«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՐԿԱՅԻՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
(Պ-394-16.10.2018-ՏՀ-011/0)  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով լրացվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով հետևյալ հանգամանքները՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջիկայում նախատեսում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակն է եկամտային հարկի սանդղակավորված դրույքաչափերից անցնել եկամտային հարկի միասնական դրույքաչափի: Նշված օրենսդրական առաջարկության ընդունման պարագայում այլևս էական չի լինի մայրության նպաստի, որպես եկամուտ, հաշվառելու եղանակը:

2. Մայրության նպաստները դրամարկղային սկզբունքով հաշվառելու և հարկելու հիմնավորման վերաբերյալ պետք է նկատել, որ հարկային հաշվառման և հարկային վարչարարության տեսանկյունից հարկային պարտավորությունների հաշվարկման դրամարկղային մեթոդն ավելի դյուրին է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ենթադրում է հարկի հաշվարկման պարտավորության առաջացում այն պահին, երբ եկամուտը փաստացի վճարվում է: Մինչդեռ, հարկի հաշվարկման հաշվեգրման մեթոդն այս դեպքում ավելի բարդ է, քանի որ այն ենթադրում է, որ հարկային գործակալները պարտավորված կլինեն հաշվարկել մայրության նպաստի՝ յուրաքանչյուր ամսվան հասանելիք մասը և դրան համապատասխան հարկի գումարը, ինչը հարկային պարտավորությունները ճիշտ հաշվարկելու առումով լրացուցիչ ռիսկեր կարող է ստեղծել: