«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-408-7.11.2018-ՊԻՄԻ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները.

1. Սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետն իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին, որից հետո եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահը կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ կառավարության կազմավորման հարցում հիմնական դերակատարումը վարչապետինն է, և կառավարության անդամի թեկնածուի բացառապես Ազգային ժողովում ընտրության արդյունքով կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորների, իսկ կայուն մեծամասնությունը կոալիցիա կազմելու միջոցով ձևավորելու դեպքում՝ կոալիցիայի մեջ մտնող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորների կազմից ձևավորելու պարտականության սահմանումը խնդրահարույց է Սահմանադրության՝ 148-րդ հոդվածով նախատեսված կառավարության անդամին ներկայացվող պահանջի և 150-րդ հոդվածով նախատեսված կառավարության կազմավորման կարգին համապատասխանության տեսանկյուններից:

2. Սահմանադրությունն ամրագրում է, որ ժողովրդի ներկայացուցչական մարմինն Ազգային ժողովն է, որը ձևավորվում է ընտրությունների արդյունքում, իսկ կառավարությունը, որպես գործադիր իշխանության բարձրագույն մարմին, կազմավորվում է վարչապետի կողմից: Կառավարության կազմավորման նման կարգը բխում է վերջինիս սահմանադրաիրավական կարգավիճակից: Կառավարությունը, որպես պետության ներքին և արտաքին քաղաքականությունը մշակող ու իրականացնող մարմին, իր գործունեությունն իրականացնում է նախարարությունների միջոցով, որոնցից յուրաքանչյուրին վերապահված գործունեության ոլորտում պետության քաղաքականության իրականացումը ենթադրում է համապատասխան ոլորտը ղեկավարող պաշտոնատար անձի մոտ այդ ոլորտում որոշակի մասնագիտական գիտելիքների և հմտությունների առկայություն:

3. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնելու հայեցողական հնարավորություն: Օրենսգրքում նախընտրական ծրագրի բովանդակության վերաբերյալ որևէ պահանջ սահմանված չէ, հետևաբար, կուսակցությունները որևէ կերպ սահմանափակված չեն ցանկության դեպքում Կառավարության կառուցվածքի և կազմի՝ իրենց համար նախընտրելի տարբերակը ներկայացնել նախընտրական ծրագրի շրջանակներում: