ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան



Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հրանտ Բագրատյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նախագծի (Պ-1027-14.06.2016-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Օդային օրենսգրքի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) իրավական կարգավորման առումով թերի է եւ այս տեսքով չի կարող կարգավորել Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման, քաղաքացիական ավիացիայի գործունեության հետ կապված հիմնական նորմերը եւ հարաբերությունները: Բացի  դրանից՝

1) համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ օրենսգիրքն իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը համակարգված եւ կանոնակարգված ձեւով շարադրված օրենքն է: Այդ առումով նախագիծը տրամաբանորեն պետք է ներառեր ոլորտին վերաբերող՝ ինքնուրույն գործող նորմատիվ իրավական ակտերի հիմնական պահանջները, այնինչ նախագիծն առարկայական չէ, չի պարունակում նախագծում նշված ինստիտուտներին վերաբերող ընթացակարգային նորմեր: Նախագծում հստակեցված չեն նախագծի կարգավորման առարկան եւ նպատակը, սահմանված չէ նախագծում կիրառվող հասկացությունների եւ տերմինների բովանդակությունը.

2) նախագծով առաջարկվող կարգավորումները բավարար հիմնավորված չեն, քանի որ նախագծին կից ներկայացված  հիմնավորման մեջ լիարժեքորեն չի տրվում նախագծի ընդունման անհրաժեշտությունը եւ նպատակը, տվյալ ոլորտում ընթացիկ իրավիճակի նկարագրությունը, խնդիրների բացահայտումն ու բնութագրումը` հիմնված ակնհայտ փաստերի վրա:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ՝

1. Նախագծի մի շարք դրույթներ չեն համապատասխանում կամ հակասում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) պահանջներին եւ ստանդարտներին: Մասնավորապես, նախագծի՝

1) 6-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետը հակասում է ԻԿԱՕ-ի դոկ. 8335-ին, 18-րդ ենթակետը՝ ԻԿԱՕ-ի դոկ. 9859-ի պահանջներին.

2) III մասը (Թռիչքների անվտանգության կարգավորող եւ վերահսկող մարմինները) հակասում է ԻԿԱՕ-ի 19-րդ՝ «Թռիչքների անվտանգության կառավարում» հավելվածի, Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (այսուհետ՝ ԵԱՍԱ) կողմից սահմանված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1460-Ն որոշմամբ ներդրված թռիչքային անվտանգության պահանջներին ու սահմանված ստանդարտներին.

3) VIII մասի դրույթները չեն պարունակում Կոնվենցիայի թիվ 14՝ «Աերոդրոմներ» հավելվածի եւ ԻԿԱՕ-ի դոկ. 9137, դոկ. 9157, դոկ. 9774 ձեռնարկների դրույթները.

4) IX մասի (Օդանավերի թռիչքները) 40-րդ հոդվածը չի բավարարում Չիկագոյի 1944 թվականի դեկտեմբերի 7-ի կոնվենցիայի (այսուհետ՝ կոնվենցիա)  թիվ 19` «Թռիչքների անվտանգության կառավարում» հավելվածի, ԻԿԱՕ-ի դոկ 9859 «Թռիչքների անվտանգության կառավարման ձեռնարկ» փաստաթղթերի դրույթների պահանջները.

5) X մասի (Օդային տարածքի օգտագործումը, օդային երթեւեկության կառավարումը, պատահարների հետաքննումը) 44-47-րդ հոդվածները հակասում են ԻԿԱՕ-ի թիվ 15՝ «Աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն» հավելվածի դրույթներին, իսպառ բացակայում է որեւէ նշում աերոնավիգացիոն կապի եւ դիտարկման հասկացությունների ու դրանց ապահովման կարգի մասին, որոնք ներկայումս ներդրված են եւ գործում են գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 10-ի N 52-Ն հրամանով, որը մշակվել է՝ հիմք ընդունելով Եվրոկոնտրոլ կազմակերպության ձեռնարկները.

6) որոնողափրկարարական աշխատանքներին վերաբերող 49-րդ հոդվածը չի պարունակում ԻԿԱՕ-ի թիվ 12՝ «Որոնում եւ փրկարարություն», իսկ 50-րդ հոդվածը՝ թիվ 13՝ «Ավիացիոն պատահարների եւ միջադեպերի քննություն» հավելվածի դրույթները.

7) XIII մասը  (Ավիացիոն անվտանգություն) չի պարունակում նշված ոլորտին վերաբերող նվազագույն եւ պարտադիր հանդիսացող պայմանները, որոնք սահմանված են ԻԿԱՕ-ի թիվ 17՝ «Անվտանգություն: Քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունը անօրինական միջամտության ակտերից» հավելվածով եւ Հայաստանի Հանրապետության անդամակցած՝ նշված ոլորտի միջազգային կազմակերպությունների մի շարք փաստաթղթերով:

2. Նախագծով հստակ սահմանված չէ նախագծի կարգավորման առարկան, ավիացիոն գործունեության հասկացությունը, ինչը նախագծի գործողության ոլորտն է:

3. Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմինը քաղաքացիական ավիացիայի վարչությունն է: Ըստ նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի՝ «վարչությունը հիմնադրվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության մասնագիտացված եւ ինքնավար վարչական մարմին, որը պատասխանատու է տվյալ օրենսգրքի եւ միջազգային քաղաքացիական ավիացիային վերաբերող այլ օրենքների ու միջազգային համաձայնագրերի կատարման համար: Վարչությունն իրավաբանական անձ  է, որն ունի հաշվարկային եւ ընթացիկ հաշիվներ բանկերում, ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք եւ նշան՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով: Վարչության կազմի մեջ մտնող ստորաբաժանումների եւ կազմակերպությունների առանձնացումն ինքնուրույն հիմնարկությունների իրավաբանական անձանց կարգավիճակով, ամբողջ ծավալով, պահպանվում են սույն օրենսգրքով նախատեսված պետական կարգավորման եւ վերահսկողության բոլոր լիազորությունները եւ պարտականությունները:»: Իսկ նախագծի 5-րդ հոդվածով կարգավորվում է վարչության ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները: Այդ առումով նախագիծը չի բխում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն եւ 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներից, որոնք կարգավորում են պետական կառավարման մարմինների կարգավիճակի, դրանց կազմի մեջ մտնող ստորաբաժանումների լիազորությունների հետ կապված հարաբերությունները:

4. Նախագծում առկա են ներքին հակասություններ: Մասնավորապես՝

1) համաձայն 1-ին հոդվածի 3-րդ մասի՝ տվյալ օրենսգիրքը չի կիրառվում պետական օդանավերի նկատմամբ, այնինչ  4-րդ, 6-րդ եւ 16-րդ հոդվածները պարունակում են պետական ավիացիային վերաբերող դրույթներ.

2) 12-րդ հոդվածը հակասում է 4-րդ հոդվածի 1-ին կետին՝ տարբեր մարմիններին միեւնույն լիազորություններով օժտելու առումով:

5. Նախագծի մի շարք դրույթներ հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանդրությանն ու արդեն իսկ գործող օրենքներին: Մասնավորապես՝

1) 5-րդ հոդվածը եւ 6-րդ հոդվածի 5-րդ կետը հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այսպես՝ 5-րդ հոդվածի համաձայն վարչությունը սահմանված կարգով որոշում է գանձվող տուրքերի չափերը: Այդ առումով նախագծի նշված դրույթները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող այլ պարտադիր  վճարումներ:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 24-րդ հոդվածի 12-րդ մասին եւ նախագծի ամբողջ տեքստին.

2) նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի հատուկ լիազորված մարմինը կարող է լինել հասարակական կազմակերպություն, որին վերաբերող 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածներով նախատեսված դրույթները հակասում են «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին.

3) 10-րդ հոդվածը տեսչական ստուգումներ իրականացնելու նպատակով նախատեսում է վարչության կողմից տեսչական մարմնի ստեղծման հնարավորություն եւ սահմանում  տեսուչի իրավասության շրջանակը: Այդ առումով հոդվածը չի բխում «Տեսչական մարմինների մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներից.

4) 77-րդ հոդվածը պարունակում է հայցային վաղեմության արտոնյալ պայմաններ, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերի, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին.

5) XIV մասը (Պատժամիջոցներ) հակասում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության հիմքին՝ այն պատճառաբանությամբ, որ, բացի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքից, որեւէ այլ նորմատիվ իրավական ակտով չի կարող սահմանվել հանցակազմի տարր պարունակող արարք, ինչպես նաեւ քրեական պատասխանատվություն: Բացի դրանից՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտում վարչական իրավախախտումները եւ դրանց համապատասխան պատասխանատվության չափերը սահմանված են Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով.

6) VI մասում (Օդանավեր) նշված են դրույթներ, որոնք չեն համապատասխանում «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին, իսկ 26-րդ հոդվածը հակասում է Չիկագոյի կոնվենցիայի 30-րդ հոդվածին։

6. Նախագծում բացակայում են կանոնակարգման ենթակա մի շարք հարաբերություններ, իսկ մի շարք դրույթներ թերի են կանոնակարգված: Մասնավորապես՝

1) կանոնակարգված չեն   ռազմական ավիացիայի գործունեության հետ կապված առանձնահատկությունները.

2) 2-րդ հոդվածով սահմանված «Տարածք» հասկացությունը թերի է, քանի որ չի պարունակում Հայաստանի Հանրապետության ցամաքային ու ջրային տարածքների վրայի օդային տարածությունը.

3) նախագծում բացակայում են 3-րդ հոդվածում օգտագործվող հասկացությունների սահմանումները.

4) նախագծի 14-րդ հոդվածով ամրագրվում են հասարակական վերահսկողության մեխանիզմներ, որոնք հստակեցման եւ հիմնավորման կարիք ունեն.

5) V մասը վերաբերում է հավաստագրմանը եւ արտոնագրմանը: Այդ առումով նախագծում հստակեցման կարիք ունեն դրանց իրավական բովանդակության առանձնահատկությունները, ընթացակարգերը, մերժման հիմքերը, ժամկետները եւ այլն.

6) VI մասը (Օդանավեր) սպառիչ կարգավորում չի պարունակում օդանավի գրանցման պայմանների, օդանավի միջանկյալ գրանցման պայմանների, օդանավի սեփականատիրոջ փոխվելու եւ օդանավը ռեգիստրից հանելու դեպքերի, ինչպես նաեւ օդանավի ազգային պատկանելության գրանցման վերաբերյալ.

7) VII մասը սահմանում է թռիչքների անվտանգության կարգավորող եւ վերահսկող մարմինները: Մասնավորապես, սահմանված է, որ թռիչքների իրագործման եւ անվտանգության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունը կատարում է օդային անվտանգության անկախ վերահսկիչ կոմիտեն (ՕԱՎԿ), որի կարգավիճակը նախագծում պարզ չէ, իսկ լիազորությունները հստակեցման կարիք ունեն.

8) VIII մասում (Աերոդրոմներ եւ օդանավակայաններ) եւ, ընդհանրապես, ամբողջ նախագծում բացակայում է աերոդրոմի ու օդանավակայանի սահմանումները պարունակող որեւէ դրույթ.

9) 41-րդ հոդվածով չի կարգավորվում օդանավ շահագործողի վկայականի տրամադրման ընթացակարգը.

10) XI մասը (Օդային փոխադրումներ) չի պարունակում  օդային փոխադրումների տեսակները եւ դրանց իրականացման կարգերը կանոնակարգող դրույթներ, չի պարունակում ընթացակարգային դրույթներ քաղաքացիական ավիացիայի ոլորտի օդային փոխադրումների իրականացման համար իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձանց արտոնագրման եւ հավաստագրման վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, համաձայն նախագծի 51-րդ հոդվածի, գլխավոր վարչության պետը կարող է դադարեցնել ավիափոխադրողի հավաստագրի գործողությունը կամ անվավեր ճանաչել այն, եթե գտնի, որ դրանք կրողները չեն համապատասխանում հավաստագրի պահանջներին: Մինչդեռ, նախագծում բացակայում են հավաստագրի եւ արտոնագրի պահանջներին եւ նշված փաստաթղթերի գործողության դադարեցմանը վերաբերող օբյեկտիվ դեպք նախատեսող դրույթներ, իսկ հոդվածի 8-րդ մասում նշված հավաստագրումը եւ արտոնագրումը վճարովի իրականացվելու մասին դրույթը պատշաճ ձեւակերպված չէ, եւ տարակարծություն է առաջացնում վճարների չափերի, դրանց հիմնավորվածության եւ դրանք ամրագրող փաստաթղթերի մասով, մինչդեռ հարկ է նշել, որ պետական կառավարչական հիմնարկը, համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, կատարած գործառնությունների եւ մատուցած ծառայությունների համար կարող է գանձել միայն պետական կամ տեղական տուրք կամ տեղական վճար` օրենքով սահմանված չափով եւ կարգով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

7. Նախագծով կարգավորվող իրավահարաբերությունների մեծ մասն արդեն իսկ կարգավորված են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով: Մասնավորապես՝

1) նախագծի 54-69-րդ հոդվածները պարունակում են քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորումներ: Մասնավորապես, գործարքների, պայմանագրային իրավահարաբերությունների, դրանց հետ փոխկապակցված վնասների փոխհատուցման ինստիտուտների եւ նշվածի մասով հայցային վաղեմության արտոնյալ ժամկետների մասերով, մինչդեռ նշված քաղաքացիաիրավական հարաբերություններն արդեն իսկ սպառիչ կարգավորված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Մոնրեալի 1999 թվականի կոնվենցիայով.

2) XII մասը (Օդային փոխադրումներ), ըստ էության, անդրադառնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին ուսումնական եւ հատուկ բնույթի թռիչքներին, որոնց տեսակները եւ կարգը արդեն իսկ կանոնակարգված են գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 11-ի N 56-Ն հրամանով.

3) համաձայն 4-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության  վարչապետի կողմից որոշվում են վարչության պետի ծառայության պայմանները:  Եթե վարչության պետը պետական պաշտոնյա է եւ, եթե նշված դրույթում խոսվում է վարչության պետի աշխատանքի վարձատրության մասին, ապա Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով.

4) քաղաքացիական ավիացիայի գործունեության բոլոր տեսակները, Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գործառույթները եւ պարտականությունները, օդանավերի շահագործման, օդային տարածքի օգտագործման եւ օդագնացության ծառայության ապահովման ընթացակարգը եւ այլ հարաբերություններ արդեն իսկ հստակ կարգավորված են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ տվյալ ոլորտի այլ իրավական ակտերով, մինչդեռ նախագծով առաջարկվող նոր կարգավորումները թերի են եւ չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեսչական մարմինների մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եւ մի շարք այլ օրենքների պահանջներին:

8. Նախագծի դրույթներում առկա են կոռուպցիոն գործոններ: Մասնավորապես՝

1) նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 5-րդ կետերում եւ նախագծի ամբողջ տեքստում խոսվում է համաձայնեցումների եւ թույլտվությունների տրամադրման մասին, մինչդեռ պարզ չէ, թե դրանք ինչ կարգով եւ ինչ ժամկետներում են տրամադրվելու, որոնք են մերժման հիմքերը: Այս դեպքում առաջանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված կոռուպցիոն գործոնը, քանի որ նախագծում բացակայում են թույլտվությունների եւ համաձայնեցումների վարչական ընթացակարգերը: Վարչական ընթացակարգերի բացակայությունը հիմնականում արտահայտվում է նյութական նորմերի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգային նորմերի, այսինքն` որոշումների ընդունման, գործողությունների իրականացման հստակ կարգի եւ ժամկետների բացակայությամբ.

2) համաձայն նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ մասի՝ վարչությունը կարող է ազատել տվյալ օրենսգրքով սահմանված ցանկացած կանոնի կամ չափանիշի պահանջների կատարումից, եթե վարչության պետը գտնի, որ դա անհրաժեշտ է հասարակության շահերից ելնելով եւ չի ստեղծում սպառնալիք քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը: Իսկ 34-րդ հոդվածի 4-րդ եւ 79-րդ հոդվածի 3-րդ մասերի համաձայն վարչությունն իրավունք ունի սահմանափակելու կամ ժամանակավորապես դադարեցնելու օդանավակայանի աշխատանքը կամ անվավեր ճանաչելու դրա հավաստագիրը, եթե պարզի, որ օդանավակայանը չի համապատասխանում շահագործման եւ անվտանգության անհրաժեշտ կանոններին, կամ ժամանակավոր դադարեցնելու կամ կասեցնելու ցանկացած իրավաբանական անձի հավաստագրի, թույլտվության կամ վկայագրի գործողությունը, ում վերագրվում է խախտումը: Տվյալ դեպքում առաջանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կոռուպցիոն գործոնը, քանի որ նախագծում առկա է պաշտոնատար անձանց լիազորությունների հայեցողական լայն շրջանակ, մասնավորապես, վարչությանը հնարավորություն է ընձեռվում սեփական հայեցողությամբ ընտրություն կատարելու վարքագծի տարբերակների միջեւ:

9. Նախագծում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված կամ հստակեցման ու պարզաբանման կարիք ունեցող հասկացություններ, դրույթներ: Մասնավորապես՝

1) «ինքնավար վարչական մարմին», «հիմնարկություններ», «հասարակական ձեռնարկություն», «կորպորատիվ կազմակերպություն», «Հայաստանի Հանրապետության հպատակ» եւ այլն.

2) անհասկանալի է նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության 3-րդ կետը, որի համաձայն վարչության պետն իր պարտականություններն իրականացնելու համար իրավունք ունի, բյուջետային հատկացումների եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների առկայության դեպքում, կնքել համաձայնագրեր եւ պայմանավորվել ֆիզիկական անձանց մասնավոր եւ հասարակական կազմակերպությունների կամ մարմինների հետ ծառայություններ մատուցելու վերաբերյալ.

3) անհասկանալի է նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունը, որի համաձայն «Այսուհետ, 19-րդ հոդվածում նշված օգտագործողներից գանձված տուրքերի մի մասն օդանավակայանների, օդագնացության սպասարկման եւ այլ ծառայությունների համար փոխանցվում է այդ ծառայությունների մատակարարների կողմից վարչության ընթացիկ բյուջե, ինչպես որ սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:».

4) նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ կետում նշվում է, որ «Բոլոր գանձված միջոցները փոխանցվում են վարչության առանձին հաշվին», սակայն պարզ չէ, թե ում կողմից կատարվող ինչպիսի գանձումների մասին է խոսքը, եւ որն է վարչության առանձին հաշվի կարգավիճակը:

Ինչ վերաբերում է  նորմատիվ իրավական ակտերի ընդունման լեզվին եւ պաշտոնական թարգմանություններին, ապա դրանց վերաբերող հարցերը կարգավորվում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով, իսկ  օտար լեզուներով նորմատիվ իրավական ակտերի ընդունման հետ կապված պետք է նշել, որ, նշված հոդվածի 1.1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ՝ քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր պետական կառավարման մարմինը կարող են ընդունել օտար լեզվով նորմատիվ իրավական ակտեր: Այսինքն, օտար լեզվով իրավական ակտերն ընդունվում են գլխավոր վարչության պետի հրամանի տեսքով՝ նորմատիվ իրավական բազայի համալրման եւ թարմացման պահանջների ապահովման նպատակով:

Անդրադառնալով ռադիոփոխանակման, գործնական հաղորդակցության համար կիրառելի լեզվին՝ հարկ է նշել, որ այն կարգավորվում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 1 հավելվածով, որին, սակայն, նախագծի դրույթները չեն համապատասխանում:

Բացի դրանից՝ հարկ է նշել, որ նախագծի ամբողջ տեքստում բազմիցս կրկնվող «հրապարակվում է վարչության պետի ձեռնարկի տեսքով» արտահայտությունը չունի իր գործողության համար որեւէ իրավական հիմք, քանի որ քաղաքացիական ավիացիայի ոլորտի գործունեությանը վերաբերող նորմատիվ իրավական բազայի կանոնակարգումները, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների (14-րդ եւ 19-րդ հոդվածներ), ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով եւ գլխավոր վարչության պետի նորմատիվային հրամաններով, այնինչ հրատարակված ձեռնարկը նորմատիվ իրավական ակտի բնույթ չի կրում:

Հարկ է նշել, որ ներկայացված նախագծի դրույթները կարծես օտարալեզու նյութի թարգմանության արդյունք են եւ չեն համապատասխանում հայոց լեզվի շարադասության կանոններին, հետեւապես, բովանդակային առումով անհասկանալի են: Բացի դրանից՝ նախագծով նախատեսված հարաբերությունների կարգավորումը շատ խճճված է ու խրթին: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջները, որոնք առնչվում են իրավական ակտի շարադրանքին:

Միաժամանակ հարկ է նշել, որ նախագծով նախատեսվում է նոր մարմինների ստեղծում, որոնց պահպանումը կարող է պահանջել լրացուցիչ բյուջետային ֆինանսավորում:

Ելնելով շարադրվածից՝ հարկ է նշել, որ, ըստ էության, նախագիծը թերի է,  առկա են մի շարք հակասություններ՝ ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների, այնպես էլ՝ բուն նախագծում ամրագրված նորմերի մասով,  այն ամբողջությամբ չի կարգավորում այն հարաբերությունները, որոնք նախագծի հեղինակները ներկայացրել են որպես հիմնավորում, նախագիծը չի պարունակում ոլորտի համար պարտադիր հանդիսացող ԻԿԱՕ-ի ստանդարտները եւ օրենսդրական պահանջները: Մինչդեռ, քաղաքացիական ավիացիայի մասով ներկայումս գործող ներպետական օրենսդրության նորմատիվ իրավական բազան ապահովում է ոլորտի լիարժեք համապատասխանություն վերաբերելի միջազգային պահանջներին եւ ստանդարտներին:

Հայտնում ենք նաեւ, որ նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխելու նաեւ «Ավիացիայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքից բխող բոլոր նորմատիվ իրավական ակտերը:

Ելնելով շարադրվածից՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված տեսքով օրենսգրքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայումս իրականացվում է Հայաuտանի Հանրապետությունում ավիացիայի ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի վերլուծություն, մասնավորապես, ԵՄ Ավիացիոն ընդհանուր գոտուն միանալու նպատակով Հայաuտանի Հանրապետության օրենսդրական դաշտը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով, եւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում համագործակցել  նախագծի հեղինակների հետ՝ օրենսդրական դաշտում իրականացվելիք փոփոխությունների ուղղությամբ կատարվող աշխատանքներում:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենսգրքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական ավիացիայի  գլխավոր  վարչության  պետ Սերգեյ Ավետիսյանը:

Օրենսգրքի նախագծի ընդունման դեպքում համապատասխան իրավական ակտերը կընդունվեն օրենսգրքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում:

Կից ներկայացվում են օրենսգրքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նախագծի ընդունման դեպքում

Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ՀԱԿԱԿՈՌՈԻՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի» նախագծի վերաբերյալ

Նախագծի դրույթներում առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Նորոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված կոռուպցիոն գործոններ: Մասնավորապես՝ նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 5-րդ կետերում եւ նախագծի ամբողջ տեքստում խոսք է գնում համաձայնեցումների եւ թույլտվությունների տրամադրման մասին, մինչդեռ պարզ չէ, թե դրանք ինչ կարգով եւ ինչ ժամկետներում են տրամադրվելու, որոնք են մերժման հիմքերը: Այս դեպքում առաջանում է ՀՀկառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 1205-Նորոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված կոռուպցիոն գործոնը, քանի որ նախագծում բացակայում են թույլտվությունների եւ համաձայնեցումների վարչական ընթացակարգերը: Վարչական ընթացակարգերի բացակայությունը հիմնականում արտահայտվում է նյութական նորմերի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգային նորմերի, այսինքն՝ որոշումների ընդունման, գործողությունների իրականացման հստակ կարգի եւ ժամկետների բացակայությամբ:

Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչությունը կարող է ազատել տվյալ օրենսգրքով սահմանված ցանկացած կանոնի կամ չափանիշի պահանջների կատարումից, եթե վարչության պետը գտնի, որ դա անհրաժեշտ է հասարակության շահերից ելնելով եւ չի ստեղծում սպառնալիք քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը: Իսկ 34-րդ հոդվածի 4-րդ եւ 79-րդ հոդվածի 3-րդ մասերի համաձայն՝ վարչությունն իրավունք ունի սահմանափակել կամ ժամանակավորապես դադարեցնել օդանավակայանի աշխատանքը կամ անվավեր ճանաչել դրա հավաստագիրը, եթե պարզի, որ օդանավակայանը չի համապատասխանում շահագործման եւ անվտանգության անհրաժեշտ կանոններին կամ ժամանակավոր դադարեցնել կամ կասեցնել ցանկացած իրավաբանական անձի հավաստագրի, թույլտվության կամ վկայագրի գործողությունը, ում վերագրվում է խախտումը, մինչդեռ սահմանված չեն հիշյալ լիազորությունների իրավական հիմքերը: Տվյալ դեպքում առաջանում է ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կոռուպցիոն գործոնը, քանի որ նախագծում առկա է պաշտոնատար անձանց լիազորությունների հայեցողական լայն շրջանակ, մասնավորապես՝ վարչությանը հնարավորություն է ընձեռնվում սեփական հայեցողությամբ ընտրություն կատարել վարքագծի տարբերակների միջեւ:

Եզրակացություն

«Օդային օրենսգրքի մասին» « օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Օդային օրենսգրքի մասին» ՀՀօրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀօրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագիծը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից  ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈԻԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

1. Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Օրենսգիրք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների՝ մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենսգրքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենսգրքի նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է եւ հակասում է այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին: Մասնավորապես, Օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունը սահմանում է օդերեւութաբանական ծառայության պատասխանատու մարմիններ, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում օդերեւութաբանական լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ բնապահպանության նախարարությունը, իսկ օդերեւութաբանական մարմին՝ «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն:

Օրենսգրքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նախագծի տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել  են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների.
 

  •  Առաջարկվում է կարգավորել քաղաքական ավիացիայի գործունեության տեսակները, լիազոր մարմնի գործառույթները, օդանավերի շահագործման, օդային տարածքի օգտագործման ընթացակարգը եւ այլն, սակայն, նշված հարաբերությունները արդեն իսկ կարգավորվում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերով, ինչպես նաեւ միջազգային իրավունքի փաստաթղթերով,
  • սահմանվում են դրույթներ, որոնք ընդարձակում են քաղաքացիական ավիացիայի լիազորված մարմնի իրավասությունները, սակայն, միաժամանակ, չեն սահմանվում որոշակի հակակշիռներ, որոնք հնարավորություն կընձեռեին տարանջատել տվյալ ոլորտում իրականացվող գործառույթները՝ բացառելով հնարավոր չարաշահումները,
  • սահմանվում են դրույթներ այն մասին, որ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կարող է ազատվել օրենսգրքով սահմանված ցանկացած կանոնի կամ չափանիշի պահանջների կատարումից՝ վարչության պետի հայեցողությամբ.
  • Ամրագրվում է, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի հատուկ լիազորված մարմինը ֆինանսավորվում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից գանձվող վճարներից,  որոնց քանակը եւ գումարը որոշելու  է տվյալ մարմինը՝ իր հայեցողությամբ,
  • սահմանվում է, որ վարչության վարչական որոշման դեմ բողոքարկման հետեւանք չի կարող լինել որոշման դադարեցումը, որի դեմ այն ներկայացվել է, եթե վարչության կարծիքով տվյալ որոշումը վերաբերում է թռիչքների անվտանգության եւ ավիացիոն անվտանգության հարցերին, ինչը, ըստ էության, անհնարին է դարձնում բողոքարկման ընթացակարգը,
  • ՀՀ տարածքում քաղաքացիական ավիացիայի     կազմակերպմամբ կամ Ծառայությունների վաճառքով զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար սահմանվում է վարչության կողմից արտոնագիր ստանալու պահանջ (ուղեւորների, բեռների, ուղեբեռների եւ փոստի օդային փոխադրումների, օդային երթեւեկության սպասարկման, օդանավակայաններում եւ աերոդրոմներում օդանավերի, ուղեւորների, բեռի, ուղեբեռների եւ փոստի սպասարկման, համապատասխան մասնագետների պատրաստման գործունեության տեսակների իրականացման համար):
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներկայացված բովանդակությամբ Նախագծի ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար:

ԵԶՐԱԿԱՑՈԻԹՏՈԻՆ

Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է կարգավորել քաղաքական ավիացիայի գործունեության տեսակները, ավիացիայի ոլորտում լիազոր մարմնի գործառույթները եւ պարտականությունները, ինչպես նաեւ օդանավերի շահագործման, օդային տարածքի օգտագործման եւ օդագնացության ծառայության ապահովման ընթացակարգերը:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են օդային փոխադրումների ժամանակ մատուցվող ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է սահմանել Քաղաքացիական ավիացիայի վարչության (այսուհետ՝ Վարչություն) գործառույթների հետ կապված վարչական եւ այլ գործունեության համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, ինչպես նաեւ թռիչքային անվտանգության համար մշտական հսկողություն իրականացնելու, քաղաքացիական օդանավի պետական գրանցման համար փաստաթղթեր ներկայացնելու եւ լիցենզիաների, հավաստագրերի, արտոնագրերի տրամադրման համար տուրքերի եւ վճարների գանձում:

Բացի այդ Նախագծով նախատեսվում է Օրենսգրքի դրույթները խախտելու համար ֆիզիկական անձանց եւ կորպորատիվ կազմակերպությունների նկատմամբ տուգանքների կիրառում:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է ունենալ դրական ազդեցություն:

Նախագծով նախատեսվում է նաեւ Վարչության իրավական կարգավիճակի փոփոխություն, ինչպես նաեւ ավիացիոն ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր մարմինների ստեղծում (օրինակ՝ տեսչական ստուգումների մարմին եւ օդային անվտանգության անկախ վերահսկիչ կոմիտե):

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ Նախագծի ընդունումը կարող է բերել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման:

Միաժամանակ, Նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: