ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                             պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
 

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մախջֆ» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1060-19.09.2016-ՍՀ-010/0) վերաբերյալ:

1. Նախագծի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածները վերաբերում են հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում համալիր ծրագրերի սկզբունքներին, կառուցվածքին, դրանց մշակման եւ ապահովման կարգին, մինչդեռ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ գլուխը վերաբերում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության ծրագրային հիմունքներին: Մասնավորապես, օրենքի 41-րդ հոդվածը սահմանում է, որ հաշմանդամների սոցիալական պաշտպանության աշխատանքներն իրականացվում են տարեկան ծրագրով սահմանված ժամկետներում եւ կարգով։ Տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմում։ Օրենքի 42-րդ եւ 43-րդ հոդվածներով սահմանվում են նաեւ տարեկան ծրագրերի բովանդակությունը, դրանց մշակման սկզբունքները, ինչպես նաեւ հաշվետվողականությունը:

2. Նախագծում առկա են պարզաբանման, հստակեցման, խմբագրման կարիք ունեցող, ինչպես նաեւ գործող օրենսդրությանը հակասող դրույթներ: Այսպես՝

1) նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դրույթների համաձայն հանձնաժողովն իրականացնում է համալիր եւ տարեկան ծրագրերի, դրանց հաշվետվությունների եւ կատարումն ապահովող այլ փաստաթղթերի նախնական եւ ամփոփիչ փորձաքննություններ: Այդ առումով պարզ չէ, թե որոնք են նշված փորձաքննությունների տարբերությունները, մասնավորապես, դրանց  իրավական բովանդակության առանձնահատկությունները.

2) նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասում հստակեցման կարիք ունի «փորձագիտական եզրակացություն» հասկացության իրավական բովանդակությունը, քանի որ պարզ չէ, թե արդյոք տվյալ դեպքում խոսքը նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված փորձաքննություններին է վերաբերում.

3) նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ հաշմանդամների հասարակական կազմակերպությունների, բժշկական եւ գիտական հաստատությունների ներկայացմամբ: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ զգալիորեն կրճատվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի լիազորությունները: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝  Հայաստանի Հանրապետության Նախագահն իր գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, իսկ նոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին նման նշանակումներ կատարելու լիազորություն վերապահված չէ: Հարկ է նշել, որ նշված դրույթներն ուժի մեջ են մտնելու նորընտիր Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձման օրը.

4) նախագծի 14-րդ հոդվածի համաձայն սույն օրենքի պահանջները խախտելու համար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Սակայն, պարզ չէ, թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը, ինչպիսի խախտումների դեպքում է այն կիրառվում եւ ինչ իրավական ակտերով են դրանք սահմանվում.

5) նախագծի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «դ» կետում պարզ չէ, թե արդյոք  «սահմանափակ գործունակ» դառնալը հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու հիմք է, քանի որ նույն հոդվածի 4-րդ մասում հանձնաժողովի անդամ նշանակվելու խոչընդոտող հանգամանք է սահմանվում սահմանափակ գործունակ լինելը.

6) նախագծի 13-րդ հոդվածի համաձայն հանձնաժողովի եւ նրա աշխատակազմի աշխատողների վարձատրության եւ պարգեւավճարների չափերը հաստատում է հանձնաժողովը: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հանձնաժողովի եւ նրա աշխատակազմի աշխատողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիսում է օրենքի նախագծի հեղինակների` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ ազատությունների ապահովման սկզբունքի վրա խարսխված պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն ուղղված նպատակադրումները: Ավելին, այս եւ Հայաստանի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի օրենսդրական դաշտը  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 2006 թվականին ընդունած եւ Հայաստանի Հանրապետության կողմից 2010 թվականին վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել եւ առաջիկայում օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով կկարգավորվեն հաշմանդամության սահմանման, հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման, նրանց համար մատչելի միջավայրի ապահովման, ինչպես նաեւ հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական, իրավական եւ տնտեսական նվազագույն երաշխիքների հետ կապված իրավահարաբերությունները։

Նախագծում ներառված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման գործընթացում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները, ինչպես նաեւ ամրագրված են համապատասխան դրույթներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի, նրա գործունեության եւ նպատակների, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ռազմավարության (համալիր ծրագիր) եւ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրի մասին։ Նախագիծը մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների եւ ոչ պետական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված նախագծի դրույթները հիմնականում ներառված են ինչպես գործող՝ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, այնպես էլ  նշված նախագծում։

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում
  «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


  «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման  

1. «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով նախատեսվում է ստեղծել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող հաշմանդամների սոցիալական պաշտպանության Ազգային հանձնաժողով:

Այդ կապակցությամբ Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության, որի չափը հնարավոր չէ տալ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

Միաժամանակ Ազգային հանձնաժողովի եւ նրա աշխատակազմի աշխատողների վարձատրությանն ուղղված միջոցները հանդիսանում են եկամտային հարկով հարկվող եկամուտներ եւ այդ առումով Նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական:

Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ Նախագծի ընդունմամբ պայմանավորված ՀՀ  պետական բյուջեից կատարվելիք լրացուցիչ ծախսերի ծավալը էականորեն կգերազանցի ՀՀ պետական բյուջեի ստացվելիք լրացուցիչ եկամուտների ծավալին:

Նախագծի ընդունումը ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի եւ եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)`  տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ստեղծել հաշմանդամների սոցիալական պաշտպանության Ազգային հանձնաժողով, ինչպես նաեւ ընդունել հաշմանդամների սոցիալական պաշտպանության համալիր ծրագիրի, ինչը կբարձրացնի հաշմանդամության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծն (այսուհետ` Նախագիծ) ուղղված է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմնախնդիրների լուծման գործընթացի կարգավորմանը, մասնավորապես` նախատեսվում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության համալիր ծրագրի ընդունում եւ հաշմանդամների սոցիալական պաշտպանության Ազգային հանձնաժողովի ստեղծում:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

Եզրակացություն
 
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն: