«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով լրացվող գործող սահմանադրական օրենքի հոդվածները թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով հետևյալ հանգամանքները՝

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 133-135-րդ հոդվածներով ամրագրված դրույթներով կարգավորվում են Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորների լիազորությունների ժամկետի ավարտմամբ կամ այլ հիմքով այդ պաշտոնները թափուր մնալու դեպքում Ազգային ժողով դատավորի (նախագահի) թեկնածու ներկայացնելու կարգն ու ժամկետները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների Ազգային ժողովի կողմից չընտրվելու, ինչպես նաև թեկնածուների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացրած առարկությունն Ազգային ժողովի կողմից չընդունվելու դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի կողմից նոր թեկնածու ներկայացվելու կարգին և ժամկետներին վերաբերող դրույթներ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսված չեն:

Հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանը 2014 թվականի  ապրիլի 8-ի ՍԴՈ-1143 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը՝ «Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը»:

Ամփոփելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման պարագայում կստեղծվի օրենսդրական բաց, քանի որ ներկայացված նախագծով թեկնածուների ներկայացման ժամկետին վերաբերող հարցի կարգավորումը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին է վերապահվել այն դեպքում, երբ նշված օրենքում նման դրույթները բացակայում են՝ առկա դրույթները վերաբերում են բացառապես Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորների լիազորությունների ժամկետի ավարտմամբ կամ այլ հիմքով այդ պաշտոնները թափուր մնալու դեպքում Ազգային ժողով դատավորի (նախագահի) թեկնածու ներկայացնելուն: Ավելին, նշված օրենքով բացակայում է նաև այդ հիմքով թեկնածուների ներկայացման կարգը: