումրի քաղաքում (այդ թվում՝ եթե այդ ներդրումները կատարվում են Գյումրի քաղաքում ստեղծված կազմակերպություններում): Օրենքի նախագծի 5-րդ հոդվածով շահութահարկից ազատման արտոնության ժամկետը նախատեսվում է 18 ամիս, սակայն շահութահարկի հաշվետու ժամանակաշրջանը համարվում է հաշվետու տարին, եւ նշված 18-ամսյա ժամկետն արտոնության կիրառման համար անիրատեսական է:

8. Օրենքի նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող դրույթի ընդունման դեպքում գնումները կիրականացվեն համեմատաբար թանկ գնով, պայմանագիրը կշնորհվի, ըստ էության, ոչ շուկայական մեխանիզմով` անհավասար մրցակցության պայմաններում: Բացի դրանից, առկա է  նաեւ վտանգ, որ մասնակցին կտրվի նախապատվություն, սակայն վերջինս պայմանագիրը կկատարի այլ կերպ` ոչ տեղական ռեսուրսների օգտագործմամբ:

9. Անհասկանալի է, թե «Շիրակ» օդանավակայանի տարածքն ազատ տնտեսական գոտի սահմանելու վերաբերյալ առաջարկությունն ինչպե՞ս կարող է նպաստել «Շիրակ» օդանավակայանից չվերթների թվի աճին:

10. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ օրենքի ընդունման արդյունքում ամբողջ աղետի գոտում էականորեն կակտիվանան նպատակային ներդրումները, սակայն օրենքի նախագծում խոսքը միայն Գյումրի քաղաքի մասին է:

Միաժամանակ՝ հարկ ենք համարում ընդգծել, որ ներդրումների աճը խթանելու համար գործող հարկային օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված են մի շարք արտոնություններ: Մասնավորապես՝

1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի     6.1-ին հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ներդրումային նշանակություն ունեցող ապրանքների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար Հայաստանի Հանրապետության սահմանին հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը հետաձգվում է մինչեւ 3 տարի ժամկետով: Հարկ է նկատել նաեւ, որ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ վերացվել է նշված արտոնությունից օգտվելու համար սահմանված՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների արժեքային շեմը, ինչի արդյունքում ներդրումային ծրագիր իրականացնող տնտեսավարող սուբյեկտները կարող են առանց սահմանափակման օգտվել նշված արտոնությունից: Բացի դրանից, ներդրումների ծախսատարությունը կրճատելու նպատակով ներդրումային փուլում օգտագործվող սարքավորումների մասով ներմուծման փուլում ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնություններ են սահմանված նաեւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ցանկում ներառված ապրանքների համար.

2) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտի գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով՝ համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով:

Ելնելով շարադրվածից, Հայաuտանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը։

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները: 
  

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն առողջապահության բնագավառի վրա կունենա դրական  ազդեցություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է Գյումրի քաղաքում 50 տոկոսի չափ նվազեցնել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտոնագրային վճարով հարկման ենթակա գործունեության համար գանձվող արտոնագրային վճարի չափը, հայտնում եմ, որ նշված կարգավորումը դրական ազդեցություն կունենա առողջապահության բնագավառի վրա, քանի որ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հավելվածով որպես արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակ նախատեսված են նաեւ ստոմատոլոգիական եւ ատամնատեխնիկական բժշկական օգնության եւ սպասարկման տեսակները: Ուստի բժշկական օգնության եւ սպասարկման նշված տեսակների համար արտոնագրային վճարը 50 տոկոսի չափով նվազեցնելը կհանգեցնի Գյումրի քաղաքում ստոմատոլոգիական եւ ատամնատեխնիկական բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատչելիության եւ հասանելիության, նշված ծառայությունները մատուցողների գործունեության զարգացման եւ ընդլայնման:

Եզրակացություն
 
«Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

 Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք   ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում աղետի գոտի համարվող Գյումրի քաղաքում, առեւտրատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար սահմանել որոշակի հարկային արտոնություններ, մասնավորապես` շրջանառության հարկով հարկվող առեւտրական գործունեությունը, արտադրական, ինչպես նաեւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեությունը 50 տոկոսով ազատել հարկերից, ինչպես նաեւ Գյումրի քաղաքում աշխատատեղեր ստեղծելու նպատակով իրականացվող ներդրումները` կոնկրետ չափանիշների բավարարելու դեպքում սահմանված ժամկետներում ազատել շահութահարկից եւ եկամտահարկից:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են առեւտրատնտեսական գործունեության շրջանակներում գործող մի շարք շուկաների (ապրանքների եւ ծառայությունների) հետ:

Նախագծի ընդունման պարագայում կստեղծվեն հարկային բարենպաստ եւ արտոնյալ պայմաններ Գյումրի քաղաքում առեւտրատնտեսական գործունեության իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, սակայն միեւնույն ժամանակ տարածաշրջանի տարանջատումը կբերի անհավասար մրցակցային պայմանների ձեւավորմանը` Գյումրի քաղաքի վարչական սահմաններից դուրս այլ համայնքներում առեւտրատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների միջեւ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա բացասական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է Գյումրի քաղաքի վարչական սահմաններում մանրածախ առեւտրի, արտադրական, ինչպես նաեւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեությունը 50 տոկոսով ազատել հարկերից:

Միաժամանակ, նախատեսվում է կոնկրետ չափանիշերի բավարարելու դեպքում որոշակի ժամկետով Գյումրի քաղաքում իրականացվող ներդրումներն ազատել շահութահարկից եւ եկամտահարկից:

 Նախագծով ներկայացված հարկային բեռի թեթեւացման գաղափարն, ընդհանուր առմամբ, գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարող է ունենալ դրական ազդեցություն, եթե ուղեկցվի համակարգային լուծումներով եւ տնտեսական զարգացման համարժեք գործիքակազմի ներդրմամբ: Մասնավորապես, նպատակահարմար է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքը վերանայել ոչ միայն Գյումրի քաղաքի, այլ նաեւ տնտեսական զարգացման առումով Երեւանին էապես զիջող մյուս բոլոր քաղաքների համար:

Հարկման նպատակով որեւէ տարածաշրջանի առանձնացումն, ինքնըստինքյան, կարող է խնդիրներ առաջացնել հավասար մրցակցային պայմաններ ապահովելու տեսանկյունից. Գյումրի քաղաքի վարչական սահմաններից դուրս ցանկացած այլ համայնքում գործող տնտեսավարող հայտնվելու է անհավասար մրցակցային պայմաններում` գործելով տնտեսական նույն կամ համանման միջավայրում:

Միեւնույն ժամանակ, արտոնությունների տրամադրումը երկարաժամկետ եւ կարճաժամկետ հատվածում կարող է բացասաբար անդրադառնալ ընկերությունների մրցունակության խթանների բարելավման վրա:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է հարկային արտոնությունների կրճատման քաղաքականություն (ինչը նաեւ արտահայտվել է ՀՀ հարկային օրենսգրքի նախագծում) կարծում ենք` Գյումրի քաղաքի զարգացման համար անհրաժեշտ է ուսումնասիրել վերջինիս տնտեսության գերակա ոլորտները եւ այդ ոլորտներում դիտարկել պետական օժանդակության մեխանիզմների (մասնավորապես` սուբսիդիաների, արտոնյալ վարկերի) սահմանման հնարավորությունը:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ`

1) Գյումրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացված եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից 50 տոկոսի չափով, իսկ նշյալ գործունեությունն իրականացնող եւ շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից,

2) Գյումրի քաղաքի վարչական սահմաններում տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ենթաակցիզային ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`

ա. իրացումից ստացված եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից 50 տոկոսի չափով,

բ. օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից 50 տոկոսի չափով,

գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից 50 տոկոսի չափով,

3) Գյումրի քաղաքի վարչական սահմաններում «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեությունը ազատվում է արտոնագրային վճարից 50 տոկոսի չափով, իսկ այդ գործունեությունն իրականացնող անհատ ձեռնարկատերերը՝ ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից` 50 տոկոսի չափով,

4) կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են Գյումրի քաղաքում իրականացվող գործունեության մասով ՀՀ օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից եւ դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի:

Առաջարկվում է սահմանել նաեւ, որ`

1) Գյումրի քաղաքում 40 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 100 մլն. դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 18 ամիս ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից,

2) Գյումրի քաղաքում 80 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 200 մլն. դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 2 տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից,

3) Գյումրի քաղաքում 100 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 400 մլն. դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 3 տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից,

4) Գյումրի քաղաքում 150 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 1 մլրդ. դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 4 տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից:

Միաժամանակ առաջարկվում է Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը հինգ տարի ժամկետով սահմանել ազատ տնտեսական գոտի:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

Միաժամանակ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: