ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1075-29.09.2016-ԳԿ-010/0) վերաբերյալ:

1. 1-ին հոդվածի համաձայն նախատեսվում է օրենքի 52-րդ հոդվածի 1.1-ին մասը ճանաչել ուժը կորցրած, մասնավորապես, հիշյալ հոդվածի համաձայն ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը եւ դրան նախորդող օրն արգելվում է կաբելային (մալուխային) հեռուստաընկերությունների կողմից վերահեռարձակել Հայաստանի Հանրապետությունում գործող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների վերգետնյա եթերային այն ծրագրերը, որոնք ներառում են քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ որեւէ այլ ձեւով: Հարկ է նկատի ունենալ, որ հիմնավորման մեջ անդրադարձ է արված հիշյալ դրույթներին, մասնավորապես, հիմնավորման համաձայն «օրենքով նախատեսվող արգելքն ուժը կորցրած է ճանաչվում, քանի որ վերջինս անտրամաբանական պահանջ է եւ ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը եւ դրան նախորդող օրը ոչ ոք իրավունք չունի հեռարձակել քարոզչական նյութ»: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, համաձայն  որոնց  ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը եւ դրան նախորդող օրը քարոզչական նյութեր հրապարակելու արգելքն ամրագրված է, մասնավորապես, քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաեւ տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է: Այդ առումով օրենքի հիշյալ դրույթներն անտրամաբանական չեն եւ համահունչ են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի դրույթներին:

2. 2-րդ հոդվածի`

1) 1-ին կետի համաձայն նախատեսվում է օրենքի 55.1-ին՝ «Ընդհանուր դրույթներ մասնավոր մուլտիպլեքսորի վերաբերյալ» հոդվածում կատարել փոփոխություններ, ըստ որի. «Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է մուլտիպլեքսն իրականացնել սեփական կամ վարձակալած էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, որի սփռման տարածքը որոշում է մուլտիպեքսորը՝ այդ մասին նշելով Ազգային հանձնաժողով ներկայացվող հայտում: Սփռման տարածքը կարող է ընդգրկել մեկ կամ մի քանի համայնք, մեկ կամ մի քանի մարզ, կամ ամբողջ երկիրը:»:

Մուլտիպեքսորի սփռման տարածքի վերաբերյալ, հարկ է նշել, որ Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) բոլոր անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված անալոգային հեռուստատեսային հեռարձակումից թվայինի անցման (GE06) եզրափակիչ ակտերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում թվային հեռուստատեսային հեռարձակման համար ՀՄՄ հատկացվել է սահմանափակ կապուղի հանրապետության տարածքում թվային հեռարձակում իրականացնելու համար, որը չի կարող բավարարել նախագծով նախատեսված կարգով մասնավոր մուլտիպլեքսին կապուղիներ հատկացնելու համար, եւ կարող են հանգեցնել հանրապետության տարբեր բնակավայրերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հեռուստածրագրերի մատչելիության անհավասար պայմաններին:

Ներկայացված դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետին.

2) 3-րդ կետով առաջարկվում է օրենքի 55.1-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Առաջարկվող փոփոխությունն ընդունելի չէ, որովհետեւ տեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտներին առաջադրվում է կարգավորիչ եւ բովանդակային գնահատման կարողությունների պահանջներ ու գործառույթներ, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ վերապահված է բացառապես Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին:

3. 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է օրենքի 55.2-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հիշյալ մասով կարգավորված են հանրային լսումների հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, «Տեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո առավելագույնը 15-օրյա ժամկետում Ազգային հանձնաժողովը կազմակերպում է հանրային լսումներ, որոնց անցկացման վայրի եւ ժամի մասին հայտարարություն է հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am)»: Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ օրենքի 55.2-րդ հոդվածի 4-րդ եւ 7-րդ մասերի համաձայն մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո Ազգային հանձնաժողովը ցանցի ստեղծման նախագիծը եւ ժամանակացույցն իր ընտրած փորձագետներին ներկայացնում է տեխնիկական փորձաքննության, որը պետք է իրականացվի առավելագույնը վեց ամսվա ընթացքում: Լիցենզիա տրամադրելու որոշումը Ազգային հանձնաժողովը կայացնում է տեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո առավելագույնը երկու ամսվա ընթացքում՝ հիմք ընդունելով փորձաքննության եւ հանրային լսումների արդյունքները: Այսինքն՝ հանրային լսումները հանդիսանալով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրազեկումն ապահովող, ինչպես նաեւ կարծիքների հավաքման կարեւոր միջոցառում կարող են էական նշանակություն ունենալ Ազգային հանձնաժողովի կողմից լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու որոշում կայացնելիս: Ելնելով վերոնշյալից` հիմնավորման կարիք ունի հանրային լսումներին առնչվող դրույթներն ուժը կորցրած ճանաչելու հարցը:

4. 6-րդ հոդվածով առաջարկվող օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխությունը կհանգեցնի հեռուստածրագրերի եւ դրանցում ներառված հեռուստատեսային միավորների հեղինակային եւ հարակից իրավունքների ոտնահարման:

5. 7-րդ հոդվածի համաձայն օրենքի 62-րդ հոդվածի 16-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում տեղական հեռուստառադիոընկերությունների լիցենզիաների երկարաձգմանն առնչվող դրույթները փոփոխության են ենթարկվում, մասնավորապես, լիցենզիան երկարաձգվում է յուրաքանչյուր տարածքում մինչեւ նշված տարածքը ներառող մարզում մասնավոր մուլտիպլեքսորի մուտքը, որից հետո հիշյալ հեռուստառադիոընկերությունների լիցենզիան առանց մրցույթի փոխարինվում է մինչեւ 2020 թվականը գործող թվային հեռարձակման լիցենզիաներով: Առաջարկությունն ընդունելի չէ, քանի որ գործող օրենքով նախատեսվել է նաեւ ժամանակավոր կարգավիճակ գործող համայնքային հեռուստառադիոընկերությունների համար, եւ նախատեսվում է, որ նրանք կարող են շարունակել անալոգային տիրույթում (գործող լիցենզիաների շրջանակներում, որի համար եւս անհրաժեշտ են հաճախություններ) շարունակել հեռարձակումը, մինչեւ նշված տարածքում նոր մրցույթների անցկացում, որից հետո արդեն միայն հաղթողները կկարողանան շարունակել գործունեությունը:

Հարկ է նշել նաեւ, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «լիցենզիայի փոխարինում» հասկացություն սահմանված չէ:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
 
 
 

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` նախատեսվում է մասնավոր մուլտիպլեքսորին հնարավորություն տալ մուլտիպլեքսն իրականացնել նաեւ վարձակալած էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, որի սփռման տարածքը կարող է ընդգրկել մեկ կամ մի քանի համայնք, մեկ կամ մի քանի մարզ կամ ամբողջ երկիրը, ուժը կորցրած ճանաչել մասնավոր մուլտիպլեքսորի ցանցի բաղադրիչների` մասնավոր մուլտիպլեքսորի սեփականությունը լինելու պարտադիր պահանջի մասին դրույթը, պարզեցնել անալոգիական հեռարձակման լիցենզիայով գործող հեռուստաընկերությունների հեռարձակման լիցենզավորումը, ինչպես նաեւ հանվում է` հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոհաղորդումների վերահեռարձակման մասին ծանուցման ժամանակ հեռուստառադիոընկերությունների իրավատերերի հետ կնքած պայմանագրերի լուսապատճեների ներկայացման պահանջը:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են hեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում մասնավոր մուլտիպլեքսորների միջոցով մատուցվող ծառայությունների շուկայի հետ: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են  մասնավոր մուլտիպլեքսորների գործունեության ազատականացմանը: Վերոնշյալ կարգավորումների պարագայում կձեւավորվեն հավասար մրցակցային պայմաններ` փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռելով գործունեություն իրականացնել նշյալ շուկայում, կկրճատվեն մուլտիպլեքսորների միջոցով ծառայություն մատուցողների ֆինանսական ծախսերն, ինչն էլ կարող է հանգեցնել  տվյալ շուկայում ծառայություն մատուցող մատակարարների (մուլտիպլեքսորների) միմյանց հետ մրցելու հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաեւ թվաքանակի ավելացմանը:

Հիմք ընդունելով նախնական եւ ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլերի արդյունքները` արձանագրվում է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերելու եզրակացություն:   
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
 
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է.

Հնարավորություն տալ մասնավոր մուլտիպլեքսորին մուլտիպլեքսն իրականացնել նաեւ վարձակալած էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, որի սփռման տարածքը կարող է ընդգրկել մեկ կամ մի քանի համայնք, մեկ կամ մի քանի մարզ կամ ամբողջ երկիրը:
Ուժը կորցրած ճանաչել մասնավոր մուլտիպլեքսորի ցանցի բաղադրիչների` մասնավոր մուլտիպլեքսորի սեփականությունը լինելու պարտադիր պահանջի մասին դրույթը:
Անալոգիական հեռարձակման լիցենզիայով գործող հեռուստաընկերությունների հեռարձակման լիցենզիան առանց մրցույթի փոխարինել  մինչեւ 2020թ-ը գործող թվային հեռարձակման լիցենզիայով:
Նախագծով նախատեսվող փոփոխությունները հնարավորություն կտան տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալու լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավվման անհրաժեշտությունից, կպարզեցվի անալոգիական հեռարձակման լիցենզիայով գործող հեռուստաընկերությունների հեռարձակման լիցենզավորումը, իսկ ՀՀ հանրային հեռարձակման թվային ցանցի սփռման տարածքից ոչ փոքր չափով հեռարձակման թվային ցանց ստեղծելու պահանջի փոփոխությունը հնարավորություն կտա նաեւ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին գործունեություն ծավալել տվյալ ոլորտում:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կնախատեսվի դրական ազդեցություն:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի   22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի  պարունակում: 


Եզրակացություն

«Հեռուստատեսության եւ ռադիոյի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Ուսումնասիրելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի, ինչպես նաեւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք: