ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1057-19.09.2016-ԳԿ-010/0) վերաբերյալ:

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ՝ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» գլխում ամրագրված է նաեւ կրթության իրավունքը: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը եւ տեւողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք»:

Կրթությունն անձի, հասարակության, պետության շահերից ելնող ուսուցման եւ դաստիարակության գործընթաց է, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելուն ու նոր սերունդներին փոխանցելուն: Կրթության իրավունքն ամրագրված է նաեւ միջազգային իրավական փաստաթղթերում, որոնք վերաբերում են ինչպես մարդու իրավունքներին, այնպես էլ՝ բացառապես կրթության ոլորտին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը մեծահասակների կրթության մասին առանձնահատուկ կարգավորում չի նախատեսում:

Հետեւապես, ներկայացված օրենքի նախագծով նշված հարաբերությունների կարգավորումն արդեն իսկ ենթադրում է խտրականության սահմանում: Այս կապակցությամբ  անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը բացառում է խտրականությունը՝ անկախ ամեն ինչից: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28-րդ եւ 29-րդ  հոդվածների համաձայն, բոլորը հավասար են օրենքի առջեւ: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ապահովում է կրթության իրավունքի իրականացումն առանց խտրականության՝ բոլորի համար նախատեսելով հավասար իրավունքներ եւ երաշխիքներ։

Նույն սկզբունքներն ու մոտեցումներն են ամրագրված նաեւ «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով։ Այսպես՝ նշված իրավական ակտերով կրթություն ստանալու համար որեւէ տարիքային սահմանափակում նախատեսված չէ, իսկ մեծահասակների կրթության մասին ընդհանրապես որեւէ դրույթ չի սահմանվում: Անհրաժեշտ է նշել նաեւ, որ նշված եւ այլ իրավական ակտերով կրթության բնագավառի հետ կապված բոլոր հարաբերություններն արդեն իսկ հստակ կարգավորված են, եւ օրենքի նախագծով չեն կարգավորվում այնպիսի հարաբերություններ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված չեն:

2. Օրենքի նախագծում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթներ: Այսպես՝

1) 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ ամբողջ տեքստի կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը «մասնավոր կազմակերպություն» հասկացություն չի նախատեսում.

2) 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված «հեռավար ուսուցում» եւ «դրսեկություն» հասկացությունների սահմանումներն արդեն իսկ նախատեսված են «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով: Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների՝ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները.

3) 5-րդ հոդվածը չի համապատասխանում «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխի պահանջներին, որոնցով հստակ սահմանվում է կրթության համակարգի բովանդակությունը.

4) 7-րդ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով տրված են պետական կրթական չափորոշչի եւ կրթական ծրագրի հասկացությունների սահմանումները, որոնց բովանդակային ծավալը մեծահասակների կրթության ուսումնառության ժամկետների վերաբերյալ դրույթներ չի ներառում:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասին.

5) 20-րդ հոդվածը չի բխում «Լիցենզավորման մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներից, քանի որ նշված օրենքներում մեծահասակների կրթական գործունեության լիցենզավորմանը վերաբերող դրույթներ նախատեսված չեն.

6) 21-րդ հոդվածը չի բխում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջներից, քանի որ այն չի նախատեսում մեծահասակների կրթություն ստանալու նպատակով լրացուցիչ վճարովի արձակուրդ տրամադրելու հետ կապված հարաբերությունների կարգավորում.

7) օրենքի նախագծում չի հստակեցվում «մեծահասակներ» հասկացությունը եւ վերջիններիս տարիքային սահմանաչափը: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով uահմանված կամ հանրածանոթ հաuկացություններ կամ տերմիններ։ Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաuտ կամ այնպիuի հաuկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց uահմանումները:

3. Օրենքի նախագծում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված, հստակեցման եւ պարզաբանման կարիք ունեցող հասկացություններ: Մասնավորապես, «մեծահասակների կրթության համակարգի իրավաբանական եւ ֆիզիկական անձինք», «ընկերությունների շրջանակներում գործող կրթական կենտրոններ», «մեծահասակների կրթողների ուսուցում», «անդրագոգիկ կադրեր», «պայմանագրավորման»  եւ այլն:

4. Ըստ էության, օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումը վերաբերում է լրացուցիչ եւ շարունակական կրթությանն ու ուսուցմանը, այն միտված է ցանկացած մարդու համար ստեղծել հնարավորություն՝ ամբողջ կյանքի ընթացքում կատարելագործելու իր ունակությունները, մասնագիտական եւ աշխատանքային կարողությունները, ինչպես նաեւ բավարարելու անձնական հետաքրքրություններից բխող գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու պահանջը։

Լրացուցիչ կրթական ծրագրերը կիրառվում են սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում՝ ուսումնառող, աշխատող, աշխատանք փնտրող, գործազուրկ եւ սոցիալական դժվարությունների մեջ գտնվող կամ պարզապես ինտելեկտուալ ու հոգեւոր պահանջմունքները լրացնելու ցանկություն ունեցող անձանց համար։ Հետեւաբար, առանձին օրենքով կարգավորելով ուսուցումների հարցը՝ կարգավորող մարմինների եւ իրավասու անձանց միջեւ իրավահարաբերությունները հայտնվում են հակասությունների դաշտում։ Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ լրացուցիչ կրթության դաշտը շատ ավելի լայն է, քան սահմանված «Մեծահասակների կրթություն» բնորոշումը կամ դրա իրականացման շրջանակն ու հնարավորությունները։

Հաշվի առնելով նշված հանգամանքները, ինչպես նաեւ իրավական դաշտում առկա բացթողումները՝ ոլորտը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացրել է մի շարք աշխատանքներ: Մասնավորապես՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 21-ի ՀՕ-83-Ն օրենքը, որով սահմանվել են լրացուցիչ եւ շարունակական կրթության ոլորտը կարգավորող մի շարք հասկացություններ՝ հիմք ստեղծելով օրենսդրական դաշտի հետագա կարգավորման համար.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի  N 1062-Ն որոշմամբ հաստատվել են լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման կարգերը, որոնք ընդունվել են՝ հաշվի առնելով միջազգային փորձը եւ վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունները:

Նշված իրավական ակտերի կիրառման պայմաններում լրացուցիչ կրթական ծրագրերը կարող են աստիճանաբար կազմակերպվել եւ իրականացվել կենտրոնացված համակարգի միջոցով՝ հանգեցնելով երաշխավորված ու մեթոդապես գնահատված ուսումնառության արդյունքների, որոնք համապատասխանում են մասնակիցների եւ աշխատաշուկայի կարիքներին, ինչպես նաեւ Հայաստանում աստիճանաբար կներդրվի ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման համակարգը՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր քաղաքացու՝ պաշտոնապես վավերացնելու ուսումնառության տարբեր ձեւերով ձեռք բերված փաստացի գիտելիքները, կարողությունները եւ հմտությունները։

Օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտության, ինչը նախատեսված չէ ինչպես Հայաստանի Հանրապետության 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծով:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Ներկայացնում ենք օրենքի նախագծի ընդունման դեպքում ընդունումից հետո օրենքի կատարումն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ այլ իրավական ակտերի ցանկը եւ ժամանակացույցը՝
1. 10-րդ հոդվածի երրորդ պարբերություն՝ պետական հավատարմագրում չունեցող կրթական ծրագրերով կամ ինքնակրթությամբ կրթություն ստացած անձանց պետական ատեստավորման կարգի սահմանում՝ Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի պետական  կառավարման լիազորված մարմինը՝ 6-ամսյա ժամկետում:

2. 15-րդ հոդվածի առաջին պարբերության՝

1) 2-րդ կետ՝ մեծահասակների կրթության պետական կրթական չափորոշիչների ձեւավորման եւ հաստատման կարգի հաստատում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ 6-ամսյա ժամկետում.

2) 3-րդ կետ՝ մեծահասակների կրթության մասնագիտությունների եւ մասնագիտացումների ցանկերի հաստատում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ 6-ամսյա ժամկետում:

3. 16-րդ հոդվածի առաջին պարբերության՝

1)  1-ին կետ՝ մեծահասակների կրթության ռազմավարության մշակում՝ Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը՝  6-ամսյա ժամկետում.

2) 3-րդ կետ՝ մեծահասակների կրթության հաստատությունների գործունեության առաջնահերթ ուղղությունների սահմանում՝ Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի պետական  կառավարման լիազորված մարմինը՝ 6-ամսյա ժամկետում.

3) 10-րդ կետ՝ մեծահասակների կրթության պետական հաստատությունների վարչական եւ դասախոսական պաշտոններում ընտրության եւ նշանակման կարգի հաստատում՝ Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը՝ 6-ամսյա ժամկետում.

4) 11-րդ կետ՝ մեծահասակների կրթության պետական հաստատության գործունեության օրինակելի կանոնադրության հաստատում, Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը՝ 6-ամսյա ժամկետում.

5) 14-րդ կետ՝ մեծահասակների կրթության փորձնական կրթական ծրագրերի իրականացման կարգի հաստատում, Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը՝ 6-ամսյա ժամկետում:

4. 19-րդ հոդվածի 9-րդ մաս՝ մեծահասակների կրթության պետական ուսումնական հաստատության տնօրենի, մասնաճյուղերի, ամբիոնների, բաժնի վարիչների ընտրության եւ նշանակման կարգի հաստատում, Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի պետական  կառավարման լիազորված մարմինը՝ 6-ամսյա ժամկետում:

5. 24-րդ հոդվածի 3-րդ մաս՝ անդրագոգիկ աշխատողների տարակարգերին եւ պաշտոններին ներկայացվող պահանջների, նրանց հավատարմագրման մրցույթի կազմակերպման եւ անցկացման կարգերի սահմանում, Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի պետական  կառավարման լիազորված մարմինը՝ 6-ամսյա ժամկետում:

6. 25-րդ հոդված՝ անդրագոգիկ մանկավարժական կադրերի վերապատրաստման եւ ատեստավորման կարգի սահմանում՝ Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի պետական  կառավարման լիազորված մարմինը՝ 6-ամսյա ժամկետում։

9. 16-րդ հոդվածի 13-րդ կետ եւ 20-րդ հոդվածի 1-ին մաս՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված կարգում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը՝ 6-ամսյա ժամկետում:
Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով՝
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
 
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը՝
     
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
     
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) ուղղված է մասնագիտական կրթության յուրաքանչյուր աստիճանում անհատի շարունակական մասնագիտական որակավորման զարգացման ապահովմանը: Մեծահասակների կրթությունը նախատեսում է հանրակրթության տարիքն անցած անձանց՝ հանրակրթական հիմնական եւ լրացուցիչ, ինչպես նաեւ մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվող կրթություն, որն իրականցվում է կրթական եւ ոչ կրթական հաստատությունների միջոցով:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են կրթության ոլորտում մատուցվող ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:
 
Հիմք ընդունելով նախնական եւ ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլերի արդյունքները՝ արձանագրվում է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)՝ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
         
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է կարգավորել մեծահասակների կրթության համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպաիրավական եւ ֆինանսատնտեսական հիմքերը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը եւ փոխհարաբերությունները:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մեծահասակների կրթության մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի նախագծի բնապահպանության   բնագավառում  կարգավորման

1. «Մեծահասակների կրթության մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների՝  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը բնապահպանության  ոլորտին  չի առնչվում  եւ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:
      
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ՝ Նախագիծ/ ընդունման ազդեցությունը այլ հավասար պայմաններում՝ ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական, համայնքների բյուջեների եկամուտների վրա՝ չեզոք, իսկ ծախսերի մասով Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական եւ համայնքների բյուջեներից լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտության, որի գնահատականը հնարավոր չէ տալ՝ տեղեկատվության բացակայության պատճառով (ընդ որում, լրացուցիչ ծախսերը էականորեն կգերազանցեն լրացուցիչ եկամուտներին):