ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1059-19.09.2016-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում հաշվառված` ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցների մեծ մասը համարվում է զինվորական ծառայության պարտականություն կատարելիս հաշմանդամ դարձած անձ, որոնց սոցիալական պաշտպանության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այլ անձանց սոցիալական խնդիրները, որոնց հաշմանդամությունը կապված է ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետ, կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը, մասնավորապես, ամրագրում է, որ. «զինծառայողներին հավասարեցված անձինք են՝ վարժական հավաքների կանչված զինապարտները, նրանց վրա տարածվում են սույն օրենքի 31, 33 (չորրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 35, 36 (առաջին մաս), 38, 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները»: Մասնավորապես, նրանք օգտվում են անվճար որակյալ բժշկական օգնություն ստանալու, ջրահեռացման, աղբահանության ու ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու եւ քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներով՝ անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից:

Միաժամանակ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման, զինվորական ծառայողական պարտականությունները կատարելիս (այդ թվում` պահեստազորի վարժական հավաքների եւ զորահավաքների ընթացքում ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքներին մասնակցելու հետեւանքով) հաշմանդամ դարձած եւ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձինք ստանում են ամենամսյա դրամական օգնություն (պարգեւավճար): Այս կատեգորիային պատկանող անձինք, համաձայն ԱՊՀ երկրների միջեւ 1993 թվականին կնքված միջպետական համաձայնագրի, օգտվում են նաեւ ԱՊՀ երկրների տարածքում տարեկան մեկ անգամ արտոնյալ պայմաններով երթեւեկելու իրավունքից:

Անկախ հաշմանդամության պատճառից` ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակից հաշմանդամները, համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, օգտվում են բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզների) անվճար պատվիրման, նորոգման եւ ստացման իրավունքից (հոդված 31): Հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին եւ 2-րդ խմբեր) օգտվում են նաեւ քաղաքային ուղեւորատար էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնությունից:

Հարկ ենք համարում նշել, որ ՉԱԷԿ-ի մասնակցի կարգավիճակ տրամադրելու կարգը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակցի կարգավիճակ տրամադրելու կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1011-Ն որոշմամբ:

Օրենքի նախագծի տեքստի վերաբերյալ հայտնում ենք, որ`

1. 2-րդ հոդվածի 1-ին մասում «ենթաօրենսդրական ակտերով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «իրավական ակտերով» բառերով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նման ակտերի տեսակ սահմանված չէ.

Նախագծի 4-րդ հոդվածում`

1) վերնագրում «բժշկական օգնության» բառերն անհրաժեշտ է փոխարինել «բժշկական օգնության եւ սպասարկման» բառերով` հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի պահանջները.

2) առաջին նախադասությունում «բժշկական օգնության եւ դիսպանսերիզացիայի առողջապահական կազմակերպություններում ըստ բնակության վայրի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ստանալու բնակչությանը պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն եւ սպասարկում» բառերով` հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 31-ի N 68-Ն հրամանի պահանջները:

«Դիսպանսերիզացիա» եզրույթն անհրաժեշտ է հանել, քանի որ դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայությունը բժշկական օգնության եւ սպասարկման գործընթացի բաղկացուցիչն է եւ առանձնացնելու կամ հատուկ նշելու անհրաժեշտություն չկա, իսկ բժշկի ազատ ընտրության սկզբունքի հիման վրա շահառուները բժշկական օգնություն եւ սպասարկում կարող են ստանալ իրենց ընտրությամբ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող այն հաստատություններում, որոնք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ ունեն պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու վերաբերյալ կնքված պայմանագիր.

3) երկրորդ նախադասությունը հասկանալի չէ, քանի որ, եթե խոսքն անձին հաշմանդամ ճանաչելու, ներառյալ պատճառական կապ որոշելու մասին է, ապա այդ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ինչ վերաբերում է ռազմաբժշկական հանձնաժողովին նման լիազորություններ վերապահելուն, ապա դա չի բխում «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի N 410-Ն հրամանի դրույթներից: Միաժամանակ հայտնում ենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու համար բավական է միայն ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակից լինելը` համաձայն գործող իրավական ակտերի:

3. Նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածների միջեւ առկա է որոշակի հակասություն, մասնավորապես, 4-րդ հոդվածում սահմանվում է շահառու խմբի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքը, իսկ 5-րդ հոդվածում միայն ամենամյա բժշկական հետազոտություն անցնելու իրավունքը, ինչը ներառված է բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքի մեջ:

4. Նախագծի 2-րդ գլխի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել գլխի բովանդակությանը` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

5. Նախագծի 5-րդ հոդվածի`

1) վերնագրում «եւ հաշմանդամ դարձած» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ հաշմանդամների սոցիալական պաշտպանության հետ կապված իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) 1-ին մասի՝

ա. 1-ին ենթակետում պարզ չէ, թե համապատասխան մասնագետների ներգրավման միջոցով ինչպիսի անվճար ամենամյա բժշկական հետազոտության մասին է խոսքը: Անվճար դեղերի ստացման իրավունքը նախատեսելիս առաջարկվում է հստակեցնել, արդյոք բժշկի դեղատոմսում նշված ցանկացած դեղ համարվելու է անվճար տրամադրման ենթակա, թե՝ ոչ, բացի այդ՝ ինչ կարգով դրանք պետք է տրվեն անձին,

բ. 2-րդ ենթակետը տարընթերցման տեղիք է տալիս, մասնավորապես, տրված խմբագրությամբ ստացվում է, որ անվճար դեղ ստանալու իրավունքը տրամադրվում է տարին մեկ անգամ, այլ ոչ թե ըստ անհրաժեշտության, միաժամանակ պարզ չէ շահառուի մոտ ճառագայթային հիվանդության բուժման, թե ցանկացած այլ հիվանդությամբ բուժման համար են տրամադրվելու անվճար դեղեր: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման համաձայն, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներն իրավունք ունեն 50 տոկոս զեղչով ձեռք բերել դեղեր.

3) 3-րդ մասում կիրառված «ընտանիք» եզրույթը պետք է սահմանվի տվյալ օրենքի նախագծում կիրառվող իմաստով: Հարկ է նշել, որ անվճար բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը, ներառյալ ատամնապրոթեզավորում, առողջարանային բուժում, ինչպես նաեւ անվճար դեղեր ձեռք բերելու իրավունքի վերապահումը ՉԱԷԿ-ի եւ միջուկային այլ աղետների հետեւանքների վերացմանը մասնակցած, վթարից զոհված, ճառագայթային հիվանդությունից մահացած անձանց ընտանիքների անդամներին, կառաջացնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտության: Հարկ է նշել, որը այդ նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսված չէ ինչպես Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի N 723-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նախագծով առաջարկվող սոցիալական երաշխիքները հիմնականում արդեն իսկ կարգավորված են, նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Օրենքի ընդունման դեպքում օրենքի ընդունումից հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն եւ 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշումներում կկատարվեն համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:


Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը բյուջետային լրացուցիչ հատկացումների առկայության դեպքում դրական ազդեցություն կունենա առողջապահության բնագավառի վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կընդլայնվի անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչն էլ իր հերթին կնպաստի բնակչության առողջության պահպանմանը:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է կարգավորել 1986թ.-ի Չեռնոբիլի էլեկտրակայանի վթարի եւ այլ միջուկային աղետների հետեւանքներից տուժած անձանց տրվող արտոնությունների եւ փոխհատուցումների հետ կապված հարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է կարգավորել 1986թ.-ի Չեռնոբիլի էլեկտրակայանի վթարի եւ այլ միջուկային աղետների հետեւանքներից տուժած անձանց տրվող արտոնությունների եւ փոխհատուցումների խնդիրը:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք, իսկ ծախսերի մասով կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտության, որի գնահատականը հնարավոր չէ տալ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

Եզրակացություն

ՀՀ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

ՀՀ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն: