ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1177-24.02.2017-ՄԻ-010/0) վերաբերյալ: 

Ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը հարկ է նախ եւ առաջ քննարկել նախագծային դրույթների իրավաբանական ուժի տեսանկյունից՝ «իրավական ակտ», «իրավական նորմ», «օրենք» հասկացությունների լույսի ներքո:

Այսպես, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների` օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր փաստաթուղթ է, որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ (այսուհետ` վարքագծի կանոններ): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իրավական նորմն օրենքով սահմանված դեպքերում եւ սույն օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` իրենց լիազորությունների շրջանակում ընդունած վարքագծի կանոնն է, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար եւ պարտադիր է անորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) անձանց համար:

Ընդ որում, օրենքին՝ որպես իրավական ակտի տեսակի, ներկայացվող պահանջներն առավել խիստ են՝ նկատի ունենալով օրենքով կարգավորման ենթակա հարաբերությունների կարեւորությունը:

Անդրադառնալով նախագծին՝ հարկ է նշել, որ նախագծում տեղ գտած դրույթներն ունեն միայն հռչակագրային բնույթ:

Այսպիսով, նշված իրավակարգավորումների եւ նախագծային դրույթների համակարգային վերլուծության արդյունքում կարող ենք նշել, որ ներկայացված նախագիծը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «օրենքի» էությանը եւ վերջինիս ներկայացվող պահանջների տրամաբանությանը: Ասվածն ամրապնդվում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն: 

Անգամ այն դեպքում, երբ շրջանցենք այն հանգամանքը, որ նախագծային դրույթները չեն համապատասխանում «իրավական ակտ», «իրավական նորմ», «օրենք» հասկացությունների էությանը, հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի, այդ թվում՝ օրենքների, գործողությունը տարածվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում, որտեղ բնիկ, այսինքն՝ հայ ժողովրդի իրավունքը պաշտպանված է անկախ պետականության ուժով՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի:

Մյուս կողմից՝ նախագծի այն դրույթները, որոնք պարտավորություններ են սահմանում այլ պետությունների համար (օրինակ՝ նախագծի 8-րդ, 11-րդ, 12-րդ եւ մի շարք այլ հոդվածներ), Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսանալ չեն կարող, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքը չի կարող տարածվել միջազգային իրավունքի այլ սուբյեկտների վրա, այդպիսի հարաբերությունները ենթակա են կարգավորման միջազգային իրավունքին համապատասխան եւ միջազգային պայմանագրերի շրջանակներում: Այսպիսով, ստացվում է, որ նախագծային դրույթներն ի սկզբանե չունեն իրավաբանական ուժ, իրավական հետեւանքներ չեն առաջացնում, ինչն անընդունելի է դարձնում նախագծի ընդունումը:

Միաժամանակ, հարկ է նշել, որ 2007 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունվել է ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը», որին կողմ են քվեարկել 143 պետություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը՝ դրանով իսկ արտահայտելով իրենց դիրքորոշումը քննարկման առարկա հարցի կապակցությամբ: Հռչակագրով նախատեսված են բնիկ ժողովուրդների գոյության, իրավունքների, արժանապատվության համար անհրաժեշտ նվազագույն ստանդարտները: Այնուամենայնիվ, այն, միջազգային իրավունքի տեսանկյունից, իրավաբանորեն պարտադիր չէ: Հարկ է նշել, որ նշված հռչակագրի դրույթները հիմնականում արտացոլվել են ներկայացված նախագծում:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումը եւ ընդունումը: 

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:  
 

Հարգանքով`
ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ 

«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության նախագծի ընդունման դեպքում

«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 

Եզրակացություն
«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման 

«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բնիկ ժողովուրդների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման 

«Բնիկ ժողովուրդների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է պետականորեն հռչակել բնիկ ժողովուրդների իրավունքների ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ընդունել բնիկ ժողովուրդների հետ փոխադարձ հարգանքի եւ համակեցության վերաբերյալ պետությունների պարտավորությունները եւ քաղաքական գնահատական տալ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական տարածքներում ապրող ժողովուրդների դեմ իրականացվող ճնշումներին եւ խտրական վերաբերմունքին:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային միջավայրի վրա ազդեցությունը բացակայում է:
 
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի` տնտեսական, այդ թվում փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման 

«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է սահմանել բնիկ ժողովուրդների իրավունքների եւ ազատությունների ճանաչմանը վերաբերող դրույթներ: 

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:                         

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման  

1. «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում: 

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ   

ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եւ ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի եւ եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն: