ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Լյովա Խաչատրյանի եւ Վահան Կարապետյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1073-27.09.2016-ՖՎ-010/0) վերաբերյալ:

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման խնդիրն արդեն իսկ կարգավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգով եւ անհրաժեշտության դեպքում կարող են նշված կարգում կատարվել համապատասխան փոփոխություններ:

Նախագծի հետ կապված հարկ է նշել, որ այն իրավական տեսանկյունից թերի է, առկա են կառուցվածքային եւ բովանդակային առումով բացթողումներ: Մասնավորապես`

1) օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է «արտոնյալ ժամկետ» հասկացությունը` որպես վարկի ստացման եւ տոկոսների վճարման պարտականությունն առաջանալու միջեւ ընկած ժամանակահատված: Նշված ձեւակերպումից պարզ չէ` արդյոք արտոնյալ ժամկետը ներառում է նաեւ վարկի մայր գումարի մարմանն ուղղված վճարումների հետաձգում՝ առնվազն վեց ամսով: Ընդ որում, տոկոսների վճարման պարտականությունն առաջանում է արդեն իսկ պայմանագրի կնքման պահից.

2) օրենքի նախագծի 1-ին հոդվածում պարզ չէ, թե ինչ արտոնյալ սահմանաչափի մասին է խոսքը: Եթե խոսքը վերաբերում է վարկի մայր գումարի տասնհինգ տոկոս մասնաբաժնին, ապա անհրաժեշտ է հստակ սահմանել` նշելով վերջինիս արտոնյալ կարգավիճակի նշանակությունը եւ կիրառման նպատակը.

3) օրենքի նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծավալը կազմում է 8 տոկոս, իսկ վարկերի արտոնյալ սահմանաչափի սուբսիդավորման ծավալը` 14 տոկոս: Սակայն, քանի որ նախագծով պատշաճ կերպով սահմանված չէ «արտոնյալ սահմանաչափ» հասկացությունը, հետեւաբար դրա հետ կապված այլ դրույթները տարակարծությունների տեղիք են տալիս: Միաժամանակ պարզ չէ, թե ինչին է վերաբերում «8 տոկոս սուբսիդավորման ծավալ» հասկացությունը.

4) օրենքի նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից սկսած 2017 թվականից յուրաքանչյուր հաջորդ տարվա հատկացումները պետք է գերազանցեն նախորդ տարվա՝ նույն հոդվածով հատկացված հատկացումների չափը՝ առնվազն 10 տոկոսով: Մինչդեռ՝

ա) գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով յուրաքանչյուր տարվա հատկացումների չափը կախված է տվյալ տարում գյուղատնտական գործունեության նպատակով տրամադրվող վարկային ռեսուրսների չափից, ինչպես նաեւ պահանջարկից: Ուստի յուրաքանչյուր հաջորդ տարվա հատկացումների չափը նախորդ տարվա հատկացումների չափից տասը տոկոսով ավելի ամրագրելը այլ հավասար պայմաններում կարող է դիտարկվել ինքնանպատակ,

բ) գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով արդեն իսկ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում է առանձին ծրագիր, հետեւաբար, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից սկսած 2017 թվականից գումարների հատկացման մոտեցումն ընդունելի չէ:

Բացի դրանից, օրենքի նախագծի 4-րդ հոդվածի համաձայն` սույն օրենքի պահանջները կարգավորող դրույթները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նշված ձեւակերպումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքի պահանջին, ինչն իրավակիրառ պրակտիկայում կարող է առաջացնել որոշակի անորոշություն: Իրավակիրառ պրակտիկայում նույն նորմին տարբեր մեկնաբանություններ տալու հնարավորությունը կանխելու համար անհրաժեշտ է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը: Իրավական որոշակիության պահանջից շեղմանը նպաստում է օրենքի դրույթների ոչ հստակ ձեւակերպումը, ինչն առաջացնում է հակասական իրավակիրառական պրակտիկա: Իրավական որոշակիության սկզբունքն ամրագրված է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ եւ 79-րդ հոդվածներում: Իրավական որոշակիության սկզբունքին բազմիցս անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, մասնավորապես, 2016 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված բովանդակությամբ եւ կառուցվածքով օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Օրենքի ընդունման դեպքում օրենքի ընդունումից հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման մեջ կկատարվեն համապատասխան փոփոխություններ:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`

               ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

                                      

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտին` գյուղատնտեսական գործունեության նպատակով վարկը տրամադրել առավելագույնը 14 տոկոս տոկոսադրույքով, մինչեւ երկու տարի մարման, առնվազն վեց ամիս արտոնյալ ժամկետով եւ արտոնյալ սահմանաչափով:

Միեւնույն ժամանակ, Նախագծով առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծավալը սահմանել 8 տոկոս, իսկ արտոնյալ սահմանաչափի` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկի 15 տոկոսի  սուբսիդավորման ծավալը` 14 տոկոս:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտին` գյուղատնտեսական գործունեության նպատակով վարկը տրամադրել առավելագույնը 14 տոկոս տոկոսադրույքով, մինչեւ երկու տարի մարման, առնվազն վեց ամիս արտոնյալ ժամկետով եւ արտոնյալ սահմանաչափով, ինչպես նաեւ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծավալը սահմանել 8 տոկոս, իսկ արտոնյալ սահմանաչափի` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկի 15 տոկոսի  սուբսիդավորման ծավալը` 14 տոկոս:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են գյուղատնտեսական մթերքների, գյուղատնտեսության ոլորտում մատուցվող ծառայությունների եւ աշխատանքների շուկաների հետ: Նախագծի ընդունման պարագայում, էականորեն կնվազեն նշյալ շուկաներում առեւտրատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների ծախսերը, ինչն էլ կարող է հանգեցնել այդ շուկաներում մատակարարների (տնտեսվարողների) քանակի ավելացմանը:

Հիմք ընդունելով նախնական եւ ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլերի արդյունքները` արձանագրվում է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության վերաբերյալ

Նախագծով նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծավալը սահմանել 8 տոկոս, մինչդեռ ՀՀ կառավարության 31.03.2011թ. N 349-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» կարգով նախատեսված է սուբսիդավորել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի վրա կունենա բացասական ազդեցություն, իսկ պետական բյուջեի եկամուտների եւ համայնքների բյուջեների եկամուտների ու ծախսերի վրա` չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1 «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: