«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆ­ՎՏԱՆ­ԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱ­ՐԵ­ԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» ԵՎ «ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-373-26.09.2018-ՊԻՄԻ-011/0 և Պ-3731-26.09.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապա­հովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են սույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այն անձինք, որոնց սույն օրենքի համաձայն տրամադրվել է պետական պահպանություն, ինչպես նաև օտար­երկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներն ու այլ անձինք՝ Հայաս­տա­նի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ։ Սույն հոդվածի համաձայն բարձրաստիճան պաշտոնատար անձինք են համարվում Հանրա­պետության նախագահը, վար­չապետը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետի թեկնածուն: Ըստ նույն հոդվածի 3-րդ մասի՝ այլ պետական պաշտոնյաներին, հասա­րակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրա­մա­դրվել վարչապետի որոշմամբ։ Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետա­կան մարմնի կողմից:

Սույն հոդվածի իմաստով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կրոնական գործիչ է, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնատար անձ, որի անվտանգության ապահովմանը վերա­բերող հար­ցի կարգավորումն արդեն իսկ ամրագրված է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթ­նե­րով: Այսինքն, վարչապետի որոշմամբ կրոնական գործիչներին կարող է տրամադրվել պե­տական պահպանություն, որի իրականացումը կարող է հանձնա­րարվել թե՛ պետական պահ­պանությունն իրականացնող մարմին հանդիսացող պետական պահպանության ծառա­յու­թյանը, թե՛ վարչապետի սահմանած մեկ այլ իրավասու պետա­կան մարմնին:

Հարկ է նշել, որ ըստ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանության, նշված անձանց պետական պահպանության ապահովման անհրաժեշտության հարցը թողնված է վար­չապետի հայեցողությանը, և պետական պահպանության ապահովման միջոցա­ռումներն իրականացվում են՝ ելնելով անհրաժեշտության չափանիշներից, այսինքն, ելնելով նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի բնույթից ու աստիճանից: Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը՝ պետական պահպանությունից օգտվող անձանց շրջանակը (այդ թվում՝ կրո­նա­կան գործիչների) կարող է վերանայվել՝ կրճատվել կամ ավելացվել՝ ելնելով նրանց անվտան­գությանն սպառնացող վտանգի բնույթից ու աստիճանից, ինչպես նաև այլ իրավիճակից:

Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթ­ների համաձայն, անհրաժեշտությունից ելնելով, վարչապետի որոշմամբ պետական պահ­պա­­նու­թյուն կարող է տրամադրվել ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այլ նաև մյուս կրո­նա­կան գործիչներին, քանի որ օրենքով այդ հնարավորությունն ամրա­գրվել է բոլորի համար: Այդ առումով գտնում ենք, որ օրենքն առավել ճկուն կարգա­վո­րումներ է նախատեսում՝ տվյալ հարցի կարգավորումը թողնելով վարչապետի հայեցո­ղությանը, որը որոշում է ընդու­նում՝ ելնելով կոնկրետ իրավիճակից:

Ամփոփելով, հաշվի առնելով բարձրացված հարցի` օրենքով նախատեսված կար­գա­վո­րումների առկայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարու­թյու­նը գտնում է, որ նախագծով ներկայացված առաջարկության ընդունման անհրա­ժեշտու­թյունը բացա­կա­յում է և առաջարկում է գործող օրենքի 5-րդ հոդվածը թողնել անփոփոխ:

 

«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա­ցում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

Նախագծի կապակցությամբ հարկ ենք համարում անդրադառնալ Սահմանա­դրության 18-րդ, 41-րդ և 44-րդ հոդվածներով ամրագրված իրավունքների համադրային վերլուծու­թյա­նը: Այսպես, Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետու­թյու­նը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկե­ղե­ցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զար­գացման և ազգային ինքնության պահպանման գործում: Հայաս­տանի Հանրապե­տու­թյան և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարա­բերությունները կարող են կար­գա­վորվել օրենքով:

Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզ­մունքները փո­խելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրա­պա­րակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարո­ղու­թյունների, պաշտա­մուն­քի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:

Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:

Վերոնշյալ իրավադրույթների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ հա­վաք­նե­րի ազատությունը երաշխիք է սահմանադրական և տարաբնույթ այլ իրավունք­ների պաշտ­պա­նության համար, քանի որ այն հնարավորություն է տալիս անձանց անմիջականորեն մաս­նակցելու պետական կյանքի կարևորագույն հարցերի առնչու­թյամբ հասարակական կար­ծիքի ձևավորմանը: Նշված իրավունքը համահունչ է այդ իրավունքի վերաբերյալ միջ­ազ­գային պայմանագրերի հիմնադրույթներին: Մասնա­վո­րապես, Մարդու իրավունքների հռչա­կագրի 20-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների և միու­թյուն­ների ազատության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոն­վեն­ցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք: Հիշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այս իրավունքի իրականացումը ենթակա չէ որևէ սահմանա­փակ­ման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդա­վարական հասարակու­թյու­նում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարա­կության անվտանգության, անկար­գու­թյունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյակա­նու­թյունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատու­թյունները պաշտպանելու նպատակով:

Կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածի առումով Մարդու իրավունքների եվրոպական դա­տարանն արտահայտել է իրավական դիրքորոշումներ, համաձայն որոնց, մասնա­վորապես՝

- Կոնվենցիայի 11-րդ հոդվածով ամրագրված՝ խաղաղ հավաքների իրավունքը հիմ­նա­րար իրավունք է ժողովրդավարական հասարակությունում, և այն, ինչպես և արտահայտ­վելու ազատության իրավունքը, այդպիսի հասարակության հիմնաքարերից մեկն է (տես՝ Քրիստոնեա-ժողովրդավարական ազգային կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի, թիվ 28793/02, §62, ՄԻԵԴ 2006-11),

- պետությունները ոչ միայն պետք է երաշխավորեն խաղաղ հավաքներ անցկաց­նելու իրա­վունքը, այլ նաև պետք է ձեռնպահ մնան այդ իրավունքի նկատմամբ անհիմն և ան­ուղղակի սահմանափակումներ կիրառելուց: Հաշվի առնելով հավաքների ազատու­թյան իրա­վունքի կարևոր բնույթը և ժողովրդավարության հետ դրա սերտ կապը՝ պետք է առկա լի­նեն համոզիչ և ծանրակշիռ պատճառներ այդ իրավունքի իրականացմանը միջամտու­թյունն արդարացնելու համար (տե՛ս Օոտանիո Տոքսոն և այլոք ընդդեմ Հունաստանի, թիվ 74989/01, §36, ՄԻԵԴ 2005-X (քաղվածքներ),

- անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել այնպիսի հանրահավաքին մաս­նակցելու համար, որը չի արգելվել, քանի դեռ այդ անձն ինքնին որևէ պատժելի արարք չի կատարել (էզելինն ընդդեմ Ֆրանսիայի (Ezelin v. France), թիվ 11800/85, 1991թ. ապրիլի 26-ի վճիռ, Գալստյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 26986/03, 15.11.2007թ. վճիռ),

- հասարակական վայրում տեղի ունեցող ցանկացած հանրահավաք կարող է առաջ բերել բնականոն կյանքի որոշակի աստիճանի խաթարում, ներառյալ՝ երթևե­կու­թյան խաթարում, և եթե ցուցարարները բռնի գործողություններ չեն կատարում, ապա կարևոր է, որ իշխանությունները որոշակի աստիճանի հանդուրժողականություն ցուցա­բե­րեն խաղաղ հավաքների նկատմամբ, այլապես Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշ­խավորված հավաքների ազատության սկզբունքը կիմաստազրկվի (Աշուղյանն ընդդեմ Հա­յաստանի, թիվ 33268/03, 17.07.2008թ. վճիռ, Օյա Ատամանն ընդդեմ Թուրքիայի (Oya Ataman v. Turkey), թիվ 74552/01, 2006թ. դեկտեմբերի 5-ի վճիռ),

- Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հիմնական նպատակը հանրային իշխանու­թյուն­ների կա­մայական միջամտությունից անհատի երաշխավորված իրավունքների պաշտ­պանու­թյունն է (Associated Society of Locomotive Engineers and Firemen (ASLEF) v. the United Kingdom, թիվ 11002/05, 2007թ. փետրվարի 27-ի վճիռ):

Վերոգրյալ իրավակարգավորումների համատեքստում՝ Հայաստանի Հանրա­պե­տու­թյան սահմանադրական դատարանն իր 2016 թվականի սեպտեմբերի 20-ի ՍԴՈ-1304 որոշմամբ արձանագրել է, որ.

- ոստիկանությունն իր լիազորություններն իրականացնելիս կաշկանդված է մարդու և քա­ղաքացու՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրա­գրված իրավունք­նե­րով և ազատություններով,

- անձն ազատ է հավաքներին մասնակցելու իրավունքի իրացման տեսանկյունից, սա­կայն հավասարակշռվածություն պետք է լինի անձի այդ իրավունքի և այլոց իրավունք­ների ու ազատությունների իրացման միջև: Այդ հավասարակշռվածության ապահովման պարտա­կա­նությունը մի կողմից կրում է պետությունը, որը համապատասխան մարմին­ների (ոս­տի­կա­նության) միջոցով ապահովում է հասարակական կարգի պահպա­նու­թյունը, մյուս կող­մից՝ հավաքին մասնակցող անձը, ով պետք է դրսևորի այլոց իրավունք­ներն ու ազա­տու­թյուն­ները չխախտող վարքագիծ,

- յուրաքանչյուր կոնկրետ գործով իրավակիրառողի կողմից պետք է գնահատվի՝  արդ­յոք արարքը կոպտորեն խախտում է հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, և որքանով են իշխանությունները որոշակի աստիճանի հանդուրժողականություն ցուցա­բերել խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզի Հայաստանի Հանրապետության Սահմա­նադրության 44-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատու­թյուն­ների պաշտպա­նու­թյան մասին» կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված՝ հավաք­ների ազատության սկզբունքը չիմաստազրկվի:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, սահմանադրորեն ճանաչելով Հա­յաս­տանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առա­քե­լու­թյու­նը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա մշակույթի զարգացման և ազգային ինք­նու­թյան պահպանման գործում, գնահատել է հայ ժողովրդի կյանքում վերջինիս բացառիկ դերն ու նշանակությունը, սակայն նման առանձնահատուկ հարա­բերությունների հաստա­տու­մը դեռևս չի նշանակում, որ Հայ առաքելական եկեղեցուն վերապահվել է հանրային իրա­­վական կարգավիճակ և այն դարձել է պետական, գաղափարական, սոցիալական ոլորտ­ներում լիիրավ մասնակից, քանի որ ինչպես վերջինիս, այնպես էլ այլ կրոնական կազ­մա­կերպությունների մասնավոր իրավական կարգավիճակը սահմանելիս՝ պետությունը կրո­նին և եկեղեցուն վերապահել է ոչ թե պետաքաղաքական, այլ սոցիալ-մշակութային գոր­ծա­ռույթ: Այդ առումով նախագիծն անհրաժեշտ է դիտարկել նաև կրոնական կազմակեր­պու­թյուն­ների իրավահա­վասա­րության տեսանկյունից:

Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է արձանագրել, որ նախագծով նախատեսված կար­գա­վորումները կարող են վտանգել և խախտել անձի որոշակի իրավունքի և այլոց իրա­վունք­ների ու ազատությունների իրացման միջև առկա հավասարակշռությունը: Հավաքների ազա­տության՝ նման արգելքի սահմանումը թեև չի բխում հասարակական կարգի պահպա­նու­թյան նպատակից, այդուհանդերձ այն կարող է հիմնավորված լինել այլոց իրավունքների պաշտ­պանության անհրաժեշտության տեսանկյունից: Հավաքների անցկացումը կարող է խախտել օրինակ կրոնական ազատության իրավունքը: Ինչպես նշել է Մարդու իրավունք­նե­րի եվրոպական դատարանը Ollinger v. Austria (2006) գործով` հավաքին չմասնակցող ան­ձանց իրավունքները կարող են խախտվել հավաքի անց­կացման հետևանքով: Այդպիսի իրա­վունքներից է կրոնական ազատության իրավունքը: Այդ հիմքով հավաքն արգելելու հա­մար անհրաժեշտ է համոզվել, որ հավաքն անմիջա­կանորեն խաթարում է կրոնական ազա­տու­թյան իրավունքի իրականացումը, ընդ որում, լիազոր մարմինը նման վտանգի առկա­յու­թյան դեպքում պետք է հավաքի կազմակեր­պիչների հետ քննարկի այլոց իրավունքների խախ­տումներից խուսափելու տարբե­րակները: Հետևաբար, Սահմանադրությամբ և «Հա­վաք­ների ազատության մասին» օրենքում նախատեսված «այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպա­նության» հիմքով հավաքների ազատության իրավունքի սահ­մա­նափակումը իրավաչափ է՝ անկախ առաջարկվող հիմքը օրենքում ամրագրելուց:

Միաժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր եկե­ղե­ցիները ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտար­ման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցու­ցա­կը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ հաստատված ցանկում, որոնց տա­րած­քում կամ դրանց անմիջական հարևանությամբ անցկացվելիք հավաքի նկատմամբ առան­ձին սահմանափակումներ կիրառելու կամ այն արգելելու վերաբերյալ դրույթներ են նախա­տես­ված «Հավաքների ազատության մասին» օրենքի 17-րդ հոդ­վածով:

Ամփոփելով վերոգրյալը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նախագծերով ներկայացված փոփո­խու­թյուններից և առաջարկում է գործող օրենքների փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ: